No 57 (իրավիճակ), Մայիսի 14 2009 թ., հինգշաբթի

ՀԱՆՈՒՆԻ ՄԱՍԻՆ

ԱՎԱՆԻ ՏԵՐԸ ԵՐԵԿ ԱՎԱՆՑԻՆԵՐՆ ԷԻՆ

Երեկ Ավան համայնքում Հայ ազգային կոնգրեսը անցկացրեց իր հերթական նախընտրական հանդիպումը: Հանդիպմանը հետեւեց հզոր երթը. միջադեպեր չեղան, սադրիչներ գործի չդրվեցին (նրանք խումբ-խումբ լուսամուտներից կախված հետեւում էին իրադարձություններին), ոստիկանությունն էլ ջանք թափեց, որպեսզի հանկարծ «միամիտ» չխոչընդոտի ընդդիմության միջոցառումներին:

Գուցե զգաստության պատճառն այն էր, որ այս հանդիպմանը մասնակցում էին նաեւ եվրոպացի դիտորդներն ու դրսի լրագրողները: Ավանի «Սթար» սուպերմարկետին հարող տարածքը լեփ-լեցուն էր մարդկանցով: Հանդիպմանը հետեւում էին նաեւ հարակից շենքերի բոլոր բնակիչները: Ամեն մի լուսամուտից եւ պատշգամբից միաժամանակ մի քանի գլուխներ էին երեւում: Ավելի հեռու տեղակայված շենքերում` պատկերը նույնն էր. միայն այստեղ բնակիչները հանրահավաքին հետեւում էին հեռադիտակներով: ՀՀԿ նախընտրական կենտրոնական շտաբի դիմաց հավաքվել էր ՀՀԿ ակտիվը, որը սուսուփուս եւ ուշադիր հետեւում էր հանրահավաքի բոլոր ելույթներին: Հարակից խանութների, սննդի եւ հասարակական սպասարկման այլ օբյեկտների դիմաց եւս տեղուդադար չկար: Հանրահավաքի ոգին հաղթական էր, բոլորի տրամադրությունը` ակնհայտ բարձր: Երթի ժամանակ ավտոմեքենաներից, լուսամուտներից մարդիկ ողջունում եւ ձեռքով էին անում ընդդիմության առաջնորդներին եւ երթի մասնակիցներին: «Լեւոն նախագահ», «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսների կողքին հնչում էր նաեւ «Անսերժ, Անռոբ Հա-յաս-տան» եւ «Սերժիկ մարդասպան» վանկարկումները:

Ավանում երեկ բավականին լարված մթնոլորտ էր. հենց այդ անհանգստությունն էր, որ ավանցուն տնից ու աշխատանքից հանել եւ բերել էր համայնքի կենտրոն: «Որ իմացա էս քանի օրը ստեղ ծեծուջարդ ա եղել, ասացի` պետք ա գնամ: Գնամ, տենամ էդ ով ա՞ իմ անունից եկել ու ասել, որ Ավանի տերը Տարոնն ա: Ամուսինս էլ նույն ձեւով մտածեց: 18-ամյա տղաս եւ 25-ամյա աղջիկս էլ միացան մեզ: Ստեղ գալով` հասկացա, որ մեր ամբողջ շենքն էլ նույն ձեւով է մտածել ու դրա համար տիրոջ իրավունքով եկել-կանգնել ա այստեղ` դիմավորելու առաջին նախագահին ու իր կողմնակիցներին», ասաց Ավանի բնակիչ Անահիտ Գեւորգյանը: «Էդ տղեքը ավանցի չեն եղել. մերոնք այդպիսի բան չէին անի, աղջիկ ջան», իր հերթին ընդգծեց 84-ամյա Գեւորգ պապիկը։

Իր խոսքում Ավանում կայացած վերջին դեպքերը այսպես մեկնաբանեց ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը. «Իշխանություններն ապացուցեցին, որ իրենք ընդամենը մեկ լեզու են հասկանում` բռնության եւ ուժի լեզուն եւ իրենց չակերտավոր իշխանությունն իրենք այդպես են կարողանում պահպանել»: Ըստ Զուրաբյանի, վերջին դեպքերը խոսում են նրա մասին, որ իշխանությունը վախենում է խոսքից ու գաղափարից, դրանց մրցակցությունից: Ըստ նրա` ժողովուրդը դարձյալ հասկացնել տվեց, որ կարող է կանգնել իր ազատության համար։ «Իսկ նա, ով պայքարում է իր ազատության համար արդյոք ազատամարտիկ չէ՞»: «Ազատամարտիկ է», ներքեւից եղավ պատասխանը։ Զուրաբյանն այս խոսքերից հետո հարթակ հրավիրեց «ազատամարտիկ» կանանց, ովքեր «անհավասար պայքարի մեջ են մտել տականքի հետ»: Վնասվածքներ ստացած Օֆելյա Մարգարյանը, Աստղիկ Աղեկյանն ու Ամալյա Պողոսյանը հայտարարեցին, որ իրենք չեն վախենում ծեծից եւ կանգնելու են մինչեւ վերջ: «Երբեք ես չէի կասկածում եւ չէի հավատում, որ հայ տղամարդը, երիտասարդը իր մոր տարիքի կնոջը կարող է հարվածել, գետնից քար վերցնել եւ խփել նրա գլխին, օրիորդներին վիրավորել եւ անշնորհք ձեւով հայհոյել», հարթակից հայտարարեց Օֆելյա Մարգարյանը։ «2 օր է` Ավանում եմ, 2 օր լավ ծեծ կերա, ծեծ կերա, որ դուք ազատվեք այս բռնապետներից», իր հերթին ասաց Աստղիկ Աղեկյանը, իսկ Ամալյան կոչ արեց դադարեցնել իշխանություններին «ժողովրդին ասել, ինչ կարդան, ինչ ուտեն, առավոտյան երբ արթնանան եւ այլն»:

Վերջին օրերին Ավանում տեղի ունեցած դեպքերը Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հերթին գնահատեց. «Մեր երկիրը այսօր օկուպացված է բռնակալների, ավազակների, բանդիտների կողմից: Մի խումբ ավազակներ` ստոր, տգետ, նվաստ, բռնակալ, ազգադավ, 1998թ. զավթել են իշխանությունը եւ որոշել են` այն ոչ ոքի չպետք է տան: Հոկտեմբերի 27-ից սկսած դա շարունակվում է մինչեւ օրս»: Ըստ Տեր-Պետրոսյանի` պատահական չէ, որ այս իշխանություններն առաջին հերթին ազատվեցին նրանցից, ովքեր իրենց իշխանության բերեցին, իսկ այսօր փորձում են ազատվել նրանցից, ովքեր գնահատեցին իրենց անկախությունը եւ չդարձան նրանց հլու հնազանդ գործիքը: «Երեւանի ոչ մի հարց չի լուծվի, քանի դեռ այս ավազակապետությունը կա», ընդգծեց ՀՀ առաջին նախագահը: «Ես վիրավորված եմ Հայաստանի համար: Այսօր Հայաստանը վերածվել է ֆուտբոլի գնդակի, ով ասես տշում է` ԱՄՆ-ն մի կողմից, ՌԴ-ն` մի կողմից, Եվրոպան` մյուս կողմից, Թուրքիան` մի կողմից, Ադրբեջանը` մի երրորդ կողմից: Վերածվել ենք ծաղրուծանակի», առաջին նախագահի այս խոսքերից հետո երկար հնչեցին «Սերժիկ հեռացիր» վանկարկումները:

Հանրահավաքին հետեւած երթուղին սովորականից երկար էր։ Ժողովուրդը, սակայն, չհոգնեց, եւ նույն ոգեւորությամբ «ոտնատակ արեց» ամբողջ Ավանը։ Ընդդիմության առաջնորդներն արդեն հեռացել էին, իսկ մարդիկ չէին դադարեցնում ինքնաբուխ երթի ընթացքն ու «Պայքար, պայքար մինչեւ վերջ» վանկարկումները։

ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

ամբողջ համարը...»»

No 57 (իրավիճակ), Մայիսի 14 2009 թ., հինգշաբթի

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Ծառայություններ