No 196 (կիրակնամուտ), Դեկտեմբերի 19 2009 թ., շաբաթ

ԴԵՂԻՆ ՄԱՄՈՒԼ ՑՈՒՅՑ ԿՏԱՄ ՔԵԶ

ՇՈՒՇԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ԳՈՐԾԻՑ
ԱՌԱՎԵԼ ԻՐ «ՊՈՐՇԻՆ» Է ՍԻՐՈՒՄ
Արման Հարությունյանի գործերը խառն են


Երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսին Արման Հարությունյանը հայ հասարակությանը միայն բացասական կերպարով է հայտնի` որպես հաստիքով «մարդ ծեծող», «գործ տվող» եւ այլն: Նրա շուրջ վերջերս բավականին հետաքրքիր իրադարձություններ են զարգանում:

Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից, Արման Հարությունյանը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունում իրեն զգում է ինչպես «ձուկը ջրում»: «ՉԻ» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Արման Հարությունյանը, որը 6-ում հայտնի է «Շուշանի տուզիկ» մականունով, բավականին արտոնյալ կարգավիճակում է եւ հաճախ է բացակայում աշխատանքից: Նա թեեւ ՀՀ պետբյուջեից աշխատավարձ է ստանում իր ծառայության համար, բայց չի ծառայում այնպես, ինչպես որ օրենքն է պահանջում: Նրան հաճախ կարելի է տեսնել Երեւանի տարբեր հատվածներում` Շուշանից նվեր ստացած «Պորշե» մակնիշի թանկարժեք մեքենայի ղեկին: Նա գերադասում է շրջել իր մեքենայով, քան աշխատել:

Այսօր Արման Հարությունյանը 6-ում հերթափոխի պետ է աշխատում, կոչումն էլ կրտսեր լեյտենանտ է, սակայն մինչեւ հիմա նա դեռ բարձրագույն կրթության դիպլոմ չունի: Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից պարզեցինք, որ Արմանը այժմ հեռակա կարգով սովորում է պոլիտեխնիկական ինստիտուտի երկրորդ կուրսում:

Թե ինչպես է Արման Հարությունյանը հայտնվել ոստիկանությունում, մեր աղբյուրները չմանրամասնեցին` միայն տեղեկացնելով, որ նա դեռեւս Հայկ Հարությունյանի պաշտոնավարման օրերից է աշխատանքի ընդունվել ոստիկանության համակարգում: Սկզբում աշխատել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ Արկադի Բալայանի օգնական: Կարճ ժամանակ հետո Բալայանը 6-ի նախկին պետ Աշոտ Գիզիրյանի միջնորդությամբ առաջարկել է բարձրացնել Արմանի պաշտոնը: Այդ միջնորդությունից հետո Շուշանի ամուսնուն նշանակել են հերթափոխի պետ: Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո Շուշան Պետրոսյանի աղբյուրներով այս անգամ էլ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին է միջնորդություն ներկայացվել, որպեսզի Արման Հարությունյանի կոչումը բարձրացնեն, սակայն ոստիկանապետը դեռ հապաղում է: «ՉԻ» աղբյուրների տեղեկացմամբ, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանն է դեմ արտահայտվել Արման Հարությունյանի կոչումն ու պաշտոնը բարձրացնելու առաջարկությանը: Ավելին, նույն աղբյուրների փոխանցմամբ, 6-ի ներկայիս պետ Հունան Պողոսյանը ջանում է ընդհանրապես աշխատանքից ազատել Արման Հարությունյանին: Պատճառն, ըստ ամենայնի, Արման Հարությունյանի ցուցաբերած անպարտաճանաչությունն է աշխատանքի նկատմամբ:

Ի դեպ, վերջերս «168»-ը գրել էր, թե Շուշան Պետրոսյանը բաժանվել է իր ամուսնուց եւ հիմա արդեն ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքն են բաժանում: Թե որքանով է իրական այս տեղեկությունը, դժվար է ասել, քանի որ Շուշանի շրջապատում իրենց ճղում են հավատացնելու համար, որ նման բան չկա:

Ինչեւէ, հիշեցնենք, որ այս նույն Արման Հարությունյանն էր, որ մարտի 1-ին դաժան ծեծի էր ենթարկել մեր թերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, նրա ձեռքերը կապել ձեռնաշղթաներով եւ Կարապի լճի մոտից մինչեւ Ազատության հրապարակ քարշ տվել բերանքսիվայր: Իսկ մինչ այդ էլ փետրվարին 6-րդ վարչության շենքում անթաքույց լկտիությամբ ծեծի էր ենթարկել նաեւ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին: Բայց դրանից հետո էլ գնացել եւ բողոք էր գրել Գագիկ Ջհանգիրյանի վրա, թե իբր Ջհանգիրյանն է իրեն հարվածել եւ բութ ցավ պատճառել: Հենց այդ բողոքի հիման վրա էլ Գագիկ Ջհանգիրյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, սակայն ավելի ուշ համաներմամբ ազատ արձակվեց:

Մեր տեղեկություններով, Արման Հարությունյանը՝ օգտվելով ոստիկանական իր վկայականից, հաճախ է մարդկանց ծեծի միջոցով ահաբեկում` վստահ լինելով, որ որեւէ քաղաքացի չի ցանկանա իրեն հակադրվելով օրենքի հետ խնդիրներ ունենալ: Մասնավորապես, ոչ վաղ անցյալում Արման Հարությունյանը ծեծի է ենթարկել մի տաքսու վարորդի, որը Օպերայից մինչեւ Շուշան Պետրոսյանի Կենտրոն համայնքում գտնվող բնակարան տանելու համար հանդգնել է հազար դրամ պահանջել: Վարորդին ծեծելուց հետո էլ նա շրջապատում հպարտացել է, թե «սատկացրի, մի քիչ տեղի համար հազար դրամ էր ուզում»:

Ահա թե ինչ կատեգորիաներով է հագեցած հայրենի ոստիկանությունը:


ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ամբողջ համարը...»»

No 196 (կիրակնամուտ), Դեկտեմբերի 19 2009 թ., շաբաթ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

   
Ծառայություններ