No 447 (ինտերնետային No 607), Փետրվարի 25, 2005 թ., ուրբաթ

ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎ

ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ


Սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչների մեծ մասը, ինչպես նկատել եք, առաջացել կամ ստեղծվել է 1998թ. հեղաշրջումից հետո: Դրանց մի մասը իր «անապահով» կյանքի համար պարտական է իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ իրենց ունեցած ազգակցական կապերին, մի մասը` հայրենակցական: Բայց կան նաեւ այնպիսիները, որոնք Հայաստանում արեւի տակ տեղ են գտել իշխանություններին անմնացորդ նվիրվելու շնորհիվ. երբ պատրաստ են իշխանությունների ցանկացած պատվեր, հրահանգ, հրաման, քմահաճույք կատարել եւ նույնիսկ գերակատարել: Այդպիսիների շարքում պատվավոր տեղ է զբաղեցնում Հ2 հեռուստաընկերության տնօրեն, Ռ. Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանի ընկեր (բիզնեսի ոլորտում) ՍԱՄՎԵԼ ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:

Հայաստանի նորագույն պատմության մեջ Սամվել Մայրապետյանի անունը մեծ հաշվով հայտնի դարձավ 1995թ., երբ Երեւանի բժշկական համալսարանում տեղի ունեցան աղմկոտ ձերբակալություններ` կապված ընդունելության քննությունների հետ: Այդ գործի մեջ շոշափվեց նաեւ Ս. Մայրապետյանի անունը, որն այն ժամանակ համալսարանի պրոռեկտորն էր` արտասահմանյան ուսանողների գծով: Գործի նախաքննության ժամանակ պարզվեց, որ Ս. Մայրապետյանը սերտ առնչություն ուներ ընդունելության քննությունների հետ եւ դրանց ընթացքում կաշառատվության շղթայի կարեւորագույն օղակներից մեկն էր:

Մինչ այդ Ս. Մայրապետյանը որեւիցե կերպով հայտնի չէր: Լինելով տնտեսագետ, հետո որպես կուսակցական աշխատող հայտնվելով բժշկական համալսարանում, որոշ ժամանակ անց ադմինիստրատիվ աշխատանքի անցավ:

Այսպես թե այնպես, այդ ձերբակալությունները Ս. Մայրապետյանի կողքով անցան, եւ վերջինս միառժամանակ կորավ: Այսինքն, հայտնի չէր, թե որտեղ է գտնվում: Թերեւս միայն Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանին էր հայտնի, քանզի հենց վերջինս նշանակվեց ՀՀ մշակույթի նախարար, Ս. Մայրապետյանը հայտնվեց կողքին` նախարարի խորհրդականի կարգավիճակով: Երբ Լ. Տեր-Պետրոսյանի աշխատակազմում տեղեկացան, որ Ս. Մայրապետյանը նշանակվել է Ա. Սմբատյանի օգնական, նախարարին անմիջապես հրահանգեցին, որ Ս. Մայրապետյանը պետք է աշխատանքից ազատվի, քանզի այդ մարդը պետական համակարգում աշխատելու իրավունք չունի: Եվ ընդհանրապես, զարմացած էին, թե ինչպես է եղել, որ Ս. Մայրապետյանը ազատության մեջ է: Ցավոք, մեր աղբյուրներից չկարողացանք ճշտել, թե ինչով է այս պատմությունն ավարտվել. արդյոք Ս. Մայրապետյանը ազատվե՞լ է աշխատանքից, թե՞ ոչ: Կան որոշ տեղեկություններ, որ նա այդ ժամանակ Մոսկվա է ճողոպրել:

Անցավ մի քանի ամիս, եւ Սամվել Մայրապետյանը նորից հայտնվեց Հայաստանում: Մոսկվաբնակ գործարար Սենիկ Գեւորգյանի հովանավորությամբ Հայաստանի 2-րդ ալիքի մետրային հաճախականության վրա սկսեց եթեր դուրս գալ «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունը, որի գործադիր տնօրեն նշանակվեց Սամվել Մայրապետյանը: Միառժամանակ վերջինս հանդիսանում էր նաեւ «Պարադիզ» ընկերության փայատերերից մեկը: Մինչեւ 1998թ. հեղաշրջումը Ս. Մայրապետյանը հանգիստ օրեր էր գլորում: Իսկ ահա հեղաշրջումից հետո բացվեց նրա «երկրորդ շնչառությունը»: Իշխանափոխության արդեն հաջորդ օրերին նա հայտնվեց ամենաթեժ կետերում, իշխանության հայտնի ուժերին հեռուստատեսության բնագավառում իր ծառայություններն առաջարկեց` պատրաստակամություն հայտնելով անել այն, ինչ անհրաժեշտ էր նրանց: Բնականաբար, անմիջապես հայտնվեց Տիգրան Նաղդալյանի եւ Ալեքսան Հարությունյանի ուշադրության կենտրոնում, վերջիններիս հետ որոշակի հարաբերություններ ստեղծեց, սակայն որոշ ժամանակ անց, արագ կողմնորոշվելով, բավական սերտ հարաբերություններ հաստատեց Ռ. Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանի հետ:

Մինչեւ Արմեն Գեւորգյանի թեւի տակ մտնելը, Ս. Մայրապետյանն արդեն որոշել էր բնակշինարարությամբ զբաղվել եւ այդ ժամանակ արդեն պետական կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանի հետ պայմանավորվածության արդյունքում կոնսերվատորիայի տարածքում հողակտոր ստացավ եւ Բայրոնի փողոցում կառուցեց Երեւանում առաջին էլիտար շենքը: Այդ ժամանակ Ս. Մայրապետյանը ինչ-ինչ խնդիրներ ուներ Տիգրան Նաղդալյանի հետ եւ դրանք հարթելու համար շենքի առաջին հարկում երկու բնակարան կառուցվեց, որոնցից մեկը տրվեց Տիգրան Նաղդալյանին, մյուսը` Վահան Հովհաննիսյանին (արվեստագետ Հենրիկ Հովհաննիսյանի որդուն), չնայած ի սկզբանե շենքը պետք է հասարակական կառույց լիներ եւ վարձակալությամբ տրվեր գրասենյակների:

Շենքի շինարարությունն ավարտելուց հետո Ս. Մայրապետյանի եւ Արմեն Սմբատյանի հարաբերությունները սրվեցին: Ըստ էության, Ա. Սմբատյանը նրա հետ բոլոր հարաբերությունները խզեց, իսկ Ռուսաստանում դեսպան նշանակվելուց հետո այլեւս ոչ մի հարաբերություն չի եղել:

Փոխարենը հարաբերությունները երկրաչափական պրոգրեսիայով աճեցին Ա. Գեւորգյանի հետ: Երկուսով սկսեցին աշխատանքներ տանել հեռուստատեսության բնագավառում, ինչը, իհարկե, նեղ ոլորտ էր, եւ որոշեցին Երեւանի կենտրոնական մասերում հողակտորներ ձեռք բերել` էլիտար շենքերի կառուցման գաղափարը կյանքի կոչելու համար: Արդյունքում էլիտար շենքերի շինարարության համար հողակտորներ ձեռք բերվեցին Բայրոնի փողոցում արդեն կառուցված շենքի մոտ, Հյուսիսային պողոտայում, Պուշկինի փողոցում: Այդ ժամանակ բանը հասել էր այնտեղ, որ միայն Ա. Գեւորգյանի համաձայնությամբ կարելի էր այդ նոր, էլիտար շենքերում բնակարան ձեռք բերել: Օրինակ, շատերին է հայտնի Կառլոս Պետրոսյանի պատմությունը. երբ վերջինս ցանկություն էր հայտնել Բայրոնի փողոցում կառուցված երկրորդ շենքում բնակարան ձեռք բերել, նրան պատասխանել էին, որ թույլտվություն ստանալու համար պետք է դիմի Ա. Գեւորգյանին: Ավելին, բանը հասել է այնտեղ, որ Պուշկինի փողոցում կառուցվելիք շենքում, որի հիմքերը դեռ նոր են գցել, բնակարան ձեռք բերելու համար պետք է դիմել անձամբ Սամվել Մայրապետյանին: Վերջինս ինքն է վաճառում այդ շենքի ապագա բնակարանները: Ընդ որում, գները սկսվում են 1000 դոլարից` 1քմ-ի համար:

Միաժամանակ որոշ փոփոխություններ տեղի ունեցան հեռուստաբիզնեսում: Այն բանից հետո, երբ Սենիկ Գեւորգյանը որոշեց հրաժարվել «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունից, որը միայն քաղաքական եւ տնտեսական պրոբլեմներ էր ստեղծում, արդյունքում Ս. Մայրապետյանը հեռուստաընկերության նոր փայատերը դարձավ: Մամուլում բազմիցս նշվել է, որ բացի նրանից, հեռուստաընկերությունը եւս երեք փայատեր ունի` Արմեն Գեւորգյանը, նախագահի աշխատակազմում աշխատող Հասմիկ Պետրոսյանը եւ, ամենայն հավանականությամբ, Ալեքսան Հարությունյանը:

Այսպես «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունը, որը վերանվանվեց Հ2, Սամվել Մայրապետյանի ղեկավարությամբ դարձավ ամենապնակալեզ հեռուստաընկերություններից մեկը, որին հավասար է թերեւս միայն «Արմենիան»: Թե իշխանություններին սիրաշահելու համար ինչի է ընդունակ Ս. Մայրապետյանը, ցույց տվեցին 2002թ. տեղական ինքնակառավարման, իսկ ավելի կոնկրետ` «Կենտրոն» համայնքի թաղապետի ընտրությունները: Ս. Մայրապետյանը առաջարկեց իր կնոջը` բժշկական գիտությունների դոկտորին, «Կենտրոնում» նշանակել ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ, վստահեցնելով, որ կինը կանի այն, ինչն անհրաժեշտ է: Այդպես էլ եղավ: Ս. Մայրապետյանի կինը «հաջողությամբ» կատարեց իշխանությունների պատվերը:

Այսինքն, Ս. Մայրապետյանը պատրաստ է ամեն ինչի, որպեսզի միշտ իշխանությունների սիրելիների շարքերում առաջատար դիրքեր գրավի:

Այժմ Ս. Մայրապետյանը իշխանությունների առջեւ կատարած ծառայությունների «դիվիդենտներն» է վայելում. շենքեր է աջուձախ կառուցում, Հ2 է աշխատեցնում, իսկ մի քանի ամիս առաջ փող աշխատելու լավ ձեւ է գտել. Արմեն Գեւորգյանի հետ, իհարկե: Հ2-ի օպերատորներին ուղարկում էր կարգազանց վարորդների խախտումները գաղտնի նկարահանելու: Հետո դա ցույց էին տալիս Հ2-ով: Պետավտոտեսչության աշխատակիցները հաջորդ օրը ցուցադրված մեքենան տանում էին տուգանային հրապարակ, վարորդները գնում էին մեքենայի ետեւից եւ պարզում, որ մեքենան ետ վերցնելու համար պետք է մուծեին ոչ թե օրենքով սահմանված մի քանի հազար դրամը, այլ նվազագույնը 250 հազար դրամ: Պետավտոտեսչությունում նշում էին, թե հրահանգը վերեւից` նախագահական նստավայրից է եկել: Չնայած այնտեղից էլ պատասխանեցին, թե այդ տուգանքները հատուկ ստեղծված հիմնադրամ են գնալու, բայց հետագայում պարզվեց, որ դա սովորական կեղծիք է: Այս օպերացիայի արդյունքում Ս. Մայրապետյանը բավական կլորիկ գումար աշխատեց: Ի դեպ, նաեւ հետագայում պարզվեց, որ կարգազանց վարորդներից փող շորթելու գաղափարը պատկանել է ոչ թե Ա. Գեւորգյանին, այլ հենց Ս. Մայրապետյանին:


ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ամբողջ համարը...»»

No 447 (ինտերնետային No 607), Փետրվարի 25, 2005 թ., ուրբաթ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

         
Ծառայություններ