No 628 (ինտերնետային No 788), Հունվարի 30 2007 թ., երեքշաբթի

ՄԵՆՔ, ՆՐԱՆՔ ՈՒ ՏՀԱՍՆԵՐԸ

ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԴԱՌՆԱԼԸ ՄԵԶ ԷԼ ՉԷՐ ԽԱՆԳԱՐԻ


Անցած շաբաթն անհանգիստ շաբաթ էր: Երեւանում, նաեւ մարզերի առանձին քաղաքներում մի քանի օր շարունակ բողոքի ցույցեր ու երթեր կազմակերպվեցին, որոնք դատապարտում էին Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: Այդ ակցիաներն, ըստ էության, արձագանքն էին Ստամբուլում սպանության օրն եւեթ տարերայնորեն բարձրացված ու Հայաստանում աննախադեպ եւ աներեւակայելի որակված բողոքի ալիքի:

Ամենացնցողը, սակայն, Թուրքիայում եւ Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների բովանդակությունն էր` իր նույնքան աննախադեպ ու մեզ` հայերիս համար զարհուրելի տարբերությամբ: Այսպես, եթե Թուրքիայում հասարակությունը բողոքում էր Դինքի սպանության դեմ, կարեկցում էր նրա ընտանիքի անդամներին` որպես Թուրքիայի քաղաքացու, նաեւ իր համերաշխությունն էր հայտնում Դինքի` Թուրքիան ժողովրդավարական տեսնելու երազանքների ու պայքարի ձեւերի հետ` հայտարարելով, որ եթե Դինքը սպանվել է իր հայացքների համար, ուրեմն իրենք` բողոքողները բոլորը Դինք են, իսկ եթե նա սպանվել է որպես հայ` ուրեմն իրենք բոլորը հայ են, ապա Հայաստանում բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց ողջ էներգիան ուղղեցին այն բանին, որ եւս մեկ անգամ օգտվեն պատեհ առիթից` ցեղասպանված լինելու հանգամանքը շեշտելու եւ անկախ ամեն ինչից «թուրք ցեղը» հայհոյելու համար: Մազոխիզմի հերթական այս դրսեւորումները մեկ-մեկ համեմվում էին, իբր, Դինքի պայքարն ու նրա գործը շարունակելու մասին հայտարարություններով, որոնք, ըստ էության, որեւէ առնչություն չունեին այն ամենի հետ, ինչն իրականում անում եւ ինչին ձգտում էր Հրանտ Դինքը:

Օրինակ, Հայաստանում այդ օրերին եւս մեկ անգամ հնչեց այն միտքը, թե Դինքը Ցեղասպանության ուրացման արդյունք է եւ «թուրքի արյունոտ» ձեռքերի զոհ: Սա այն դեպքում, երբ Դինքն ինքը Թուրքիայում ծավալած իր ողջ գործունեությունը ուղղել էր ոչ այնքան Ցեղասպանության ճանաչման կամ օտար պետություններում Ցեղասպանությունը դատապարտող օրինագծերի ընդունմանը, որքան հենց Թուրքիայի ժողովրդավարացմանն ու այդ երկրում ազատ խոսքի, ազգային բոլոր փոքրամասնությունների պաշտպանությանը:

Ոչ ոք Հայաստանում չհիշեց, որ իրենք խոսում են այն նույն լայնախոհ մտավորականի` Դինքի մասին, ով Ֆրանսիայում Ցեղասպանության փաստն ուրացողներին դատապարտող օրենքի ընդունման առնչությամբ հայտարարել էր, որ դա ազատ խոսքի նույնպիսի սահմանափակում է, ինչպիսին Թուրքիայի Քրեական օրենսգրքում 301-րդ տխրահռչակ հոդվածը: Սա Դինքի սկզբունքային դիրքորոշումն էր խոսքի ազատության առնչությամբ, որովհետեւ նրա խորին համոզմամբ, 1915 թվականի եղելությունը Թուրքիան պետք է ճանաչի ոչ թե դրսի շանտաժի կամ պարտադրանքի, այլ այդ երկրի ներսում տեղի ունեցող ժողովրդավարական եւ հասարակության գիտակցության մեջ փոփոխությունների արդյունքում:

Ինչեւէ: Ամենածանր զգացումն անցած շաբաթվա ընթացքում այն գիտակցումն էր, որ Հայաստանում Դինքի սպանությունը սգացողները մինչեւ վերջ անկեղծ չէին իրենց զգացումներում: Փաստն այն է, որ թուրք հասարակության անակնկալ ու ինքնաբուխ բողոքից «մանթրաշ» ընկած հայ իշխանավորներն ու առանձին կուսակցություններ, տեսնելով Թուրքիայում եւ Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների անհամարժեքությունը, մեծ ճիգեր գործադրեցին Դինքի հիշատակն անգամ նրա հուղարկավորությունից հետո «հարգելու» համար` այս անգամ արդեն ակնհայտորեն ցուցադրության համար: Դրա համար, ինչպես միշտ, ինչպես Սումգայիթյան ոճրագործության տարեդարձի օրը, գործի դրվեցին վարչական լծակներն ու պարտադրանքի հնացած ու սովետական գործելաոճը` դպրոցների աշակերտներն ու ուսանողները «վերեւից» եկած հրահանգով եւ ներկա-բացակա լինելուց հետո լցվեցին ավտոբուսներն ու տարվեցին Ծիծեռնակաբերդ: Ավելի ամոթալի բան, քան սա էր` պատկերացնել անգամ հնարավոր չէ: Ու սրանով մեր քաղքենիներն ուզում էին համոզել աշխարհին ու խաբել մեզ, թե` ա’յ մենք անկեղծորեն ենք սգում Դինքի մահը, իսկ ահա թուրքերը... Ու անգամ այս դեպքում` «պարտիական» ակցիային մասնակցողների մեջ գտնվեցին մի երկու տխմարներ, ովքեր հայտարարեցին, թե Թուրքիայում տեղի ունեցած 100 հազարանոց բողոքի ակցիան կազմակերպված էր թուրքական իշխանությունների կողմից` ցույց տալու համար, թե նրանք ինչքա~ն դեմոկրատ են: Էդ մարդիկ երեւի մոռանում են, թե իրե՛նք ինչ երկրում են ապրում ու արդյո՞ք իրենց երկիրն ավելի դեմոկրատ է, քան Թուրքիան, կամ իրենց նախագա՞հն է Թուրքիայի նախագահից ժողովրդավար եւ մարդասեր:

Բայց, ինչպես եւ պետք էր սպասել, Դինքի սպանության առիթն ամենափայլունն օգտագործեցին դաշնակները, ովքեր եւս մեկ հնարավորություն գտան իրենց դրոշները Երեւանի կենտրոնում ծածանելու եւ այլատյացություն սերմանելու համար, թեեւ նույն այլատյացություն հրահրելու մեջ նույն պահին իրենք մեղադրում էին թուրքական իշխանություններին: Այդ գործը դաշնակների մենաշնորհն է եւ ամենեւին էլ պատահական չէ, որ ջահել դաշնակներն ի դեմս «Նիկոլ Աղբալյան» կոչվող միության, թույլ չէին տվել, որ այլ կուսակցությունների երիտասարդական կառույցները միանան իրենց նախաձեռնած բողոքի ակցիային: Իրոք, այս կուսակցության համար ավելի հեշտ է թուրքերին, քան ռուսներին կամ սեփական երկրի բռնապետ իշխանություններին հայհոյել: Այդպես անվտանգ է: Իսկ օրերս «Երկիր» պաշտոնաթերթում հերթական զարհուրելի ու «Ովքեր են թուրքերը, ովքեր ենք մենք» վերտառությամբ մի հրապարակում եղավ, որում այսպիսի մտքեր կային. «Թուրքական ձեռագիրն ամենուրեք նույնն է. կարմիրով գրվում է, սեւով՝ ընթերցվում։ Թուրք ժողովրդի եւ առաջադեմ մտավորականության զանգվածային մասնակցությունը Հրանտ Դինքի սգո արարողակարգին մի՞թե փաստում է, որ թուրքական հասարակությունը, անկախ ամեն ինչից, գիտակցում եւ ընդունում է Հայոց ցեղասպանության ճանաչման անառարկելի ճշմարտությունը»:

Ասում են` արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին: Այս դեպքում էլ դաշնակցականների մտահորիզոնի սահմաններում չտեղավորվող բան է այն, որ թուրքական հասարակության բողոքը ոչ թե Ցեղասպանության փաստը ճանաչել-չճանաչելու դեմ կամ կողմ էր, այլ իր երկրի հայազգի քաղաքացու սպանության դեմ: Դաշնակների համար, թերեւս, անընկալելի է, երբ շարքային թուրքը տարբերություն չի դնում իր կողքին, իր երկրի իրական շահերն արտահայտող լրագրողի ազգային պատկանելության մեջ, եւ եթե Ռուսաստանում ազգային հողի վրա սպանությունների դեմ ռուս առաջադեմ հասարակությունը բողոքի ալիք չի բարձրացնում, դա դեռեւս չի նշանակում, որ դա է ճիշտը: Դաշնակներին այդ զգացողությունը դեռեւս հասու չէ, որովհետեւ վերջիններիս ողջ գիտակցությունը կաղապարված է 19-րդ դարի մտածելակերպին հարիր գաղափարներով, որոնք նա հետեւողականորեն փորձում է փաթաթել հայ հասարակության վզին:

«Հստակ է մի բան, որ հայկական հարցի ե՛ւ համատեքստում, ե՛ւ ենթատեքստում Թուրքիան նույնն է իր էությամբ, նույնն է սպանելիս, նույնն է սուգը ծիսակատարելիս, նույնն է ծիծաղելիս, նույնն է ողբալիս»,- սա տիպիկ դաշնակցական մտածողության արգասիք է: Իսկ ինչպիսի՞ն է հայը, այն հայը, որին տասնամյակներ շարունակ ներարկվել է յաթաղանավոր թուրքի կերպարը, այն հայը, որը պատրաստ եղավ մտնել հայոց խորհրդարան ու սպանդ կազմակերպել սեփական երկրի իշխանության նկատմամբ: Իսկ արդյո՞ք թուրքից ավելի լավն է այն հայը, որը հասարակության ներսում ատելություն է սերմանում հարեւան ժողովրդի նկատմամբ, երբ ակնհայտ է, որ նույնքան ատելություն մեր նկատմամբ այդ ժողովուրդը չի տածում: Ընդ որում, այդ ատելությունը մեր մեջ սերմանվում է հետեւողականորեն ու ոչ թե ի շահ մեր հասարակության ու պետության, այլ սեփական կուսակցության, որն առանց Ցեղասպանության հարցի շահարկման Հայաստանում անելիք եւ տեղ չունի:

«Լսի՛ր, Հրա՛նտ Դինք, նրանք պատրաստ են նույնիսկ իրենց ազգությունը ուրանալ, միայն թե չընդունեն Ցեղասպանությունը, եւ սա քո հաղթանակն է»: Այս մեջբերումը եւս դաշնակցական մամուլից է: Այստեղ այլեւս ոչինչ ասել պետք չէ: Ակնհայտ է հավատավոր դաշնակցականի զայրույթն ու մանթրաշը երկու բանից. մե’կ, որ Դինքի սպանությունն օգնեց ի ցույց դնելու այն, որ թուրք հասարակության ներսում հայերի նկատմամբ այնքան ատելություն չկա, որքան մեր հասարակությանը փորձում էին ներկայացնել, երկրորդ` որ դաշնակների ու Դինքի աշխարհընկալումներն են ծայրաստիճան տարբեր ու, որ Դինքն ավելի ընկալելի է ինչպես թուրք, այնպես էլ հայ հասարակությանը, քան Դաշնակցության կողմից մեր հասարակությանը հրամցված կույր ատելությունը, որի վառ ու փայլուն ապացույցը վերը մեջբերված մտքերն են:

Դինքի սպանությունից հետո թուրքական իշխանությունների ձեռնարկած եւս մեկ քայլ կարող է ուղղակի ապտակ լինել ՀՀ իշխանություններին: Այսպես, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Թուրքիայի ներքին գործերի նախարարը այսօր երկու պաշտոնյայի է ազատել աշխատանքից Տրապիզոնի նահանգում, որի բնակիչներն են «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողները:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուն պաշտոնազրկել է նահանգապետ Հուսեյն Յավուզդեմիրին եւ ոստիկանության ղեկավար Ռեսաթ Ալթային: Ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «երկու ավագ հանրային տեսուչներ են նշանակվել՝ պարզելու համար, թե արդյո՞ք Տրապիզոնի ոստիկանությունը եւ քաղաքացիական իշխանությունները մեղավոր են Դինքի սպանությանն առնչվող իրադարձությունները չկանխելու համար»: Հիշեցնենք, որ Դինքի սպանության մեջ մեղադրվում են վեց կասկածյալներ, որոնք բոլորն էլ Տրապիզոնից են:

Հիշենք նաեւ Հայաստանում 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած սպանդը, որի արդյունքում գլխատվեց ոչ միայն ԱԺ-ն, այլեւ ՀՀ կառավարությունը, կամ միայն անցյալ տարի տեղի ունեցած մի շարք աղմկահարույց սպանությունները: Ի տարբերություն թուրքական իշխանությունների, ՀՀ իշխանությունները ո՛չ «Հոկտեմբերի 27»-ից, ո՛չ հիշատակված սպանություններից հետո ոչ մի պաշտոնյայի, ով պատասխանատու էր իր համայնքի, իր մարզի քրեածին վիճակին ի պաշտոնե տեղեկացված լինելու եւ իրավիճակը վերահսկելու համար, այդպես էլ պատասխանատվության չենթարկեցին, ոչ մի պաշտոնանկություն տեղի չունեցավ:

Մեր «դեմոկրատ» ու հայ կոչվող նախագահը «27»-ից հետո կրծքով էր պաշտպանում Ազգային անվտանգության գերատեսչության ղեկավար Սերժ Սարգսյանի ու ՀՀ գլխավոր դատախազի չեղած «պատիվը» ու երկար ժամանակ հրաժարվում էր նրանց պաշտոնանկ անել, թեեւ նման պահանջ կար ու ակնհայտ էր, թե ովքեր են երկրում տեղի ունեցածի պատասխանատուները: Ավելին, նախագահը պարբերաբար մեդալներով է պարգեւատրում այն ոստիկաններին, որոնք հերոսաբար չեն բացահայտում աղմկահարույց սպանությունները, իսկ պետք եղած դեպքում ձեւ են անում, թե չգիտեն ովքեր են այս կամ այն հանցագործության թիկունքում կանգնած` ինչպես օրինակ` «ՉԻ» եւ «Առավոտ» թերթերի թղթակցին ծեծողների դեպքում էր:

Դե հիմա ՀՀ իշխանությունները, դաշնակներն ու թրքատյացները թող գան ու ասեն, որ թուրքական իշխանությունների այդ հրահանգն էլ ցուցադրական էր: Դե թող ցուցադրական նման մի քայլ էլ անեին ՀՀ իշխանությունն ու Ռոբերտ Քոչարյանը: Իր երկրում սպանվածներն էլ հո այլազգի չէին. հայ էին, չէ՞:


ԱՆԱՀԻՏ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ամբողջ համարը...»»

No 628 (ինտերնետային No 788), Հունվարի 30 2007 թ., երեքշաբթի