No 56 (արտակարգ), Մայիսի 5 2009 թ, երեքշաբթի

ՀԱՅԱՆՊԱՍՏ

«ԿՈՄԵՐՑԻԱՆ ՄԻ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒՆԻ` ՓՈՂԸ: ԵՎ ԱՅՆՏԵՂ ՀԱՆՈՒՆ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԵՂԾՎՈՒՄ»

Մաներան ձեւն է: Արվեստի բոլոր բնագավառներում հեղափոխական նորարարություններից հետո միշտ ձեւավորվել է դրա մաներիզմը: Մաներիստները վերցնում են նորարարության արտաքին ձեւը, ստեղծում գործեր` առանց հոգեւոր հիմքի: Դրանք հենց «պոստ» շրջաններն են: Իսկ մաներիզմը, ներողություն, նույն «պլեճ» անելն է: Այսօր, երբ աշխարհը գնում է մոդեռնիզացիայի ճանապարհով, մենք զբաղված ենք մաներիզմով, փաստորեն, «պլեճ» անելով, ու բոլոր ոլորտներում` քաղաքականությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից սկսած, վերջացրած մշակույթով: Մենք անընդհատ աշխարհի «պոստ» շրջանն ենք: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք նկարիչ Մկրտիչ Տոնոյանի հետ:


- Չընդունել ժամանակի խնդիրները` տգիտություն է, չափազանց տուրք տալ ժամանակին` ավելորդ կոսմոպոլիտիզմ: Հիմա տգե՞տ ենք, թե՞ կոսմոպոլիտիզմ ենք խաղում:

- Որեւէ երեւույթի գնահատական տալու համար պետք է ունենալ ընդամենը մեկ ելակետ` դա պրոգրեսի՞վ է, թե՞ ռեգրեսիվ: Երկրորդը` գնահատական տալու համար պետք է ունենալ կոնկրետ չափանիշներ, ինչն այսօր ես չեմ տեսնում ոչ մի դաշտում` ոչ պետական, ոչ իրավական, ոչ մշակութային: Հայկական իրականության մեջ այսպիսի պարադոքս կա` ինչը ժամանակակից է, համարվում է հակահայկական, ինչը հայկական է` չափազանց հին է եւ տրեխավոր, քանի որ մոդեռնիզացիայի փոխարեն մեզանում գործում է մաներիզմը: Եվ մեր մանեւրումները ոչ մի կերպ չեն պատվաստվում: Այդտեղից է ստեղծվում այն թյուր կարծիքը, որ ժամանակակիցը մեզ հակադրվում է:

- Իսկ ժամանակակից աշխարհը մեզ ի՞նչ է պարտադրում:


- Վաղուց ժամանակն է հասկանալու, որ աշխարհը մեզ չի պարտադրում: Մենք ենք վազել, ընկել աշխարհի գիրկը: Նայում ենք, թե նա ինչ հարցեր է քննարկում ու փորձում ենք կողքից «երակ մտնել» մեր փոքր օգուտը վերցնելու համար: Գրանտներ են գրում, հարմարեցնում Եվրոպայի հումանիտար ինստիտուցիաների ստեղծման պահանջներին, գումարի որոշ մասը վերցնում են, մնացած փողը` լվանում, եւ հումանիտար ինստիտուցիաները` որպես արժեք, այլեւս գոյություն չունեն: Ես չգիտեմ մարդու իրավունքների ոլորտում գործող որեւէ հասարակական կազմակերպություն, որը իրականում նվիրված լինի մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին: Որովհետեւ մարդու իրավունքներն այսօրվա Հայաստանի կիսա-արեւելա-միջնադարյան հասարակական կարծրատիպի համար անընկալելի են: Օրինակ` օրինական հարստության գործոնը: Ոչ մի հայ չի հիշում մի դեպք, որ վերջին հարյուր տարում հնարավոր էր օրինական հարստանալ, որովհետեւ մեկը մի քիչ հավաքել է, թուրքն ու պարսիկն են տարել, հետո ռուսներն են եկել, կուլակաթափ արել, սովետը թույլ չի տվել հարստանալ, պիտի թալանեին: Եվ հայի համար փողը միշտ հարամ է եղել: Ու հիմա էլ փողը կուտակում են հարամաբար ու վատնում` իբրեւ ձեռքի կեղտ: Եվ մենք չենք հասկանում, թե ինչու Եվրոպայում ամիսը 5000 դոլար եկամուտ ունեցող մարդն ընդամենը 50 դոլարանոց բջջային հեռախոս է կրում:

- Դաստիարակության տեսանկյունից, օրինակ, արգելում ենք ցածրորակ ֆիլմ դիտել, բայց պարտադրում ենք, որ սիմֆոնիկ երաժշտություն լսենք: Հիմա դա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է համարվում:

- Սրանք դեմոկրատիայի զառամախտի նշաններն են: Այդ արժեքների` նման կարգի շահարկումների ձեռքը Եվրոպան կրակն է ընկել: Խոսքի ազատություն` չի նշանակում ինչ-որ հանդեսի մասնակից կիսագրագետ մեկին անսահմանափակ եթեր տրամադրել, որ հետո էլ նա ինքն իրեն մշակութային գործիչ համարի: Ու ոնց էլ չլինի, 3 միլիոնանոց երկրում 100 հազար մարդ կգտնվի, որ նրանից բութ է, որպեսզի հավատան նրա խոսքին: Իսկ մարդը, ով 30-40 տարի իրեն նվիրել է արվեստին, խորքային քննարկումներ է արել, նա այդ լսարանը չի ունենում, քանի որ այդ մարդը չի կարող շոուի մաս կազմել: Իմ օրինակն ասեմ. արտասահմանում շրջագայություններ ունեցա, անհատական ցուցադրություններ ունեցա, արձագանքներ եղան: Հետաքրքիր մտքերով, գաղափարներով եկել էի, ուզում էի պատմել, բայց ոչ ոքի պետք չէր եւ ոչ էլ հետաքրքիր էր: Ոչ մի հեռուստաընկերությանը բացարձակ հետաքրքիր չէր, որովհետեւ իմ առաջարկածը շոու չէր:

- Այսօր աշխարհում ընթացող ստեղծագործական գործընթացներին մենք ի՞նչ կերպ ենք մասնակցում, եւ արդյո՞ք այդ մասնակցությունն արժեքավոր է:

- Երբ արվեստը աստիճանաբար դարձրին պոպուլյար ու հանրամատչելի, դրանում ոչ մի վատ բան չկար: Բայց երբ տեղ հատկացվեց ցանկացածին, ով ուզում է իրեն դրսեւորել արվեստում նույն մաներիզմի միջոցով, արժեքների հերը վերջնականապես անիծվեց: Գավառներում, գյուղերում միջակությամբ հայտնի դառնալը շատ հեշտ է, եւ մարդը դադարում է ինքն իրենից պահանջել: Եվ արդեն էլ չենք կարողանում հասկանալ` աշխա՞րհն է մեզ պարտադրում, դա հակահայկակա՞ն է, պրոգրեսի՞վ է, թե՞ ռեգրեսիվ: Մենք ազատ ընտրության հնարավորություն ունենք: Եվ հենց մենք չենք մաքուր հաղորդակցվում աշխարհի հետ: Գնալով այդ երկրները, տեսնելով, հաղորդակցվելով ի՞նչ ենք վերցնում, բերում, ի՞նչն ենք օրինակ դարձնում: Վերադառնում են Եվրոպայից եւ խոսում չհիմնավորված մեծամտությամբ:

- Իբր` երբ մենք քաղաքակրթության գագաթին էինք, դուք ծառերից բանա՞ն էիք քաղում:

- Այդ մտայնությունն, իհարկե, ունի իր հիմքերը: Ուղղակի պետք է հասկանալ, այդ մեծամիտ հայը որքանո՞վ է կրում այդ քաղաքակրթությունը, որով այդպես հպարտանում է: Մենք ունենք անհատներ, որ մեր ինքնությունը պահել են ուղղակի իրենց գերհանճարով: Այդ մարդկանց անունները, որ նա մոտավորապես գիտի եւ տալիս է, ոչ մի կապ չունի իր դաստիարակության հետ: Իրականում, աշխարհը մեզ ավելի լուրջ է վերաբերվում, քան մենք ենք մեզ վերաբերվում, բայց դրա հետեւում մի մեծ ինքնասիրահարություն կա:

- Ո՞վ կամ ի՞նչն է մեր պրոգրեսի թշնամին:

- Աշխարհի առաջարկածի լավն ու վատը չհասկանալը: Ստեղծված անկլավը, որտեղ ուղղակի հնարավոր չի լինի ցածր մակարդակից բարձրացում տեղի ունենա: Ով ցանկանում է ինքն իր հանդեպ ազնիվ լինել ու ավելին անել, նրա գլուխը ստեղծագործական դաշտում պարզապես կտրում են: Գիտե՞ս ինչ վատ բան է, երբ մարդն իր երկրում չի կարողանում որեւէ պրոգրեսիվ միտք իրականացնել: Դա նշանակում է` մարդն իր երկրում իր տաղանդը բացահայտելու ոչ մի հնարավորություն չունի: Պրոգրեսի թշնամին հանրամատչելիությունն է, որտեղ գործում է կոմերցիոն օրենքը: Իսկ կոմերցիան մի հայրենիք ունի` փողը: Եվ այնտեղ հանուն մնայուն արժեքների ոչինչ չի ստեղծվում:

Հ.Գ. Այն, ինչ մեզանում մաներիզմի է ենթարկվում, ու` բոլոր բնագավառներում, Եվրոպայի համար կրիմինալ է, դատապարտվում է ազատազրկմամբ եւ շատ խոշոր չափի տուգանքներով: Եվ պետք չէ տխուր դեմք ընդունել, թե սովետը քանդվեց, վարագույրները բացվեցին, աշխարհը իր կեղտը թափեց մեր մաքուր երկիրը: Մենք ինքներս վերցրինք այդ կեղտը, ինքներս մանեւրեցինք, թե «Եվրոպա, բաց գիրկդ, գալիս եմ: Դու ես ինձ ամենահարազատը»: Եվ ինչպես իմ բանախոսն ասաց` «Այլեւս Կրեմլի նման «պապա» չենք ունենալու, որ մեզ օգնի շփվել աշխարհի հետ: Պիտի ինքնուրույն շփվենք, գլուխ հանենք աշխարհից»:


ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

ամբողջ համարը...»»

No 56 (արտակարգ), Մայիսի 5 2009 թ, երեքշաբթի

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Ծառայություններ