No 851 (ինտերնետային No 1011), Մայիսի 13 2009 թ., չորեքշաբթի

ՄԵՆՔ ԵՎ ՆԱ

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ.

«ԵՍ ԳԻՏԵՄ ՈՐՆ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԲԱՅՑ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԲԱՆ ԵՄ ՓՆՏՐՈՒՄ»


«Մոսկվա» կինոթատրոնում «Սարոյանի կտակը» ֆիլմի պրեմիերան էր: Ֆիլմը, հասկանալի է, Սարոյանի մասին էր, եւ այս պարագայում դժվար էր հետեւել ֆիլմում ռեժիսորական, օպերատորական, սցենարական աշխատանքի որակին: Ողջ ընթացքում Սարոյանին ես հետեւում, ճանաչում հարազատների, նրա հետ շփված մարդկանց հիշողություններով:

Քանդակագործ, լուսանկարիչ Վարդան Քոչարը պատմում էր, որ երբ Սարոյանը Հայաստան էր եկել, հարցրել էր. «Այստեղ խենթեր կա՞ն: Որտե՞ղ են նրանք: Ինձ տարեք խենթերի մոտ»: Սիլվա Կապուտիկյանը պատասխանել էր. «Այո, իհարկե, կան: Հայաստանում հատուկ նրանց համար տներ են կառուցել, որտեղ ապրում են խենթերը»: Չհասկացավ Սիլվա Կապուտիկյանը Վիլյամ Սարոյանին:

Սոս Սարգսյանը հիշում է, թե ինչպես մի քանի երիտասարդ դերասաններով Սարոյանին հրավիրել են ռեստորան, համեղ խորտիկներ ու հայկական կոնյակ հյուրասիրել: Մեկ էլ գիշերվա կեսին հայտնվում են Գուրգեն Ջանիբեկյանն ու Դավիթ Մալյանը: Նրանց, փաստորեն, գիշերվա կեսին քնից հանել ու ռեստորան էր ուղարկել խորհրդային ռեժիմը, որպեսզի Սարոյանը չհասցնի իր գաղափարներով «փչացնել» երիտասարդներին: Մալյանը բաժակ է բարձրացնում. «Մենք ապրում ենք Խորհրդային Միությունում: Մենք այդ գաղափարների կրողն ենք: Մենք Խորհրդային Միության սալդատներն ենք...»: Սարոյանը կանգնում է, ներողություն խնդրում, թե` «Ես երթամ այնտեղ...»: Բավական ժամանակ է անցնում` Սարոյանը չկա: Մալյանն ու Ջանիբեկյանը սրտնեղած թողնում գնում են: Սոս Սարգսյանը գնում է զուգարան` Սարոյանի ետեւից: Տեսնում է` Սարոյանը փառահեղ կանգնած, կոնյակ է խմում:

- Սարոյան, ներս գնանք` սեղանի մոտ:

- Է, գնացի՞ն այն սալդատները:

Սարոյանը զինվորի մասին վիպակ ունի` «Վեսլի Ջեքսոնի արկածները»: Վեսլի Ջեքսոն զինվորն ասում է. «Ապրել` նշանակում է սպասել: Ու ամեն մարդ, որ ծնվում է, սպասում է` իհարկե, անգիտակցաբար, մինչեւ այդ մարմինը հալումաշ լինի, դառնա հող ու մոխիր: Մեռնելուն է սպասում: Բայց քանի որ գիտի` դեռ մի 30-40 տարի էլ է իր մարմնի տերը լինելու, ոգեւորվում է, սպասում ուրիշ բաների: Թե տղա է, սպասում է տղամարդ դառնալուն: Հետո սպասում է, թե երբ է կին առնելու: Հետո որդու է սպասում, թե որդու հետ երբ է խոսելու: Ուրիշ խոսքով, նա սպասում է ապրումների, սիրահարվելուն, սպասում, որ սերն իր հետ իմաստություն կբերի: Կամ եթե չի ուզում սպասել ոչ կին առնելուն, ոչ էլ սիրո իմաստությանը, թերեւս գործի է անցնում, ուզում է ինչ-որ բանի հասնել, ինչպես ասում են` անուն հանել. ճանաչվել շատ շատերի կողմից, ոչ միայն իր ընտանիքում ու ընկերների նեղ շրջապատում»:

Երբ Սարոյանը տղա է եղել եւ սպասել է տղամարդ դառնալուն, թերթ է վաճառել Ֆրեզնոյում: Հետո գրամեքենա է գնել ու գրել, գրել: Սարոյանի զարմիկը պատմում է, որ երբ Սարոյանը անվերջ գրում-ջնջում էր, մայրն ասում էր. «Վիլի, լավ է կոշկակար դառնայիր»: Բայց երբ Վիլին ճանաչվեց շատ շատերի կողմից, ոչ միայն իր ընտանիքում ու ընկերների նեղ շրջապատում, մայրն ասում էր. «Իմ Վիլին մեծ գրող է, իմ Վիլին...»:

Հետո կին է առնում, աղջիկ ու որդի ունենում: Սպասում Լյուսիի ու Արամի հետ խոսելուն: «Չեմ մեռնում» պատմվածքում գրում է. «Ամենամեծ կռիվներն, իհարկե, որդուս հետ էին, որը, ինչպես մեր ընտանիքում էին ասում, կյանքը կռիվ է սարքել: Այս կռիվը, ինչպես ինքս եմ ասել նրան, անհրաժեշտ է տղայի համար, երբ նա սկսում է ինչ-որ բան հասկանալ: Օրինակ, մի օր նա ասաց, որ երբ 7, թե 8, թե 9 տարեկան էր, կամ գուցե 10 կամ 11, հաճախ մտածել է` այս մարդն ու կինը իմ հայրն ու մայրը չեն, որովհետեւ հնարավոր բան չէ... Երկու-երեք անգամ աղջիկս մեծ տիկնիկ է դառնում, պրիմադոննա, որը պարզապես տանել չի կարողանում իր տգետ, նվաստ, անտանելի, անտաշ ու անարդար հորը: Մեկ-մեկ էլ ինքս էի ապուշանում` մտածելով, որ երեխաներս անարժան են, իրենց մոր հաշվով. ես մեղք չունեի, ոչ էլ ընտանիքս էր մեղավոր, ոչ էլ իմ սերունդը` աշխատասեր, հպարտ, առողջ ու զավեշտական աղքատները, ովքեր, անտարակույս, նույն դասակարգի մեջ մնացին` անկախ նրանից, թե ինչպես փող աշխատեցին կամ ինչքան ունեն: Վերջին հաշվով, ես սիրում եմ նրանց, սխալներով հանդերձ, կամ գուցե հենց սխալների համար եմ սիրում եւ հուսով եմ, որ այդ սերը փոխադարձ է»:

Ֆիլմում Սարոյանի զարմիկը պատմում է, որ երբ Սարոյանն արդեն շատ վատ էր, հայրը ամեն ջանք թափել է, որ Արամ որդին գա հիվանդանոց, որպեսզի հայր ու որդի խոսեն, զրուցեն, հասկանան իրար: Ասում է` զրույցը, կարծես, ստացվել էր: Ֆիլմի ցուցադրումից հետո մոտեցանք ռեժիսոր Գրիգոր Հարությունյանին եւ հարցրինք Արամ Սարոյանից: Պատմեց, որ Արամ Սարոյանը Ամերիկայում է ապրում, գրում ժամանակակից պահանջված նովելներ: Ու երբ Հարություն Խաչատրյանը զանգահարել է նրան եւ որպես Վիլյամ Սարոյանի որդու` հրավիրել մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, մերժել է այն պատճառաբանությամբ, որ իրեն հրավիրում են ոչ որպես Արամ Սարոյանի, այլ` Վիլյամ Սարոյանի որդու:

Զինվոր Վեսլի Ջեքսոնը նաեւ ասում է. «Աշխարհում բոլոր մարդիկ նույնն են ու բոլորն էլ սպասում են մեռնելուն: Դե, մինչեւ մեռնելը` միաժամանակ ամեն տեսակ բաների են սպասում»:

Սարոյանը մինչեւ մեռնելը կտակ է գրել ու խնդրել, որ երբ ինքը մեռնի, չթաղեն, այլ այրեն մարմինը, աճյունը պահեն այնքան, մինչեւ Էրզրումը դարձյալ լինի հայերինը, եւ շաղ տան փոշին Էրզրումի ճամփեքին: Ասել է. «Չեմ ուզում ինձ թաղեն, վրես մեծ քար մը դնեն, որ մարդիկ գան, ըսեն` աս Սարոյանն է»: Մի օր Հայաստանում որոշում են Սարոյանի մասունքները բերել հայրենիք եւ ամփոփել Պանթեոնում: Սարոյանի ընկերը պատմում է. «Հասանք Պանթեոն, այնտեղ գրողներ կային եւ կոմունիստ մարդիկ: Տեսա փոս մը, բայց ի՞նչ ընել...»: Հետո փոսի վրա մեծ քար դրեցին, որտեղ մարդիկ գալիս են ու ասում` սա Սարոյանն է:

Անցյալ տարին սարոյանական էր: Ինչպես Դավիթ Մուրադյանն ասաց. «Ողջ տարին Սարոյանի հետ էինք»: Ողջ տարին ու երեկ հիշեցինք` Սարոյանն այսպես էր քայլում, այսպես էր պարում, այսպես հագնվում, այսպես խոսում, այսպես էր ասում: Ասում էր. «Մարդը միայնակ արարած է: Չնայած աշխարհը լի է նրա նմաններով, նա մեն-մենակ է»: Հիմա էլ Սարոյանը միայնակ է, եւ անկատար է ոչ միայն նրա կտակը, այլեւ նրա գրական ժառանգության կտակը` որքան էլ տարին սարոյանական լինի, որքան էլ հիշենք նրան` ինչպես էր քայլում, պարում, խոսում, ինչ էր ասում` բացակա է Խոսքը, Սարոյանի Խոսքը` մեծ ու Ճշգրիտ, որից շարունակաբար սայթաքում-խուսափում է մեր իրականությունը:


ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

ամբողջ համարը...»»

No 851 (ինտերնետային No 1011), Մայիսի 13 2009 թ., չորեքշաբթի