No 475 (ինտերնետային No 635), Հունիսի 3, 2005 թ., ուրբաթ

ՊԵՏԲՅՈՒՋԵ

ԸՆՏԱՆԵԿԱՆ «ԳՈԼԴԵՆ ՊԱԼԱՍ»

«Հաղթանակ» զբոսայգու տարածքում կառուցված «Գոլդեն Պալաս» հյուրանոցը մի քանի օր առաջ հանդիսավորապես բացվեց: Քոչարյանը ժապավենը կտրեց, մի քանի հիացական խոսքեր ասաց հյուրանոցի եւ Հայաստանում զբոսաշրջության պայծառ ապագայի մասին, ապա մարգարեացավ, թե երեւի այս հյուրանոցի կառուցման առթիվ մի քանի հոգի կնյարդայնանան: Սիրով կատարում ենք նախագահի պատվերը:

Եվ այսպես, հյուրանոցի կառուցումն արժեցել է մի քանի միլիոն դոլար: Սեփականատերն ինչ-որ օֆշորային գոտում գրանցված մի կազմակերպություն է, որի փայատերերի կազմը խիստ գաղտնի է պահվում: Ընդ որում, վաղուց ի վեր տեղեկություններ են շրջում, թե հյուրանոցն իրականում պատկանում է ՀՀ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների: Եվ ահա Ռոբերտ Քոչարյանը հարկ է համարում անձամբ հերքել այդ տեղեկությունները: Ուշադրություն դարձրեք` հարյուրավոր նման կառույցների մասին հարյուրավոր նման տեղեկություններ են հայտնվել մամուլում, բայց Քոչարյանը դրանցից ոչ մեկը հարկ չի համարել անձամբ հերքել: Ինչո՞ւ է «Գոլդեն Պալասի» նկատմամբ բացառություն արվում: Ուշադրության է արժանի նաեւ հերքման ձեւը: Քոչարյանն ասում է, թե ինքը հարցրել է հյուրանոցը կառուցած ընկերության ղեկավարին, եւ վերջինս դա հերքել է: Հիմա պատկերացրեք նման երկխոսություն: Քոչարյանը հարցնում է. «Պարո՛ն այսինչ, ճի՞շտ է, որ այս հյուրանոցի սեփականատերերը ՀՀ մի քանի բարձրաստիճան կոռումպացված պաշտոնյաներ են»: Սա էլ պատասխանում է. «Ի~նչ եք ասում, նման բան չկա, հավատացնում եմ»: Եվ Քոչարյանն, իհարկե, իսկույն հավատում է օտարերկրացուն, որին առաջին անգամ է տեսնում: Հուզիչ պատմություն է: Հուզիչ եւ խիստ արժանահավատ:

Հետաքրքիր է նաեւ, թե ինչո՞ւ էր հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում նաեւ ՀՀ մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը: Գուցե եկել էր պարզելու, թե արդյո՞ք շինարարության մեջ մաքսանենգ շուռուպներ չեն օգտագործվել: Հազիվ թե: Մերձակա թաղամասերի բնակիչները շինարարության ողջ ընթացքում հաճախ էին տեսնում, թե ինչպես է Արմեն Ավետիսյանը հետեւում շինարարության ընթացքին, հրահանգներ տալիս, կարգադրություններ անում եւ այլն:

Իսկ ճշմարտությունն այն է, որ մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, «Գոլդեն Պալաս» հյուրանոցն իրականում պատկանում է ոչ թե ՀՀ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, այլ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքի անդամներին, իսկ Արմեն Ավետիսյանն ընդամենը ֆինանսավորել է շինարարությունը` իհարկե, նախագահի ինստիտուտի նկատմամբ ունեցած անշահախնդիր հարգանքից դրդված: Ընդհանրապես, մեր իրականությունն այդպիսին է. երբ նախարարը վարչության պետի հետ, ասենք, ռեստորան է գնում, հաշիվը վարչության պետն է փակում: Նախարարը հենց դրա համար էլ նրան թույլ է տալիս կաշառք-մաշառք վերցնել: Հիմա ինքներդ դատեք` Արմեն Ավետիսյանի համար ի՞նչ պրոբլեմ է «շեֆի հյուրանոցի» հաշիվը փակելը:

Եթե նկատել եք, Հայաստանում քիչ թե շատ ծավալուն ներդրումներ կատարում են հիմնականում օֆշորային գոտիներում գրանցված անհայտ ընկերությունները: Մեխանիզմը բավականին պարզ է. օֆշորային գոտում որեւէ ընկերություն է գրանցվում, հետո որեւէ անմեղսունակ օտարերկրացի նշանակվում է ընկերության նախագահ (ընկերությունը, բնականաբար, պատկանում է փայատերերին, որոնց ցանկը գաղտնի է պահվում), հետո այդ ընկերությունը Հայաստանում որեւէ բան է կառուցում: Եվ ստացվում է, որ մեր պաշտոնյաները մեզանից թալանած փողերով իրենց համար բիզնես են ստեղծում, բայց անունը դնում են «օտարերկրյա ներդրումներ»: Դա, ի դեպ, նաեւ այն առավելությունն ունի, որ իշխանափոխությունից հետո «կուլակաթափման» պրոցեսը բարդ կլինի:

Նույնիսկ չգիտեմ` հաջողվե՞ց կատարել նախագահի պատվերը եւ կարգին նյարդայնանալ: Երեւի չհաջողվեց, որովհետեւ իրականում նյարդայնանալու պատճառ չկա: Լավ հյուրանոց է կառուցվել, իշխանափոխությունից հետո իսկապես զբոսաշրջիկների թիվը կարող է ավելանալ, իսկ Հաագայի դատարանը, եթե չենք սխալվում, նաեւ տնտեսական հարցերով է զբաղվում:

ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

ամբողջ համարը...»»

No 475 (ինտերնետային No 635), Հունիսի 3, 2005 թ., ուրբաթ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

   
Ծառայություններ