No 76 (իրավիճակ), Նոյեմբերի 12 2009 թ., հինգշաբթի

«ՉԻ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ՏՊԱԳԻՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերները եւ դրա հետ կապված` տեղեկատվական ներքին անվտանգության հիմնախնդիրների կարգավորման հրամայականը, ինչպես նաեւ մեծապես կարեւորելով լրատվամիջոցների դեմ ՀՀ իշխանությունների անձնուրաց պայքարի արդյունավետության բարձրացումը, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել տպագիր լրատվամիջոցների արգելման մասին: Սույն օրենքի ընդունումը ոչ միայն պատշաճ իրավական դաշտ կապահովի գործընթացն օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ազգանվեր առաքելության համար, այլեւ հերթական անշրջելի քայլը կլինի Հայաստանում խոսքի ազատության կայացման ճանապարհին: Եվ այսպես.

Օրենք տպագիր լրատվամիջոցների արգելման մասին
(նախագիծ)


Հոդվ. 1. ՀՀ տարածքում տպագիր լրատվամիջոցների (այսուհետ` թերթեր) արգելումն արգելվում է` բացառությամբ այն դեպքերի, երբ արգելումը բխում է պետության եւ (կամ) պետական պաշտոնյաների ու նրանց հետ փոխկապակցված անձանց շահերից:

Հոդվ. 2. Թերթերի արգելման գործառույթն իրականացվում է հետեւյալ ընթացակարգով.

ա. ՀՀ տարածքում գործող մասնավոր կամ իրավաբանական անձի կողմից սեփական ցուցամատի հոտոտում եւ դրա հիման վրա` հայցադիմումի կազմում,

բ. Դատավորների կողմից` վարույթի ընդունում, ցուցամատի հոտոտում եւ թերթի տպագրության արգելման վերաբերյալ որոշման ընդունում,

գ. Դատական ակտերի հարկադիր կատարման (այսուհետ` ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցների կողմից թերթի տպագրության արգելմանն ուղղված օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացում:

Հոդվ. 3. ԴԱՀԿ աշխատակիցները պարտավոր են.

ա. Օրենքով սահմանված կարգով հսկողություն սահմանել ՀՀ տարածքում գործող բոլոր տպարանների, ավտոտեխսպասարկման կետերի, վարսավիրանոցների եւ տնտեսական գործունեություն ծավալող այլ սուբյեկտների նկատմամբ,

բ. Պատշաճ կերպով գրավոր ծանուցագրեր ներկայացնել 7 (յոթ) տարին լրացած ՀՀ բոլոր քաղաքացիներին եւ տեղեկացնել, որ արգելված թերթի ընթերցումն ապօրինի է եւ ենթակա է վարչական պատասխանատվության,

գ. Առնվազն տասնհինգ րոպեն մեկ ծառայության ղեկավարին զեկուցել գործընթացի արդյունքների մասին:

Հոդվ. 4. Թերթի արգելումն ապահովող աշխատակիցները գործընթացի ողջ ժամանակահատվածում օգտվում են բացառապես «Քեթրին» տաքսի-ծառայությունից:

Հոդվ. 5. Թերթի արգելման գործառույթի հաջողության դեպքում բանանի ներկրման մաքսատուրքերը նվազում են 20 (քսան) տոկոսի չափով:

Հոդվ. 6. Թերթի արգելման որոշում կայացրած դատավորի` երկու հաջորդ գործերի ընթացքում ձեռք բերված դրամական միջոցները եւ այլ նյութական արժեքներն ազատվում են հետագա մասհանումներից եւ ավելացված արժեքի հարկից:

Հոդվ. 7. Թերթի արգելման միջնորդություն ներկայացրած անձը պարգեւատրվում է «Առաջին աստիճանի մարտական վարունգ» շքանշանով:

Արգելված թերթի` այլ անվանումով լույս տեսնելու դեպքում հայցվորը վարունգն օգտագործում է այլ նպատակներով:

Հոդվ. 8. Նույն անձը չի կարող միաժամանակ երկու եւ ավելի թերթերի արգելման հայցով դիմել դատարան եւ համապատասխանաբար երկու եւ ավելի շքանշան ակնկալել` տեխնիկական պատճառներով:

Հոդվ. 9. Թերթերի արգելման գործընթացի բոլոր ծախսերն իրականացվում են պետպատվերի շրջանակներում:

Գործընթացի ձախողման դեպքում պետությունը որեւէ նյութական պատասխանատվություն չի կրում հայցվոր կողմի եւ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետցնցումային դեպրեսիայի հաղթահարման համար:

Հոդվ. 10. Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Օրենքի հրապարակումն արգելվում է օրենքով:

Հուսով ենք` խորհրդարանն այնքան ողջախոհություն կունենա, որ օրենքը կընդունի առանց հրապարակային քննարկումների:

ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ

ամբողջ համարը...»»

No 76 (իրավիճակ), Նոյեմբերի 12 2009 թ., հինգշաբթի