No 864 (ինտերնետային No 1024) Հունիսի 26 2009 թ., ուրբաթ

ՆԱԻՐԻՆԵՐԸ ՇԱՏԱՑԱՆ

ԵԿԵԼ, ՍԱՏԱՆԻ ՄԱՅԼՈՒՄ ՔՅԱՆԴՐԲԱԶՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ


Այս շաբաթասկզբին Նաիրի Բադալյանը «Հերքման իրավունքով» վերնագրված մի նամակ է ուղարկել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրին, որով պահանջել է հերքել իր մասին «ՉԻ»-ում հրապարակված եւ իբր իր «իրավունքները խախտող», իրեն «հսկայական բարոյական վնաս հասցնող» «զրպարտչական հերյուրանքները», որոնք հրապարակվել են ոչ միայն այս, այլեւ անցած 9 տարիների ընթացքում:

Ի դեպ, ի գիտություն Բադալյան Նաիրիի տեղեկացնենք, որ գործող օրենսդրությամբ, թերթը պարտավոր չէ հերքում տպագրել 9 տարի առաջ հրապարակված եւ ժամանակին չհերքված հրապարակումների համար: Բայց սա մի կողմ: Տպագրե՞լ, թե՞ չտպագրել այդ հերքումը՝ «ՉԻ» խմբագրի իրավունքն է: Բայց ես ուզում եմ օգտվել պատեհ առիթից եւ որպես «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ ծավալուն շարքի հեղինակ (որքան հիշում եմ, «ՉԻ»-ում այդ գործին նաեւ Բադալյան Նաիրիի՝ «27»-ի հետ առնչություններ ունենալու եւ նրան վերաբերող հրապարակումների հեղինակը հիմնականում ես եմ եղել) պատասխանել Բադալյան Նաիրիի մի քանի դիտարկումներին, որոնք նա փորձել է «սղղացնել» հերքման պահանջի տակ: Այսպես, նա պնդում է, թե՝ «ՉԻ»-ում իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող եւ «զրպարտչական հերյուրանքներ» են եղել վերջին 9 տարվա ընթացքում եւ մատնանշում է դրանցից մի քանիսը: Մասնավորապես. «թե՝ իբր ես պատասխանատվությունից ազատված հանցագործ եմ, թե՝ իբր «Հոկտեմբերի 27-ի գործով» արդարացված չեմ եւ սուտ եմ խոսում, երբ պնդում եմ, թե՝ ունեմ արդարացվածի իրավական կարգավիճակ, թե՝ իբր տեղեկություններ ունեմ Հոկտեմբերի 27-ի տեռորիստական ակտի կազմակերպիչներ մասին, թե՝ իբր այս կամ այն երկրի գործակալ եմ»:

Առաջին երեք պնդումներում, ըստ իս, հերյուրանք չի եղել եւ չկա: Այդ պնդումները հիմնված են եղել բացառապես «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործերի նյութերի վերլուծության եւ եզրահանգումների վրա: Ավելին, հիշեցնեմ Նաիրի Բադալյանին, որ նա մեկն է, ով 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած սպանդի գործով անցնող վկա-կասկածյալ-մեղադրյալ էր եւ կալանավորվել էր: Նա կասկածվում էր «27»-ի ոճրագործներին օժանդակելու կամ դրդելու մեջ, ու դրա պատճառը «27»-ի գործում հավաքված նյութերն էին ու ոչ միայն նախաքննության ընթացքում իր դեմ Նաիրի Հունանյանի տված, այլեւ հենց իր՝ Բադալյան Նաիրիի ձեռքով գրված ու անգամ միեւնույն դրվագներին վերաբերող հակասական, նաեւ այլոց, ու ոչ միայն լրագրողների, նախաքննական ցուցմունքներին էապես հակասող ցուցմունքները: Բայց 2000-ի հունիսի 3-ին Բադալյան Նաիրիի խափանման միջոցը փոխվել էր, նույն օրն էլ ազատ էր արձակվել, ըստ էության, ներիշխանական ճամբարում «իրավիճակի փոփոխության» արդյունքում, ինչը Հայաստանում շատերի, այդ թվում՝ նաեւ իմ համոզմունքն է: Հունիսի 27-ին գործի վարույթը նրա մասով կարճվել ու քրեական հետապնդումն էլ դադարեցվել էր, ի դեպ, ոչ թե հանցակազմի կամ հանցադեպի բացակայության պատճառով, այլ՝ ապացույցների անբավարար լինելու հիմքով, ինչը դեռ չի նշանակում, որ Բադալյան Ն.-ն արդարացվել է: Նկատի ունենալով այն, որ նա կասկածվում էր ահաբեկիչներին օժանդակելու կամ դրդելու մեջ եւ այն, որ «27»-ի գործից անջատված մասի նախաքննությունը պարզապես կարճվեց, իսկ նրա վերաբերյալ եղած կասկածները, այդ թվում՝ զոհերի հարազատների եւ նրանց շահերի ներկայացուցիչ փաստաբանների մոտ մնացին, կարծում եմ, բավարար հիմք է ներքին համոզմունք ունենալու համար, որ նա «պատասխանատվությունից ազատված հանցագործ է», իսկ գործի նյութերի ուսումնասիրությունը, որով ես զբաղվել եմ մի քանի տարի, պարզապես կասկածի տեղ չի թողնում, որ Ն. Բադալյանը տեղեկացված է եղել «27»-ի ոճրագործության կազմակերպման մասին: Իսկ ընդհանրապես, լավ կլիներ, եթե Ն. Բադալյանը մեզ տրամադրեր իր արդարացված լինելու մասին որեւէ փաստաթուղթ, որին մենք, գուցե, առանձին անդրադառնայինք: Ինչ վերաբերում է նրա՝ ինչ-որ երկրի գործակալ լինելուն, ապա՝ չեմ հիշում, եւ Բադալյան Նաիրին էլ իր հերքման տեքստում չի բարեհաճել մատնանշել «ՉԻ»-ում եղած այն հրապարակման ամսաթիվ-ամիս-տարին, երբ դրա մասին որեւէ պնդում է եղել: Եթե նա մատնանշի, թերեւս, ստանա նաեւ դրա պատասխանը:

Նաիրին հերքում է նաեւ այն, «թե՝ իբր իշխանությունների միջնորդությամբ եմ ստացել ԱՄՆ մեկնելու թույլտվություն», թե «27»-ի կազմակերպիչների մասին ունեցած իր տեղեկությունները պատմել է «ԱՄՆ հատուկ ծառայություններին ու դրա դիմաց 2004թ. Գրին քարտ ստացել եւ իմ տված տեղեկությունների հիման վրա ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Հայաստանի վրա»:

Այն, որ Ն. Բադալյանը ԱՄՆ է մեկնել իշխանությունների միջնորդությամբ, «ՉԻ»-ն չէ, որ հայտնագործել է: Դրա մասին հրապարակավ հայտարարել է Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը՝ դեռ 2004-ին: Այն բանից հետո, երբ փաստաբանը «27»-ի գործից անջատված մասով վարույթն իրականացնող նախաքննական մարմնին «27»-ի կազմակերպիչներին եւ օժանդակողներին հայտնաբերելուն առնչվող միջնորդություններ էր ներկայացրել, այդ թվում՝ նաեւ Նաիրի Բադալյանի եւ Տիգրան Նազարյանի իրական դերակատարությունը այդ գործում մինչեւ վերջ պարզելու համար, պարզվել էր, որ Բադալյան Նաիրին անհետացել է: Քննչական խմբի ղեկավար Ջոն Ֆարխոյանից փաստաբան Ա. Սարգսյանը գրություն էր ստացել առ այն, որ «քննությամբ պարզվել է, որ Նաիրի Բադալյանը դեռեւս 19.10.03թ. անորոշ ժամանակով մեկնել է ՀՀ-ից»: Այս առնչությամբ փաստաբան Ա. Սարգսյանը հրապարակավ էր հայտարարել, որ Ն. Բադալյանը «իշխանության միջամտությամբ է ստացել ԱՄՆ մեկնելու վիզան»։

Այն, որ Ն. Բադալյանը ԱՄՆ-ում քաղաքական ապաստան է ստացել, ու, ինչպես նշված է եղել «ՉԻ»-ում՝ փախած է Հայաստանից, պնդել ու պնդում էր հենց ինքը եւ ոչ միայն՝ 2004թ.-ին «Առավոտին» տված հարցազրույցներում: 24-08-2004թ.-ին «Առավոտի» այն հարցին, թե «հանկարծակի՞ որոշում էր, թե՞ պարտադրանքի արդյունք իր ԱՄՆ տեղափոխվելը», Ն. Բադալյանը պատասխանել էր. «Դա իմ որոշումն էր եւ արդյունք էր «27»-ի դատական գործընթացից իմ հիասթափության»։

Նա նաեւ տեղեկացրեց, որ իր «գրեթե բոլոր մերձավոր հարազատները» տարբեր կարգի ճնշումների են ենթարկվել եւ ինքը զրպարտչական ցուցմունքների զոհ է. «Հետագա մնալը Հայաստանում պարզապես իմ կյանքի հանդեպ առկա ավելի քան իրական վտանգն էր խորացնում»։ Կամ՝ 02-12-2004թ. «Առավոտ». «27»-ի գործով նախկին կասկածյալ, վկա Նաիրի Բադալյանը պատրաստ է վերադառնալ ՀՀ եւ ցուցմունքներ տալ, եթե ապահովվի իր անվտանգությունը»: Ն. Բադալյանի փախած լինելու վկայությունն է նաեւ «ՉԻ»-ին ուղղած նրա նամակի տակ սեփական ստորագրությունը՝ «Նաիրի Բադալյան, ՀՀ քաղաքացի, քաղաքական ապաստանյալ ԱՄՆ-ում», թեեւ նա փորձում է հերքել նաեւ այդ փաստը: Իսկ այն, որ ԱՄՆ-ում հենց այնպես ոչ մեկին քաղաքական ապաստան չեն տալիս, գիտեն երեւի Հայաստանի տարրական դասարաններում անգամ: Որպես՝ որեւէ երկրում քաղաքական ապաստան ստանալու հիմք, ՀՀ քաղաքացին պիտի համոզիչ փաստեր ունենա՝ պնդելու համար, որ իր կյանքի անվտանգությունը Հայաստանում սպառնալիքի տակ է, որ նրա նկատմամբ իրականացվում են հետապնդումներ, ընդ որում՝ ոչ թե ընդդիմության, այլ՝ պետական իշխանությունների կողմից: Ն. Բադալյանը ԱՄՆ մեկնել է 2004թ.-ին՝ «27»-ի մեջ կասկածվող Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, երբ առանցքային պետական պաշտոններում էին «27»-ի հետ առնչված նաեւ այլ անձինք: Հարց՝ ո՞վ էր սպառնում Ն. Բադալյանի անվտանգությանը եւ ինչո՞ւ, եւ այդ դեպքում ԱՄՆ-ում ինչպե՞ս է պատճառաբանել քաղաքական ապաստան գտնելու անհրաժեշտությունը Ն. Բադալյանը: Սրան հավելենք նաեւ այն, որ տեղեկությունները, ըստ որոնց՝ «27»-ի գործով որպես՝ վկա անցած եւ ԱՄՆ-ում հայտնված անձինք, այդ թվում՝ Ն. Բադալյանը, քաղաքական ապաստան գտնելու համար այդ երկրի համապատասխան մարմիններին ներկայացրած իրենց փաստարկներում որոշակի մանրամասնություններ են պատմել «27»-ի մասին, փոխանցել է հենց այդպիսի վկաներից մեկը, բայց թե՝ ո՞վ եւ ո՞ր չափի տեղեկություն է տրամադրել, գիտեն միայն իրենք՝ վկաները:

Ինչ վերաբերում է մնացածին, ապա հարկ եմ համարում կրկին մեջբերել Ն. Բադալյանի հայտարարությունը, թե «ինքը պատրաստ է Հայաստան վերադառնալ, եթե ապահովվի նրա անվտանգությունը»: 2004-ին, երբ Բադալյանը փախավ Հայաստանից, եւ հիմա երկրի քաղաքական ղեկավարությունը, որը համակարգում է նաեւ իրավապահ մարմինների գործունեությունը, վերահսկում նրա գործողությունների օրինականությունը, կարծես թե, չի փոխվել: Չի փոխվել նաեւ ե՛ւ 2004թ.-ին, ե՛ւ հիմա ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող մարդը՝ Աղվան Հովսեփյանը, որը վերահսկողություն էր իրականացնում նաեւ «27»-ի գործի վրա: Հարց է առաջանում՝ հիմա Ն. Բադալյանը վերադառնալով Հայաստան այլեւս չի՞ վախենում իր անվտանգության համար, եւ ինչո՞ւ չի վախենում: Ինչպե՞ս կբացատրի իր հանկարծակի հայտնությունը Հայաստանում եւ այն փաստը, որ այս օրերին նա կրկին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազությանը ժամանակին իր դեմ, իբր, սուտ ցուցմունքներ տված լրագրողներից վրեժխնդիր լինելու՝ նրանց նկատմամբ քրգործ հարուցելու հայցով: Որ դա այդպես է՝ փաստ է: Այս օրերին ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ Հեկտոր Սարդարյանի վարույթում նյութեր են նախապատրաստվում այդ հայցին ընթացք տալու համար, ու այդ նպատակով կոնկրետ լրագրողների կանչում են բացատրություններ տալու: Հիմա լրագրողը իրավունք ունի՞ հիմնավոր կասկած հայտնել, որ Ն. Բադալյանը Հայաստան է բերվել կամ նրան վերադառնալու դեպքում անվտանգության երաշխիքներ են տրվել, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ իր հայցերը լրագրողների, նաեւ մինչեւ իր ԱՄՆ մեկնելն արած նրա՝ «Նուբարաշենի» մեկուսարանում իրեն խոշտանգելու մասին հայտարարություններին, որոնք ժամանակին ստուգվել եւ հերքվել էին, ընթացք է տրվելու: Սակայն այսօր զինդատախազության այն ժամանակվա քննիչների հետ այս առնչությամբ, մեր աղբյուրների ասելով, արդեն «կոնսուլտացիաներ» են ընթանում: Տեսնենք, թե ինչ կստացվի:


Շարունակելի
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

ամբողջ համարը...»»

No 864 (ինտերնետային No 1024) Հունիսի 26 2009 թ., ուրբաթ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

       
Ծառայություններ