No 170 (կիրակնամուտ), Մայիսի 2 2009 թ., շաբաթ
ՄԱՅԻՍՄԵԿՅԱՆ ՊԱՏՈՒՄ
ՄԵՐ ՕՐԸ
Երեկ Մայիսի 1-ն էր: Խորհրդային ժամանակներից այդ օրը հիշարժան է
փուչիկներով, աշխատավորության շքերթով, որին պարտադիր տանում էին բոլորիս, եւ միակ
սփոփանքն այն էր, որ շքերթից հետո, ազատվելով կոմերիտական եւ կուսակցական ակտիվիստների
տխուր վերահսկողությունից, կարելի էր կրկեսի մոտի գարեջրատանը հանգիստ խղճով օյաղանալ
խորհրդային ժողովրդի մեծագույն հաղթանակների մասին պատմող ճառերից եւ կարգախոսներից:
Թեպետ, ընդհանուր առմամբ Մայիսի 1-ը վատ տոն չէր: Նախ, լրացուցիչ երկու հանգստյան
օրերն ինքնին բարձրացնում էին տրամադրությունը, այնուհետեւ, պետք չէ մոռանալ արդեն
հիշատակված գարեջրատան մասին, վերջապես, երեկոյան հեռուստատեսությամբ լավ համերգ
էր: Մի խոսքով, այդքանի համար կարելի էր եւ երկու-երեք հարյուր մետր հրապարակով
անցնել:
Բնական է, որ այս ամենից հետո մեզանից ոչ ոք իրեն նեղություն չէր տալիս մտածել
Մայիսի 1-ի օրվա իրական նշանակության մասին. այն է` աշխատավորների միջազգային համերաշխության
օր: Ասեմ, որ այստեղ մեր` շարքային քաղաքացիներիս եւ երկրի բարձրագույն ղեկավարության
տեսակետները համընկնում էին: Եվ եթե մենք, ինչպես նշվեց, շարքային քաղաքացիներս
չէինք ցանկանում կրկեսի մերձակա գարեջրատնից հետո մթագնել մեր մտածողությունը բարդ
մատերիաներով, ապա երկրի ղեկավարները խիստ մտավախություն ունեին, որ կապիտալիստական
երկրներում բանվոր դասակարգի ծանր վիճակը վերլուծելուց հետո խորհրդային աշխատավորությունը
կսկսի վերլուծել սեփական վիճակը, ներառյալ մսի հերթերը, կարագի կտրոնները եւ էլի
շատ հետաքրքիր բաներ, այդ թվում եւ այդ ամենի մասին բարձրաձայն խոսելու արգելքը:
Արդյունքում բոլորն էլ իրենց լավ էին զգում:
Հավանաբար այդ էր պատճառը, որ երբ մոտ տասը տարի առաջ Մայիսի 1-ը նորից մտավ մեր
առօրյա, ազգս կարծեց, որ դա նշանակում է կրկեսի մոտի գարեջրատան եւ երեկոյան հեռուստատեսային
համերգի վերադարձ: Սակայն քանի որ իմ սիրելի գարեջրատունը վաղուց արդեն հոգին ավանդել
է նախահայրերին, իսկ հեռուստատեսային համերգների մասին ավելի լավ է չխոսել, առաջարկում
եմ հիշել այդ օրվա իրական նշանակության մասին:
Իսկ Մայիսի 1-ին հեռավոր Ամերիկայում, հեռավոր 1886 թվականին Չիկագոյի բանվորները
ցույցի դուրս եկան հանուն իրենց իրավունքների: Ցույցերը կրկնվում էին երեք օր,
եւ մայիսի երեքին ոստիկանությունը կրակ բացեց ցուցարարների վրա: Սպանվեց վեց հոգի:
Հաջորդ օրը հավաքված ցույցը եւս դաժանորեն գնդակոծվեց ոստիկանների կողմից: Ոստիկանական
սադրիչները ռումբ պայթեցրեցին: Զոհվեցին մի քանի ցուցարարներ եւ ոստիկանության
մեկ աշխատակից: Մայիսի 4-ի ցույցի գնդակոծումը ազդանշան ծառայեց մասսայական ձերբակալությունների
համար: Յուրաքանչյուր օր ձերբակալվում էին հարյուրավոր մարդիկ: Այն ժամանակվա իշխանամետ
թերթերը պահանջում էին փամփուշտներ ռամիկների եւ կախաղան` առաջնորդների համար:
Շինծու մեղադրանքով դատարանի առջեւ կանգնեցին բանվորական շարժման առաջնորդները:
Նրանք գիտեին, որ դատարանն արդեն նախօրոք կայացրել է մահվան դատավճիռ: Այս է Մայիսի
1-ի իրական պատմությունը:
Պատմությունն, իհարկե, կրկնվելու հատկություն ունի, եւ եթե օրենքի որոշ պահապաններին
թվա, որ տողերիս հեղինակը դիտավորյալ է շփոթել «մ» տառով սկսվող գարնանային ամիսները
կամ դեպքի վայր հանդիսացող երկրները, ապա խորհուրդ կտայի նրանց վերընթերցել դպրոցական
պատմության դասագրքերը (փառք Աստծո, բոլորս էլ կրթությունը ստացել ենք խորհրդային
դպրոցում):
Ինչ է այսօր տեղի ունենում Հայաստանում, եւ ինչու ենք մենք պարտավոր նշել Մայիսի
1-ը: Մենք պարտավոր ենք նշել Մայիսի 1-ը, որովհետեւ Հայաստանը քաղբանտարկյալների
թվով վաղուց արդեն անցել է XIX դ. 80-ականների Ամերիկայից եւ մոտենում է XX դ.
80-ականների Հյուսիսային Կորեային: Մենք պարտավոր ենք նշել Մայիսի 1-ը, որովհետեւ
մեր դատարանները ինչպես եւ հարյուր տարի առաջ հեռավոր Ամերիկայում, ընդունում են
իշխանությունների կողմից նախօրոք ճշտված եւ հաստատված որոշումներ:
Սակայն կան էլի պատճառներ, որոնք ստիպում են մեզ վերհիշել Մայիսի 1-ի իրական նշանակության
մասին: Այն, որ այսօր Հայաստանը փաստորեն ղեկավարվում է օլիգարխների կողմից, նույնպես
նորություն չէ: Հարյուր տարուց ավելի առաջ նույն բառերն ասել են ամերիկյան կոնգրեսի
մասին. մոնոպոլիստների կողմից ընտրված սենատը, որը բաղկացած է մոնոպոլիստներից
եւ ծառայում է մոնոպոլիստներին: Կարծում եմ ամեն անգամ, երբ մենք խոսում ենք զանգվածային
ընտրախախտումների, ընտրակաշառքի, վերջապես խորհրդարանի կողմից ընդունվող օրենքների
մասին, որոնք արտահայտում են օլիգարխների շահերը, մենք պետք է հիշենք ամերիկյան
այդ աֆորիզմը:
Իսկ եթե ասվածին հավելենք գների աճը, ժամ առ ժամ խորացող տնտեսական ճգնաժամը, աշխատավարձերը,
որոնք լավագույն դեպքում կարող են բավարարել սնունդ հայթայթելու համար, ապա մենք
այսօր հպարտությամբ կարող ենք ասել. «Մայիսի 1-ը մեր օրն է»:
No 170 (կիրակնամուտ), Մայիսի 2 2009 թ., շաբաթ