No 56 (արտակարգ), Մայիսի 5 2009 թ, երեքշաբթի
«ԴԱՄԲՈՒԼԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ» ԾԱՂԿՈՒՄ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԲԱՄԲԱԿՆԵՐՈՎ ԴԱՏԸ
Քաղբանտարկյալները պնդում են, որ իրենց համար
հստակ չէ, թե ինչում են մեղադրվում
Երեկ շարունակվեցին յոթ քաղբանտարկյալների առանձնացված, սակայն
նույն սկզբունքով ընթացող դատավարությունները։ Մեղադրողներն ու դատավորները ամեն
ինչ անում էին` չեղած մեղադրանքը հաստատելու համար, իսկ քաղբանտարկյալներն ու նրանց
պաշտպանները ձգտում են հնարավորինս պաշտպանել արդարությունը։
Քաղբանտարկյալներ Սուրեն Սիրունյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի գործով դատավարության
ընթացքում շարունակվում են հրապարակվել գործում առկա ապացույց կոչված թղթերը։ Բոլոր
վկաներն արդեն հարցաքննվել են Շենգավիթի դատարանի շենքում ընթացող դատավարության
ընթացքում։ Իսկ ահա Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում
շարունակվում են Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի եւ «Ոգու փորձություն»
ՀԿ նախագահ Հակոբ Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունները։
Երկու նիստերի ընթացքում էլ պաշտպանական կողմի արված բոլոր միջնորդությունները
կա՛մ մերժվում են, կա՛մ էլ, լավագույն դեպքում, հետաձգվում։ Երկու դատավորներին`
Գագիկ Ավետիսյանին եւ Գագիկ Պողոսյանին ներկայացված ինքնաբացարկները համառորեն
չեն ընդունվում։ Այս դատավորները կարծում են, որ իրենք անփոխարինելի են եւ անձամբ
պետք է դատեն քաղբանտարկյալներին։
Ի վերջո, ե՛ւ Ոսկերչյանի, ե՛ւ Հակոբյանի դատավարության ընթացքում երեկ հրապարակվեցին
մեղադրական եզրակացությունները, որոնք իրարից արտագրված անհաջող շարադրություն
էին հիշեցնում։ Երկու քաղբանտարկյալներն էլ հայտարարեցին, որ իրենք իրենց մեղավոր
չեն ճանաչում առաջադրված մեղադրանքում եւ իրենց համար հստակ չէ, թե ինչ հանցանք
են գործել։ Երբ քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանը մեղադրողներ Հարություն Հարությունյանից
եւ Աշոտ Նադոյանից փորձում էր պարզել, թե կոնկրետ ինչ հանցանք է գործել ինքը եւ
ինչպես են կազմակերպել զանգվածային անկարգություններ, մեղադրողները թութակի պես
կրկնում էին, թե մի խումբ անձանց հետ հավաքագրել եք մարդկանց, հրազեն, պայթուցիկներ
բաժանել նրանց ու հրահրել զանգվածային անկարգությունները։ «Բայց նույնիսկ սարքովի
վկաները նման ցուցմունք չեն տվել, ինչպե՞ս եք հիմնավորում դա»,- հարցրեց Ոսկերչյանը,
ապա հավելեց, թե զանգվածային անկարգություն ասելով ինքը հասկանում է փետրվարի 26-ի
իրադարձությունները, երբ Սերժ Սարգսյանին սատարելու համար մարդկանց ստիպողաբար
ավտոբուսներով բերել, լցրել էին Հանրապետության հրապարակ։ Իսկ զավեշտալին այն էր,
որ բացահայտ ցինիզմով աչքի ընկնող դատավոր Գագիկ Պողոսյանը շարունակում էր պնդել,
թե մեղադրանքը բավականին հասկանալի է, հստակ եւ եթե Ոսկերչյանը չի հասկանում, ապա
դա իր խնդիրն է։ Այս խոսքերով դատավորը հերթական անգամ մատնեց այն իրողությունը,
որ ինքն ընդամենը կամակատար գործիք է, բայց, ի տարբերություն մյուս դատավորների,
բեղավոր գործիք է։
Իսկ ահա Հակոբ Հակոբյանը մեղադրող Հովսեփ Սարգսյանի անգրագետ հայերենով շարադրած
մտքերը եւ դատավոր Ավետիսյանի` մեղադրողին արդարացնող խոսքերը չլսելու համար բավականին
արդյունավետ բան է մտածել։ Երբ մեղադրողը կամ դատավորն է խոսում, Հակոբ Հակոբյանը
իր ձեռքի բամբակե փոքրիկ գնդիկներով փակում է ականջները, իսկ երբ իր պաշտպանն է
խոսում` հանում է բամբակները։ Ու այդպես ամբողջ դատի ընթացքում պատգամավորը խնամքով
հանում է իր ականջների բամբակներն ու նորից տեղադրում։ Արհամարհանքի ու անվստահության
արտահայտության այլ ձեւ պատգամավորն այսքան ամիսների ընթացքում չի գտել։ Եվ որպեսզի
նյարդերը տեղի չտան, ու նա ստիպված չլինի վիրավորել դատավորին եւ մեղադրողին, գերադասում
է պարզապես չլսել նրանց: «Ես գիտեմ, թե ինչու եմ նստած, բայց այն, ինչ դատարանում
հրապարակվեց, դրա հետ ոչ մի կապ չունի», երեկ դատարանում հայտարարեց Հակոբ Հակոբյանը։
Իսկ դատարանի բակում դարձյալ վաղ առավոտից հավաքվել էին։ Նրանք երկաթե արգելապատնեշների
այն կողմում կանգնած մնացին այնքան ժամանակ, մինչեւ ավարտվեցին դատավարությունները։
Իսկ ներս մտած մի շարք քաղաքացիներ ծափողջույններով էին դիմավորում քաղբանտարկյալներին։
No 56 (արտակարգ), Մայիսի 5 2009 թ, երեքշաբթի