No 628 (ինտերնետային No 788), Հունվարի 30 2007 թ., երեքշաբթի

ՌՍԻ ՊԱՌԱՎԸ

«ՈՒԶԵ, ԵՂՍՈ, ԷԼԻ ՈՒԶԵ, ԱՍԱ ԷԼ ԻՆՉ ՔԵԶ ԿՍԱԶԵ»

Օրերս ավարտվեց Ռ. Քոչարյանի հերթական այցը Ռուսաստան: Անկեղծ ասած, վերջին ժամանակներս պարոն Քոչարյանն այնքան է այցելում Ռուսաստան, որ ծագում է բնական մի հարց. իսկ ե՞րբ է նա լինում տանը, էլ չեմ ասում երկիրը կառավարելու մասին: Թեպետ, անկեղծ ասած, ինչ-որ ներքին զգացում ինձ հուշում է, որ այդ հանդիպումների ժամանակ հենց երկիրը կառավարելու մասին էլ խոսք էր գնում: Դատեք ինքներդ, սիրելի բարեկամներ:

Առաջին անգամ պրն Քոչարյանն այցելեց քաղաքամայր Մոսկվա «մասնավոր այցով»: Հարց է ծագում. այդ ինչ մասնավոր գործեր կարող է ունենալ ուրիշ երկրի մայրաքաղաքում պետության ղեկավարը: Տարբերակ առաջին` բարեկամներ (վերջիվերջո աշխարհասփյուռ ազգ ենք, եւ ոչ մի տարօրինակ բան չի լինի, եթե պարզվի, որ պրն Քոչարյանն էլ ինչ-որ կորած-մոլորած մորաքույր ունի Մոսկվայում): Սակայն այդ դեպքում ի՞նչն էր խանգարում նախագահի մամուլի ծառայությանը հանգստացնել հպատակներին՝ ասելով ճշմարտությունը: Տարբերակ երկրորդ` այդ տարբերակը շատ անձնական է եւ այդ պատճառով այստեղ այն չի քննարկվում: Տարբերակ երրորդ` պարոն Պուտինը չափազանց կարոտել էր իր ստրատեգիական դաշնակցին եւ այդ պատճառով էլ չդիմացավ մինչեւ այցի սկիզբը: Ինչ խոսք, սա բավականաչափ հավանական տարբերակ է, սակայն այստեղ եւս ծագում է մի շատ բնական հարց (ի դեպ, նկատեցիք, չէ, հոդվածը նոր ենք սկսել, սակայն արդեն մի քանի բնական հարցադրում արել ենք: Դե այդպիսին է մեր երկիրը` խիստ բնական) այդ ինչ հարցեր են, որ սուպերերկրի նախագահը առանց մեր Քոչարյանի լուծել չի կարողանում: Ակամայից ներքին հպարտություն եմ զգում մեր երկրի եւ հարազատ Քոչարյանի համար, սակայն ցավով պետք է նշեմ, որ այս տարբերակն էլ գիտական ֆանտաստիկայի ոլորտից է: Իսկ ինչ վերաբերում է կարոտելուն, ապա ասուլիսներից մեկում պրն Պուտինը նշել է, որ աշխատանքային ժամերին շատ է կարոտում իր ընտանիքին, որի կազմի մեջ, որքան ինձ հայտնի է, Ռոբերտ Սեդրակիչը չի մտնում (եթե ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել` ներողություն եմ խնդրում): Վերջապես, եթե պրն Պուտինը ինչ-որ կերպ ցանկանում էր նոր հանձնարարականներ տալ` դա կարող էր անել պարզապես հեռախոսով: Մի խոսքով, առաջին հայացքից թվում է, որ պարոն Քոչարյանի առաջին այցի գաղտնիքը այդպես էլ չի բացահայտվի:

Սակայն թույլ կտամ ինձ լսարանի ուշադրությունը հրավիրել եւս մեկ` թվով չորրորդ տարբերակի վրա: Գիտե՞ք ինչ, ես այնուամենայնիվ կարծում եմ, որ պրն Քոչարյանն այցելեց պրն Պուտինին, որպեսզի վերջինիցս տեղեկանա, թե ինչ հարցեր է թույլատրված բարձրացնել Սոչիում կայանալիք հանդիպմանը: Ասում եմ, որ նախաձեռնողը հենց ՀՀ ղեկավարն էր, քանզի հակառակ դեպքում բեմահարթակ կիջներ արդեն հիշատակված հեռախոսը:

Ինչեւիցե, անդրադառնանք Սոչի կատարած այցին: Ինչպես հայտնեցին հայաստանյան լրատվամիջոցները, իր հարավային նստավայրում ՌԴ նախագահն այս ամիս ընդունել է Գերմանիայի կանցլեր տիկին Մերկելին, էլի ինչ-որ մեկին եւ Քոչարյանին: Այս եղանակով, հավանաբար, լրատվամիջոցը փորձում էր ընդգծել, պրն Քոչարյանի նշանակալից դերը միջազգային թատերաբեմում: Ինչ լավ է, որ այսքան միամիտ լրագրողներ ունենք: Ախր Պուտինը Սոչիում հանդիպում է ոչ միայն արտասահմանյան հյուրերի, այլեւ բազմաթիվ ռուսաստանյան պաշտոնյաների, վերջիվերջո տան ծառայողների, խոհարարների, հավաքարարների եւ այլոց հետ:

Սակայն անդրադառնանք բուն հանդիպման թեմաներին: Նախ, նորից ըստ լրատվամիջոցների, կողմերը իրենց գոհունակությունը հայտնեցին ՌԴ-ում ավարտված Հայաստանի տարվա կազմակերպման կապակցությամբ: Իսկապես, արդյունքները ապշեցուցիչ են: Հաշվետու տարվա ընթացքում ՌԴ-ում նեոնացիստների ձեռքից զոհվեց այնքան հայ եւ հայաստանցի, որ նույնիսկ այդ ողբերգական միջադեպերի սոսկ թվարկումը կարող է հիասթափեցնել հայ-ռուսական բարեկամության ամենակրքոտ կողմնակցին: Կարծում եմ Հայաստանի քաղաքացիները առավել բավարարված կլինեին, եթե մեր երկրի ղեկավարը բարձրացներ հենց այդ հարցը, այլ ոչ թե Պուտինի հետ հիանար ռուս պրովինցիայում անցկացված միջոցառումների առիթով:

Քննարկվեցին այլ կարեւոր հարցեր եւս: Պարզվում է, Պուտինն ինչ-որ առնչությամբ հայտարարել է, որ Հայաստանում կատարած ներդրումների ծավալով ՌԴ-ն զբաղեցնում է «խայտառակ երկրորդ տեղը»: Պարոն Քոչարյանը հանգստացրեց ավագ եղբորը՝ վստահություն հայտնելով, որ մինչեւ մարտ ամիս Ռուսաստանն իր ներդրումների ծավալով դուրս կգա «պատվավոր առաջին տեղը»: Ավելին, Հայաստանի քաղաքացիները մոտավոր պատկերացում կազմեցին, թե ինչ ճանապարհով ՌԴ-ն պետք է ապահովի այդ ներդրումների ծավալը: Պրն Պուտինը հայտարարեց, որ մեր երկրի նկատմամբ շահագրգռվածություն է հայտնել «Ռոսատոմ»-ը: Խոսքը գնում է Հայաստանում ուրանի հանքերի որոնման եւ հնարավոր շահագործման մասին: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ՀՀ բնապահպանության նախարարը կտրականապես հերքեց մեր երկրում ուրանի որոնումների եւ այդ հանքերի հնարավոր շահագործման մասին լուրերը՝ հայտարարելով, որ «ուրանը` ուրան է»: Իսկ ով մեզ կբացատրի, թե ինչպիսի էկոլոգիական վտանգներ է կրում ուրանի հանքի շահագործումը, եթե այդպիսիք կան: Վերջիվերջո մեր երկիրն այդքան էլ մեծ չէ, եւ եթե պրն Պուտինն իր երկիրը չի ափսոսում, ապա մենք ուրիշը չունենք:

Մի խոսքով, այս հանդիպումից ստեղծվեց հետեւյալ տպավորությունը. մի գեղեցիկ օր պարոն Պուտինն արթնացավ եւ հասկացավ, որ Հայաստանում դեռ բան կա, որ նա չի գրպանել եւ հասկանալով այդ ամենը` Սոչի հրավիրեց իր հավատարիմ Քոչարյանին, եւ Քոչարյանն էլ տվեց՝ ինչ ինքն ուզում էր:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ամբողջ համարը...»»

No 628 (ինտերնետային No 788), Հունվարի 30 2007 թ., երեքշաբթի