No 56 (իրավիճակ), Մայիսի 7 2009 թ., հինգշաբթի
ՀԱՅԱՑՔ ԴՐՍԻՑ
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԿՈՐԴԸ` ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ
Ռուսական Polit.ru պարբերականը հրապարակել է ծավալուն մի հոդված,
որտեղ մանրամասն վերլուծվել է Հայաստանի վարած ներկայիս արտաքին քաղաքականությունը`
հատկապես հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաեւ մեր երկրի ներքաղաքական
իրավիճակը: Հոդվածի վերնագիրն արդեն խոսուն է. «Հայաստանը ճանապարհների խաչմերուկում.
ինչպես կանխել ազգային շահերի սպեկուլյացիան»: Հոդվածը ներկայացնում ենք որոշակի
կրճատումներով:
«Ձմեռային որոշակի անդորրից հետո 2009թ. գարունը Հայաստանի համար դարձավ աննախադեպ
քաղաքական ակտիվության ժամանակ: Եվ եթե, որպես կանոն, նման ակտիվությունը լինում
է ընդամենը որեւէ ոլորտում, ապա Հայաստանում գարունը նշանավորվեց բուռն իրադարձություններով
ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականությունում: Ընդ որում, այս ամենին
միացել է նաեւ տնտեսական ճգնաժամը:
Քաղաքական վայրիվերումների մեկնարկը դարձավ մարտի 1-ին կայացած ՀԱԿ-ի հանրահավաքը,
որտեղ ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների
մասին, կանխատեսեց ազգային դրամի փլուզումը եւ հաստատեց երկրում սահմանադրական
կարգերը վերականգնելու վճռականությունը:
Դե իսկ գարնանային քաղաքական անակնկալների շարքում առաջին տեղը առայժմ պահպանում
է ապրիլի 22-ի լույս 23 գիշերը ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման
«ճանապարհային քարտեզը»: Ցեղասպանության 94-րդ տարելիցի նախօրեին ստորագրված փաստաթուղթը
պայթող ռումբի ազդեցություն թողեց: Փաստաթղթի էությունը գաղտնազերծելու փորձ արեց
թուրքական «Սաբահ» թերթը: Հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ կետերից
մեկը` ըստ «Սաբահի», Ցեղասպանության ուսումնասիրման համար պատմաբանների համատեղ
հանձնաժողովի ստեղծումն» էր: Նույն օրը իր բողոքն արտահայտեց Դաշնակցությունը`
հայտարարելով, որ «այդ փաստաթուղթը հարվածում է Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին»:
Եվս 3 օր անց ՀՅԴ-ն հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին եւ իրեն հայտարարեց
ընդդիմություն:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը, որի նպատակը իշխանության
արտաքին լեգիտիմացումն է, հասավ իր գագաթնակետին` հանուն իր իշխանության երկարաձգման
Սերժ Սարգսյանը թերեւս խաղասեղանին դրեց հայերի ցեղասպանության հարցը: Նաեւ ակնհայտ
էր, որ դաշնակների դեմարշը համաձայնեցված էր իշխանությունների հետ, որը նաեւ քաղաքապետի
ընտրություններում ընդդիմադիր ձայները խլելու համար էր: Բայց հերիք չէ, որ Դաշնակցությունն
ինքնին հարգանք ու վստահություն չի վայելում հասարակության մեջ, նաեւ «ընդդիմություն»
դառնալն էլ էր անեկդոտիկ: Ի տարբերություն ՀԱԿ-ի, որի ներկայացուցիչներին հալածում
են, իշխանությունների վերաբերմունքը «ընդդիմադիր» դաշնակների հանդեպ զարմացնում
է իր կիրթ գործելաոճով: Բանը հասավ նրան, որ իշխող կոալիցիան ՀՅԴ-ին առաջարկեց
պահպանել խորհրդարանական երկու հանձնաժողովների աթոռները, եւ ՀՅԴ-ն երախտագիտությամբ
ընդունեց այդ առաջարկը: Ամենազավեշտալին այս իրավիճակում այն էր, որ դրանցից մեկը...
արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էր: Այսինքն, այն հանձնաժողովը, որն անմիջական
կապ ունի հայ-թուրքական հարաբերությունների հետ, որտեղ Դաշնակցությունն ուներ անհաղթահարելի
տարաձայնություններ իշխանությունների հետ:
Թուրքիայի դիրքորոշումը պարզ է. դժվար թե նա համաձայնվի դիվանագիտական հարաբերություններ
հաստատել Հայաստանի հետ եւ բացել հայ-թուրքական սահմանն առանց Երեւանի կողմից Ցեղասպանության
ճանաչման հարցից հրաժարվելու դիմաց: Դա հասկանում է նաեւ ԱՄՆ-ը, որն իր ուսերին
է վերցրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատասխանատվությունը:
Հավանաբար, սա հասկանում է նաեւ Սերժ Սարգսյանը, ով ամերիկացիներին խոստացել է
լուծել հարցը: Միակ «խոչընդոտը» ՀԱԿ-ն է, որը հայտարարեց, թե լինելով հայ-թուրքական
հարաբերությունների շուտափույթ կարգավորման կողմնակից, կտրականապես դեմ է պատմաբանների
համատեղ հանձնաժողովի ստեղծմանը:
Իմանալով Հայաստանում ուժերի իրական դասավորվածությունը, ամերիկացիները ակտիվացրեցին
իրենց շփումները ՀԱԿ-ի հետ. Լ. Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի մյուս ղեկավարների հետ
հանդիպումներ ունեցան ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան, Հայաստանում
ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը, այլ ամերիկացի պաշտոնական անձինք: Եվ չնայած ամերիկացիների
այս ջանքերին, համատեղ հանձնաժողովի ստեղծման հարցում համաձայնություն ձեռք չբերվեց:
Մայիսի 1-ի հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանը ուղղակի մեղադրեց Ռ. Քոչարյանին, Վարդան
Օսկանյանին, Սերժ Սարգսյանին եւ Էդվարդ Նալբանդյանին Ցեղասպանության հարցը պղծելու
եւ այն քաղաքական աճուրդի առարկա դարձնելու մեջ: «Կարելի է փաստել, որ Սերժ Սարգսյանը
վաճառեց Ցեղասպանությունը: Հաջորդ քայլով նա կվաճառի Ղարաբաղը, որից հետո, բնականաբար,
կդառնա Նոբելյան մրցանակ ստացած առաջին հայը»,- հայտարարեց ՀՀ առաջին նախագահը:
Տեր-Պետրոսյանի ելույթը երկրի քաղաքական դաշտի համար կարող է շրջադարձային լինել:
Ըստ անկախ փորձագետների, մեծ է հավանականությունը, որ շուրջ մեկ տարի տեւող ներքաղաքական
ճգնաժամի հանգուցալուծումը Հայաստանում կարող է տեղի ունենալ մայիսի 31-ին` քաղաքապետարանի
ընտրությունների արդյունքում: Վերլուծաբանները վստահ են, որ արդար ընտրությունների
դեպքում ՀԱԿ-ը վստահ հաղթանակ կտանի: Ընդդիմության հաղթանակի մասին են վկայում
նաեւ իշխանական կուսակցությունների կողմից անցկացվող սոցհարցումների արդյունքները:
ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի աղբյուրների վկայությամբ, ընդդիմության օգտին պատրաստ է քվեարկել
մայրաքաղաքի բնակչության 70%-ը:
Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» եւ Երեւանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ
իր մեկնաբանություններն է տվել նաեւ Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ղեկավար
Սմբատ Կարախանյանը:
Նախ, հետաքրքիր է նշել այն փաստը, որ դեռեւս 2008թ. նոյեմբեր-դեկտեմբերին իր վերլուծություններում
Սմբատ Կարախանյանը նշել էր, որ «հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի
հարցի զուգահեռ լուծման` երկուստեք համաձայնեցված ժամանակաչափը ենթադրում է իրական
քայլերի իրագործում 2009թ. մարտ-հուլիս ամիսներին: Այդ թվում Թուրքիայի հետ համաձայնագրի
հրապարակումը Ցեղասպանության օրվա նախօրեին»: Ըստ Կարախանյանի, հաջորդ քայլը կլինի
(ենթադրվում է) Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններից զինվորական ստորաբաժանումների
դուրս բերման մասին համաձայնագիրը (ավելի շուտ` գաղտնազերծումը):
Ինչպես երեւում է, մենք Կարախանյանի կանխատեսումների իրականացման ականատեսն ենք
դառնում: Շատերը գտնում են, որ հայկական կողմը Ցեղասպանության հենց նախօրեին նման
էական քայլի գնաց թուրքական կողմի պահանջով, որպեսզի կանգնեցվի Ցեղասպանության
ճանաչման գործընթացը: Եթե դա այդպես է, ապա նման փաստը պետք է համարել պարզապես
նվեր թուրքերին:
Փոխարենը թուրքական կողմը ակտիվորեն եւ համատարած օգնում էր Հայաստանում եւ Սփյուռքի
շրջանակներում խիստ բացասաբար ընդունվող Հայաստանի իշխանությանը պահպանել աթոռները:
Կարախանյանը հատուկ ընդգծել է, որ դժվար է հրաժարվել այն մտքից, որ Հայաստանի ներկայիս
իշխանությունը ծնված է նրա համար, որ թուրքական հեքիաթը իրողություն դարձնի: «Ըստ
էության, տեղի ունեցավ անձնական շահերը պետականի հետ փոխանակելու առաջին գործընթացը»,
նշել է Կարրախանյանը եւ ավելացրել, որ «ներկայումս կողմերը քրտնաթոր չարչարվում
են, թե երբ իրականացնեն հաջորդ քայլը, որը կարող է տեղի ունենալ նույնքան «անսպասելի»
եւ արագ: Օրակարգում է երկրորդ քայլը, համաձայն որի հայկական կողմը պետք է ԼՂՀ-ին
հարակից շրջաններից դուրս բերի զորքերը, որից հետո կսկսվի այդ շրջաններում ադրբեջանցիների
եւ թուրք էմիսարների բնակեցումը:
Ստեղծված իրավիճակի համար առավել բնութագրական է Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը:
Նա հայտարարել է, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման
գործընթացները զուգահեռ են ընթանում: Ավելի վաղ` ապրիլի 20-ին, Էրդողանը թուրքական
ԶԼՄ-ներին ասել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հայ-թուրքական
սահմանը չի բացվի: Մեկնաբանելով Շվեյցարիայում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկու
տարի ընթացող գաղտնի բանակցությունները, Էրդողանը հայտարարեց, որ սահմանի բացումը
կապված է Ղարաբաղի հարցի լուծման հետ:
Կա եւս մեկ քաղաքական տարր, որը բնութագրում է ստեղծված իրավիճակը: Բառացիորեն
այն պահին, երբ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում էր Ռուսաստանում, ՀՀ ԱԺ
նախագահ Հ. Աբրահամյանը Լեհաստանում Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում
հայտարարեց, թե ոչ մի երկիր, այդ թվում նաեւ Ռուսաստանը, չի կարող թելադրել Հայաստանին:
Այն, որ հայկական իշխանությունների վերջին գործողությունները տեղավորվում են արեւմտյան
կոնցեպցիայի մեջ եւ թելադրված են ամերիկյան կողմից, ապացուցում է նաեւ Սերժ Սարգսյանի
հայտարարությունը, որը նաեւ արել էր ապրիլի 25-ին` երկրի Անվտանգության Խորհրդի
նիստում. «Շվեյցարիայի կողմից համաձայնագրի ստորագրումը, ԱՄՆ-ի պետքարտուղարության
համապատասխան հայտարարությունը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի փոխնախագահի հեռախոսազանգը ինձ,
հաստատում են միջազգային հանրության, առանձնապես Շվեյցարիայի եւ ԱՄՆ-ի պատրաստակամությունը
հետեւողականորեն օժանդակել այս գործընթացին եւ ինչ-որ առումով դառնալ ձեռք բերված
պայմանավորվածությունների երաշխավորներ»: Վերլուծաբանների կարծիքով, Հայաստանի
իշխանությունների կողմից Հարավային Կովկասում առկա խնդիրների լուծման գործում Ռուսաստանին
որպես երաշխավոր չհիշատակելը կարող է հեռուն գնացող հետեւանքներ ունենալ:
Ընդդիմության համոզմամբ, Երեւանի քաղաքապետի ընտրություններում հաղթանակը միակ
ճանապարհն է կանխել ազգային շահերի սպեկուլյացիան: Եվ 2009թ. քաղաքական գարնան
եզրափակիչ ակորդը կհնչի նրա վերջին օրը` մայիսի 31-ին»:
No 56 (իրավիճակ), Մայիսի 7 2009 թ., հինգշաբթի