23.03.2018 07:00 Միհրդատ Եվպատոր
Տարածել հոդվածը. facebook twitter

Ասելիքս

...Բիոդեգեներատները

Հողը ճչում է։ Հողը գոռում է։ Մոլորակն աղաղակում է ամեն քառակուսի սանտիմետրում առկա թունավորման, բռնության, ոչնչացման ու քայքայման մասին։ ԱՄԵՆ ՔԱՌԱԿՈւՍԻ ՍԱՆՏԻՄԵՏՐՈւՄ։ Քանի որ, այո, մոլորակի երեսին հազարավոր կիլոմետրերով մաքրամաքուր տարածքներ կան եւ հարյուր հազարավոր կիլոմետրերով աղբանոցներ՝ օդում, ջրում, ցամաքում,.. ընդերքում։ Ու երբ բաշխում ես...

Սա մարդկության ինքնասպանությունն է։ Մարդկությունն ինքը՝ ջհանդամը, բայց  կարծես թե վիզ է դրել մոլորակն էլ իր հետ կործանել։ Մարդկության մեջ, ընդսմին, վաղուց արդեն առկա են շերտեր, որ գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի ու սիրո, սիրո, սիրո միջոցով փրկություն են փնտրում եւ գտնում մոլորակի համար։ Հայաստանում էլ այդ շերտն առկա է։ Հայաստանում էլ առկա են մարդիկ, խմբեր, միավորումներ, նախաձեռնություններ, որ Երկիր մոլորակի այս հատվածը՝ մեզ բաժին հասած այս հողակտորն են ուզում փրկել... ՄԵԶԱՆԻՑ։

Օրերից մի օր Հայաստանում հերթական ալիք բարձրացավ առ այն, որ պոլիէթիլենը, պոլիմեր պլաստիկներն առհասարակ Հայաստանում գեներացվող աղբի հիմնական մասն են կազմում։ Արդյունքը՝ հիշում եք՝ սուպերմարկետները սկսեցին տոպրակը փողով վաճառել, որպեսզի.... Որպեսզի-ն այդպես էլ պարզ չդարձավ։ Չէ, իհարկե, բացատրեցին, այնպես չէ, որ Հայաստանում երբ մի բան անում են՝ չեն բացատրում, թե ինչու... ուրիշ հարց, որ մի կերպ եւ մի բան բացատրեցին, այլ բան ստացվեց։

Դրանից հետո էլ, գրեթե նույնքան ոգեւորված ասացին, որ  2017-ի նոյեմբերից Հայաստանը անցնում է ԲԻՈԴԵԳԵՆԵՐԱՏԻՎ պոլիմերների եւ ԲԻՈԴԵԳԵՆԵՐԱՏԻՎ  (կենսաբանորեն քայքայելի) առհասարակ տոպրակների սպառման։ Ասացին ու անցան, Հայաստանն էլ անցավ, բայց ԲԻՈԴԵԳԵՆԵՐԱՏԻՎՆԵՐ-ի չանցավ իհարկե։ Կասկած կա, որ քանի դեռ հարեւան Վրաստանը նույն այդ՝ բիոդեգեներատիվ տոպրակներին ԼԻՈՎԻՆ չի անցել, Հայաստանը չի տեսնում մերձավոր հարեւանի հետ մրցակցելու անհրաժեշտություն. տոպրակ է՝ Լոռուց Մառնեուլ կսավառնի, Մառնեուլից՝ Լոռի...

Ի դեպ, սա արդեն Լոռվա առիթով, ու բիոդեգեներատիվի, ավելի ճիշտ՝ ...ԲԻՈԴԵԳԵՆԵՐԱՏների մասին. Թեղուտը, դե տեսաք, փակվեց։ Փակվեց, ու ես հիշեցի Թեղուտի ու Շնողի գյուղամեջերում փետը ձեռներին նստած էն պապերին, որ լրագրող-անխելք-քաղաքացի աղջիկներին ապահով բացատրում էին, թե՝ իիի, աղջիկ ջան, դու գնա քու գործին, անտառին ինչ տի ըլիլ, անտառն էլելա, կա ու կըլի՝ կաճի անտառը։ Էդ միամիտ պապերը, կարծում եմ, մեծամասամբ ողջ չեն։ Լույս իջնի շիրիմներին։ Ու թեեւ ես համոզված եմ, որ անկեղծ չէին նրանք այդքան էլ, բայց միամիտ էին, ավելի ճիշտ՝ տկարամիտ ու ոչ անկեղծ... Ու այսօր Շնողն ու Թեղուտը կործանվեցին։ Ու խոսքս, երբ ասում եմ ...ԲԻՈԴԵԳԵՆԵՐԱՏ, այդ պապերի ու նրանց որդիների մասին չէ այնքան էլ, որ համաձայնեցին ու իրենց հանդամասերը ծախեցին Վալերի Մեջլումյանին, որ եւ է Թեղուտի հանքավայրը։ Երբ ...ԲԻՈԴԵԳԵՆԵՐԱՏ եմ ասում, այ հենց իրեն նկատի ունեմ ու իր գործընկեր-ներդրողներին, լինեն նրանք ԹԵՂՈւՏԻ, ԱԼԱՎԵՐԴՈւ, ՊՈԼԻՄԵՏԱԼԻ, ՎԱԼԵՔՍԻ թե նրա հորջորջած էլ որ մի զիբիլի գծով իր գործընկերները։ Իրեն ու իր ազգականներին նկատի ունեմ. երեւանաբնա՞կ, թե Շվեյցարիայում արդեն վեր ընկած եղբո՞ր, թե քրոջ աղջկան, որ երբ հայ բնապահպաններն ակցիա էին անում ու գնացել էին Թեղուտի հանքավայր, Վալերիկի պաշտպանների կենդանի շղթայի մեջ կանգնած, կարմիր դերյան հագին, սրտացավ բղավում էր, թե՝ դուք Երեւան եք ապրում, դուք մեր ցավը չեք հասկանա, մենք էստեղ սոված ենք... Այ դա, էդ սիրուն, ջահել, օժտված .. ...ԲԻՈԴԵԳԵՆԵՐԱՏ-ը ու իր քեռին, թե՞ հոպարը...այ էդ տեսակը, ում որ տվյալ դեպքում ԼՈՌԻՆ է գեներացրել։

Ի դեպ, հայ ժողովրդի էն հատվածը, որ համարում է, թե լոռեցիք ուրիշ են, տարբեր են, լավն են, բարի են, թող էսօր հույսը կտրի՝ Վալերն ու նրա ազգականուհին, Վալերի պաշտպանների էն կենդանի շղթան եզակի դեպքեր ու միավորներ չեն. բազում ու բազմաթիվ են ...ԲԻՈԴԵԳԵՆԵՐԱՏ լոռեցիք, ինչպես որ բազում ու բազմաթիվ են նույնպիսի հայերն ու...մարդիկ առհասարակ։

Իսկ հիմա Վալերիկը Թեղուտը հոպ-ստոպ արեց, անտառը կտրեց ու ծախեց, հանքաքարը մի քիչ քերքրեց ու թռավ... Հա, կներեք, հայտարարեց, որ թռչում է ու թռավ։ Հայաստանի քարտեզին արդեն մի բացված ու այլանդակ վերք էլ է ավելանում։ Ասում են, որ Վալերիկը իրականում այլ բան է արել՝ գցել է իր մի խումբ գործընկերներին, փողերը տակով արել կամ սպառել, իսկ մյուս խումբ գործընկերների հետ, այլ անունով՝ «ՊՈԼԻՄԵՏԱԼ», դրա ու դրանց թիկունքում իր լոշտերը թաքցրած, եկել է նորից, թե հիմա էլ մի փոքր վերեւ եմ բարձրանում՝ Նոյեմբերյան/Ալավերդի սահմանագիծը ու հիմա էլ Զիկատարն եմ ոչնչացնելու։ Սա հաշվի առեք, այն դեպքում, երբ Ալավերդին ու Ախթալան ամեն օր, հետեւողականորեն թունավորում են Լոռվա օդը, ջուրը, հողը եւ ՄԱՐԴԿԱՆՑ։

Իսկ Լեւոն Գալստյան անունով մի քաղաքացի, որ մասնագիտական առումով էլ բանիմաց մեկն է, նույն օրերին սովետական համակարգի մի սխեմա բացահայտեց, դիմելով մեժլումյան վալերների ու լիդիան-հայաստանների ջատագով գործընկերներին, առ այն, որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԵՐԻ ՔԱՐՏԵԶԸ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԲԼԵՖ ԵՆ եւ հայաստանցի երկրաբաններն ու երկրախույզները այդ բլեֆը մոգոնել են, քանի որ սովետից գումարներ էին պետք, ֆինանսավորում էր պետք Հայաստանում համապատասխան ոլորտի կենսապահովման համար եւ լավ էլ կենսապահովվել են ժամանակին...մեզ  կրակը գցելով այսօր։

Իսկ ԶԲՈՍԱՇՐՋՈւԹՅՈւՆ, ՕՐԳԱՆԻԿ ԵՎ ԻՆՏԵՆՍԻՎ հողագործություն ԻԲՐ զարգացնող Սերժ Սարգսյանը բռնել ու իր համապատասխան կայքերում ճպպցրել-հրապարակել է այդ քարտեզները՝ թե՝ եկեեեեք, եկեեեեք՝ ամեն ինչ ունենք ընդերքում... ու հե՛րն էլ անիծած, որ մակերեսին բնության ու մարդկանց համար տեղ ու միջավայր չի մնում, շնչելու օդ ու խմելու ջուր չի մնում՝ մենք Երեւան-տեղ՝ ոռներս բազկաթոռներին ջազ կլսենք, գինի կխմենք, հետո կքոչենք... մենք մեր անհայրենիք ու ...ԲԻՈԴԵԳԵՆԵՐԱՏ տեսակն  էս ու էն բանից անենք... Ու դրսից էլ սրանց էս ինքնաքննադատ բիոդեգեներատիզմին հոոո ծափ չեն տալիս, հոո չեն խրախուսում տո էլ ռուսը, էլ ամերիկացին, էլ եվրոպացին... քթների տակ ոչինչից երրորդ աշխարհ գոյացավ, չորրորդ է դառնում։ Ձրի։ Ընդամենը պետք էր իշխանությունը զենքով գրավածներին պահել ղեկի ու կերակրատաշտի մոտ՝ մնացածն իրենք արեցին։

Լոռու Արդվիի օրինակը բերեմ. քանի կար՝ միջնադարյան հնավայր էր, էկո-գաստրո-էթնո ու ՊԱՏՄԱԿԱՆ տուրիզմի զարգացման տեղ։ Ու մեկ էլ՝ չըխկըլը փակ... կիրովականցի Վահրամ ...ԲԻՈԴԵԳԵՆԵՐԱՏը որոշում է Արդվին քանդել ու հանք բացել տեղը։ Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ՄԱԿ-ը՝ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը՝ Արդվին ՀԱՆՈւՄ Է Հայաստանի համայնքների զարգացման իր ծրագրերից, չնայած որ Արդվիի համայնքը Վահրամ ...ԲԻՈԴԵԳԵՆԵՐԱՏին սիկտիր է արել Արդվիից։ Փաստորեն ստացվում է, որ ՄԱԿ-ը Արդվիի համայնքին պատժում է։ Փաստորեն ստացվում է, որ խոլոռ աչքերով, մազերը պռիչոսկա արած, հհկ խմբագցության ...ԲԻՈԴԵԳԵՆԵՐԱՏ-ի թասիբն է պահում ՄԱԿ-ը։ Խորացեք։ Էդքան բան։

Հիմա, որ Կողբն ու Նոյեմբերյանը Պոլիմետալին ու Վալերիկին ասին՝ սիկտիր, փաստորեն կարող ենք ակնկալել, որ ՀՀ կառավարության հորդորով ՄԱԿ-ը նրանց էլ կհանի ու կպատժի։ Այդ դեպքում, ՄԱԿ-ին էլ ամենայն սիրով պետք կլինի ասել սիկտիր։

Մինչ այդ, ամբողջ աշխարհում, ու պարզվում է՝ Հայաստանում էլ, լուրջ մարդիկ, աշխարհի ու մարդկության ապագան եթե ոչ փրկելու, գոնե լուսավոր մի շող գտնելու հույսով՝ տեխնոլոգիաներ են մշակում, ներդրումներ անում ու գյուտեր ներդնում։ Այդ թվում եւ առայսօր անքայքայելի համարված նյութերը քայքայող բակտերիաների ու սնկերի տեխնոլոգիաներ, որ պոլիէթիլենը, պոլիպրոպիլենը, պոլիուրետանը ոչնչացնում են եւ վերածում օրգանական՝ ԲՆԱԿԱՆ հանքային բաղադրիչների... եւ գուցե դրանցով հնարավոր կլինի մի օր ազգիս ու երկիրս պատուհասած պոչամբարներն ու աղբավայրերը վերացնել, գետերը լվալ եւ մթնոլորտը մաքրագործել։ Գուցե դրանո՞վ կլինի հնարավոր ազգս ու մարդկությունը ձերբազատել էս ...ԲԻՈԴԵԳԵՆԵՐԱՏներից, լինեն նրանք քաղաքական կամ ֆինանսա-տնտեսական դաշտերում, կառավարության կազմում թե ագային լիդեր լինեն դարձած։ Իսկ մինչ այդ՝ ական ընդ ական, ատամները սեղմած պետք է կռիվ տալ ամեն սանտիմետր չապականված հողակտորի ու չթունավորված ամեն կաթիլ ջրի համար, ամեն շունչ դեռ մաքուր մթնոլորտի համար։ Գուցե հասցնենք փրկել երկիրը։  

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31