No 715 (ինտերնետային No 875) Դեկտեմբերի 21 2007 թ., ուրբաթ

ԳՐԵԹԵ ԻԳԻԹՅԱՆ

ՇԱ~Տ ԱՐՎԵՍՏԱՍԵՐՆ Է

ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը անտիկվար կտավների մեծ սիրահար է: Նա թեեւ խոշոր բիզնեսմեն է, բայց նկարները գնելիս շատ սակարկություններ է անում` փորձելով ամեն կերպ «քցել» մարդկանց:

«ՉԻ» խմբագրությանը հասցեագրված նամակից հայտնի է դառնում, որ նախարար Անդրանիկ Մանուկյանը անտիկվարիատի մեծ սիրահար է եւ ունի անձնական հավաքածու. նրա նկարների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես ռուս նկարիչների գործերը: Նամակում գրված է նաեւ, որ նախարարի բարեկամներից մեկի տեղեկացմամբ, անտիկվար իրերի ու կտավների նկատմամբ տածած Անդրանիկ Մանուկյանի սերը ժառանգական է: Նրա հորեղբոր որդին` Երեւանի 26 կոմիսարների շրջանի նախկին դատավոր Կամո Մանուկյանը եւս անտիկվարիստ է: Նա բավականին շատ կտավներ ունի, որոնք պահում ու պահպանում է համակ ուշադրությամբ: Իսկ վերջերս էլ Կամո Մանուկյանի Մոսկվայում գտնվող բնակարանից գողացել էին միլիոն դոլարից ավելի արժեք ունեցող կտավների մի ամբողջ քանակ, որի մեծ մասը Անդրանիկ Մանուկյանի անձնական հավաքածուի գործերն էին: Պարզվում է, որ նախարարն այդ կտավները տվել էր Կամոյին` Մոսկվայում վերավաճառելու համար: Հայաստանի կապի ոլորտի պատասխանատուի հարազատները պատմել են նաեւ, որ Անդրանիկ Մանուկյանը մշտապես վարձատրությամբ պահում է մի արվեստագետ, որը Երեւանում եւ արտերկրում փնտրում է թանկարժեք գործեր ու դրանք հրամցնում «շեֆին»:

Ու այստեղ սկսվում է ողջ խայտառակությունը: Արվեստագետների շրջանում պտտվող խոսակցությունների համաձայն, անտիկվարիատի ոլորտում գործունեություն ծավալող մարդիկ աշխատում են հնարավորինս քիչ գործ ունենալ մեծահարուստ, բայց գծուծ պահվածքով աչքի ընկնող նախարարի հետ, քանի որ նա կարող է նախնական պայմանավորվածություն ձեռք բերել իրեն դուր եկած նկարի գնի վերաբերյալ, վերցնել այն, բայց հետո նկարը չվերադարձնել տիրոջը` փորձելով կրկին սակարկության ենթարկել արդեն պայմանավորված գումարի չափը: Այլ կերպ ասած, նա փորձում է «քցել» արվեստագետներին:

Նախարարի մերձավորներից հայտնի է դարձել նաեւ, որ Մանուկյանի վստահելի մարդիկ, այնուամենայնիվ, հաճախ իրենց «շեֆի» «հախից գալիս են»: Անտիկվարիատի աշխարհում փորձառու մասնագետի համբավ ունեցողները պնդում են, որ Անդրանիկ Մանուկյանի վարձու արվեստագետը, հաճախ օգտվելով շեֆի վստահությունից, կեղծած նկարներ է հրամցնում նրան: Նույնիսկ եղել են դեպքեր, որ նախարարի «անձնական» արվեստագետը կեղծ նկարի տիրոջից մեծ «թիվ է պոկել»` կեղծը իրականի տակ Անդրանիկին հրամցնելու համար: Պարզվում է, որ Անդրանիկ Մանուկյանը արվեստից հասկանում է սիրողական մակարդակով:

Բոլոր իշխանությունների օրոք սեփական բարեկեցության հարցերը ըստ պահանջի լուծող նախարարը, ինչպես գիտենք, նաեւ հաջողակ բիզնեսմեն է: Նրան վաղուց հանրության լայն շերտերը «սերվիսի Անդո» են անվանում: Ա. Մանուկյանը բացի սեփական բիզնեսից ու կազինոներից, մեծ փողեր է «յուրացնում» նաեւ իր ղեկավարած նախարարությունից, հատկապես ավտոճանապարհաշինության մրցույթներից: «Նա այնքան փող ու ունեցվածք է կուտակել, որ երեւի ինքն էլ ճշգրիտ չգիտի դրանց քանակի ու տեղի մասին: Բանն այն է, որ վերջերս Ա. Մանուկյանը իր տունը վերանորոգող վարպետի կատարած գործն այնքան է հավանել, որ պահարանում կախված իր բավականին թանկարժեք կոստյումներից մեկը նվիրել է այդ վարպետին` առանց նայելու, թե ինչ կա կոստյումի գրպաններում: Իսկ կոստյումի գրպանում, պարզվում է, եղել է ոչ ավել, ոչ պակաս` մի փոքրիկ տուփ` 1 միլիոն 750 հազար դոլար արժեք ունեցող ադամանդե քարերի պարունակությամբ: Միայն մի քանի օր հետո է նա հիշել, թե որտեղ էին ադամանդե քարերը եւ խումբ է ուղարկել վարպետի մոտ` կոստյումի գրպանի պարունակությունը վերադարձնելու: Վերջինս սկզբից հրաժարվել է տալ, բայց «բացատրական» համապատասխան աշխատանքներից ու ծեծ ուտելուց հետո վերադարձրել է ողջ ադամանդը», նշված է մեզ հասցեագրած նամակում:

«Ա. Մանուկյանը իր բնավորության գծերը նույն ձեւով է դրսեւորում նաեւ բիզնեսի բնագավառում: Նա ներկայումս Իրանից ներմուծում է Իրանում հավաքված «SAMAND» մոդելի «Պեժո» ֆիրմայի ավտոմեքենաներ, որոնք տաքսի-սերվիսները եւ պետական որոշ հիմնարկներ մեծ խմբաքանակներով գնում են», տեղեկացնում է նամակագիրը ու հավելում, որ մոտ 1 ամիս է արդեն, ինչ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններին տրվել է «SAMAND» մեքենաների մեծ խմբաքանակ: Ա. Մանուկյանի ներմուծած իրանական մեքենաները կահավորված են նաեւ բնական գազի գործարանային սարքերով եւ հարմար են բենզինի խնայողության առումով: Համաձայն տեղեկությունների, մեքենաների գործարքը Հայկ Հարությունյանի եւ Անդրանիկ Մանուկյանի միջեւ անձնական շահագրգռվածությամբ կնքված պետական գործարք է, որը սակայն չի տարածվել այլ գերատեսչությունների վրա: «Մանուկյանը որոշակի վախ ունենալով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանից, հետ է կանգնել նախարարություններին, ԱԺ-ին եւ այլ գերատեսչությունների «SAMAND»-ի մոդելը պարտադրելու մտքից, քանի որ նրանց արդեն Ա. Գեւորգյանն է պարտադրել «TOYOTA CAMRY» եւ «TOYOTA COROLA» մեքենաները»: Մեր լրատուն փոխանցում է նաեւ, որ Ա. Մանուկյանը բեռնափոխադրող Մուկուչ անունով մի մարդու միջոցով Եվրոպայից, Դուբայից եւ ԱՄՆ-ից թանկարժեք մեքենաներ է ներմուծում, որոնք ձեւակերպվում են անհայտ քաղաքացիների անունով, որպեսզի իրական ներմուծողի անունը ի հայտ չգա: Այս գործում նախարար եղբորը իր ուժերի սահմաններում օգնում է ավտոմաքսատան պետի տեղակալ Ռոբերտ Մանուկյանը, որը հսկիչ սակագները ոչ մեծ, բայց ձեռնտու թվերով հարմարեցնում է իրենց ընդհանուր շահերին:

Ըստ հավաստի տեղեկությունների, Անդրանիկ Մանուկյանը երկար տարիներ ՌԴ-ից կահույքի արտադրության համար օգտագործվող մեծ քանակի տախտակի բրուսներ է ներկրում ՀՀ, որոնք այստեղ ձեւակերպվում են որպես շինարարական փայտ, որն ավելի էժան է գնահատվում, քան կահույքի փայտը: Հետո այս բրուսները 5-6 անգամ բարձր գնով արտահանվում են Իրան, որտեղ հայտնի «Շահբազյաններ» կահույքի ֆիրման գնում է դրանք: Արդյունքում` Ա. Մանուկյանը «խարդախության միջոցով» մեծ եկամուտներ է ստանում:

Խմբագրությանը փոխանցված նամակից պարզ է դառնում նաեւ, որ «Ա. Մանուկյանը նաեւ մրցակիցների հեռախոսները լսելու, ձայնագրելու եւ դրանով փող աշխատելու մեծ փորձ ունի: Կապի ոլորտին տիրապետելով, նա ունի տեխնիկապես լավ պատրաստված մի խումբ, որը զբաղված է «Արմենթելի» եւ «Վիվասելի» ցանցերից իրեն հետաքրքրող անձանց զրույցները ձայնագրելու կարեւոր գործով»: Ի դեպ, այս մասին դեռ անցած տարի գրել է նաեւ մամուլը: Ըստ այդ հրապարակման, 2 օլիգարխներից մեկը 20000 դոլարով Ա. Մանուկյանից ձայնագրված նյութեր է ստացել` իր հակառակորդ օլիգարխի հակաքայլերը իմանալու եւ ճնշելու համար: Չար լեզուները պնդում են, որ պատվիրատուն եղել է Ալեքսան Պետրոսյանը` ՄԱՊ-ի Ալիկը, իսկ ձայնագրվողը` «Վեդի Ալկոյի» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը:

Վերջում մեր նամակագիրը գրել է, որ ինքն առիթ ունեցել է զրուցելու Անդրանիկ Մանուկյանի հորեղբոր որդու` Կամո Մանուկյանի հետ, ով Անդրանիկ Մանուկյանին համարում է աշխարհի ամենափառամոլ ու ագահ մարդկանցից մեկը: «Կամոն մշտապես հորդորում է Անդրանիկին, որ թողնի պետական բարձր պաշտոնը եւ բավարարվի տասնյակ միլիոնների հասնող ունեցվածքով, սակայն նա չի բավարարվում եղածով: Կամոն ասում է, թե իր համար շատ դաժան է այն տեսարանը, որ Անդրանիկը ամեն երեկո աշխատանքից վերադառնալուց հետո ուղղակի գալարվում է աչքի եւ գլխուղեղի ցավերից, որովհետեւ բժիշկները նրան արգելել են ընթերցել 1-2 թերթից ավելի, իսկ նա, գոնե ի պաշտոնե, ստիպված է ընթերցել բազմաթիվ փաստաթղթեր»:

Պատրաստեց
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

ամբողջ համարը...»»

No 715 (ինտերնետային No 875) Դեկտեմբերի 21 2007 թ., ուրբաթ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

         
Ծառայություններ