«ՉԻ» - Ցանկացած պրոբլեմի դեպքում, իհարկե, պետք է դիմել մասնագետներին, ու քանի որ ՀՀԿ-ն քաղաքական հայացքների համար հետապնդումների մեծ մասնագետ է՝ պրն Աշոտյանի կոչը միանգամայն տեղին է։ Միայն թե հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ միայն քաղաքական հայացքների համար հետապնդվողները, ՀՀԿ-ն կարող է միանգամից մի քանի աշխատանքային խմբեր ձեւավորել եւ ընդունել տարբեր պրոբլեմներ ունեցող մարդկանց։ Տնտեսական անառողջ մրցակցությունից տուժածներն, օրինակ, կարող են դիմել Սամվել Ալեքսանյանին կամ Միհրան Պողոսյանին, սեփականությունից ապօրինաբար զրկվածները՝ Սաշիկ Սարգսյանին, սեռական ոտնձգությունների ենթարկվածները՝ Սուրիկ Խաչատրյանի եւ Շմայսի հանձնաժողովին, իսկ սոցիալապես անապահով խավը կարող է ԲՈՒՀ ընդունվելու համար հայոց լեզվի անվճար դասընթացներ անցնել Գալուստ Սահակյանի մոտ։ Այնպես որ՝ ցանկության դեպքում ՀՀԿ-ն ժողովրդին ծառայելու շատ ձեւեր կգտնի։