No 855 (ինտերնետային No 1015), Մայիսի 27 2009 թ., չորեքշաբթի
ԼՐԻՎ ԳԺՎԵԼ ԵՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Իսկ ոստիկանները դեռ իրենց տարերքի մեջ են
Մեր ընթերցողն արդեն տեղյակ է, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործով դատակոչված
վկա Մուշեղ Անտոնյանը երեկ օթեւանել էր «ՉԻ» խմբագրությունում: Պարզվում է, որ
հանցագործությունների ընդունակ ոստիկանության ապօրինի գործողություններից մարդուն
հեռու պահելը մեր երկրում համարվում է գրեթե հանցագործություն: Համենայնդեպս դատարան
ուղարկված Մալաթիայի ոստիկանապետի գրությունը, կարծես, դրա մասին էր խոսում:
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՖՈՏՈՍԵՍԻԱՆ
Բայց ամեն ինչի մասին հերթով. մենք առավոտյան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության
ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, մի խումբ լրագրողների եւ ՀՀ օմբուդսմենի գրասենյակի
աշխատակիցների հետ միասին վկա Մուշեղ Անտոնյանին օգնեցինք քաղաքացիական հագուստով
քրեական տարրեր հիշեցնող ոստիկան կոչեցյալներից պաշտպանվելով հասնել դատարան, ցուցմունքներ
տալ: Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի խումբ մենթեր վաղ առավոտից եկել էին մեր խմբագրության
մոտ եւ սպասում էին հարմար պահի, որպեսզի առեւանգեին վկային: Մալաթիայի ոստիկանապետ
Գագիկ Ավետիսյանը` Շեռլոք Հոլմսը, դարձյալ իր բուն պարտականությունը թողած, ողջ
անձնակազմին` փոխոստիկանապետի գլխավորությամբ ուղարկել էր Մուշեղ Անտոնյանի հետեւից:
Պետք էր տեսնել, թե ինչ անգրագետ էին գործում օպերատիվ աշխատանքի համար պետբյուջեից
սնվող մենթերը: Իրենց ղեկավար Ավետիսյանի պես արտաքին ֆոն էին ընդամենը ապահովում`
երբեմն էլ լուսանկարելու հնարավորություն չունեցող հեռախոսները առաջ պարզելով,
թե իբր նկարում են ողջ տեսարանը: Բայց Արմեն Մարտիրոսյանն իր ծառայողական մեքենայով
վկային անվտանգ տեղ հասցրեց: Նույն բութ դեմքերով մենթերը հավաքվել էին այս անգամ
էլ դատարանի առջեւ: Սակայն պատգամավոր Մարտիրոսյանից եւ վկայի փաստաբանից բացի
որեւէ այլ մարդ վկային հատկացված սենյակ չմտավ: Այն հսկվում էր կարգադրիչների կողմից:
Մի փոքր անց դատարան եկավ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, տեսավ ոստիկանների
թիրախ վկային, միջանցքում նրան շրջապատած տարբեր գույնի մենթերին եւ նրանց գործողություններին
ակնդետ հետեւող լրագրողներին: Իրավիճակը բավականին լարված էր: Բանն այն է, որ Մալաթիայի
բաժնի աշխատակիցները այս վկայի անունից դատարան դիմում էին ներկայացրել, թե Անտոնյանը
գնացել է Թբիլիսի եւ խնդրում է իր նախաքննական ցուցմունքները հիմք ընդունել: Բայց
վկան ոչ միայն Հայաստանում էր, այլեւ իր ոտքով դատարան էր եկել` փաստաբանի հետ:
Սա էր անասելի բարկացրել Մալաթիայի գլխավոր մենթին, դրա համար էլ ամեն կերպ ցանկանում
էր տանել եւ «մշակել» վկային, ինչը չհաջողվեց Շեռլոք Հոլմսին: Մուշեղ Անտոնյանը
դատարանում ասաց, որ ինքը որեւէ դիմում չի գրել եւ չի ստորագրել ոչ մի թղթի տակ:
Այսինքն, մենթերը «փչել» են հերթական սուտը եւ չբռնվելու համար էին կաշվից դուրս
գալով փորձում տանել վկային:
Երեկ մեզ մոտ ապաստանած վկան ասաց, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ բացի
իրենց համար ընդհանուր` շների թեմայից, որեւէ այլ բանի մասին չի խոսել: «Ես ի՞նչ
պիտի խոսեի Հակոբյանի հետ» հարցով էր վկան պատասխանում իրեն ուղղված հարցերին:
Թեեւ նրա նախաքննական ցուցմունքում գրված էր, որ Հակոբ Հակոբյանն իր վրա մուննաթ
է եկել եւ հարցրել, թե սերժակա՞ն ես: Բացի դրանից իբր Հակոբյանը սպառնացել է, որ
եթե չգնա հանրահավաքի, ապա կհեռացնի աշխատանքից: Հակոբյանը երեկ վկայից նախ հետաքրքրվեց,
թե արդյո՞ք «սերժականի խոսակցություն մեր մեջ եղե՞լ է, թե՞ չի եղել, գործից դու
դուրս եկե՞լ ես: Ասա` էլի: Դու նորմալ մարդ ես, բայց սենց ցուցմունք առնվազն չգիտեմ
ինչ վիճակի մեջ պիտի եղած լինեիր, որ գրեիր: 20 տարուց ավել Սերժի հետ ընկերություն
ենք անում, ով որ ստիպել է տենց բան գրել, կապիկություն ա արել»: Այնուհետեւ Հակոբյանը
խնդրեց երդվել, որ նման բան չի եղել, ինչը Անտոնյանը սիրով արեց: «Ինձ էս էր պետք»,-
բավարարված նշեց քաղբանտարկյալը: Անտոնյանը տեղեկացրեց նաեւ, որ ինքն աշխատել է
«Մալաթիա» տոնավաճառի սեփականատերերից Սամվել Ավետիսյանին պատկանող «Ռաֆայել-Տաթեւ»
ՍՊԸ-ում: «Բայց Հակոբ Հակոբյանն ինչ կապ ունի իմ գործի հետ, ես Սամվելի մոտ եմ
աշխատել: Բացի դա, ես Հակոբ Հակոբյանի հետ չեմ հանդիպել, չեմ խոսել նրա հետ»,-
ասաց վկան: Մի խոսքով, այս վկան էլ հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքներից` նշելով,
որ դրանք չի կարդացել, քանի որ իրեն որեւէ մեկը չի զգուշացրել, որ սուտ ցուցմունք
տալու դեպքում կարող է պատասխանատվության ենթարկվել:
ՍԱՅԼԸ ՃՌՌԱԼՈՒՆ` ՍԱՅԼՎՈՐՆ Է ՃՌՌՈՒՄ
Հակոբյանի գործով դատավոր Գագիկ Ավետիսյանը երեկ ընթերցեց ոստիկանության Մալաթիայի
բաժնի նույնանուն պետ Գագիկ Ավետիսյանի գրությունը` համաձայն որի երեկ ոստիկանների
աշխատանքը խոչընդոտել են ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության
նախագահ Արամ Կարապետյանը, տողերիս հեղինակը, փաստաբաններ, մի քանի կանայք: Մենք,
իհարկե, չէինք կասկածում Շեռլոք Հոլմսի ընդունակություններին: Օրենքի անունից հանդես
եկող այս մենթը անգամ ոստիկանության բաժնի պատիվը պաշտպանելու շնորհք չունի եւ
իրեն թույլ է տալիս գրություն ուղարկել` այնտեղ շարադրելով սեփական հանցածին արարքները:
Պարզվում է` մենք նախօրեին գործ ենք ունեցել ոչ թե բանդիտների, այլ օրենքի պահապան
ոստիկանների հետ: Ինչպիսի~ խայտառակություն` «տեղը չենք բերել»: Բայց այս թեմային
մենք դեռ կանդրադառնանք:
ՓԻԼՈՅԱՆՆ ԱՆԻՄԱՍՏ ԴԻՄԱԴՐՈՒՄ Է
ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի գործի դատաքննությունը երեկ ծայրաստիճան սրվեց:
Աբովյանի դատարանում, եթե, իհարկե, կարելի է այդ շենքն ու պայմանները դատարան անվանել,
երեկ հարցաքննվեց փաստաբանի հետ դատարան ներկայացած վկա Հովհաննես Մխոյանը: Երբ
Սասուն Միքայելյանն ընդհատակում էր, այս մարդը նրան սնունդ էր հասցնում: Միքայելյանին
ձերբակալելու օրը եւս Հովհաննես Մխոյանը եղել է Միքայելյանի հետ: ՀՔԾ-ն Մխոյանին
դատապարտել է` Միքայելյանի տեղն իմանալ, չհայտնելու համար` դրանով Հովոյին դարձնելով
իրենց համար կառավարելի: Պայմանական պատիժն էր պատճառը, որ վկան դատարանում ասաց,
թե իրեն չեն ծեծել: «Ինչո՞ւ ես սուտ խոսում, ես քո հետ էի եւ տեսա, ոնց ծեծեցին
քեզ»,- դիմեց իրեն շատ հարազատ վկային Միքայելյանը, որից հետո դատախազ Կորյուն
Փիլոյանն «անպոչ գդալի պես» մեջ ընկավ, թե վկայի վրա ճնշում է գործադրվում: Այս
խոսքերը վերջնականապես հունից հանեցին «Սասուն» ջոկատի հրամանատարին, ու նա սկսեց
կոպտորեն վիրավորել իրական ստախոսներին: Փիլոյանն էլ դա վերցրեց իր վրա ու փորձեց
հակադարձել: Բավականին պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել: Որոշվեց Միքայելյանին
8 օրով հեռացնել դատարանի դահլիճից: Փիլոյանի շողքից ահաբեկված դատավոր Հրայր Սարգսյանն
ընդմիջում հայտարարեց` հրահանգելով կարգադրիչներից որեւէ մեկին ներս չթողնել: Մենք
ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի հետ ներքեւում էինք, իսկ կարգադրիչներն ասում էին,
թե դատավորն արգելել է որեւէ մեկին ներս թողնել: «Դատական նիստը փա՞կ է»,- փորձեցինք
հասկանալ: Կարգադրիչը ներս մտավ, խոսեց դատավորի հետ եւ Արամ Կարապետյանի միջոցով
կամ, ինչպես ասում են, «ծանոթի կարգով» մենք մտանք նիստերի դահլիճ: Դատավորին «հայտնաբերեցինք»
լիակատար հրճվանքի մեջ. Սասուն Միքայելյանն ու նրա հարազատները դահլիճում չէին:
Իսկ դրսում տասնյակ մարդիկ կրկին հավաքվել էին եւ վանկարկում էին «ազատություն»:
Նրանք անասելի վրդովված էին եւ նույնիսկ մտածում էին իրենց կամանդիրին բարկացրած
Փիլոյանին տանել եւ «կորցնել»: Արամ Կարապետյանը խորհուրդ տվեց ծայրահեղ քայլերի
չդիմել, հանգիստ գնալ` հուսադրելով, որ ամեն ինչ լավ կլինի: Հաջորդ դատական նիստը
նշանակվեց հունիսի 1-ին:
ՎԿԱՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՑՈՒՑՄՈՒՆՔԻՑ` ԴԱՏԱՐԱՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում պատգամավոր Մյասնիկ
Մալխասյանի գործով մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդեց դադարեցնել վկաների
հարցաքննությունը` հետազոտելով գործում առկա ապացույցները: Թեեւ վկա Ռաֆիկ Բալբաբյանը
դատարան էր ներկայացել, բայց նրան հնարավորություն չտրվեց ցուցմունքներ տալու:
Բայց չնայած սրան, Բալբաբյանին եւս ոստիկանները մի քանի անգամ տարել են, ստիպել,
որ պնդի իր նախաքննական ցուցմունքները, բայց նա հրաժարվում էր իր ցուցմունքներից:
ՀԵՌԱՑՐԵՑ ԴԱՀԼԻՃԻՑ
Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի գործով եւս որոշվեց սահմանափակվել
7 վկաների հարցաքննությամբ, թեեւ 15-ն էին դատակոչված: «Ինձ այլեւս չի հետաքրքրում,
թե ինչ կորոշի դատարանը, ես թքած ունեմ»,- երեկ դատարանում հայտարարեց Ոսկերչյանը,
որին դատավոր Գագիկ Պողոսյանը երկու օրով հեռացրեց դատարանի դահլիճից: Նա դահլիճից
դուրս հրավիրեց նաեւ բոլոր ներկաներին, ովքեր ծափահարել էին դատարանում: Պարզվում
է, որ այս դատավորը նաեւ վիրավորվել գիտի, եւ նրան խիստ տանջում են ծափահարությունների
ձայները: Հանկարծ մի լուրջ բան չպատահի՞:
No 855 (ինտերնետային No 1015), Մայիսի 27 2009 թ., չորեքշաբթի