No 56 (իրավիճակ), Մայիսի 7 2009 թ., հինգշաբթի
ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ՆՐԱՆՑ ԽՈՍՔԸ
«ԲԻԼԱՅՆ»-ՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԹՂԹԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԵ՞Ն Է
ՀՀ
պետական լեզուն հայերենն է: Սրանից, բնականաբար, տեղյակ են բոլոր գերատեսչությունները,
ինչպես նաեւ` այն մասնավոր ընկերությունները, ովքեր գործում են ՀՀ տարածքում` անկախ
նրանից դրանք տեղական ընկերություններ են, թե օտարերկրյա: Հետեւաբար` «Լեզվի մասին»
օրենքով հաստատված այս դրույթը պարտավոր են պահպանել բոլոր նրանք, ովքեր որոշել
են բիզնես գործունեություն ծավալել մեր երկրում, եթե, իհարկե, ՀՀ կառավարությունն
անձամբ չի որոշում վերոնշյալ օրենքի այդ հատվածը «մատաղ անել» այս կամ այն օտարերկրյա
կազմակերպությանը:
Ընդամենը օրեր առաջ մեր ֆոտոթղթակիցը «Բիլայնի» մասնաճյուղերից մեկում, մասնավորապես`
Հյուսիսային պողոտայում գտնվող մասնաճյուղում, մեկուկես ժամից ավելի սպասելուց
հետո (նկատենք, որ ըստ մեր թղթակցի, ընդհանրապես որեւէ թուղթ վերցնելու համար այստեղ
ստիպված ես լինում ժամերով սպասել), այնուամենայնիվ, կարողացել է ստանալ իր բջջային
հեռախոսազրույցների, այսպես ասած, «ռասպեչատկան», որը եղել է ռուսերեն: Սա չի վրիպել
մեր թղթակցի ուշադրությունից այն պարզ պատճառով, որ դրանով խախտվում է ՀՀ օրենսդրությունը,
ոտնահարվում է պետական լեզուն:
Հայոց լեզվի` որպես պետական լեզվի ոտնահարման այս փաստի մասին մենք պարզաբանումներ
ստացանք «Բիլայն» ընկերության հասարակայնության հետ կապերի մենեջեր Աննա Սիմոնյանից:
Ըստ վերջինիս հավաստիացումների` իրենց ընկերությունում թե՛ ներքին թղթաբանությունը,
թե՛ բաժանորդների սպասարկման այլ հարցերը հիմնականում կատարվում են հայերեն, երբեմն
նաեւ` ռուսերեն լեզուներով: «Հիմնականում հայերենով է արվում, զուգահեռ լինում
է նաեւ ռուսերեն... Եթե ներքին կոմունիկացիա է լինում, որ պետք է հասնի տնօրենին,
իսկ նա ռուս է, արվում է ռուսերեն, մնացած դեպքերում օգտագործվում է հայերենը:
Բաժանորդների խոսակցությունների «ռասպեչատկան» էլ է տրվում հայերենով: Մենք լեզվի
մասին օրենքը չենք խախտում»,-ի հավելումն ասվածի պնդեց «Բիլայնի» հասարակայնության
հետ կապերի մենեջերը:
Սակայն փաստը մնում է փաստ, որ «Լեզվի մասին» օրենքի խախտում, այդուհանդերձ, ռուս
օպերատորի կողմից կատարվել է:
No 56 (իրավիճակ), Մայիսի 7 2009 թ., հինգշաբթի