13.04.2018 06:14 Միհրդատ Եվպատոր
Տարածել հոդվածը. facebook twitter

Ասելիքս

Ոռ-ոգում

Ոռ-ոգում

«Մենք պետք է ունենանք...»։ Վերջակետ։ Երբ է ասվե՞լ։ Ապրիլի կեսին։ Երբ է ասվե՞լ։ Երբ ամեն ինչ արդեն հերթական անգամ ակնհայտորեն տագնապահարույց է, վտանգված է ու վտանգավոր։ Երբ է ասվե՞լ։ Երբ մի կառավարությունը գնացած է, մյուսն եկած չէ, երբ նախագահը վարչապետ է, վարչապետը՝ պաշտոնակատար, նոր նախագահը աժ-ի ընտրածն է եւ երդմնակալ է, երբ նոր նախագահի ԵՐԴՄՆԱԿԱԼՈւԹՅԱՆ բիլբորդը աժ-ն Համալիրի մուտքի մոտ վերնագրել է «...պաշտոնը ստանձնելու արարողություն». երբ գորշ ես՝ գորշի երանգներով ես ներկում եղած-չեղածը եւ հանրապետական ծիածան է թվում քեզ քո գորշ ներկած աշխարհիկը։

Լավ, շատ վերացարկվեցի։ «Մենք պետք է ունենանք...»-ն ահա ամբողջությամբ եւ փայլով. «Մենք պետք է ունենանք գյուղատնտեսությունը ոռոգման ջրով ապահովելու ռազմավարություն։ Պետք է նաեւ պետություն-մասնավոր համագործակցությամբ հասնենք հանրապետությունում խնդրի լուծմանը»։ Վերջակետ։ Սա ինքը պիտի ասեր 2016-ին, 2017-ին պիտի ասեր երկու անգամ՝ գարնանն ու աշնանը, պիտի ասեր ու աներ, ու եթե ասել է՝ չի արել, հիմա՝ երբ պաշտոնակատար է, վաղը՝ փոխվարչապետ՝ ասում է, որ ի՞նչ իբր։ ՈՌՈԳՄԱՆ ՍԵԶՈՆԸ ՍԿՍԵԼ Է։ Գյուղացին ու բնապահպանները ՄԵԿ ԱՄԻՍ ԱՌԱՋ ասում էին ջրամբարները դատարկ են, ավելի քան տասը տարի է ասում են՝ ջրի կորուստները ՅՈԹԱՆԱՍՈւՆ տոկոս են կազմում, ասում են՝ հիսուն-վաթսուն-ութսուն տարեկան ջրամբարներն ու ջրանցքները ՄԱՇՎԵԼ ԵՆ... հերթական վարչապետն էլ չէ, պաշտոնակատարը վեր է կացել, թե՝ ռազմավարություն պետք է ունենանք։ Է պետք է՞՝ ունեցեք։ Ե՞րբ։ ԻՇՇԻ ԶԱՏԻԿԻՆ։

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին եւ միջին ու փոքր ջրամբարաշինության ծրագրերի իրականացման ընթացքին առնչվող հարցեր։

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը Կարեն Կարապետյանին զեկուցել է, թե ՀՀ ջրամբարների լցվածությունը 2016-ի այս օրերին կազմել է 600 մլն խմ, 2017-ին՝ 510 մլն խմ, իսկ հիմա  480,5 մլն խմ է։

Ու...եթե չոր թվերի չոր տրամաբանությամբ գնանք՝ մի տասը տարուց...ջրամբարներում ջուր չի լինելու, էդպե՞ս չէ, պարոնայք։ Ու ջուր չի լինելու, քանի որ, այո, մոլորակը շոգում է, մեր երկիրը՝ չորանում, բայց առավել եւս ջուր չի լինելու, քանի որ մեր ոռոգման համակարգը ԱՆՏԱՂԱՆԴՈՐԵՆ ԾԱԿ Է։

Նույն այդ Արսեն Հարությունյանը զեկուցել է նաեւ, որ Սեւանա լճի մակարդակը տարվա այս ժամանակահատվածում կազմել է 1900 մետր 56 սմ, նույնքան, որքան 2017-ի համապատասխան ժամանակահատվածում։ Նշվել է, իհարկե, որ մարտի 22-ից սկսվել է Արփա-Սեւան թունելով ջրի բացթողնման գործընթացը, քանի որ ձմռանը դրել Սեւանը կթում էին էլեկտրաէներգիայի համար, այդպե՞ս է։ Եվ Սեւանի մակարդակը բերել են անցյալ տարվա ցուցանիշին։ Սա մի բան է ապացուցում՝ իմ ասածը։ Սեւանը բնական ջրամբար է, եւ եթե ջուրը չկթեն՝ ոչ մի գլոբալ տաքացում նրա մակարդակը չի իջեցնի։ Սեւանի մակարդակը ԳՆԱԼՈՎ ԲԱՐՁՐԱՆԱ ու տակով կանի ողջ շրջակա աղբը, որ հայ ժրաջան ժողովուրդը նրա շուրջը բըստըրել է։ Միջազգային բոլոր էկո-կազմակերպությունների, ՄԱԿ-ի հետազոտություններն ու հետեւություններն այդ մասին են՝ թողե՛ք ԱՅՍ ԲՆԱԿԱՆ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԻ ԹԱՆԿԱԳԻՆ ՇՏԵՄԱՐԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆԱ ԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ՝ կփրկվի թե՛ լիճը, թե՛ Հայաստանը, թե՛ Հայաստանի ապագան, քանի որ առաջիկա եւ մոտակա կարեւորագույն ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ռեսուրսը հենց ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՈՒՐՆ Է ԼԻՆԵԼՈւ։ Բայց...Իշշի Զատիկին...ինչպես ասացի..կհասկանան։

Իսկ ի՞նչ է անում ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ  ԾՐԱԳՐԵՐ մշակող ՀՀ կառավարությունը. խնդիրը կարգավորելու նպատակով միջոցներ են ձեռնարկվել 20 շարժական պոմպակայաններ գործարկելու համար, միաժամանակ, տարբեր տարածաշրջաններում աշխատանքներ են տարվում նաեւ խորքային հորերի հորատման ուղղությամբ։ Այսինքն` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ մեր ծակ ջրամբարներն ու ջրանցքները ԼՑՆՈՒՄ Է ջուր ԿԱՉԱՅՏ (ՍՈփՈՑՖ) անելով ինչպես նաեւ մեր երկրում փոքր եւ միջին ջրամբարների կառուցմամբ հետաքրքրված մասնավոր ներդրողների հետ բանակցում է եւ  «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ քննարկում հանրապետությունում ավելի քան 30 փոքր եւ միջին ջրամբարների կառուցման հնարավորությունը, որից առաջնահերթ կառուցման են ենթակա 11 ջրամբար։

Միջին ջրամբարներ, փոքր ջրամբարներ... Չեմ հավատում։ Փոքրերի գոյությունը արդեն իսկ պատուհաս է դարձել այս երկրի գլխին՝ հեկտարներով բնություն է չորանում չորացած՝ ՏՌՈւԲԵՆ ԿՈԽԱԾ ԳԵՏԱԿՆԵՐԻ պատճառով, քանի որ դա են փոքր ջրամբարները։ Միջինները՝ չգիտեմ ինչ են, բայց եթե ՍՐԱՆՔ էն մի պատուհասը գովաբանում են ու նոր մեխանիզմներ առաջարկում էդ բիզնեսը խրախուսելու...ես ոչ մի գյուղատնտեսական շահ էդտեղ չեմ տեսնում՝ լավագույն դեպքում ածանցյալ է լինելու մի քանի հարյուր կամ հազար հեկտար հողի ոռոգումը։ ՍՐԱՆՑ նպատակը էլեկտրաէներգիա խզարելն է։

Մյուս պատուհասը՝ խորքային հորեր։ Այսինքն՝ այն, ինչը արդեն իսկ աղակալեցրել է Արարատյան հովտի ՎԱԹՍՈՒՆ-ՅՈԹԱՆԱՍՈւՆ տոկոսը,  չորացրել գետեր եւ գետակներ։ Այն, ինչ Հայաստանը դարձրել է ՁՈւԿ արտադրող եւ արտահանող երկիր. Անապատում ջրամբարներ՝ ջրամբարներում ձուկ՝ ԴՐԱԽՏ։ Ու հերիք է մկան անունը տաք, գիտենք մենք էդ անունը, բոլորդ եք ՄՈւԿ։ Բոլորդ եք ընչաքաղց ու երկրակործան։

Մանր ու միջին ձկնարտադրողները՝ նրանք, որ գլխի էին ընկել Հայաստանի երբեմնի արարատյան ջրային-ձկնային տնտեսության ընդլայնման ու ձկան արտահանման հնարավորությունը, հիմա վարկերի ու գրավների տակ կամ զոհվել են, կամ էլ ճանապարհին են՝ բիզնեսը փակ, տները կորցրած, իրենք՝ Ռուսաստան փախած՝ ընտանիքով...խորքային հորերը... բաց։ ԲԱՑ։ ԲԱՑ։ Ջուրը արտահոսող, ճահճացող, հովիտը՝ աղակալող։ Մեկ խորքային հորը փակելու համար ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐ Է ՀԱՐԿԱՎՈՐ, որ էն սնանկացածները չունեն։ Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր խորքային հորեր են բաց մնացել Արարատյան հովտում, եւ Կարեն Կարապետյանն ու Արսեն Հարությունյանը դա հրաշալի գիտեն։ Այդպես չէ՞։ Ու չեն փակում էդ հորերը, այլ...նախատեսում են նորերը հորատել ու...ջուր ԿԱՉԱՅՏ (ՍՈփՈՑՖ) անել։ Ու չեն նորոգում-փրկում հին ջրանցքներն ու ջրամբարները, այլ նոր միջին ու փոքր ջրամբարներ են ՇԻՆԵԼՈւ...

Հետաքրքիր է, մեկը էդ կառավարության նիստին էս երկուսին չհարցրե՞ց՝ արա, դուք եթե նոր ջրամբար շինեք, դրանից յոթանասուն տոկոս ջրի կորուստը հանրապետության ջրի համակարգում կպակասի՞, կամ Ախուրյանի իրոք ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ նշանակության ջրամբարը ԿԼՑՎԻ՞։ Այլ կերպ ասած՝ բետոնի ծակերը, ջրի լեւի գծերը, չփակված խորքային հորերն ի՞նչ կապ ունեն նոր ջրամբար շինելու եւ էլեկտրաէներգիա ծախելու հետ...

Բայց դե կարեւորը անկապ ԲՌԱՎԱԴԱՆ է եւ բիզնես շահիկները որպես պետական մտածողություն սաղացնելու խոսքային դատարկ հեղեղը ... եւ վարչապետի պաշտոնակատարը եզրափակել է. «Արդեն ընթացիկ տարվա հոկտեմբերին Ջրային տնտեսության պետական կոմիտեն պետք է 2019 թվականի ջրամատակարարման ողջ ծրագիրն ունենա՝ բարձրացնելով ջրամատակարարման ոլորտում կարգապահությունը»։ Հասկացաք չէ՞, որ սա էն ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ հայեցակարգն է, որ կա՝ 2018-ի վերջում ունենալ 2019-ի ծրագիր եւ կարգապահություն բարձրացնել։ Բալքիմ դուզն էլ տա յա։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31