No 717 (ինտերնետային No 877) Դեկտեմբերի 28 2007 թ., ուրբաթ

ԽՈԶԻ ՈՒ ԱՌՆԵՏԻ ՄԻՋԵՎ

ԱՌՆԵՏԻ ՏԱՐԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Եվ այսպես, Խոզի տարին մոտենում է իր տրամաբանական ավարտին, իսկ առջեւում դեղին Առնետի տարին է: Որոշ մասնագետների պնդմամբ` Առնետը արեւմտյան հորոսկոպում ասոցացվում է հիմնականում բացասական երեւույթների հետ. ավանդույթի համաձայն, օրինակ, առնետները լքում են խորտակվող նավը, կամ էլ նրանց հայտնությունը փողոցում կանխորոշում է որոշ բացասական երեւույթներ: Սակայն բոլորովին այլ է առնետի ընկալումն արեւելյան հորոսկոպում: Օրինակ` Ճապոնիայում այս կենդանին համարվում է երջանկության աստվածության ուղեկցորդը: Հարավային Չինաստանում նույնիսկ լեգենդ կա, համաձայն որի` առնետը ազգային հերոս է, որը մարդկանց բրինձ է բերել: Ինչեւէ:

Գալիք` 2008 թվականը համարվում է հողային դեղին Առնետի տարի, որը հորոսկոպներում բնութագրվում է որպես հավակնությունների, պրագմատիզմի, հավասարակշռության, բարձունքների հաղթահարման եւ վաղուց պլանավորված գործերի իրականացման տարի: Ասում են, որ Առնետի տարին հիմնականում հաջող է սկսվում եւ ավարտվում այդ տարում ծնվածների` Առնետների համար: Մեր Ազգային ժողովում այս համաստեղության տակ ծնվածների թիվն այնքան էլ մեծ չէ. ԱԺ-ում Առնետներն ընդամենը 14-ն են: Ստորեւ կփորձենք ամփոփել հենց նրանց` Խոզի տարում իրականացրած խորհրդարանական գործունեությունը: Եվ այսպես`

ԲՀԿ քվոտայով ԱԺ փոխնախագահ դարձած Արեւիկ Պետրոսյան
Անցնող Խոզի տարին, կարելի է ասել, աշխատանքային կարիերայի առաջխաղացման համար շատ լավ տարի էր: Մասնավորապես` տիկին Պետրոսյանին հաջողվեց ոչ միայն ԱԺ պատգամավորի մանդատ ստանալ, այլ նաեւ ընտրվել նախ ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ապա արդեն ԱԺ փոխնախագահ: Վերջինս իր ակտիվ գործունեությամբ դեռ աչքի չի ընկել Ազգային ժողովում, բայց հուսանք, որ Առնետի տարին նրա համար կլինի իսկապես ինքնադրսեւորման եւ պրոֆեսիոնալիզմի կատարելագործման տարի: Հուսանք նաեւ, որ Առնետի տարում նա, ի վերջո, կսիրի լրագրողներին եւ պատրաստակամությամբ կպատասխանի նրանց բոլոր հարցերին: Իսկ Ձմեռ պապիկից ԱԺ փոխնախագահը Նոր տարվա գիշերը ակնկալում է իր բալիկի համար երջանիկ ժպիտ:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյան
Հատկապես դժվար էր այս տարին ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի համար. Խոզի տարին վերջինիս համար լիքն էր անակնկալներով եւ զանազան վայրիվերումներով: Նախ նա զրկվեց քաղաքական առումով շատ առանցքային իր պաշտոնից` ՀՀԿ խմբակցության ղեկավարից, բայց փոխարենը ստացավ կուսակցության փոխնախագահի պաշտոնը: Ճիշտ է, նրա դիրքերն անցնող տարում խորհրդարանում թուլացան, բայց նրան, այնուամենայնիվ, հաջողվեց իրականացնել իր երազանքներից ամենանվիրականը` որդուն` Արման Սահակյանին դարձրեց ԱԺ պատգամավոր: Սահակյանի ցանկությունը Ձմեռ պապիկից լինելու է հետեւյալը` «Թող չարը խափանվի»:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Ավոյան
Խոզի տարին, մեծ հաշվով, հաջողակ էր ՕԵԿ-ական Արտաշես Ավոյանի համար: Եթե նախորդ ժամանակաշրջանում նա ԿԸՀ-ում ՕԵԿ-ի ներկայացուցիչն էր, ապա այս տարի այդ կուսակցության համամասնական ցուցակով Ավոյանն առաջին անգամ դարձավ ԱԺ պատգամավոր: Վերջինս խորհրդարանում, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից հետո, այդ խմբակցության շրջանակներում ամենապասիվ պատգամավորն է եւ առանձնապես աչքի չի ընկել ՕԵԿ-ին հատուկ պոպուլիզմով:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյան` Քլոս
2007-ը բարեհաջող տարի եղավ նաեւ «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի համար: Նա, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հետ ունեցած լավ հարաբերությունների արդյունքում կարողացավ անցողիկ տեղ զբաղեցնել ՀՀԿ-ի համամասնական ընտրացուցակում եւ առանց խոչընդոտների դառնալ ԱԺ պատգամավոր: Վերջինիս գործերն ավելի լավացան այն օրերին, երբ հարկային մարմինները իրենց գործունեությամբ դադարեցրեցին «Բջնի» հանքային ջրերի արտադրությունը: Այս ընթացքում «Ջերմուկի» վաճառքն անհամեմատ ավելացավ: Բայց նրա բիզնես դաշտում ունեցած հաջողությունները առանձնապես չեն անդրադարձել նրա մասնագիտական բուն գործունեության վրա:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան
Առնետի տարում ծնված այս պատգամավորուհու համար եւս Խոզի տարին կարելի է բարեհաջող համարել: Ընդգրկվելով «Ժառանգություն» կուսակցության համամասնական ընտրացուցակում, նա պատահմամբ հայտնվեց այս գումարման խորհրդարանում եւ կարողացավ շատ արագ ինտեգրվել օրենսդրական գործունեության մեջ: Լինելով պրոֆեսիոնալ փաստաբան, վերջինս խորհրդարանում այն եզակի պատգամավորներից է, ով հետեւողականորեն բարձրացնում է քաղբանտարկյալների եւ այն մարդկանց հարցերը, որոնց իրավունքները ոտնահարվել են: Զարուհի Փոստանջյանը Ձմեռ պապիկից իր դստեր հետ միասին ուզում է նվեր ստանալ կախարդական ավել, որպեսզի մեր երկիրը մաքրի աղբից ու ցանկության դեպքում ավելի վրա նստած թռչի:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյան
Խոզի տարում վերջապես իրականացավ Շիրակ Թորոսյանի երազանքը. նա սեմինարների դահլիճները վերջապես կարողացավ փոխարինել ԱԺ ամբիոնով, այսինքն` հասարակական գործչից դարձավ քաղաքական գործիչ: Ջավախքահայության խնդիրները բարձրացնելու «առաքելությամբ» ՀՀ խորհրդարան եկած այս պատգամավորը ինչ-որ չափով կատարում է իր նախընտրական խոստումը, այն է` ժամանակ առ ժամանակ բարձրացնում է Վրաստանի Հանրապետության տարածքում բնակվող հայերի խնդիրները:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյան
Ոստիկանական անցյալ ունեցող Կարո Կարապետյանի համար եւս տարին փոքր-ինչ հակասական էր: Աշտարակի նախկին ոստիկանապետը, հրաժարվելով իր պաշտոնից, փորձեց մեծամասնական ընտրակարգով դառնալ ԱԺ պատգամավոր, բայց փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը` Մուկը (հորոսկոպով` Շուն), դա թույլ չտվեց, քանի որ այդ տարածքից պատգամավորի մանդատը նախատեսված էր եղբոր` Ջոնիկ Աբրահամյանի համար: ԲՀԿ ղեկավարության հետ ունեցած բանակցություններից հետո Կարապետյանին «տեղավորեցին» այդ կուսակցության ընտրացուցակում, եւ նա դարձավ պատգամավոր: Այնպես որ, Խոզի տարին քաղաքական առաջխաղացման առումով, չնայած հագեցած էր ինտրիգներով, բայց Կարապետյանի համար բարեհաջող ավարտ ունեցավ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյան

Խոզի տարին, հասկանալի պատճառներով, փոքր-ինչ տխուր էր Ռոբերտ Քոչարյանի խնամու` Վոլոդյա Բադալյանի համար: Չէ՞ որ ավարտվում է Քոչարյանի նախագահության ժամկետը, եւ որքան մոտենում է 2008-ը, այնքան ավելի է անորոշ դառնում այս պատգամավորի ճակատագիրը: Այո, շատ մոտ ապագայում նա այլեւս կդադարի «նախագահի խնամի» լինել, ու ստիպված կդասվի շարքային կոճակ սեղմողների շարքին:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արշակ Մխիթարյան

Խոզի տարին Արշակ Մխիթարյանի` Բռլիանտի Արշակի քաղաքական կյանքում նշանավորվեց նրանով, որ վերջինս երկար տվայտանքներից հետո դարձյալ դարձավ ԱԺ պատգամավոր: Եթե նախորդ անգամ ՕԵԿ ցուցակն էր տրամպլին, ապա այս անգամ այդպիսի տրամպլին դարձավ ԲՀԿ ընտրացուցակը: Բռլիանտի Արշակը Խոզի տարում աչքի ընկավ իր անկեղծությամբ. երբ նրան մեղադրեցին, որ թռել է ՕԵԿ-ից եւ դարձել ԲՀԿ-ական, նա իր մերձավոր շրջապատում խոստովանեց, որ ինքը մանդատ առնող է, եւ ով մանդատ վաճառի, նրանից էլ կգնի: Ինչ վերաբերում է Մխիթարյանի խորհրդարանական գործունեությանը, ապա այն, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս անցնող տարում, անգույն էր ու անպտուղ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ղուկասյան
Ի տարբերություն Փոստանջյանի, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին` ՀՀԿ ընտրացուցակով պատգամավոր դարձած Արտյոմ Ղուկասյանը, Ձմեռ պապիից որեւէ ակնկալիք կամ նվեր չի սպասում, որովհետեւ, ինչպես ինքը խոստովանեց` «Ձմեռ պապն իր նկատմամբ միշտ վատ է տրամադրված եղել»: Եւ չնայած սրան, Խոզի տարին երիտասարդ Ղուկասյանին շրջադարձային հաջողություն բերեց: Նա եւս առանց որեւէ լուրջ պայքարի ու խոչընդոտի կարողացավ համալրել կոճակ սեղմողների «պատվավոր» շարքերը: Այս խորհրդարանականը ԱԺ-ում ընդհանրապես աչքի չի ընկնում եւ եթե չլիներ Վարդան Ղուկասյանի անցնող տարվա քրեական պատմությունների «հիթ շքերթը», ապա դժվար թե որեւէ մեկին հետաքրքրեր Արտյոմ Ղուկասյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյան
Րաֆֆի Հովհաննիսյանի խորհրդարանական ընտրությունների հաջողությունը բերեց նրան, որ խորհրդարանում հայտնվեց ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը: Լինելով «Ժառանգության» անդամ` Խոզի տարում նա հաջողությամբ ստանձնեց խորհրդարանական ընդդիմադիրի դերը եւ կարողացավ արագորեն գրավել խորհրդարանական ամբիոնը: Հուսանք, որ Առնետի տարում Խաչատրյանին կհաջողվի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ավելի շատ շփվել ոչ թե հեռախոսով, այլ կենդանի:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան
ՀՅԴ համամասնական ցուցակն ու Խոզի տարին էական ձեռքբերումներ արձանագրեցին Արծվիկ Մինասյանի համար: Վերջինս արդեն հասցրել էր թեկնածություն դնել Արմավիրի մարզում, մանդատի համար պայքարել Նահապետ Գեւորգյանի (Նավոյի) հետ, բայց ապարդյուն: Անցնող` Խոզի տարում նա, ի վերջո, դարձավ ԱԺ պատգամավոր, ավելին` երդվեց զենքի վրա` համալրելով ՀՅԴ-ականների շարքերը: Այս առումով, թերեւս, կարող ենք ասել, որ Մինասյանի վաղուց պլանավորած գործերից մեկը պսակվեց հաջողությամբ: Դատելով նրա ակտիվ գործունեությունից` կարող ենք արձանագրել, որ այս մանդատավորը հավակնում է ՀՅԴ կարկառուն դեմքերից մեկը դառնալ: Գուցե Առնետի տարին այս «առնետին» հաջողությո՞ւն բերի:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյան

Կարծում ենք, որ Խոզի տարում Հերմինե Նաղդալյանի բիզնես ծրագրերի իրականացումը շատ արդյունավետ շարունակվեց: Նշենք, որ Նաղդալյանին դարձյալ հաջողվեց «շահել» մի քանի տենդերներ` որոշ շրջանակներում ձեռքբերելով գործարար եւ ուժեղ կնոջ համբավ: ՀՀԿ-ում լուրջ եւ ինտելեկտուալ մարդկանց պակասը փորձ արվեց որոշակիորեն փակելու, եւ սա հրաշալի առիթ դարձավ Նաղդալյանի ինքնադրսեւորման համար: Այդ էր պատճառը, որ ՀՀԿ ղեկավարությունը որոշում կայացրեց, որ, օրինակ, Նաղդալյանը պետք է շատ երեւա հասարակության աչքին, եւ նա սկսեց հարցազրույցներ տալ թերթերին, անընդհատ երեւալ հեռուստաէկրաններին ու չմերժել լրագրողական ակումբների հրավերները: Այնպես որ, բացի տենդեր շահելուց, Նաղդալյանը Խոզի տարում հասցրեց նաեւ մի «օգուտ» տալ նժդեհականներին:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյան
Խոզի տարին բավական լարված էր ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի համար: Անցնող տարում նա բավական ակտիվ աշխատեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ` արագ արձագանքելով ընտրակեղծիքների դաշնակցական «օջախների» կանչերին: Այնուհետեւ ստիպված եղավ իր կոշտ գնահատականները հարմարեցնել քաղաքական կոնյուկտուրային` հայտարարելով, որ իրենք գոհ են իրենց արդյունքներից: Հերթական փորձությունը Ռուստամյանի համար ավարտվեց ոչ այնքան բարեհաջող: Մարդն ուզում էր դառնալ նախագահի թեկնածու, բայց պարզվեց, որ ընկեր Վահանին ավելի են «սիրում»: Այնպես որ, Խոզի տարին Ռուստամյանն իր քաղաքական կյանքում ավելի շատ հիասթափություններ ապրեց, քան ոգեւորություններ:

Հ.Գ. ՀՀ նախարարներից միայն Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն է ծնվել Առնետի տարում: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանին, ապա նա ծնվել է Շան տարում եւ Առնետի հետ որեէ կապ չունի:

ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ,
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ամբողջ համարը...»»

No 717 (ինտերնետային No 877) Դեկտեմբերի 28 2007 թ., ուրբաթ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

         
Ծառայություններ