173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ

ՁՎԵՐԸ ԽԱՉՎԵՑԻՆ

ԱՆԱՌՈՂՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ

Թե հատկապես ինչերն են խանգարում վատ պարողին՝ բոլորին է հայտնի, բայց այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի ,ձվի ապրանքային շուկայումե, շատերի համար առ այսօր էլ երեւի գաղտնիք է։ Մինչդեռ ,գործընթացըե բավականին թափանցիկ էր։

Երեւանի թռչնաֆաբրիկայի սեփականատերը որոշել էր ,իրենով անելե մյուս խոշոր թռչնաֆաբրիկաները եւս եւ այդպիսով մոնոպոլիստ դառնալ, ինչը եւ հաջողությամբ իրականացրեց։ Ձվի գներն արհեստականորեն իջեցվեցին, ֆաբրիկաները սկսեցին վնասով աշխատել, ու որոշ ժամանակ անց մյուսները պարզապես չդիմացան մրցակցությանը եւ ստիպված եղան իրենց ֆաբրիկաները վաճառել Երեւանի թռչնաֆաբրիկայի տիրոջը։ Վերջ, թամաշան ավարտվեց։ Գործարքը կայանալուն պես նոր սեփականատերը հրահանգեց կտրուկ բարձրացնել ձվի գինը։

Զավեշտն այստեղ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պահվածքն էր։ Հիշո՞ւմ եք, թե դեմքի ինչ մտահոգ արտահայտությամբ էին այդ կառույցի պաշտոնյաները խոսում ,անառողջ մրցակցությանե ու ,դեմպինգային երեւույթներիե մասին։ Նույնիսկ վարույթ հարուցեցին, ու չզարմանաք, եթե հանկարծ պարզվի, որ մի երկու կազմակերպության նաեւ տուգանել են ¥ասենք՝ մի կես միլիոն դրամով¤։ Ժանրի կանոնները դա են պահանջում։ Նրանք պիտի վարույթ հարուցեն, պիտի ձեւացնեն՝ իբր չեն հասկանում, թե ինչ է կատարվում եւ այլն։ Մինչդեռ հասկանալի է, որ Հայաստանում բիզնեսի վերաբաշխումն առանց իշխանությունների ամենավերին օղակների համաձայնության տեղի չի ունենում։ Այսինքն՝ հասկանալի է, որ ոլորտի նոր օլիգարխը նախապես ստացել է Սերժ Սարգսյանի ,դաբրոնե եւ միայն դրանից հետո անցել գրոհի։

Մեզ համար, իհարկե, բացարձակապես որեւէ նշանակություն չունի, թե ում ձեռքին կկենտրոնանա ողջ բիզնեսը՝ Ջրաշխարհի Խաչիկի՞, Մաքս-գրուպի Խաչիկի՞, թե մեկ ուրիշի։ Խնդիրն այն է, որ նախ՝ այս ,օպերացիայիցե հետո գները կտրուկ բարձրանալու են ¥ինչպես ցանկացած ոլորտում, որտեղ մենաշնորհ կա¤, եւ երկրորդ՝ այս պատմությունը լավագույնս է բացահայտում Հայաստանի բիզնես-միջավայրի առանձնահատկությունները։

Ի վերջո ինչպե՞ս է աշխատում ,հայկական բիզնեսըե։ Մեխանիզմը շատ պարզ է։ Որեւէ մեկը, ով բավականին շատ փող ունի եւ ի վիճակի է ստանալ Սերժ Սարգսյանի ,դաբրոնե, նստում ու մտածում է, թե ինչպե՞ս հնարավորինս կարճ ժամանակահատվածում հնարավորինս շատ փող աշխատի։ Արտահանման ոլորտը փակ է ¥ընդհուպ մինչեւ ծիրանի եւ ոչխարների արտահանումը¤, ներմուծման ոլորտում վաղուց ամեն ինչ մեջ-մեջ է արված, բյուջեն լափելու իրավունքը տրվում է կոալիցիոն քվոտաներով, ու տակը համարյա բան չի մնում։ Ստիպված՝ պիտի մտածեն հետեւյալ սկզբունքով. ,Լավ, ինչի՞ վրա է փող ծախսում էս ժողովուրդըե։ Մի քիչ մտածում են ու պարզում, որ ձուն լավ էլ բիզնես է, կարող է հսկայական շահույթ ապահովել, բայց մինչեւ հիմա ոչ մեկը չի ,ֆայմելե մենաշնորհ հաստատել այդ ոլորտում։ Սա իսկապես մեծ բացթողում է՝ եթե հաշվի առնենք, որ հացի ¥հացահատիկի ներկրման¤, շաքարավազի, ձեթի, կարագի եւ մյուս կարեւորագույն ապրանքային շուկաներում վաղուց մենաշնորհներ են։ Այնպես որ՝ կարող ենք գրազ գալ. որոշ ժամանակ անց մոտավորապես նույնը տեղի է ունենալու նաեւ պանրի շուկայում։ Այդտեղ նույնպես ընդամենը մի քանի խոշոր կոմբինատներ կան, եւ դրանք նույնպես մրցակցում են։

Կարող են հարցնել՝ իսկ ինչո՞ւ նույնպիսի մենաշնորհներ չեն հաստատվում, ասենք, տրանսպորտի բնագավառում ¥տաքսի-ծառայությունների ոլորտում¤։ Որովհետեւ մի ուրիշ պայման էլ կա. պիտի այնպես անել, որ սոցիալական բունտ տեղի չունենա։ Տաքսի-ծառայությունների ոլորտում շատ մեծ թվով մարդիկ են ներգրավված, ու նրանք իրենց օրվա վաստակից զրկվելու դեպքում հաստատ փողոց դուրս կգան։ Իսկ ձվի կամ պանրի դեպքում իրավիճակն ուրիշ է։ Հո մարդիկ փողոց դուրս չե՞ն գալու, թե ինչ է՝ դրանք մի քիչ թանկացել են։

Մի խոսքով, ակնհայտ է, որ այս ամենն արվում է իշխանությունների գիտությամբ եւ համաձայնությամբ։ Հակառակ դեպքում ի՞նչ մի դժվար բան էր այդ ,անառողջ մրցակցությունըե կանխելը։ Նույնիսկ Սերժ Սարգսյանի անձնական միջամտության կարիքը չէր զգացվի։ Նրա վարորդը կզանգեր ոլորտի գործարարներին, կասեր ,մի հատ հանգստացեքե, եւ ամեն ինչ տեղը կընկներ։

ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

ամբողջ համարը...»»

173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ