No 851 (ինտերնետային No 1011), Մայիսի 13 2009 թ., չորեքշաբթի
ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
ՎԱՂՈՒՑ ԷՐ ՊԵՏՔ ԵՐԵՎԱՆԻՑ ՍԿՍԵԼ
Այս
օրերին շատերի ուշադրության կենտրոնում Երեւանն է: Ընդդիմությունը հայտարարել է,
որ մայիսի 31-ին կայանալիք ընտրությունները սոսկ քաղաքային ընտրություններ չեն,
այլ դա նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է: Այդ է պատճառը, որ նախընտրական
տրամադրություն է տիրում ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ ամբողջ հանրապետությունում:
Նույնիսկ հեռավոր մարզերում եւ գյուղերում մարդիկ լարված սպասում են, թե ինչ է
տեղի ունենալու առաջիկայում. իսկ եթե իշխանությունները նորից կեղծեն ու կրակե՞ն,
իսկ ի՞նչ է լինելու հետո... տագնապի եւ անորոշության այսպիսի հարցադրումները հուզում
են ոչ միայն երեւանցուն, այլ նաեւ ցանկացած մեկին, ով ներքին համոզվածություն ունի,
որ այսպես շարունակվել չի կարող: Չի կարող եւ վերջ: «Հայացք մարզերից». այս խորագրի
ներքո այսուհետ մենք զրուցելու ենք մարզերում, ինչպես նաեւ գյուղական համայնքներում
բնակվող մարդկանց հետ: Երեւանյան նախընտրական տրամադրությունների մասին խոսելու
եւ կարծիք են հայտնելու նաեւ այն քաղաքացիները, որոնք չնայած քվեարկելու իրավունք
չունեն, բայց ամբողջովին մասնակիցն են մայրաքաղաքում ընթացող քաղաքական իրադարձությունների
եւ զարգացումների: Այսօր զրուցել ենք Հրազդանի «Հումանիտար համալսարան»-ի դասախոս
Քոչար Մանուկյանի հետ, որին, ի դեպ, հանդիպեցինք Հայ ազգային կոնգրեսի նախընտրական
հադիպումներից մեկի ժամանակ:
«Վերջին տարիներին ժողովրդական Շարժումը, կարծես, հանդարտվել էր, եւ չկար որեւէ
նախաձեռնող, որ այն նորից զարթնի: Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ ստացվեց, եւ նա կարողացավ
նոր լիցք հաղորդել Շարժմանը: Մենք նորից հավատացինք, որ մի բան կարող է փոխվել»,
մեր զրույցի հենց սկզբում ասաց հրազդանցի դասախոսը:
- Դուք շարունակում եք հավատալ, որ այս երկրում կարող է ինչ-որ բան փոխվե՞լ:
- Իհարկե, եթե չփոխվի... այսպես շարունակել չի կարելի: Թե տնտեսական քաղաքականությունը,
թե ժողովրդավարական բարեփոխումները դոփում են իրենց տեղում: Նույնիսկ նախկին նվաճումներն
են դատապարտված: Մենք ընկել ենք հետընթացի մեջ:
- Առջեւում, գիտեք, Երեւանի քաղաքապետի ընտրություններ են: Մարզի բնակիչը այս
ընտրությանը կարեւորություն տալի՞ս է: Եթե այո` ինչո՞ւ:
- Ընդհանրապես մենք Հայաստանում որեւէ դրական տեղաշարժ կարող ենք սպասել միայն
Երեւանից` մայրաքաղաքից: Մարզերը ուղղակի գտնվում են շատ տխուր վիճակում, եւ նորից
հույս է առաջանում, որ Երեւանից է սկսվելու ամեն լավ բան: Իսկապես, այսօր մարզերից
ժողովուրդը հայացքն ուղղել է Երեւան քաղաքի վրա: Ինչ վերաբերում է ընտրություններին,
ապա մենք այստեղ ունենք եւ բարեկամներ, եւ ընկերներ, որոնք թեկուզ Հայ ազգային
կոնգրեսի անդամ չեն, բայց բոլորը, կարծեք թե ներքին համաձայնությամբ, կողմ են քվեարկելու
ընդդիմության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին: Զարմանում ենք, թե մնացածին ովքե՞ր
են ձայն տալու: Իրավիճակը այդպիսին է` բոլորը Տեր-Պետրոսյանին են տալու իրենց քվեն:
- Պարզեցինք, որ մարզում սպասում կա: Կոնգրեսի հաղթանակի շանսերը իսկապես շատ մեծ
են: Ըստ Ձեզ` ընտրակեղծիքի մեքենան կարո՞ղ է ազդել ընտրության ելքի վրա:
- Փողի գործոնն, իհարկե, աշխատելու է, եւ այն, որ փող է բաժանվելու, բոլորը գիտեն:
Շատ կարեւոր է, թե հակառակորդն ինչի վրա է հույս դնում: Իհարկե, նրա միակ հույսը
բացահայտ կեղծիքն է: Ուրիշ տարբերակ չկա: Իրենք էլ գիտեն: Բոլոր հարցումներով եւ
դիտարկումներով` Կոնգրեսի առավելությունն ակնհայտ է: Միայն բացահայտ կեղծիքը կարող
է ինչ-որ բան փոխել, այլապես` անհնար է:
- Այսինքն` ժողովրդի վստահության քվեն այնքան բարձր է, որ իշխանական ընտրակեղծիքների
մեքենան կարող է չաշխատե՞լ:
- Այո: Քրեական հանցագործության մակարդակի կեղծիքներ են պետք, որպեսզի վստահության
այդ ընթացքի առաջն առնվի: Պետք է համախմբված մասնակցել ընտրություններին, որպեսզի,
ի վերջո, հաղթանակի եւ արդարության հասնենք:
- ՀԱԿ-ի կարգախոսն է` «Փոխենք Հայաստանը` սկսենք Երեւանից»: Որպես մարզի բնակիչ`
չեք խանդո՞ւմ կամ առարկում:
- Վաղուց էր պետք Երեւանից սկսել: Վերջին 15 տարիներին երեւանցի քաղաքապետ չենք
էլ ճանաչել: Ես տեղական հայրենասիրություն չեմ քարոզում, ուղղակի Երեւանի կոլորիտը
պահող եւ գնահատող քաղաքապետ չի եղել: Օրինակ, ճիշտ է, ես մարզի բնակիչ եմ, բայց
ինձ համար խորթ է, որ Երեւան քաղաքից իսպառ վերացել է տրամվայի գիծը, որովհետեւ
երեւանցի քաղաքապետը երբեք էկոլոգիապես մաքուր տրանսպորտը չէր վերացնի եւ ինչ-որ
ձեւի դա կպահպանվեր, ինչպես եվրոպական քաղաքներում: Երեւանը սեյսմիկ գոտի է, եւ
այնտեղ բարձրահարկ շենքեր չէր կարելի կառուցել, բայց այսօր Երեւանի բնապատկերը
փոխվել է, ու միայն բարձրահարկեր են կառուցվում: Կամ Գետառը վերափոխվեց, դարձավ
տրանսպորտային, բայց ո՞ւր է Երեւան քաղաքի միջով անցնող հեղեղատարը: Հույսները
այն է, որ ջրհեղեղ չի լինի՞: Երեւանցիները տեր չեն իրենց քաղաքին:
- Մարզում նախընտրական տրամադրություններ կա՞ն:
- Այո, կան: Ես ծնունդով Բջնի գյուղից եմ, եւ «Բջնի» գործարանի բախտը շատերիս է
հուզում: Ինչպե՞ս կարող ենք անտարբեր լինել: Այդ գործարանն արդեն մեկ տարի է կանգնած
է, եւ մարդիկ գործազուրկ են դարձել: Նրանք ամեն օր լսում են, թե փակումը համաշխարհային
ճգնաժամով է պայմանավորված, բայց բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ինչու չի աշխատում:
Գործարանում հումք կա, այն հագեցած է նոր տեխնոլոգիաներով, պահանջարկ էլ կա, բայց
չի աշխատում: Իհարկե, զուտ քաղաքական, այսինքն` հակաքաղաքական պատճառներով: Այսպիսի
բաներ շատ կան: Գյուղական բնակչությունն անընդհատ լսում է օգնությունների մասին,
գյուղական միջավայրերին տրվող ֆինանսական օժանդակության մասին, բայց իրականում
ոչինչ չի արվում, հակառակը` պարարտանյութը թանկանում է, սերմերը թանկանում են,
եւ ստացված արդյունքը չի կոմպենսացնում նույնիսկ ծախսերը: Սրանցից ամեն ինչ սպասելի
է` անմենավատ բանը:
- Ամենավատ բանին սպասելով հանդերձ` Ձեր մեջ ուժ ունե՞ք պայքարելու:
- Իհարկե, եթե այդ ուժը չլիներ` ես չէի արտահայտվի: Ժողովրդավարությունն ու խոսքի
ազատությունը հիմա միայն բառեր են` առանց իմաստի: Պետք է դրանց իմաստ հաղորդել,
եւ դրա համար մեզ Երեւանում հաղթանակ է պետք:
- Հրազդանից եւ Աբովյանից այսօր երեք քաղբանտարկյալ ունենք: Որպես Հրազդանի
բնակիչ ի՞նչ կասեք այս մասին:
- Ասեմ, որ նրանք իմ ե՛ւ քաղաքական, ե՛ւ աշխատանքային ընկերներն են, որոնցից Արամ
Բարեղամյանը ներկայումս դատարանի որոշմամբ կալանված է, իսկ Գրիգոր Ոսկերչյանի եւ
Սասուն Միքայելյանի շինծու, վատ բեմականացված դատավարությունները շարունակվում
են: Վերջերս տոնեցինք Շուշիի ազատագրման հաղթանակը, բայց դա քանի կոպեկ արժե, երբ
անմիջական ազատագրողը շինծու մեղադրանքով բանտախցում է: Սասուն Միքայելյանն իր
ջոկատով մասնակցել է Շուշիի ազատագրման մարտերին, լուրջ վիրավորվել է այդ մարտերում,
եւ ներկայումս իր մարմնի մեջ կրում է 100-ից ավելի բեկորներ: Միքայելյանը չորս
անգամ մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր, ընդ որում` առանց ընտրակաշառքների:
4 տարի էլ ընտրվել ու եղել է Հրազդանի քաղաքապետ: Ինչ վերաբերում է Արամ Բարեղամյանին
եւ Գրիգոր Ոսկերչյանին, ապա ամբողջ Հրազդան ու Աբովյան քաղաքների ժողովուրդը գիտի,
որ նրանք անաղարտ, ինտելիգենտ մարդիկ են: Բայց իշխանությունը թքած ունի ոչ միայն
արդարության, այլ նաեւ հասարակական կարծիքի վրա: Ինձ մնում է որպես քաղաքացի իշխանությանը
կոչ անել` կանգ առեք քանի դեռ ուշ չէ: Արդարությունը այդ աստիճան չի կարելի կոխկրտել:
Այն կարող է վրեժ լուծել:
No 851 (ինտերնետային No 1011), Մայիսի 13 2009 թ., չորեքշաբթի