No 851 (ինտերնետային No 1011), Մայիսի 13 2009 թ., չորեքշաբթի
ԼՈՒՐԵՐ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ» ԴԱՏԸ ԴԱՐՁՅԱԼ ՉԿԱՅԱՑԱՎ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում պետք է տեղի
ունենար Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու` Լեւոն Քոչարյանի քաղաքացիական հայցի առաջին
դատական լսումն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի: Հիշեցնենք, որ Քոչարյանների
ընտանիքը դատարան է դիմել այն բանից հետո, երբ «Հայկական ժամանակը» իր փետրվարի
6-ի համարում տեղեկություններ է զետեղել, որ Լեւոն Քոչարյանը հարբած վիճակում անկարգություններ
է արել եւ ձերբակալվել Դուբայ քաղաքում: Եվ հիմա էլ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին
պահանջում է օրաթերթից հերքում հրապարակել իր մասին տպագրված, ըստ իրեն` ոչ ճիշտ
տեղեկությունների մասին:
Երեկ նշանակված դատական նիստը չկայացավ, դատարանում տիրող «բարդակի» պատճառով:
Բանն այն է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ծանուցագիր
է ստացել, ըստ որի` դատական նիստը տեղի կունենա Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում,
որը տեղակայված է Տիգրան Մեծ պողոտայում գտնվող շենքում: Մինչդեռ այս գործով դատավոր
Արայիկ Մելքոնյանն այսուհետ դատավարելու է Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող
դատարանի շենքում: Դատական առաջին նիստն այդպես էլ չկայացավ` ոչ պատշաճ ձեւով դատական
նիստի վայրի մասին չծանուցելու պատճառով: Թերթի փաստաբանը դատարանի գրասենյակում
դիմում թողեց այն մասին, որ ինքը ներկայացել է դատական նիստին եւ հաջորդ դատական
նիստի մասին պետք է իրեն պատշաճ կարգով տեղեկացնել:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՄԲ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դատապարտել է հանրահավաքի մասին
իրազեկող ՀԱԿ անդամների նկատմամբ բռնության դեպքերը: «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը
խիստ մտահոգիչ է համարում հանրահավաքի մասին իրազեկում կատարող անձանց նկատմամբ
շարունակական բռնարարքները եւ դրանք կատարող անձանց մինչեւ օրս բացահայտված չլինելը,
առավելեւս այն դեպքում, երբ համաձայն բռնության ենթարկված քաղաքացիների հայտարարության`
իրենց կողմից Ոստիկանությանն են ներկայացվել այդ անձանց լուսանկարները եւ նրանց
կողմից վարվող ավտոմեքենաների պետհամարանիշների տվյալները:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ նման բռնարարքներն իրականացվում
են ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ եւ դատապարտելով դրանք` կրկին անգամ
կոչ է անում Ոստիկանությանն իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները բռնարարք
կատարած անձանց հնարավորինս արագ բացահայտելու եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության
ենթարկելու ուղղությամբ, այլապես Ոստիկանության անգործությունը կարող է դիտվել
որպես նմանատիպ դեպքերի խրախուսում»,- ասված է Օմբուդսմենի գրասենյակի տարածած
հաղորդագրության մեջ:
ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱՕՐԻՆԱԿԱՆ
Այն, որ Սերժ Սարգսյանը հանուն իշխանության պահպանման ստիպված էր այնպիսի քայլերի
գնալ, որը կարող է խիստ բացասական արձագանք ստանալ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ
երկրի սահմաններից դուրս, այնքան ակնհայտ փաստ է, որքան եւ այդ բացասական արձագանքները,
որոնց մենք արդեն ամեն օր ենք ականատես լինում:
Ակնհայտ է, որ Թուրքիային սիրաշահելու եւ «ճանապարհային քարտեզ» կոչվող փաստաթղթի
հրապարակումը սփյուռքահայության շրջանում գնալով միայն խորացնելու է անվստահությունը
Սերժ Սարգսյանի հանդեպ:
Ահա եւ երեկ Եվրոպայում գործող երեք հայկական կազմակերպություններ` Եվրոպայի Հայկական
Ասամբլեան, Հայկական ազգային մշակութային կենտրոնը (Բեռլին) եւ Նախաձեռնող խումբը
հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ապրիլի 22-ին Թուրքիայի եւ Հայաստանի արած
համատեղ հայտարարությունը համարել են «անօրինական եւ անբարոյական», նշելով, որ
դա «վկայում է Հայաստանի արտաքին քաղաքականության տապալման մասին»:
Հայտարարության մեջ նշված է, որ ապրիլի 22-ին Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի
ԱԳՆ համատեղ հայտարարությունը վկայում է այն մասին, որ հաշտեցման բանակցություններն
ավարտված են, եւ արդեն մշակված է համաձայնեցված փաստաթուղթ: Վերոհիշյալ կազմակերպությունները
հայտարարել են, որ ցեղասպանության օրվա նախաշեմին ընդունվել է փաստաթուղթ, որով
Հայաստանը, փաստացի, ընդունել է Կարսի պայմանագրի, «1915թ.-ի դեպքերի» ուսումնասիրման
հանձնաժողովի ստեղծման Թուրքիայի խայտառակ նախապայմանները, ինչը հիասթափեցրել եւ
անհանգստացրել է սփյուռքի կազմակերպություններին:
Հայտարարության հեղինակները գտնում են, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների
հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը ձախողվել է. «Հայաստանի իշխանություններն
իրենց անկայուն եւ ստորացուցիչ քաղաքականությամբ զիջել են բոլոր դիրքերը եւ կանգնել
են հզոր եւ կոպիտ հարեւանի առջեւ»: Դա այն պայմաններում, երբ Հայաստանի դիրքերը
թույլ էին տալիս նրան իր պայմանները թելադրել: Ընդունելով Թուրքիայի եւ Ադրբեջանի
տարածքային ամբողջականությունը` հայկական կողմը, փաստացի, լուծել է բոլոր հարցերը.
մնացել է ստորագրել խայտառակ պայմանագիրը: «Հայկական պետականությունը վտանգված
է: Հայաստանի իշխանությունների ապրիլի 22-ին կատարած քայլը անբարոյական եւ հակաօրինական
է: Թեկուզ միայն այն պատճառով, որ որոշումն ընդունվել է առանց Ազգային Ժողովում
համապատասխան քննարկումների»,-ասված է հայտարարության մեջ:
Երեք կազմակերպություններն էլ պահանջել են հրապարակել «ճանապարհային քարտեզի» բովանդակությունը:
ՄԵՆԱԿ ՆԱ ՉԻ ՓԱԽՉԵԼՈՒ
«Ժողովրդավարական շարժում` հանուն միասնական Վրաստանի» շարժման ղեկավար Նինո Բուրջանաձեն
հայտարարել է, որ ընդդիմությունը կմեկնի շրջաններ, ոտքի կհանի ժողովրդին եւ կանի
ամեն ինչ, որպեսզի Վրաստանի նախագահը փախչի երկրից: Բուրջանաձեի խոսքերով, վերջին
շաբաթների ընթացքում Վրաստանի ընդդիմությունը խուսափում էր գնալ ռադիկալ քայլերի
եւ ցանկանում էր, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեին միայն խաղաղ ճանապարհով. «Այսօր,
այդ հնարավորությունները օգտագործելու փորձերից հետո, նախագահը մեզ վրա մատ է թափ
տվել` այս ամենը կրկես անվանելով: Հավանաբար մեզ էլ նա կրկեսի դերասաններ է համարում:
Մենք չենք վախենում, մենք կստիպենք Սահակաշվիլուն փախչել երկրից»,- հայտարարել
է Բուրջանաձեն:
ՕԳՆԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ, ԵԹԵ ԱՆԳԱՄ ՉԻ «ԱՍԸՑԸՑՎԵԼ»
Հանրային հեռուստաընկերության եթերում Գագիկ Բեգլարյանը իր նախընտրական քարոզարշավի
հոլովակում խոստանում է` «Ինչ ասըցըցվել է, անելու եմ»: Հավանաբար իմիջմեյքերները
խորհուրդ են տվել երեւանցիների հետ խոսել երեւանյան «սլենգով»` իբրեւ հարազատության,
յուրային լինելու նշան: Իսկ Գագիկ Բեգլարյանը, ինչպես ռուսներն են ասում. «Սլիշալ
զվոն, դա նե զնաետ գդե օն»: Եվ քանի որ համոզված է, որ ինքը հենց իսկական երեւանցի
է` լիարժեք ինքնադրսեւորվել է` բնատուր էությամբ, բնատուր անգրագիտությամբ: Իսկ
Հանրային հեռուստաընկերությունը դավաճանաբար ցուցադրել է դա` առանց մոնտաժելու,
առանց ուղղելու քաղաքապետի թեկնածուի տգիտությունը: Դավաճանաբար են վարվել նաեւ
նրա ետեւից գնացող, նրան սպասարկող-պաշտպանող, հենց այդ պահին նրա կողքին գտնվող,
նրանից անմիջապես հետո ելույթ ունեցող Միքայել Դովլաթյանն ու Արա Երզնկյանը: Մինչդեռ
ընկերությունը, պարոնայք մշակութային գործիչներ, այդպես չի լինում: Օգնել է պետք,
սխալներն ուղղել եւ սովորեցնել, թեկուզ` սկսելով մայրենիի դասագրքից: Եթե անգամ
տարրական դասուսուցման մասին ձեզ ոչինչ չի «ասըցըցվել»:
No 851 (ինտերնետային No 1011), Մայիսի 13 2009 թ., չորեքշաբթի