No 851 (ինտերնետային No 1011), Մայիսի 13 2009 թ., չորեքշաբթի

ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ՆՈՒՅՆՊԵՍ

ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀԵՐ ԷԼ ԵՆ ԼԻՆՈՒՄ


Ցանկացած ճակատամարտում էլ զոհեր լինում են, եւ որքան էլ տվյալ ճակատամարտը կարեւոր լինի ընդհանուր հաղթանակի համատեքստում, միեւնույն է` այդ ճակատամարտի վերաբերյալ հաղորդագրությունները սկսվում են զոհերի մասին տեղեկություններից:

Հենց այդպես էլ վարվեց «Ժառանգություն» կուսակցությունը` երեկ հայտարարելով, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններում թիվ 8 ընտրատարածքում կուսակցությունը փաստորեն հանձնաժողովներում ներկայացուցիչներ չի ունենալու։ Այլ կերպ ասած, «Ժառանգության» ներկայացուցիչը «ծախվել է», Սամվել Ալեքսանյանը հաճույքով «առել է» նրան (թիվ 8 ընտրատարածքը հիմնականում ընդգրկում է Մալաթիա թաղամասը), եւ արդյունքում` բոլոր ընտրատեղամասերում «Ժառանգության» տեղերը տրվել են իշխանություններին։ Մի խոսքով` թիվ 8 ընտրատարածքում «Ժառանգության» ներկայացուցիչը «զոհվել է»։ Չէ, իսկապես պրոբլեմ չկա, որովհետեւ ցանկացած ճակատամարտում էլ զոհեր լինում են։ Բայց այս միջադեպը մտորումների տեղիք է տալիս եւ բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Օրինակ` իսկ Սամվել Ալեքսանյանի ինչի՞ն էին պետք այդ տեղերը։ Մարդը Երեւանի ավագանու թեկնածու չէ, նժդեհյան գաղափարախոսության հետ առանձնապես կապ չունի, եւ ընդհանրապես` իր համար գլուխը կախ շաքարավազ է ներմուծում ու ոչ մի բանի չի խառնվում։ Որպես ի՞նչ պիտի նա մեյդան ընկներ ու առներ «Ժառանգության» ներկայացուցչին։ Եթե այդպիսի բան է արել, ուրեմն` շահագրգռված է. որ ոչ միայն «իր թաղում» հանրապետականները հաղթեն, այլեւ «շուխուռ չհելնի»։ Այսինքն` ինչ-որ մեկը նրա վրա այդպիսի պարտականություններ է դրել: Ընդ որում` նա դա արել է բացահայտորեն. մարդուն մի քանի օրով «առեւանգել» ու թաքցրել է հիվանդանոցում եւ ամենեւին չի մտահոգվել, որ աղմուկ կբարձրանա։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետեւ այդ աղմուկը նրան ձեռնտու է: «Շեֆը» կլսի ու կհասկանա, թե որքան նվիրված է ինքը։

Ուշադրություն դարձրեք` 8-րդ ընտրատարածքի շուրջ բարձրացած այս հարցի վերաբերյալ որեւէ մեկի մտքով անգամ չի անցնում մեղադրել հանրապետականներին կամ կոնկրետ Սամվել Ալեքսանյանին։ Այսինքն` ենթադրվում է, որ նրանք հենց այդպես էլ պիտի վարվեին, ու որեւէ մեկը նրանցից այլ ակնկալիք չուներ։ Ղարաբաղյան պատերազմի օրերին էլ էր այդպես։ Եթե մեկը զոհվում էր, պատասխանատվության էին կանչում նրա հրամանատարին, բայց որեւէ մեկի մտքով չէր անցնում մեղադրել թշնամու զինվորին։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նա թշնամի է եւ «իր գործն է արել»։ Եթե գայլը հարձակվում է հոտի վրա, որեւէ մեկի մտքով չի անցնում մեղադրել գայլին, բոլորն էլ հովվին են մեղադրում, թեեւ, մեծ հաշվով, «միջադեպի» մեղավորը գայլն է։ Բայց սա իր հերթին նշանակում է, որ ի դեմս հանրապետականների` ժողովուրդը գործ ունի ոչ թե «քաղաքական հակառակորդի», այլ թշնամու հետ։ Ընդ որում, «հանրապետական» անունը կարող է թյուրիմացության մեջ գցել մարդկանց, եւ շատերին կարող է թվալ, թե խոսքը քաղաքական ուժի մասին է։ Այդպիսի բան չկա, մեր առջեւ կրիմինալն է: Եվ այդ կրիմինալն ամեն ինչ անում է, որպեսզի հանկարծ Երեւանում ընտրություններ տեղի չունենան։ Դրա համար նրանք դիմում են ցանկացած միջոցի` շանտաժ, ահաբեկում, կաշառք, կեղծիքներ եւ այլն, բայց քանի որ Հայաստանում վաղուց արդեն բոլորն ամեն ինչ գիտեն, նրանք հարկ չեն համարում նույնիսկ թաքցնել իրենց մարտավարությունը։ Եվ ամեն ինչ շատ բացահայտ է արվում. մարդուն առեւանգեցին, թաքցրեցին հիվանդանոցում, նրա փոխարեն տեղամասային հանձնաժողովների անդամներ նշանակեցին եւ վերջ։ Ինչքան ուզում եք` բողոքեք, կարեւորը` որ հանձնաժողովների «նորանշանակ անդամները» չբողոքեն։

Եվ պատկերացրեք` համընդհանուր այս թոհուբոհում հիմնականը երկրորդ պլան է մղվում։ Վերջին հաշվով, ինչի՞ մասին է խոսքը։ Մարդկանց ինչ-որ խումբ ուզում է, որ 21-րդ դարում 2800-ամյա Երեւանի քաղաքապետ դառնա Չոռնի Գագոն։ Այսինքն, համայն հայության մայրաքաղաքը պիտի ղեկավարի այնպիսի մեկը, որի նույնիսկ մականունը հայերեն չէ։ Ու տեսեք, թե ինչ «հիմնավորումներ» են բերում. է՛լ «ներքաղաքական կայունություն», է՛լ «մայրաքաղաքի կենցաղային հոգսեր», է՛լ «ավանդույթների շարունակական ընթացք»։ Իսկ երբ մանրուքներից վերանում ես, պարզվում է, որ տակն ուրիշ բան չկա. ամեն ինչ արվում է, որպեսզի Երեւանի քաղաքապետ դառնա Չոռնի Գագոն։ Եվ եթե դա տեղի ունենա, այլեւս որեւէ մեկն իրավունք չի ունենա պարծենալ «երեքհազարամյա մեր մշակույթով», «վարդագույն մայրաքաղաքով», «հինավուրց ճարտարապետությամբ» եւ այլն։ Եվ ցանկացած մեկը ցանկացած պահի մեր երեսին կշպրտի` դուք այն ժողովուրդը չե՞ք, որի մայրաքաղաքի քաղաքապետը Չոռնի Գագոն է։ Պատկերացնում եք, չէ՞, թե ինչքան կհրճվեինք, եթե, օրինակ, պարզվեր, որ Բաքվի քաղաքապետ է դարձել Շայթան Մահմեդը։ Հիմա մենք փաստորեն այդ նույն վիճակում ենք։

Բայց պայքարել, ամեն դեպքում, պետք է։ Եթե նույնիսկ գիտակցում ենք, որ ցանկացած ճակատամարտում էլ զոհեր են լինում։

ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

ամբողջ համարը...»»

No 851 (ինտերնետային No 1011), Մայիսի 13 2009 թ., չորեքշաբթի