No 318, դեկտեմբերի 21, 2001 թ., ուրբաթ

ՄԱԶՈՒԹԻ ՍԱԴՈՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԱՌԱԶՄ

Արշակ Մազութիչի ոդիսականը

Օրերս խորհրդարանի բուֆետում, ԱԺ մի խումբ պատգամավորներ, պատգամավոր Արշակ Սադոյանին կնքեցին մազութի Արշակ արժանի անունով: Իհարկե, մի քանի ռացիոնալիզատորական առաջարկություններ եղան՝ սույն անվանն անպայմանորեն ավելացնել՝ հում մազութի Արշակ, սակայն պատգամավորները որոշեցին այդքան չմանրանալ, հետո էլ՝ որեւէ երաշխիք չկա, որ առաջիկայում մազութի Արշակը չի անդրադառնա էներգակիրների այլ տարատեսակների եւս, ուստի որոշվեց մազութի բնույթը չկոնկրետացնել:

Իսկ մազութի Արշակը անձնական տնտեսագիտական հաշվարկներ է արել ու որոշել է, որ նախկին իշխանությունները լափել են ոչ թե 200, այլ 500 միլիոն դոլարի հում մազութ: Իհարկե, ծանոթանալով մազութի Արշակի տնտեսագիտական հաշվարկների ծագումնաբանությանը, հասկանում ես, որ սույն տնտեսագիտությունը ընդամենը շատ վատ երազ է, բայց մազութի Արշակի համար կարեւորը ոչ թե փաստն է, այլ գոռալը: Իսկ մեր հասարակությունը, հայտնի է, միշտ էլ սիրել է լաչառներին: Եվ այն, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, գործադրելով իր բոլոր հնարավոր եւ անհնար ճիգերը, այդպես էլ չկարողացավ գտնել անգամ հանձնաժողովի նախնական զառանցանքը՝ 200 մլն դոլարը, մազութի Արշակի համար փաստ եւ հիմնավորում չէ: Ասում են՝ Արշակ Սադոյանը պատրաստվում է մոտ ժամանակներս ասուլիս հրավիրել ու հրապարակել իր նոր տեսությունը, համաձայն որի, ՀՀ գլխավոր դատախազությունը հանցավոր համաձայնության է եկել նախկին հանցավոր իշխանությունների հետ ու պարտակել է թե՛ փաստաթղթերով հիմնավորված 200 մլն դոլարի լափած մազութը, թե՛ կորած փաստաթղթերում եղած 500 մլն դոլարի մազութը:

Ի դեպ, Արշակ Սադոյանը համառորեն չի ուզում ընդունել դատախազության բացահայտումը, համաձայն որի միայն 148 մլն դոլարի հափշտակում եղել է այս իշխանությունների օրոք: Իսկ սույն փաստը հասկացել է մազութի մեկ այլ խոշոր մասնագետ՝ Մանուկ Գասպարյանը եւ որոշել է փոխել իր պոպուլիստական ամպլուան ու իր սեւեռուն միտքն արդեն տեւական ժամանակ է տեղափոխել է ներկայիս օլիգարխների, մասնավորապես՝ Միկա Բաղդասարովի վրա:

Մանուկ Գասպարյանը հասկացել է, իսկ Արշակ Սադոյանը չի ուզում հասկանալ: Եվ պատճառն այն չէ, որ Արշակ Սադոյանը, ի տարբերություն Մանուկ Գասպարյանի, դժվար է հասկանում եւ ընկալունակության հետ կապված պրոբլեմներ ունի: Պարզապես՝ հասկանալը ձեռք չի տալիս, ու եթե անգամ եղել են գողացված էներգակիրներ, ապա դրանք եղել են ու կան վարչապետ եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության տարիներին:

Իսկ Արշակ Սադոյանին հասկանալը ձեռք չի տալիս, քանզի վերջինս վարձատրվում է հենց նման բաները չհասկանալու եւ աղմուկ բարձրացնելու համար: Չէ՞ որ գաղտնիք չէ, որ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը Արշակ Սադոյանին հատուկ պրեմիաներ է նշանակում՝ «ԱրմենՏելի» դեմ շուխուր բարձրացնելու եւ անկապ միտինգներ անելու համար: Իսկ թե ո՞վ է վճարում նույն Սադոյանին մազութի զառանցանքը նախկին իշխանությունների կոնկրետ անձանց հետ կապելու համար, կարծում ենք, դրա համար Նոստրադամուս պետք չի լինել: Սովորական քթածակը միանգամայն բավարար է:

Եվ չնայած մեր քնքույշ զգացմունքներն առ դաշնակցությունը, չենք կարող չնկատել, որ նրանցից մեկը վերջերս խորհրդարանի ուշադրությունը հրավիրեց մի հետաքրքիր փաստի վրա. պարզվում է՝ պատգամավոր Արշակ Սադոյանը բոլոր օրինագծերի քվեարկության ժամանակ երբեք չի մասնակցում քվեարկություններին: Փոխարենը, մինչեւ քվեարկությունը, նա մի քանի ժամ գոռգոռում է, կրծքով փակում ամբիոնը, պատգամավորներին խնդրում-աղաչում դեմ քվեարկել, նրանց ներկայացնում ապագա սերունդների անեծքի ողջ ծանրությունն ու նշյալ օրենքի հակաժողովրդական լինելը, հարձակվում մի քանի պատգամավորի վրա, գրկում չորրորդ միկրաֆոնը, բայց հակաժողովրդական օրենքի քվեարկության ժամանակ կա՛մ ընդհանրապես չի գալիս խորհրդարան, կա՛մ ճեմում է միջանցքներում, որովհետեւ շոուի երկրորդ մասն արդեն կարեւոր չէ. սիրելի ռադիոլսողներն ու նույնքան սիրելի հեռուստադիտողները տեսնում եւ ընկալում են միայն շոուի առաջին մասը, երբ մազութի քաջարի Արշակը, վտանգելով իր կյանքը, պայքարում է հանուն ժողովրդի: Քանզի առջեւում հերթական խորհրդարանական ընտրություններն են:

Ինչ վերաբերում է մազութի էպոպեային, ապա Արշակ Մազութիչին խորհուրդ ենք տալիս փոխել ամպլուան, քանզի մեծ է տապալվելու եւ հերթական անգամ անհեթեթ իրավիճակում հայտնվելու վտանգը:

Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարեւորության գործերով քննիչի զեկույցից հետո դա շատ արագ հասկացավ մեկ այլ «մազութակիր»՝ Մանուկ Գասպարյանն ու անմիջապես փոխեց պոպուլիզմի բնագավառը եւ անցավ ներկայիս իշխանությունների բոստանը, որտեղ, վստահ ենք, լուրջ հաջողությունների կհասնի:

ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ամբողջ համարը...»»

No 318, դեկտեմբերի 21, 2001 թ., ուրբաթ

 

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

         
Ծառայություններ