No 57 (իրավիճակ), Մայիսի 14 2009 թ., հինգշաբթի
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ՈՒՐԻՇ ՃԱՐ ՉԿԱ
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԵԶԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱԿ-ը պետք է համախմբի մարդկանց եւ հասնի հաղթանակի`
ընտրությունների միջոցով
Հարցազրույց
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի
հետ:
- Պարոն Խաչատրյան, հայտնի է, որ «Ժառանգություն» կուսակցությունն
այլեւս Մալաթիա-Սեբաստիա համայնքում չունի որեւէ հանձնաժողովի անդամ, քանի որ կուսակցության
պատասխանատուն դրանք վաճառել է իշխանական կուսակցություններին: Դուք Մալաթիա-Սեբաստիա
համայնքի Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբի պետն եք, ի՞նչ եք կարծում, այդ
իրադարձություններից հետո ընդդիմության դիրքերը թուլացա՞ն, թե այնքան էլ էական
նշանակություն չունեցավ հանձնաժողովի ընդդիմադիր անդամների կորուստը:
- «Ժառանգության» հանձնաժողովի տեղերի հետ կապված այդ խնդիրը եւս մեկ անգամ ապացուցեց,
որ իշխանությունը միայն եւ միայն կեղծիքի միջոցով է փորձում հաջողության հասնել:
Մարդուն շանտաժ են արել, դեռ մեկ ամսից ավելի վերցրել են հսկողության տակ եւ արդյունքում
կարողացան տեղերը վերցնել: Թեեւ նա պատրաստ էր գնալու այդ շանտաժին, քանի որ դեռեւս
նախագահական ընտրությունների ժամանակ մեր արած մոնիտորինգը ցույց տվեց, որ նույն
մարդը այնպիսի մարդկանց էր հանձնաժողովներում նշանակել «Ժառանգության» կողմից,
որոնք չաշխատեցին հանուն արդարության: Նրանք աչք փակեցին ընտրակեղծիքների դեմ:
Լավ էր, որ սա հիմա եղավ, մենք ավելի զգոն ու ուշադիր կլինենք: Այն մարդիկ, ովքեր
վերահսկելու են ընտրությունները 8-րդ եւ 7-րդ ընտրատեղամասերում, պետք է շատ ավելի
կազմակերպված, ուշադիր լինեն: Կատարվածն ընդունենք ի գիտություն եւ շարունակենք
աշխատել` հսկողությունն ավելի մեծացնելով:
- Ընդդիմության ակտիվիստների վրա ճնշումներ գործադրվո՞ւմ են իշխանության այս
կամ այն թեւի կողմից:
- Ճնշումներ կան, այո: Ինչպես անցած ընտրություններից 15-20 օր առաջ, այնպես էլ
այս անգամ փորձեր են կատարվում հանձնաժողովների անդամների, վստահված անձանց հետ
հանդիպելու, ինչ-որ խոսակցություններ ունենալու, վախեցնելու, որպեսզի հրաժարվեն:
Փորձում են հոգեբանորեն ազդել նաեւ քաղաքացիների վրա: Այցելում են մարդկանց բնակարաններ,
դպրոցներ: Թաղապետ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ, ով դարձել է հայտնի կեղծարարների
գլխավորը, դպրոցներում կազմակերպում են ծնողական ժողովներ եւ մարդկանց ասում, որ
եթե չգնան ու չքվեարկեն իրենց ասածով, ապա երեխան չի ավարտի դպրոցը, պրոբլեմներ
կունենա եւ այլն: Հետո տալիս են այդ հայտնի ցուցակը` 100 տոկոսանոց, եւ նաեւ այն
մարդկանց ցանկն են պահանջում, ովքեր գալու են` քվեարկեն: Կեղծիքների իրենց մեթոդներն
ու մեխանիզմները շատ են:
- Եվ այս պայմաններում Դուք ի՞նչ զարգացումներ եք սպասում: Մարդկանց շրջանում
մի տեսակ ընկճվածություն կա:
- Ձեզ ասեմ, որ այդ ընկճվածությունը 15 օր առաջ ավելի շատ էր: Եվ այն մարդիկ, ովքեր
հանդիպում էին մեր քաղաքացիների հետ, դա էին ասում: Բայց հիմա իրավիճակը բավականին
փոխվել է: Մենք արդեն սկսել ենք տուն առ տուն հանդիպումներ կազմակերպել, բակային
հանդիպումներ, եւ արդյունքն ավելի լավ է, եւ մեր նկատմամբ վստահությունը մեծանում
է: Մարդիկ շատ լավ հասկանում են, որ մենք նորից շատ լուրջ տրամադրված ենք: Եւ այն
խոսակցությունները, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը պայմանավորվել է իշխանությունների
հետ, թե Չոռնի Գագոն, միեւնույն է, լինելու է քաղաքապետ, կամաց-կամաց մարում են:
Մարդիկ հավատում են, որ մենք իրական պայքար ենք մղում եւ մեկ նպատակով` հաղթելու:
Արդեն Արաբկիրում, Դավիթաշենում, Ավանում տեղի ունեցած հանրահավաքները ցույց են
տալիս, որ մարդիկ դարձյալ մեզ հետ պայքարելու ցանկություն ունեն: Մենք նաեւ կներկայացնենք
մեր գործողությունները, թե ինչ ենք անելու ընտրությունների օրը, ինչպես ենք պայքարելու
ընտրակեղծիքների դեմ:
- Կոնկրետ ի՞նչ են ակնկալում քաղաքացիները ՀԱԿ-ից:
- Գործողություն: Բոլորն էլ ասում են, որ մենք մտահոգված ենք, այլեւս չենք կարող:
ՀԱԹ բնակիչներն առավել եւս տուժած են: Բացի սոցիալական ճգնաժամից, մարդիկ նաեւ
պատգամավոր ունեն, ով կալանավորված է: Իսկապես, Հակոբ Հակոբյանի գործոնը շատ ազդեցիկ
է: Հանուն Հակոբ Հակոբյանի մի մեծ, մեծ խումբ ընտրազանգված կա եւ պատրաստ է հանուն
նրա լինել ավելի ակտիվ: Հետաքրքիրն այն է, որ մարդիկ չեն էլ խուսափում այդ մասին
ասել: Չնայած որ Հակոբ Հակոբյանի մտերիմների ու ընդհանրապես ընտրազանգվածի նկատմամբ
տարատեսակ ճնշումներ են գործադրվել (ոսկու շուկայի աշխատակիցների, տոնավաճառի աշխատակիցների
ու ընդհանրապես նրա ընկերների), այնուամենայնիվ նրանք բարձրաձայն խոսում են եւ
ասում, որ Հակոբյանի համար իրենք պարտավոր են պայքարել: Հիմա մեր խնդիրն է կազմակերպել
այդ մարդկանց եւ համակարգված հասնել հաղթանակի` ընտրությունների միջոցով:
No 57 (իրավիճակ), Մայիսի 14 2009 թ., հինգշաբթի