173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ

ԱՆՀԱՆԳԻՍՏ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ԱՄԱՌՆ ԱՆՑՆՈՒՄ Է, ԻՍԿ ԱՄԱՌԸ ՎԱՅԵԼՈՒՄ Է ՀԱԶԱՐԻՑ ՄԵԿԸ

Ամառն անցնում է. ոմանք հասցնում են լիարժեք հանգստանալ, ոմանք հնարավորություն չունեն` անգամ քաղաքից դուրս գալու, ոմանց համար էլ ամառը ոչ թե հանգստի, այլ բուռն աշխատանքի շրջան է։ Թե ինչպես են անցկացնում ամառը մեր հայրենակիցները, փորձեցինք պարզել փոքրիկ հարցախույզով։

Գայանե Սահրադյան, ԵՊՀ ուսանողուհի

Ընկերուհիներով գնացինք Թալին` մեր կուրսեցու տուն, երկու օրով , մի շաբաթով էլ գնացինք Գորիս` մեր մյուս կուրսեցու տուն, Տաթեւը տեսանք, լավ հանգստացանք։ Ուրիշ հանգիստ չեմ կարծում , թե կլինի։ Հա, շատ կուզենայի գնալ, բայց ավելի լավ ա` էդ փողը ծախսեմ իմ վրա, շուտով սեպտեմբերը կգա` ահագին բան ունեմ առնելու։ Հույս ունեմ, որ մյուս տարի կամուսնանամ, ամուսնուս հետ կմեկնեմ էկզոտիկ մի վայր։ Եթե հարուստ լինի, իհարկե։

Սուսաննա Կարապետյան, տնային տնտեսուհի

Մեր հանգիստն էն ա, որ շաբաթը մեկ գնում ենք մեր դաչա` Արզնի, մեր հողին ենք տիրություն անում` ծառեր ունենք։ Հայաստանում կամ, առավել եւս, Հայաստանից դուրս արդեն քանի տարի ա` չենք կարում գնալ։ Հազիվ ենք հասցնում, շատ էլ կուզեինք, ո՞նց գնանք։ Ամեն տարի որոշում ենք փող հավաքել, Անթալիա գնալ, բայց չի ստացվում, էս տարի էլ ամուսինս մի քիչ ,տակ տվեցե` գյուղերից բանջարեղեն-միրգ ա բերում, հանձնում, տակը բան չմնաց։ Տղայիս աշխատանքով էլ հազիվ էսքան ենք կարում։ Լավ ա` վախտին էդ դաչան առանք, ահագին մեզ փրկում ա։ Թոռներիս, հարսիս հետ` բոլորով, գնում ենք խորոված-բան ենք անում, հանգստանում ենք, էլի։

Գ. Բ., պաշտոնյա

Իմ հանգիստը կապված է շեֆի հետ. քանի որ այս տարի արձակուրդ չգնալու հրաման չկա, երեւի, կմեկնի մի տեղ, ու ես էլ կկարողանամ մի քանի օրով հանգստանալ։ Չէ, չեմ պատրաստվում հանրապետությունից դուրս գալ, չնայած ամեն տարի գնում ենք Սեւ ծով, բայց էս տարի չենք կարող. նախ` փոքր տղայիս վիրահատել են։ Երեւի, կգնանք Դիլիջան, ազգականներ ունենք` իրանց տուն։ Մերոնք, որ կարանայինք էլ` Սեւ ծովի անունը լսել չեն ուզում։ Մի քանի անգամ գնացել ենք, համ թանկ ա ամեն բան, համ լողափերը կեղտոտ են, համ էլ վերջին անգամ ընկանք էդ ռուս-վրացական պատերազմի մեջ` հազիվ հասանք Երեւան։ Ես Ջերմուկ էլ եմ գնում, բայց ձմեռը։ Հա, կնոջս ու թոռներիս Օձուն էլ եմ ուղարկել`համարյա սաղ հունիսը առողջարանում էին, շատ էլ գոհ էին։

Նելլի Թանգյան, թարգմանչուհի

Ես արդեն գնացել եմ, իմ բաժին արձակուրդը շատ լավ եմ անցկացրել։ Շվեդիա։ Բայց աշխատանքիս հետ կապ չունի` ես ֆրանսերենից եմ թարգմանում, տեխնիկական թարգմանություններ եմ անում ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող մի ֆիրմայում։ Ուղղակի ինտերնետով ծանոթացել եմ մի ընտանիքի հետ, հրավիրել էին, երեխաներ չունեն, շատ հետաքրքիր մարդիկ էին, իսկական քրիստոնյա։ Երբ այս տարի մարտին Շվեդիայի Ռիկսդագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, Սվենսոնները ծանոթություն էին փնտրել հայերի հետ ու վերջը որոշել էին ինձ հետ բարեկամանալ։ Ճիշտ ա, ես շատ երկրներում եմ եղել` Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա, Գերմանիա, բայց չհաշված Սովետի երկրները` Ռուսաստան, Բելառուս, Էստոնիա, Լիտվա /առաջ ռուսական տուրիստական ֆիրմայում եմ աշխատել, Մոսկվայում/, բայց Շվեդիան ահավոր դուրս եկավ։ Խաղաղ, մաքուր, մի տեսակ քո հոգին էլ ա լցվում էդ խաղաղությամբ։ Իսկականից Շվեդիան թագավորություն ա։ Լացս գալիս էր, որ մտածում էի` լավ, բա մեր ժողովուրդը մեղք չի՞։ Հայաստանում սաղ լարված են, սաղ իրար դեմ պատրաստ են ինչ-որ բան անելու, անընդհատ պրոբլեմներ ունեն կամ հնարում են իրանց համար էլ, ուրիշների համար էլ։ Զարմանում էի` կարգին չգիտեն էլ` ով ա իրանց էսինչի նախարարը, որովհետեւ օրենքներ կան, ու էդ օրենքները աշխատում են` ով էլ ղեկավարի։ Հպարտանում էին, որ իրանց Գուստավ 16-րդ թագավորը Սանկտ-Պետերբուրգում պոեզիայի մրցանակ ա ստացել, թագավորի աղջկա` Վիկտորիայի հարսանիքի մասին էին պատմում եւ ուրախանում, որ հասարակ մարզիչի հետ ա ամուսնացել։ Պատկերացնում ես` մեր նախագահը պոեզիա կարդա, ուր մնաց թե` մրցանակ ստանա։ Իսկական հավասարության երկիր ա` ով ինչի ձգտի ու արժանի ըլնի` հաստատ կհասնի։ Ես լավ վաստակում եմ, հարցն էդ չի։ Բայց ես տեսնում եմ, որ Հայաստանում քանի գնում ` վատանում ա։ Կարող ա` ինձանից ավելի արժանի մեկը էսօր հացի կարոտ լինի։ Մեր կուրսից մենակ ես եմ նորմալ աշխատանքի, մնացածը կամ Հայաստանից գնացել են, կամ մի կերպ յոլա են գնում` որը դպրոցում, որը` մի անկապ օֆիսում։ Լավ կանես` էլ ոչ մեկի չհարցնես` ուր են գնում հանգստանալու։ Պարզ չի՞, որ հազարից մեկն ա գնում։

Արթուր Հովսեփյան, գործարար

Մենք մեր շրջապատով շուտ-շուտ գնում ենք Ծաղկաձոր` ամառ-ձմեռ` կապ չունի։ Իսկ հունիսի վերջին ընտանիքով հանգստացել ենք Անթալիայում, բայց օգոստոսին էլ որոշել ենք գնալ Իսպանիա` ընկերս ա հրավիրում. ինքը Բարսելոնայում լավ գործ ունի, արդեն համարյա 10 տարի` քաղաքացի ա։ Կարող ա` համոզի, մենք էլ գնանք։ Տենանք, գնանք` կերեւա։ Որ ընդեղ կարենամ իմ բիզնեսը դնել` երեւի, կգնանք։

Գարիկ Հակոբջանյան, տաքսու վարորդ

Հանգստանալն առաջ էր` ով չէր կարա գնալ Ջերմուկ, Ծաղկաձոր, Սեւան, Կիրովական։ Էրեխեքին էլ պետությունը ճամբարներ էր տանում` Հանքավան-բան։ Հիմա ո՞վ կարա։ Հեսա` տաքսի եմ քշում, տենում եմ` շատ-շատ Սեւան են էթում, խորոված են անում, իրիկունը հետ գալիս։ Իմ ընտանիքը կարոտ ա, որ գոնե էրկու օրով մի տեղ էթանք։ Իբր օրվա հացը կարում ենք վաստակենք, որ մեկ էլ տեղ էթանք։ Ամիսը մեկ հազիվ ենք միս առնում, այ ցավդ տանեմ` ինչ ամառային հանգիստ։ Խի չէինք ուզի, կարող ա` մենք սխալ կհանգստանայինք, Անթալիայի տեղն էլ գիտենք, Կանարյան կղզիների տեղն էլ։ Ինչ օգուտ։ Մեր նմաններն ամառ-ձմեռ իրանց յուղի մեջ տապակվում են։

Ելենա Չալաբովա, ուսուցչուհի

Անցած տարի ամռանը մեկնել եմ Ամերիկա` ասորական համայնքի հրավերով։ Նույիսկ կարող էի մնալ, ամուսնության առաջարկ էլ եղավ, բայց ետ եկա, չնայած այնտեղ հարուստ ազգակիցներ ու բարեկամներ էլ ունենք։ Ետ եկա, որովհետեւ սիրում եմ Հայաստանը։ Ասեմ ձեզ` Հայաստանում այնքան հանգստի սիրուն տեղեր կան, ափսոս` թանկ են ուղեգրերը, ու բոլորը չեն կարող գնալ։ Ես ու փոքրիկ քույրս օգոստոսին Ծառկաձոր ենք գնալու՝ առանց մեր ծնողների, գյուղում ենք ապրում, նրանք իրենց այգին ու հավանոցը չէին թողնի-գան։

Պետրոս Բաբայան, թոշակառու

Ձե՞ռ ես առնում, աղջիկ ջան։ Ես հացի փող չունեմ, ասում ես` ,Որտե՞ղ եք հանգստանալուե։ 30 տարի գնացել եմ ամեն տեղ` էլ Գելենջիկ, էլ Պադմասկովյե, էլ Տուապսե, Էլ Կիսլավոդսկ, էլ Սոչի, էլ չասած` Ջերմուկ։ Հիմա հասարակ Արզնիի մասին չեմ կարա մտածեմ։ Ձրի հանգստյան տան տեղ գիտես` ասա. 91 թվից անժամկետ արձակուրդի մեջ եմ։


ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ամբողջ համարը...»»

173 (No 959 ((ինտերնետային No 1119)) ՀՀուլիսի 23 2010 թ., ուրբաթ