No 76 (իրավիճակ), Նոյեմբերի 12 2009 թ., հինգշաբթի
ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե ոլորտի ֆինանսավորման
նվազման պատճառներից մեկն էլ այն է, որ 2010 թվականին աշակերտների թիվը պակասելու
է 20 հազարով:
«ՉԻ» - Նախարարի ներկայացրած այս թիվը նշանակում է, որ 2010 թվականին դպրոցն
ավարտողների թիվը 20 հազարով ավելի է լինելու, քան դպրոց ընդունվողներինը: Ուշադրություն
դարձրեք` եկող տարի դպրոցն ավարտելու են 1993-94 թվականներին ծնվածները, իսկ առաջին
դասարան գնալու են 2004-2005 թվականներին ծնվածները: Այսինքն` ստացվում է, որ պատերազմի
եւ էներգետիկ ճգնաժամի տարիներին Հայաստանում 20 հազարով ավելի շատ երեխա է ծնվել,
քան 2004-2005-ի «երկնիշ տնտեսական աճի» տարիներին: Կամ էլ` ոչ թե ծնվածների թիվն
է պակաս եղել, այլ արտագաղթի տեմպերն են շատ ավելի ահավոր եղել, քան պատերազմի
տարիներին: Այլ հարց է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների այս արդյունքն
առայժմ դեռ միայն դպրոցականների թվի վրա է «երեւում»: Մի քանի տարի հետո արդեն
բանակի վրա կերեւա, ընդ որում` շատ ավելի զգալիորեն, որովհետեւ մարդիկ, որպես կանոն,
դպրոց հաճախելուց չեն խուսափում, իսկ բանակում ծառայելուց խուսափում են:
ՀԻՄՆԱԿԱՆ ԶԲԱՂՄՈՒՆՔԸ ԼԱՊՇԱ ԿԱԽԵԼՆ ԷՐ
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրագրողներին բացատրել
է, որ այսօր ինքն իշխանության մեջ չէ, որովհետեւ եկել էր մի պահ, որ արդեն դժվար
էր եվրոպացիներին բացատրել խոսքի եւ գործի տարբերությունը:
«ՉԻ» - Փաստորեն, քանի դեռ այդ տարբերությունը բացատրելը հեշտ էր, Օսկանյանը
նախարար էր, հենց որ դժվարացավ` ինքը որոշեց հեռանալ իշխանություններից: Այսինքն,
նա խոստովանում է, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք իր հիմնական զբաղմունքը եղել է եվրոպացիներին
խաբելը: Ընդ որում, եթե կարողացել է տասը տարի շարունակ արտգործնախարար մնալ, ուրեմն
լավ է խաբել: Ավելին. իմացել է, որ Սերժ Սարգսյանի օրոք նույնպես իր հիմնական զբաղմունքն
արտաքին աշխարհին խաբելն է լինելու, դրա համար էլ հրաժարական է տվել:
Բայց հետաքրքիրը դա չէ: Փաստորեն, մարդը տասը տարի շարունակ «պրոֆեսիոնալ խաբող»
է եղել, ու հիմա ոչ միայն ընդդիմադիր կեցվածք է ընդունել, այլեւ վերջերս մի առիթով
հայտարարեց, թե պատրաստ է առաջնորդել համաժողովրդական շարժումը: Տեսնես ժողովրդի՞ն
ինչպես է բացատրելու խոսքի եւ գործի տարբերությունը:
No 76 (իրավիճակ), Նոյեմբերի 12 2009 թ., հինգշաբթի