No 361 (ինտերնետային No 521), Մարտի 5, 2004 թ., ուրբաթ

ՄԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

2002թ. հունիսի 19-ին Հովիկ Հայրապետյանի «յոթի» արարողության ժամանակ Փայլակ Հայրապետյանը եւ իր որդի Հայրապետ Հայրապետյանը կազմակերպեցին իմ որդի Հովհաննես Մանուկյանի սպանությունը:

Այդ արարողության մասնակիցների թիվը հասնում էր շուրջ 150-200 մարդու. նրանց թվում կային բարձրաստիճան այրեր` ՀՀ նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը, «Ոզնու» խմբագիր Արամայիս Սահակյանը, ՀՀ Գլխավոր դատախազության շուրջ 30 աշխատակիցներ, Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներ եւ ոմն գեներալ, որի ով լինելը պարզված չէ: Որդուս սպանությունը նախօրոք եղել է կազմակերպված, այդ ոճրագործության մասնակիցների թվում են եղել Փայլակ Հայրապետյանի եղբոր տղաները, ինչպես նաեւ նրանց կողմից ճանաչված ընկերներ: Նրանք են` Արմեն Քեհյանը, զինվորական դատ. վճռաբեկ դատարանի դատավոր Սամվել Օհանյանի եղբոր որդիներ Գագիկ Քալանթարյանը, Արթուր Եգորյանը:

Փայլակ Հայրապետյանը իր տան մեջ առաջին կրակոցն է արձակել իմ որդու վրա, որից հետո արդեն դրսում սկսել են կրակել Հայրապետ Հայրապետյանը, Գագիկ Քալանթարյանը, Արթուր Եգորյանը:

Որդիս` մարմնին խոցված չորս գնդակների պատճառով վայր է ընկել Փայլակ Հայրապետյանի տանից 40 մետր հեռավորության վրա, քանի որ ի վիճակի չի եղել վազելու մինչեւ Օրբելի փողոց (ինչպես ցույց է տրված սպանության ժամանակ գծագրվածը):

Այդ ժամանակ Հայրապետ Հայրապետյանը, Արթուր Եգորյանը որդուս վիրավոր վիճակով դնում են մեքենայի մեջ եւ տեղափոխում Օրբելի փողոց, թողնում են փողոցում ու հեռանում: Մարդկության կողմից դեռ լսված չէ, որ իր տուն եկած մարդուն իր տան մեջ սպանեն, սակայն այդ մարդ կոչված վիժվածքը` Փայլակ Հայրապետյանը, իրագործեց: 1915թ. Եղեռնի ժամանակ թուրք Թալեաթ փաշան հայերին կոտորեց ոչ հայերի տան մեջ, այլ դրսում: Այսօր Հայաստանում ի հայտ է եկել նոր «Թալեաթ փաշա»` դա Փայլակ Հայրապետյանն է, որը շատ շուտ ընդունեց իսլամի կրոնը, դարձավ ոճրագործ:

Կգա ժամանակ, որ նրա թոռները կհրաժարվեն, որ իր թոռներն են:

Ինչո՞ւ Միշա Քալանթարյանը իր վրա վերցրեց որդուս սպանությունը: Որովհետեւ այս մարդը նման փորձ արդեն ուներ եւ, երկրորդ, նրա որդի Գագիկ Քալանթարյանը դեռ 1999թ. համոզեց Հովիկ Հայրապետյանին, 300 հազար ԱՄՆ դոլարով գնացին Արաբական Էմիրություններ եւ այնտեղ պետք է կառուցեին տեքստիլագործության համար ֆաբրիկա (Երեւանից Արաբական Էմիրություններ տեղափոխեցին շուրջ 50-ից ավելի իտալական դազգահներ): Հետագայում Գագիկ Քալանթարյանը այդ գումարները եւ տեղափոխած դազգահները քամուն տվեց եւ մի կերպ վերադարձավ Հայաստան: Երկար ժամանակ վիճաբանության առարկա էր դարձել երկու եղբայրներ Փայլակ Հայրապետյանի եւ Միշա Քալանթարյանի միջեւ այդ խաբուսիկ բիզնեսի իրագործումը:

Փաստորեն Միշա Քալանթարյանը իր վրա վերցնելով որդուս սպանությունը, լուծեց իրենց մեջ տեղի ունեցած վիճելի գումարների հարցերը: Ինչու զինվորական գծով վճռաբեկ դատարանի դատավոր Սամվել Օհանյանը, որ հանդիսանում էր իմ որդու «լավ ընկերներից մեկը», լավ մտերիմ լինելով (քավոր) բժիշկ Պավել Անանիկյանին, հիվանդանոց եկավ այն ժամանակ (երբ բոլորը խոսում էին որդուս փրկության մասին) եւ աննկատ հեռացավ, հետո պարզվեց, որ նա զանգել է Պ. Անանիկյանին, խոստանալով Փայլակ Հայրապետյանի կողմից առաջարկված մեծ գումարը: Ս. Օհանյանի հեռանալուց կես ժամ չանցած ինձ ասացին, որ ձեր որդին մահացավ:

Հարց է առաջ գալիս. ինչո՞ւ Ս. Օհանյանը կատարեց Փայլակ Հայրապետյանի հանձնարարությունը: Ինձ համար դա շատ պարզ էր` Ս. Օհանյանը Հովիկ Հայրապետյանին տոկոսով 300 հազար ԱՄՆ դոլար էր տվել եւ յուրաքանչյուր ամիս տոկոս էր վերցնում 13000 դոլար, որպեսզի այդ գումարը կարողանա վերցնել Փ. Հայրապետյանից, նա գնաց այդ քայլին:

ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի եղբոր աղջիկը Գագիկ Քալանթարյանի կինն է, դրա համար նրա անունը ոչ մի տեղ չի շոշափվում: Ես լավ եմ հիշում, երբ Արամայիս Սահակյանը գալիս էր «Հայաստան» հանրախանութ, խնդրում էր Հ. Հայրապետյանին իրեն գումարով օգնի, ես իմ տեղը չէի գտնում, թե նա ինչպես էր ցածրանում այդ օլիգարխների առաջ, որ իրեն օգնեն չնչին գումարով: Կգա ժամանակ, որ Ոզնու փշերը պետք կգան հենց իրեն` Արամայիս Սահակյանին: Բնական է, որ նա ոչ մի ցուցմունք չէր տա:

Որդիս եւ Ա. Հարությունյանը երկար տարիներ շատ մտերիմ ընկերներ էին, այդ ընկերությունը շարունակվեց այնքան ժամանակ, երբ Ա. Հարությունյանը դարձավ Հովիկ Հայրապետյանի աղջկա կնքահայրը, որից հետո այդ ընկերությունը դադարեց գոյություն ունենալուց: Հարց է առաջ գալիս. ինչո՞ւ դեռ 1999թ. որդուս Ա. Հարությունյանը ընդգրկեց նախագահի աշխատակազմի մեջ որպես ավագ տնտեսագետի, սակայն նա ոչ մի անգամ չգնաց աշխատանքի, երբ ես հարցնում էի որդուս` ինչու չես ուզում աշխատել, նա պատասխանում էր` չեմ ուզում, քանի որ ես չեմ կարող կամակատար դառնալ:

Ա. Հարությունյանը ներկա լինելով որդուս սպանությանը, մոռացավ մի կտոր հացը, որ միասին կտրել են, բաժակ են բարձրացրել, մեկը մյուսին ցանկացել է առողջություն ընտանեկան կյանքում, երեխաներին լավ ապագա...

Ա. Հարությունյանը շախմատի լեզվով կատարեց մեկ ուրիշ քայլ` դարձավ Փ. Հայրապետյանների կողմից իրականացված սպանության չբացահայտվելու իրականացնողը եւ պայմանավորվածության համաձայն հանձնարարվեց Միշա Քալանթարյանին իր վրա վերցնելու սպանությունը: Իսկ Ա. Հարությունյանի ասած խոսքը իրավապահ մարմինների համար օրենք է, քանի որ եթե Ա. Հարությունյանն է ասում, ուրեմն նշանակում է` ամեն ինչ համաձայնեցված է:

Պարոն Ռ. Քոչարյան, դուք շատ լավ եք ճանաչել որդուս` Հովիկ Մանուկյանին, դեռ ձեր վարչապետ եղած ժամանակ, ինչպես նաեւ քրիստոնեության 1700 ամյակի կապակցությամբ ձեր շքախմբի մասնակիցների թվում է եղել իմ որդին, նա քիչ աշխատանք չի կատարել Փարիզ կատարած ձեր պաշտոնական այցի ժամանակ, որ ամեն ինչ անցնի բարձր մակարդակով: Ես` որպես որդեկորույս ծնող, չեմ պատկերացնում, պրն Քոչարյան, հանրապետությունում կատարված ցանկացած սպանության ինչպես եք դուք արձագանքում` լինելով որպես մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորը Հայաստանում: Ես կասեի` բացասական, քանի որ մեր կողմից գրված բողոք-դիմումների ոչ մի արձագանք չեղավ ձեր կողմից: Պարոն Քոչարյան, մի երեկոյի ժամանակ դուք դիմել եք իմ արդուն` ասելով` Հովիկ, դու կարո՞ղ ես Պիեռ-Գարդենին հրավիրել Ղարաբաղ, որպեսզի նա խաղաղության դրոշը բարձրացնի Ղարաբաղի վրա, որդիս` առանց մտածելու, թե ում հետ է խոսում, ձեզ պատասխանել է` եթե լավ աշխատեք, կբերեմ:

Երբ որդիս տուն վերադարձավ տիկնոջ հետ, խոսեցինք ինչպես անցավ երեկոն, նա պատմեց նաեւ ձեր առաջարկության մասին եւ իր տված պատասխանի, այդ ժամանակ քիչ էր մնում ես նրան ապտակեի` ասելով` դու հետո կստանաս քո պատասխանի հետեւանքները...

Շարունակելի
ՂԱԶԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ամբողջ համարը...»»

No 361 (ինտերնետային No 521), Մարտի 5, 2004 թ., ուրբաթ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

     
Ծառայություններ