No 795 (ինտերնետային No 955) Հոկտեմբերի 17 2008 թ., ուրբաթ

ՄԱՄՈՒԼ ԷԼ ԿՍՏԱՆԱՍ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ` «ԴԵՂԻՆ»
ՈՒ ԿԱՅԱՑԱԾ ՄԱՄՈՒԼՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ԱԺ նախագահը մեզ պատմեց, թե ինչպես է
առաջացել իր մականունը


ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունելություն էր կազմակերպել` խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին մամուլի տոնի կապակցությամբ շնորհավորելու համար: Այն, ինչպես Աժ-ում կազմակերպված ցանկացած, նույնիսկ ամենաապաքաղաքական միջոցառում, իհարկե, քաղաքականացվեց, ու Աբրահամյանը ստիպված եղավ պատասխանել լրագրողների տարաբնույթ հարցերին:

Ազգային ժողովի կանաչ ֆոյեում կազմակերպված ընդունելությանը բացի լրագրողներից մասնակցում էին նաեւ խորհրդարանի նոր ղեկավարի աշխատակազմի շատ ներկայացուցիչներ, որոնց թվում էր Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանը` արդեն ԱԺ աշխատակցի կարգավիճակով եւ Աբրահամյանի նոր մամլո խոսնակն ու էլի մի քանի երիտասարդ աղջիկներ, տղաներ: Շամպայնի բաժակների շուրջ ծավալվող կեսկատակ-կեսլուրջ զրույցները երբեմն ընդմիջվում էին ավելի լուրջ խոսակցություններով, երբ լրագրողները միացնում էին ձայնագրիչներն ու լուրջ հարցեր տալիս Հովիկ Աբրահամյանին:

«Հայքի» թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում կառուցողական աշխատանքը այն խորհրդարանում, որտեղ ընդդիմությունը ներկայացված է ընդամենը 7 մանդատով, իսկ արմատական ընդդիմությունը՝ Հայ ազգային կոնգրեսը, դրսում է, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես բոլորին չեմ կարող օգնել, որ իրենք գտնվեն ներսում, քանի որ դրա իրավունքը չունեմ, ես նրանց կհորդորեմ, որ 2012 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցեն եւ կարողանան իրենց տեղը գտնել ԱԺ-ում: Եւ ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին՝ վերջ տալ իրենց անարդյունավետ այդ հրապարակային միտինգներին, որը տեղի է ունենում փողոցներում: Ես պատրաստ եմ յուրաքանչյուր կառուցողական առաջարկ քննարկել ԱԺ-ում՝ ներգրավելով բոլոր հասարակական-քաղաքական ուժերին»:

Հովիկ Աբրահամյանը երեկ խոսեց նաեւ լրագրողների նկատմամբ կատարվող բռնությունների մասին: Բայց չգիտես ինչու, նա բռնություններին վերաբերող հարցին պատասխանեց ապառնի ժամանակով. «Ես լրագրողների նկատմամբ կատարվող բռնությունները դատապարտելու եմ միանշանակ»: Ապա հավելեց, որ ինքը փորձում է Աժ-ում ավելի լավ պայմաններ ստեղծել լրագրողների աշխատանքը հեշտացնելու համար: Բայց այդ ամենից բացի նաեւ խնդրանք ուներ մամուլի ներկայացուցիչներին: «Պիտի խնդրեմ, որ մամուլի նյութերը կոռեկտ լինեն, վիրավորանքներ չլինեն»,- հավանաբար անսալով Սերժ Սարգսյանի հնչեցրած կոչին` ասաց Հովիկ Աբրահամյանը:

Բայց նախօրեին ԱԺ խոսնակը հրապարակավ հայտարարել էր, որ մեր երկրում մամուլը կայացած կառույց է: Իմ այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ նույն մամուլը Աբրահամյանը գնահատում է կայացած կառույց, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն այն համարում է «դեղին մամուլ», Աբրահամյանը պատասխանեց, թե վարչապետը նկատի ունի դեղին մամուլը, իսկ «ես խոսում եմ կայացած մամուլի մասին»: Երբ խնդրեցի պարոն Աբրահամյանին տարանջատել դեղին եւ այլ երանգների մամուլները, նա հրաժարվեց` հարցը տեղափոխելով առավել անձնական հարթություն: «Օրինակ դուք` Թագուհի Թովմասյան, ամենավատ, ոչ կոռեկտ գրողն եք իմ նկատմամբ, բայց ես ըմբռնումով եմ վերաբերվում եւ կոչ եմ անում, որ գրեք միայն օբյեկտիվ, ճիշտ փաստեր»,- ասաց ԱԺ նախագահը: Երբ խնդրեցի ավելի կոնկրետացնել ասելիքը, Աբրահամյանն ուղղակի պատասխան տալուց հրաժարվեց: Բայց նրա արած ակնարկներից հասկանալի դարձավ, որ «ամենավատ», «ոչ կոռեկտ» բնորոշումներ տալով խորհրդարանի ղեկավարն ամենայն հավանականությամբ նկատի ուներ այն, որ ես մշտապես Հովիկ Աբրահամյան անուն ազգանվան կողքին գրում եմ նաեւ նրա մականունը` Մուկ:

Թվում էր, թե նա խուսափում էր իր մականվան հրապարակայնությունից, բայց երբ առաջարկեցի Աբրահամյանին պատմել իր մականվան ծագումնաբանությունը, որքան էլ զարմանալի էր, համաձայնեց: «Փոքր ժամանակ, երբ մեր տանը նոր տարվա կոնֆետներ էին առել, այն ժամանակվա թղթե տոպրակի մեջ լցրած դրել դարակում, ես կամաց-կամաց կերել էի այդ կոնֆետները: Իսկ երբ մի օր մերոնք բացում են դարակը, որ կոնֆետները սեղանին դնեն, տեսնում են` տոպրակը դատարկ է: Տատս ասաց, թե մուկ է, մկան նման ամբողջը կերել է: Էդ օրվանից հետո ինձ ասացին մուկ, մուկ, այդպես...»,- պատմեց Հովիկ Աբրահամյանը:


ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ամբողջ համարը...»»

No 795 (ինտերնետային No 955) Հոկտեմբերի 17 2008 թ., ուրբաթ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

 
Ծառայություններ