173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ
«ՉԻ» ՌԻԹՄՈՎ
ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՍՕՐ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ
Երեկ` հուլիսի 22-ին, ժամը 11.34-ին, 1-02 հեռախոսահամարին անհայտ քաղաքացուց ահազանգ
է ստացվել, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Գագիկ Խաչատրյանի աշխատասենյակում պայթուցիկ սարք է տեղադրված։ Անմիջապես դեպքի
վայր մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ինչպես եւ ՀՀ Ազգային անվտանգության
ծառայության, Արտակարգ իրավիճակների նախարարության եւ հրշեջ ծառայության աշխատակիցներից
կազմված օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը։
Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը
պարզելու ուղղությամբ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ավելացնենք նաեւ, որ այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր
իրավասության դատարանում շարունակվելու է Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացրած
խմբի դատավարությունը։ Հիշեցնենք, որ այդ գործով ձերբակալված են արցախյան պատերազմի
մի խումբ մասնակիցներ, ավելի որոշակի` ,Չղջիկե ջոկատի տղաները։ Մեր տեղեկություններով,
այսօր դատարանում վկայություն է տալու Գագիկ Խաչատրյանը, ըստ այդմ` դատական կարգադրիչներին
հրահանգված է ուժեղացված ծառայություն իրականացնել, եւ ապահովել պետական պաշտոնյայի
մուտքը դատարանի շենք` հետնամուտքից։
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ
Գազի սակագնի բարձրացման դեմ 7230 քաղաքացու հայցով դատական ակտը կհրապարակվի երկուշաբթի
օրը` հուլիսի 26-ին, ժամը 10։00-ին։ Հիշեցնենք` Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությամբ
դեռեւս ապրիլին ներկայացված հայցադիմումով քաղաքացիները պահանջում են անվավեր ճանաչել
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 26-ի որոշումը։
Համաձայն այդ որոշման` ապրիլի 1-ից ՀՀ քաղաքացիները 1000 քմ գազի դիմաց վճարում
են 132.000 դրամ` նախկին 96.000 դրամի, իսկ խոշոր սպառողները` 243.13 դոլար` նախկին
215 դոլարի փոխարեն։ Հայցը քննվել է գրավոր ընթացակարգով, եւ հայցվոր կողմի բոլոր
ջանքերը` կապված հասարակական հնչեղությամբ այս գործը բանավոր քննելու հետ, ապարդյուն
են անցել։
Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղարի փոխանցմամբ` դատական ակտը հրապարակվելուց հետո
այն սահմանված կարգով կուղարկվի վարույթի մասնակիցներին եւ կտեղադրվի Հայաստանի
դատական համակարգի պաշտոնական կայքէջում։
ԴԻՎԵՐՍԱՆՏԸ ՆԱԵՎ ՀԵՐՈՍ Է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն երեկ հերոսի կոչում է շնորհել Մուբարիզ Աղաքերիմօղլու
Իբրահիմովին. նա հունիսի 18-ին Չայլու գյուղի մերձակայքում հայկական դիրքերի վրա
հարձակված ադրբեջանական դիվերսիոն խմբի զոհված ենթասպա է։ Հիշեցնենք, որ հունիսի
18-ին հայ-ադրբեջանական սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել էր թափանցել ղարաբաղա-ադրբեջանական
զորքերի շփման գոտու հյուսիս-արեւելյան հատված։ Տեղի էր ունեցել դիմահար մերձամարտ,
որի արդյունքում ադրբեջանցիները հետ էին քաշվել` թողնելով Իբրահիմովի դիակը։ Հայկական
կողմից զոհվել էր հինգ, վիրավորվել եւս երեք զինծառայող։ Ադրբեջանցի ենթասպայի
դիակը մինչեւ օրս հայկական կողմում է եւ ըստ ՀՀ ՊՆ-ի ` Բաքուն առայսօր այն վերադարձնելու
դիմում չի ներկայացրել։
Իբրահիմովին հերոսի կոչումը շնորհելիս` Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե այն տրվում
է բացառիկ ծառայությունների եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը
պաշտպանելու գործում ցուցաբերած անվեհեր քաջության համար։ Մեկ այլ որոշմամբ էլ
Ադրբեջանի նախագահը կառավարությանը հանձնարարել է հավերժացնել Իբրահիմովի հիշատակը`
նրա ծննդավայր Բիլյասավուրի շրջանում նրա անվամբ կոչելով փողոց եւ միջնակարգ դպրոց։
173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ