No 58 (իրավիճակ), Մայիսի 21 2009 թ., հինգշաբթի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԿՐԻՄԻՆԱԼԻ

ՄՆԱՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԱՎՈՐ ԿՐԻՄԻՆԱԼԸ

Ինչի՞ վրա է հիմնված Սերժ Սարգսյանի իշխանությունը: Համաժողովրդական աջակցության վրա հաստատ հիմնված չէ, հետեւաբար` երկու տարբերակ կա. այդ իշխանությունը հիմնված է կամ կրիմինալի եւ օլիգարխների սափրագլուխ թիկնապահների, կամ ոստիկանության վրա:

Ժամանակ առ ժամանակ այդ երկու կառույցներն, իհարկե, համագործակցում են, բայց միեւնույն է` նրանց միջեւ մրցակցություն միշտ էլ կա: Ուշադրություն դարձրեք` այդ առճակատման մեջ ոստիկանությունը միշտ էլ «նաղդ կրած է»: Վերջին հաշվով, որեւէ նշանակություն չունի, թե օլիգարխները քանի հարյուր (կամ հազար) թիկնապահ ունեն. եթե պետք լինի, ոստիկանությունը կշրջապատի նրանց բոլորի տները, ուղղաթիռներով վերեւից մի քանի հրթիռ կարձակի, մի քանի հազար ավտոմատավոր կհանի նրանց դեմ, եւ հարցը կփակվի: Եվ այդ ընթացքում, հավատացեք, հասարակության համակրանքը ոստիկանության կողմը կլինի: Ոչ թե այն պատճառով, որ հասարակությունը դեմ է «ախրաննիկների» ինստիտուտին, այլ որովհետեւ հասարակությունը միշտ պետության կողքին է, իսկ պետության շահերը (համենայն դեպս` առաջին հայացքից) ոստիկանությունն է ներկայացնում:

Բայց արդյո՞ք պետության շահերն իսկապես ոստիկանությունն է ներկայացնում: Ուշադրություն դարձրեք, թե ինչ է կատարվում այսօր մարտի 1-ի գործով դատավարություններում: Հավատացնում ենք` համաշխարհային պատմության ընթացքում այնքան էլ շատ չեն դեպքերը, երբ որեւէ երկրի ոստիկանություն գործել է այդքան բացահայտ եւ այդքան լկտիորեն: Այսինքն` այս իմաստով մենք իսկապես բացառիկ ազգ ենք: Ի՞նչ է տեղի ունենում: 2008թ. մարտի 1-ից հետո, բանից պարզվում է, իրավապահները ձերբակալել են ինչ-որ մարդկանց, հետո սկսել են խոշտանգել նրանց եւ ցուցմունքներ կորզել, իսկ հիմա, երբ այդ «գործերը» մտել են դատարան, եւ ակնհայտ է դարձել, որ իրավապահներն այդ ընթացքում իրենց դրսեւորել են քրեական հանցագործների պես, իրավապահներն առեւանգում են այդ նույն վկաներին, պատանդ վերցնում նրանց հարազատներին եւ անում ամեն ինչ, որպեսզի հանկարծ դատարանում ճշմարտությունը չբացահայտվի: Ընդ որում, այդ ամենն արվում է բացահայտորեն: Ասենք, որեւէ գործով դատարան է ներկայանում հերթական վկան եւ պատմում, որ իրենից ցուցմունքներ կորզելու նպատակով իրավապահները 48 ժամ շարունակ խոշտանգել են իրեն, ծեծել, ոլորել եւ ջարդել թեւերը, եւ ի վերջո` կորզել իրենց անհրաժեշտ ցուցմունքները: Իսկ հարգարժան դատավորները սկսում են քաղաքավարությամբ հետաքրքրվել` արդյոք ձեր ա՞ջ ձեռքն են ջարդել, թե՞ ձախը, կամ` երբ ձեզ ոտքերով ծեծում էին, ի՞նչ համարի կոշիկ էին հագել: Վերջում էլ, բնականաբար, որոշում են, որ պետք է հիմնվել տվյալ վկայի «նախնական» ցուցմունքների վրա: Սա իսկապես բացառիկ երեւույթ է. նման լկտիություն կարող են թույլ տալ միայն բացառիկ ազգերը: Ավելին. մեր դեպքում բացառիկ է նաեւ այն, որ ժողովրդի եւ ոստիկանության միջեւ պայքարը բացահայտ է, ոչ ոք ոչինչ չի թաքցնում: Քաղաքակիրթ երկրներում, օրինակ, կփորձեին անցանկալի վկային ահաբեկելու անանուն հեռախոսազանգերով, նրա տան շեմին սատկած ձուկ կդնեին եւ այլն: Հայաստանում այդպիսի «թիթիզությունների» կարիք չկա. օրը ցերեկով շրջապատում են վկայի տունը (իբր` վերահսկում են) ու լրատվամիջոցներով հայտարարում, որ եթե նա «սխալ» ցուցմունքներ տա, հազիվ թե ողջ-առողջ տուն հասնի: Ում ուզում ես` գնա բողոքիր: Պետք լինի` օրը ցերեկով բողոքողին էլ կառեւանգեն եւ կհայտարարեն, որ նա սխալ բողոք է գրել, դրա համար էլ ոստիկանությունը նպատակահարմար է համարել ապահովել նրա անվտանգությունը:

Ինչո՞ւ ենք ասում այս ամենը: Պարզապես արձանագրում ենք, որ Հայաստանում իշխանություն-ընդդիմություն պայքար չկա, Հայաստանում կա պայքար հասարակության եւ կրիմինալի միջեւ, ընդ որում` այդ կրիմինալը վաղուց արդեն հաջողացրել է ոստիկանական համազգեստ հագնել եւ «իրենով անել» դատարանները: Միաժամանակ արձանագրում ենք նաեւ, որ Ալիկ Սերգեյիչը բացարձակապես չի տիրապետում ոստիկանական համակարգին եւ ըստ էության` ոստիկանապետ չէ: Եթե նա իսկապես ոստիկանապետ լիներ, հանգիստ կարող էր ամեն առավոտ մտնել Սերժ Սարգսյանի աշխատասենյակ, իր մոտ հրավիրել, ասենք, Սաշիկ Սարգսյանին, երեք անգամ կտտացնել նրա գլխին ու հանգիստ գնալ իր գործին: Միեւնույն է` Սերժ Սարգսյանը ոչինչ անել չէր կարող, որովհետեւ նրա միակ հենարանը ոստիկանությունն է: Բայց Ալիկ Սարգսյանը, հասկանալի է, այդպես վարվել չի կարող, որովհետեւ նույն ոստիկանությունում հասկանում են, որ նա, մեծ հաշվով, ոչինչ է:

Բայց թող շատ չհուսահատվի: Վերջին հաշվով` իրեն ոստիկանապետի պաշտոն են վստահել հենց նրա համար, որ ինքը ոչինչ է: Այլապես ուրիշին կնշանակեին:

ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

ամբողջ համարը...»»

No 58 (իրավիճակ), Մայիսի 21 2009 թ., հինգշաբթի