30.01.2014 16:03 Հովհաննես Մուրադյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Արդարադատության պատրանք

Ռուբեն հայրապետյանի գործոնը պատճառ հանդիսացավ, որպեսզի ՀՀ զինված ուժերի սպայի, զինվորական բժշկի սպանությունը չբացահայտվի. փաստաբան

Ռուբեն հայրապետյանի գործոնը պատճառ հանդիսացավ,  որպեսզի ՀՀ զինված ուժերի սպայի, զինվորական բժշկի սպանությունը չբացահայտվի. փաստաբան

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վայրագությունից անցել է ավելի քան մեկուկես տարի։ Նշենք, որ 2012թ. հունիսի 17-ին վերոնշյալ ռեստորանի անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել ռազմաբժիշկների, այդ թվում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, գիտակցության չգալով հունիսի 29-ին մահացել էր։

Գործով 6 ամբաստանյալները թեեւ կալանավորված են մինչեւ օրս, սակայն հասարակությունը վստահ է, որ մենաշնորհված իշխանության ու դրա վառ ներկայացուցիչ  Ռ. Հայրապետյանի ճնշման արդյունքում արդարությունը այս գործում երբեք չի հաղթի։ Ավելի քան մեկ տարի տեւած դատական գործընթացը, կարելի է ասել, մոտենում է ավարտին։ Գործի վերաբերյալ զրուցել ենք տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի հետ։

 - Պարոն Եգորյան, խնդրում եմ մեկնաբանել դատական այս գործընթացը, որքանո՞վ դատարանը օբյեկտիվ գտնվեց, կա՞ր արդյոք մշակված սցենար, որով ամբաստանյալները, ըստ Ձեզ, ազատ կարձակվեն։

- Սցենար, անշուշտ, մշակված էր, եւ այդ սցենարի բաղադրիչներից էին հապճեպ նախաքննությունը եւ մի ողջ հավիտենություն ձգվող, հասարակական մոբիլիզացիան ոչնչացնող, քաղաքացիական հասարակության ուժերը ջլատող դատավարությունը, որի ամենացավալի հետեւանքներից մեկն էլ այն է, որ ամբաստանյալի աթոռին հայտնված անձինք արդեն իրենց համար խիստ պատիժ պահանջող հասարակության անդամներին են ոճրագործ անվանում` հետեւելով վատ խորհրդատուների առաջարկած եւ այս իրավիճակի հետ անհամատեղելի «հարձակումը լավագույն պաշտպանությունն է» խորհրդին։ Դատարանն, իհարկե, այս սցենարն ի կատար ածող կարեւոր գործող անձանցից է, եւ առերեւույթ օբյեկտիվության ներքո հետեւողականորեն եւ մեթոդիկ կերպով ի կատար է ածում նախորոշված սցենարի այս դժվարին փուլը։ Կարեւորն այն չէ, թե ամբաստանյալներն ազատ կարձակվեն, թե ոչ, այլ այն, որ կյանքի իրավունքի խախտման այս լրջագույն գործով արդյունավետ քննություն այդպես էլ չիրականացվեց եւ չի իրականացվում, հանցագործությունը բացահայտված չէ, ոչ բոլոր հանցագործներն են ենթարկվել քրեական հետապնդման, բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով փորձ է արվում ջնջել Ռուբեն Հայրապետյանի առնչությունը հանցագործությանը եւ սպանության մեղադրանք այդպես էլ չի առաջադրվում Վահե Ավետյանին սպանած անձանցից եւ ոչ մեկին։ Փոխարենը` հավատարիմ լրատվամիջոցներով արդարադատության իրականացման պատրանք է ստեղծվում հանրության մեջ, երբ մեղադրողի կողմից որպես պատիժ պահանջած տասներեք տարվա ազատազրկումը բավարար իրավագիտակցություն չունեցող հանրությանը հրամցվում է որպես արժանի հատուցում։

- Հանցագործության ամբողջովին չբացահայտման գործում Ռուբեն Հայրապետյանը արդյո՞ք ունեցավ ազդեցություն, եղա՞ն իր կողմից ճնշումներ դատարանի վրա։

- Ռուբեն Հայրապետյանը ոչ թե ունեցավ ազդեցություն, այլ հենց Ռուբեն Հայրապետյանի գործոնը պատճառ հանդիսացավ, որպեսզի այնպիսի կարեւոր հանցագործություն, ինչպիսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայի, զինվորական բժշկի սպանությունն էր, չբացահայտվի։ Ինչ վերաբերում է դատարանի վրա ունեցած ճնշումներին, ապա ակնհայտ է, որ դատարանն այն օղակը չէր, որի վրա Ռուբեն Հայրապետյանը հարկ կհամարեր ճնշում գործադրել։ Ճնշման կարիք չի էլ եղել, քանի որ ի սկզբանե ամեն ինչ կանխորոշված է եղել ի նպաստ Ռուբեն Հայրապետյանի։ Դրա համար բավական էր լինել Հայաստանի Հանրապետության գործող նախագահի պաշտոնավարումն ապահովող հիմնասյուներից մեկը, որպեսզի կախյալ նախաքննության մարմինն ամեն կերպ ոչնչացներ հանցագործության ապացույցները, իսկ դատարանը աչք փակեր այդ հանգամանքի վրա։

- Ինչպե՞ս կգնահատեք դատախազի ճառը, արդյո՞ք դատախազությունը գործին աչալուրջ եւ օբյեկտիվ վերաբերմունք ցուցաբերեց։

- Այս գործը տապալելու մեղքի առյուծի բաժինը, իհարկե դատախազությանն է պատկանում, քանի որ վերջինս չցանկացավ օբյեկտիվ, բազմակողմանի եւ արդարամիտ մոտեցում դրսեւորել եւ ելնել քրեական իրավունքի հանրաճանաչ տեսությունից ու պրակտիկայից, որով պահանջվում էր Վահե Ավետյանի մասով արարքը որակել որպես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն, այլ մինչեւ վերջ պաշտպանեց անզգուշությամբ մահվան ելքով առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքը։ Զուր չէր, որ այս գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Արթուր Դավթյանն ի վերջո պարգեւատրվեց` նշանակվելով Երեւան քաղաքի դատախազ։

- Նախկինում նշել էիք, որ դատարանում կբացահայտեք այն, ինչ նախաքննության ընթացքում չի ստացվել։ Ինչպես կմեկնաբանեք, ստացվե՞ց այն, թե՞ ոչ։

-Ոչ ամեն ինչ հաջողվեց բացահայտել, իհարկե։ Սակայն շատ կարեւոր բաներ բացահայտվեցին։ Առաջինն այն էր, որ ամբաստանյալների ցուցմունքներից ու, ամենակարեւորը` պահվածքից, ակնհայտ դարձավ, որ նրանցից որեւէ մեկն անմասն չի մնացել հանցագործության կատարմանը։ Դատական պրակտիկայից կարող եմ ասել, որ անմեղ մարդկանց պահվածքը տրամագծորեն տարբերվում է ամբաստանյալների պահվածքից։ Երկրորդն այն էր, որ անգամ Ռուբեն Հայրապետյանի համար կասկածից վեր էր, որ վեց ամբաստանյալները մասնակցել էին տուժողների ծեծին։ Նա այնքան էր տարված դեպքի վայրից իր բացակայությունը հիմնավորելով, որ պնդում էր, որ եթե ինքը ներկա լիներ, ամբաստանյալներն, իր խիստ բնավորությունն իմանալով, երբեք չէին համարձակվի նման կերպ իրենց պահել։ Երրորդ, հայհոյանքի վարկածը հիմնավորելով` ամբաստանյալները հիմնավորեցին, որ սպանությունը կատարվել է վրեժխնդրության շարժառիթով։

Հանցագործությունը լիարժեքորեն բացահայտել կարող է պետությունը, սակայն անցյալում, երբ պետությունն իր առջեւ խնդիր է դրել խուսափելու իր պոզիտիվ պարտականությունների կատարումից, պետական մարմիններն այդ բեռը փորձել են էֆեկտիվորեն դնել տուժող կողմի վրա։ Այդպես էր եւ այս դեպքում։ Իսկ փաստաբանը հետաքննության եւ նախաքննության մարմին չէ եւ չունի համապատասխան լիազորություններ, հետեւաբար մեր հնարավորությունները եւս սահմանափակ են, սակայն ամենակարեւորն այն է, որ հնարավոր եղավ մերկացնել եւ ի ցույց դնել նախաքննության մարմնի եւ դատախազության անարդյունավետ աշխատանքը եւ պետության հրաժարումը իր պոզիտիվ պարտականություններից։

- Քանի որ արդեն ավարտին է մոտենում դատական այս գործընթացը, ցանկալի է իմանալ, թե ի՞նչ ակնկալիքներ կամ մտավախություն ունեք դատարանից։

- Որեւէ դրական ակնկալիք չունեմ։ Դատարանը կաշկանդված է մեղադրանքով։ Դատարանը կարող է եւ մեղավոր ճանաչել ամբաստանյալներին, սակայն դա կարող է անել միայն նրանց առաջադրված մեղադրանքի շրջանակներում։ Մեղադրանքը ծանրացնել դատարանը չի կարող, եւ սա նույնպես նախորոշված սցենարի բաղադրիչ է` գործը կոծկել եւ գլորել դատարան, որն իրավասու կլինի հանդես գալու միայն առաջադրված մեղադրանքի շրջանակներում որպես արբիտր։ Անգամ եթե դատարանը բավարարի մեղադրողի պահանջած` տասներեք տարվա ազատազրկման պատիժը, դա ոչ մի կերպ չի կոչվի արդարադատության իրականացում։ Դրա անունը արդարադատության պատրանք է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31