«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» N1047,
N387 13 Հուլիսի 2011 թ.


Բոլոր հոգեկան հատկանիշներից ամենանշանակալիցը իմաստությունն է, ամենաօգտակարը` զգուշավորությունը։

Բարտելեմի

ՇՆՈՐՀԱՎՈՐԵՆՔ` ԲԱՅՑ ՀԱՂԹՈՂԻՆ

ԱՆՑԱՆ ԴԵՏԱԼՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

Սերժ Սարգսյանը վերջապես հասկացել է, թե ինչու Հայաստանում վստահության մթնոլորտ չի ձեւավորվում։ Բանից պարզվում է` պատճառը Հայաստանում ձեւավորված արատավոր ավանդույթն է, պարզ ասած` «հայի խասյաթը»։ Սերժ Սարգսյանն, օրինակ, կարծում է, որ հայերը նույնիսկ նարդու մեջ իրենց պարտությունը չեն ընդունում եւ գտնում են, որ պարտվել են վատ զառի եւ ոչ թե վատ խաղալու պատճառով։ «Քանի անգամ նախագահական ընտրություններ են եղել, թեկնածուներից ո՞վ է վեր կացել ու հաղթանակի առթիվ շնորհավորել «մրցակցին», դժգոհում է նա ու գտնում, որ եթե թեկնածուները շնորհավորեն հաղթած մրցակցին, ժողովուրդն էլ չի խոսի, թե ընտրությունները կեղծվել են։

Զառերի «մոմենտով» Սերժ Սարգսյանի հետ վիճել չենք կարող, բայց ամեն դեպքում` փորձենք հասկանալ։ Երրորդ հանրապետությունում նախագահական առաջին ընտրությունները տեղի են ունեցել 1991-ին։ Դրանք առ այսօր համարվում են լավագույնը։ Եթե հիշում եք` մոտ 83 տոկոսով հաղթել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած Պարույր Հայրիկյանը հավաքել էր մոտ 7 տոկոս։ Եվ ի՞նչ։ Երրորդ հանրապետության առաջին նախագահի երդմնակալության օրը Պարույր Հայրիկյանը Երեւանում սգո երթ կազմակերպեց` Եռագույն դրոշների վրա սեւ ժապավեններ կապած։ Հաջորդ ընտրությունները 1996-ին էին։ Ինչ-որ չենք հիշում, որ Վազգեն Մանուկյանը շնորհավորած լինի Լեւոն Տեր-Պետրոսյանին (եթե, իհարկե, «ահա նրանք, արեք ինչ ուզում եք» արտահայտությունը չընդունեք որպես մրցակցի հաղթանակը շնորհավորելու կոչ)։ Հաջորդ ընտրություններն արտահերթ էին. պալատական հեղաշրջման արդյունքում Ռոբերտ Քոչարյանը դարձել էր նախագահ։ Եվ ի՞նչ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկա գտնվեց ինաուգուրացիային ու սեղմեց նրա ձեռքը, որովհետեւ դա էր պահանջում պետական շահը։ Իսկ ահա 2008-ին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նույնը չարեցին։ Ինչ է, Սերժ Սարգսյանը չգիտե՞ր, որ իր «ստացած» 51.5 տոկոսը նկարած է, չգիտե՞ր, որ «իր» հանրահավաքներին մարդկանց զոռով են բերում` սպառնալով հակառակ դեպքում աշխատանքից ազատել։ 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթել էր, բա ինչո՞ւ չշնորհավորեցիք։

Բայց նույնիսկ սա չէ ամենակարեւորը։ Սերժ Սարգսյանը փաստորեն մինչեւ հիմա չի հասկացել, որ ժողովուրդը չի հավատում ընտրությունների արդյունքներին ոչ թե «պարտված» թեկնածուների պահվածքի պատճառով, այլ որովհետեւ սեփական մաշկի վրա է զգացել ընտրակեղծիքների համակարգի գործունեությունը։ Ընտրություններից առաջ հարյուր հազարավոր մարդկանց դռները ծեծել ու ընտրակաշառք են առաջարկել, անձնագրերի տվյալները հավաքել են, սպառնացել են ազատել աշխատանքից, զգուշացրել են, որ բանակում ծառայող հարազատների համար «վատ կլինի» եւ այլն։ Հետո այդ հարյուր հազարավոր մարդիկ գնացել են ընտրատեղամասերն ու տեսել, որ վաղուց Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում ապրող իրենց հարեւանները «քվեարկել են», իսկ ով փորձել է զարմանալ` թաղի խուժանը թեւերն է մտել ու մի կողմ քաշել, ով դիմադրել է` ոստիկանները տեղում թեւերը ոլորել են ու տարել բաժին եւ այդպես շարունակ։ Ու հիմա Սերժ Սարգսյանը կարծում է, թե եթե թեկնածուները շնորհավորեն «հաղթողին», այդ հարյուր հազարավոր մարդիկ այլեւս ընտրությունների արդյունքների վերաբերյալ կասկածներ չեն ունենա։ Այսինքն` նրանց կթվա, թե այդ ամենն իրենց աչքին է երեւացել։ Պարզ ասած, Սերժ Սարգսյանը հակառակորդներին առաջարկում է խաբել սեփական ընտրողներին, ձեւացնել, թե ընտրությունները նորմալ են անցել, եւ շնորհավորել «հաղթողին»։ Դաշնակներն, ի դեպ, միշտ հենց այնպես էլ վարվում են. մի քիչ նվնվում են, որ կեղծիքներ են տեղի ունեցել, բայց հետո համակերպվում են ու շնորհավորում «հաղթողին» (բնականաբար` ոչ «հենց այնպես»)։ Բայց դա որեւէ արդյունք չի տալիս, որովհետեւ մարդիկ ամեն ինչ իրենց աչքով են տեսել։

Բայց վերադառնանք Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերին։ Նրա ասածը կարելի է ընկալել որպես առաջարկ` ուղղված Կոնգրեսին։ Առաջարկի իմաստը հետեւյալն է. «համաձա՞յն եք համեմատաբար ազնիվ ընտրություններ անցկացնենք, բայց` մի պայմանով. եթե ես հաղթեմ, պիտի ճանաչեք ընտրությունների օրինականությունը եւ շնորհավորեք ինձ»։ Ընդ որում` իր վերջին ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է այդ հարցին եւ ասել, որ եթե ընտրություններն ազատ լինեն, եւ գործող իշխանությունները հաղթեն, իրենք կողջունեն դա։ Այսինքն` այս հարցում «հեռակա երկխոսությունը» կարծես թե կայանում է։ Ուշադրություն դարձրեք` քննարկման թեման նախագահական ընտրություններն են։ Մնում է ճշտել ժամկետները, իսկ մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի խնդիր է։ Ով էլ հաղթողին չշնորհավորի` ամոթ։


ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

«ՉԻ» ՌԻԹՄՈՎ

ԵՐԻՏԿԱՐԻԵՐԻՍՏԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՀԱԿԱԴԱՐՁԵԼ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ

Օրերս Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում ուշագրավ երկխոսություն է ծավալվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի միջեւ։ Գեւորգ Կոստանյանը սկսել է պատմել բանակում տիրող արատավոր երեւույթների մասին, օրինակ` ինչպես են որոշ սպաներ զինվորների միջոցով խեղճացնում իրենց որոշ գործընկերների։ Այսինքն` սպաներից ոմանք զինվորներին դրդում են «նալոգ» հավաքել այն «գործընկերներից», որոնք, ըստ իրենց, «թույլ են» եւ անգամ մաքուր օդ շնչելու համար պետք է պարտական լինեն «ուժեղներին»։ ՀՀ պաշտպանության նախարարին հետաքրքրել է այս պատմությունը, եւ նա սկսել է լրացուցիչ հարցադրումներ անել։ Ի պատասխան` Գեւորգ Կոստանյանը նշել է զորամասի հասցեն, զինվորների ու նրանց հովանավորող սպաների անունները։ Սպաներին եւ նրանց կողմից օգտագործվող երիտասարդներին Կոստանյանը համարել է կեղծ հեղինակություններ եւ հայտարարել, թե նրանք արատավորում են սպայի պատիվը ու լավ կլիներ, որ բանակի բարձրաստիճանները մտածեին դրա մասին։ Երիտասարդ Կոստանյանին, որին մինչ այդ Խաչատուրովը նկատողություն էր արել կոճկել վերնազգեստի վերին կոճակները, ԶՈՒ շտաբի պետը հակադարձել է. « Прежде чем говорить об офицерской чести - надо это заслужить. Прежде чем заслужить - нужно иметь эту честь »։

Խաչատուրովի այս հայտարարություններից դահլիճը պայթել է ծափահարություններից, իսկ իրավիճակը փրկելու է եկել Սեյրան Օհանյանը` վստահեցնելով, որ իրենք պայքարում են նմանատիպ երեւույթների դեմ։

Ինչպես միշտ, Գեւորգ Կոստանյանը հայտնվել է անհարմար դրության մեջ եւ սկսել է իր յուրայինների միջավայրում միջադեպը ներկայացնել բոլորովին այլ կերպ` տպավորություն ստեղծելով, թե ինքը Ռեմբոն է եւ միայնակ պայքարի է դուրս եկել Խաչատուրովի եւ նրա նմանների դեմ։ Եթե Գեւորգ Կոստանյանն իսկապես ի վիճակի է պայքարել «բեսպրեդելի» դեմ, կարող է` որպես առաջին քայլ, բացահայտել այն զինծառայողների սպանության դեպքերը, որոնց ծնողներն ամեն հինգշաբթի գալիս են Կառավարության շենքի դիմաց իրենց սրտից բխածն ասելու Գեւորգ Կոստանյանին։

Խաչատուրովի գործունեության մասին էլ գիտենք, եւ սա այն դեպքերից է, երբ կողմերն արժանի են իրար։ Եվ այնուամենայնիվ, ծիծաղելի է, երբ նախագահականում «բուծված» երիտկարիերիստը, որի առաջընթացն ապահովել է ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, խոսում է սպայի պատվի մասին այն դեպքում, երբ հարկ չի համարել անգամ հայոց բանակում ծառայել։

ՇԱՀԻՆՅԱՆԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՀԱՐՑԱՔՆՆՎԻ


Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Կորյուն Փիլոյանը միջնորդեց լրացուցիչ հարցաքննության կանչել ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանին։ Մի շարք նոր հանգամանքներ են ի հայտ եկել, եւ մեղադրյալ Վռամ Բաղդասարյանի ցուցմունքներից հետո անհրաժեշտություն է առաջացել վերստին լսելու նրա կնքահորը` Հովհաննես Շահինյանին։ Տես նաեւ էջ 4։

ԱԶԱՏԵԼ Է

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գրիգորի Գրիգորյանը, որին մի երեք ամիս առաջ այդ պաշտոնում նշանակել էր վարչապետը` աշխատանքից ազատելով Գրիշա Բաղյանին։ Նկատենք, որ այդ կարճ պաշտոնավարման ընթացքում Գրիգորյանը հասցրեց հայտնվել մամուլի, այդ թվում` «ՉԻ» ուշադրության կենտրոնում։ Կփորձենք առաջիկայում պարզել` ի՞նչն է հիասթափեցրել վարչապետին, եթե, իհարկե, նա չի որոշել առաջ քաշել Գրիգորյանին։

Գ. ՎԵԶԻՐՅԱՆ

ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊԱՐԾԵՆԱԼՈՒ ԲԱՆ ԳՏԱՎ

«Գուցեեւ հնարավոր էր ավելի լավ աշխատել, բայց ես որեւէ այլ երկիր չգիտեմ, որն ունենար տնտեսության այսպիսի անկում եւ այսքան պրոբլեմներ ու ոչ մի սոցիալական ծրագիր չկրճատեր», հայտարարել է Սերժ Սարգսյանը։

«ՉԻ» - Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե «տնտեսության այսպիսի անկումն» իշխանությունների հետ ոչ մի կապ չունի, ու իրենք դրանում հեչ մեղավոր չեն։ Չէ, մենք հասկանում ենք, որ համաշխարհային ճգնաժամ է եղել, բայց չգիտես ինչու` ամենաշատը մենք ենք տուժել։ Ինչ վերաբերում է «սոցիալական ծրագրեր չկրճատելուն», ապա դա, մեղմ ասած, թույլ արդարացում է։ Պատկերացրեք` ավտոբուսն առանց որեւէ լուրջ պատճառի հարվածի սյանը, ու երբ ուղեւորները փորձեն ծեծել վարորդին, սա գլուխը քորի ու դեմքի տարակուսած արտահայտությամբ հայտարարի, թե «գուցեեւ հնարավոր էր ավելի լավ քշել, բայց ես որեւէ այլ ավտոբուս չգիտեմ, որ այս արագության տակ հագնի ստոլբին, ու պասաժիրները սաղ մնան»։ Հավատացնում ենք` այդօրինակ արդարացումը հազիվ թե վարորդին փրկի ֆիզիկական հաշվեհարդարից։

ՄՐՑՈՒՆԱԿՆ ԷՆ ԽՈՍՔԸ ՉԻ

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետը հայտարարել է, թե զբոսաշրջության ոլորտի տարեկան աճով Հայաստանը տարածաշրջանային առաջատարն է, հայաստանյան գներն էլ միանգամայն մրցունակ են։

«ՉԻ»
- Զավեշտն այն է, որ սույն պաշտոնյան իրեն նեղություն չի տվել հարեւան երկրների վերաբերյալ թվեր հրապարակել, մինչդեռ, օրինակ, հայտնի է, որ Վրաստանը միայն Հայաստանից ավելի շատ զբոսաշրջիկ է ընդունում, քան Հայաստանը` ամբողջ աշխարհից։ Բայց դա էական չէ։ Կարեւորը` առաջատար ենք։

Ինչ վերաբերում է հայաստանյան գների մրցունակ լինելուն (ականատեսները պնդում են, որ պաշտոնյան այդ հայտարարությունն արել է միանգամայն սթափ վիճակում), ապա այդ հարցում նա թերեւս իրավացի է։ Եթե իհարկե, միայն գներն ենք համեմատում եւ ոչ թե դրա դիմաց առաջարկվող ծառայությունները։ Սեւանի ափին տեղադրած ժանգոտ «դոմիկն», օրինակ, գնային առումով միանգամայն մրցունակ է Միջերկրական ծովափի հինգ աստղանի հյուրանոցի համեմատ, դեռ մի բան էլ գուցե մի 5-10 տոկոսով էժան լինի, իսկ «բեսեդկաների» գներն ամբողջ 20 տոկոսով ցածր են օվկիանոսային զբոսանավերի վարձակալման գներից։ Այնպես որ` մրցունակությունն էն խոսքը չի։

ԳՈՐԾՈՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է

ՈՂՋԱԽՈՀՆԵՐԻ ԽՈՐՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Չէ՛, մի՛ կորցրեք այս պահը։ Սա ձեզ համար չեմ ասում, թեպետ մարդկայնորեն ոչ ոքի չարիք չեմ կամենում։ Ինձ եւ ինձպեսների համար եմ ասում։ Տարիներ շարունակ տեսել ենք ձեր ողջախոհությունը, այսինքն` բացառիկ հոտառությունը, քամու ուղղությունը ճիշտ որոշելու նույնքան բացառիկ ունակությունը, կուսակցական «ճիշտ» պատկանելություն ընտրելու կարողությունը։ Ճիշտ եք գտել ձեր տեղն արեւի տակ, բայց այսօր չեք կողմնորոշվում։ Հիասթափեցնում եք, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, հիասթափեցնում եք։ Չի կարելի...

Իշխանավորների կողմից Կոնգրեսի հետ բանակցելու համար ընտրված պատվիրակներից մեկը, որը, ի դեպ, շատ- շատերից տարբերվում է թե՛ իր գրագիտությամբ, թե՛ ողջախոհությամբ, երեկ ասել է հետեւյալը. «Կարծում եմ, որ մենք խոսելու ենք ողջախոհ խնդիրներից։ Բոլորս էլ հասկանում ենք, որ արտահերթ ընտրությունների հարցը լուրջ չէ» (News.am)։ Ուշադրություն դարձնենք նախ լեզվաոճական կոպիտ սխալին։ «Ողջախոհ», այսինքն առողջ մտածողություն ունեցող կարող է լինել անձը, ծայրահեղ դեպքում` գեղարվեստական երկի անձնավորված որեւէ կերպար` կենդանի կամ անշունչ առարկա։ «Խնդիրը» ոչ մի կերպ «ողջախոհ» լինել չի կարող, եթե, իհարկե, մենք ինքներս ենք ողջախոհ։ Ուրեմն եթե մենք չենք կորցրել մեր առողջ տրամաբանությունը, խնդիրներին թույլ չենք տա մեր փոխարեն մտածել։ Թեեւ գուցե հենց այդպես է, գուցե խնդիրներն են մեր իշխանավորների փոխարեն գլուխ ցավեցնում, թե ինչպես պրծնեն նրանց ձեռքից եւ վերջապես լուծում ստանան։ Երկրորդ սխալն արդեն տրամաբանական է։ Փորձենք վերծանել «Բոլորս էլ հասկանում ենք, որ արտահերթ ընտրությունների հարցը լուրջ չէ» արտահայտությունը։ Ովքե՞ր են «բոլորը»։ Կարծում ենք բանախոսը պետք է գոնե մասնավորեցներ եւ ասեր. «Իշխանությունը ներկայացնող բոլոր անձինք», որովհետեւ ընդդիմության ներկայացուցիչների համար հենց արտահերթ ընտրությունն է կարեւորագույն եւ լրջագույն հարցը։ Ընդդիմությունը եւ նրան աջակցող հասարակության ստվար զանգվածը նշված «բոլորի» մեջ բնավ ընդգրկված չեն։ Բացի սրանից, մեր իշխանավորներն այնքան են խոսում արտահերթ ընտրության մասին եւ այնպես են դրանից «պաշտպանվում», որ ապացուցում են միայն մի բան` իրենց համար ամենալուրջ խնդիրը արտահերթ ընտրությունն է։

«Ողջախոհների» շարքում է, իհարկե, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, որը ոչ մի կերպ չի ուզում դասեր քաղել իր ավագ ընկերոջ` Գալուստ Սահակյանի գրեթե ողբերգական փորձից։ Ահա թե ինչ է հայտարարել մեր երիտհանրապետականը. «Արտահերթ ընտրությունները մեզ համար ինքնանպատակ չեն, որ մի գիշեր քնենք-արթնանանք ու ասենք՝ արտահերթ ընտրություններ ենք անցկացնում» (Tert.am)։ Բանակցողներ էլ չէիք ուղարկում, օրումեջ թութակի պես կրկնում էիք, որ դրա կարիքը չկա։ Սերժ Սարգսյանն էլ փորձեց խուսանավել` ԱԺ նախագահի, իր աշխատակազմի ղեկավարի եւ վարչապետի տեղը ցույց տալով։ Չստացվեց։ Հիմա էլ մի պատվիրակություն եք կազմել, որի լիազորությունների շրջանակը չեք ճշտել, ձեր օրակարգն էլ չեք ճշտել եւ սպասում եք Կոնգրեսի առաջարկներին, չնայած շատ լավ գիտեք, որ միակ թեման արտահերթն է։ Բայց եթե Հայ Ազգային Կոնգրեսը կոմպրոմիսի գնա (սա էլ հասարակությունն այլեւս թույլ չի տա), ապա մի կարեւոր հարց կառաջադրի` լիարժեքորեն բացահայտել 2008 թվականի մարտի մեկի ոճրագործությունը` 10 քաղաքացիների սպանությունը, եւ բոլոր մեղավորներին անխտիր դատարանի առջեւ կանգնեցնել։ Պատրա՞ստ եք...Իհարկե, ո՛չ, որովհետեւ սա մեխանիկորեն կհանգեցնի արտահերթ ընտրության։ Այնուամենայնիվ, արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ Հ. Սահակյանը, ի տարբերություն իր «կտրուկ» գործընկերների, փորձել է ապահովագրվել եւ իր ասածներին հավելել է.«Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, բայց արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմք այսօր ես չեմ տեսնում» (Tert.am)։ Արտահայտության առաջին մասը միանգամայն ճիշտ է։ Իսկապես, մի օր կարող եք քնել-արթնանալ եւ տեսնել, որ արտահերթ ընտրության եք մասնակցելու կամ էլ չեք մասնակցելու։ Այսինքն` արտահերթը լինելու է ձեր մասնակցությամբ կամ առանց ձեզ եւ ձեր շեֆի։ Կարող եք արթնանալ, քանի որ հեքիաթում անգամ քնած դշխուհին է արթնանում։ Բայց դժվար թե տեսնեք այն, ինչ տեսավ գեղեցկուհին։ Եթե շարունակեք համառել, կարթնանաք ու կտեսնեք, որ ձեզ` իշխանության «միջին խավին» եւ «շարքայիններին», մենակ ու լքված են թողել։ Խորհելու բան է, մանավանդ, եթե ողջախոհությունը չեք կորցրել։

Լավ, «ողջախոհներին» ու «քնած դշխուհիներին» հանգիստ թողնենք։ Ի վերջո, իրենք են իրենց ճակատագրի կերտողը։ Սրանցից ոչ մեկն էլ իրականում «ափսոս» չէ, որովհետեւ հարմարվողականությունն ու կեղծ պրագմատիզմը ոչնչացրել են սրանց պարզ մարդկային արժանապատվությունն ու խիղճը։ Ասածիս ամենավառ ապացույցը սրանց վերաբերմունքն է մարտի մեկին սպանվածների եւ քաղբանտարկյալների նկատմամբ։ Ուրեմն առնվազն հանցակից են...

Կարեւորը հասարակության պահվածքն է։ Հիմա հասարակության ողջախոհության ժամանակն է։ Ներկայիս ծանրագույն վիճակից դուրս գալու լավագույն եղանակը ոչ թե փնթփնթալն է, այլ գործելը։ Հասարակության ակտիվ հատվածի գործոնն է, որ ստիպում է իշխանավորներին ինչ-որ քայլեր կատարել։

Զ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ԼՐԱՀՈՍ

«Համերկրացիներ» ծրագրի շրջանակներում 2007-ից ի վեր 711 ընտանիք արդեն լքել է Հայաստանը։ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) երեւանյան գրասենյակն երեկ կրկին մարդաշատ է եղել։ Շուրջ մեկուկես տասնյակ հավաքվածներն անհամբերությամբ սպասել են ընդմիջման ավարտին, որպեսզի փաստաթղթերը հանձնեն` «Համերկրացիներ» ծրագրի շրջանակներում Ռուսաստանում մշտական բնակության մեկնելու թույլտվություն ստանալու համար. տեղեկացնում է «Ա1+»-ը։ Մասնագիտությամբ բուժքույր 28-ամյա Արեւիկը (անունը զրուցակցի խնդրանքով փոխված է - խմբ.), որը ամուսնու եւ մեկ տարեկան տղայի հետ պատրաստվում է հաստատվել Նովոսիբիրսկի երկրամասում, «Ա1+»-ին հայտնել է, որ լքում է Հայաստանը, որովհետեւ չի կարողանում արժանապատիվ աշխատանք գտնել։ Նա նշել է, որ նշված ծրագրով իրեն ու իր ընտանիքին խոստացել են լավ վարձատրվող գրանցված աշխատավարձ, փոխհատուցելու են ճանապարհածախսը եւ առաջին 6 ամսվա բնակարանի վարձի կեսը։ «Շատ ուրախ կլինեմ, որ գնամ, ով գնացել է, չի փոշմանել ու հետ չի եկել», ասել է նա։ «Ուզում եմ Լիպեցկ գնալ, թղթերս արդեն տվել եմ, բայց երեկ մեկը եկել էր, բարկացած ասաց, որ խաբում են։ Մեկնելուց հետո ոչ փոխհատուցում են տալիս, ոչ էլ աշխատանքով են ապահովում։ Չգիտեմ, դեռ վերջնական չեմ որոշել», կայքի թղթակցին ասել է հերթի մեջ կանգնած մեկ ուրիշ քաղաքացի։ Իսկ մոտ հիսնամյա մի տղամարդ, որը ներկայացել է որպես նախկին ինժեներ, հայտնել է, որ կնոջ հետ ուզում է մեկնել Հեռավոր Արեւելք։ «Ինչքան հեռու գնամ, էնքան լավ. հեռու տեղերում «պադյոմնին» (դրամական օժանդակություն - խմբ.) մինչեւ 4000 դոլար է լինում, քիչ բան չէ», ասել է նա։ Մեկ ուրիշը` մոտ երեսնամյա մի երիտասարդ, հայտնել է, որ «Համերկրացիներ»-ին մասնակցելու իր նպատակը ռուսական քաղաքացիություն ձեռք բերելն է։ «Ես Կալուգայում ծանոթ ունեմ, գործն էլ խոստացած է, ինձ միայն սրանցից քաղաքացիություն է պետք», ասել է նա։ Ռուսական ԴՄԾ-ի «Համերկրացիներ» ծրագրի շրջանակներում 2007-ից ի վեր 711 ընտանիք արդեն լքել է Հայաստանը` բնակություն հաստատելով ՌԴ Կալուգայի, Լիպեցկի, Կալինինգրադի, ինչպես նաեւ` հեռավորարեւելյան մարզերում։ Մի շարք հասարակական նախաձեռնությունների կարծիքով` այս ծրագիրը փաստորեն պետական օժանդակությամբ նպաստում է Հայաստանի դատարկմանը։

Ճամբարակից արգելել են գալ Երեւան եւ կաթնամթերք վաճառել։ «News.am»-ի խմբագրություն զանգահարած Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի մի շարք բնակիչներ պատմել են, որ երեկ, երբ փորձել են գալ Երեւան, ոստիկանության աշխատակիցները ճանապարհին կանգնեցրել են իրենց եւ ասել, որ չեն կարող մայրաքաղաք` վաճառքի համար նախատեսված կաթնամթերք բերել։ «Ոստիկանները միայն ասացին, որ Ճամբարակում կարանտին է հայտարարված եւ իրենք հրահանգ ունեն թույլ չտալ, որպեսզի գյուղացիները Երեւան կաթնամթերք բերեն», պատմել են ճամբարակցիները։ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը «News.am»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ այդ համայնքում կարանտին, իրոք, հայտարարվել է։ «Չնայած լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի անասունների մեջ դաբաղի դեպքեր չկան, ինչպես նաեւ չկան ողջ հանրապետության տարածքում, այնուամենայնիվ, հունիսի սկզբից այնտեղ հայտարարված կարանտինը դեռեւս ուժի մեջ է մնում։ Ընդ որում, կարանտին հայտարարվել է կանխարգելիչ նկատառումներից ելնելով։ Քանի որ խոսքն Ադրբեջանին սահմանակից բնակավայրի մասին է (իսկ Ադրբեջանում անասունների դաբաղի դեպքեր կան), մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշեցինք նման սահմանափակում կիրառել։ Բայց եթե գյուղացիները անասնաբույժի կողմից տրված համապատասխան փաստաթղթեր ունեն, կարող են անարգել մայրաքաղաք բերել եւ վաճառել իրենց կաթնամթերքը», հավաստիացրել է Պիպոյանը։

Երեւանի կրկեսը կփակվի։ Հուլիսի 17-ին եւ 24-ին Երեւանի կրկեսը հանդես կգա վերջին երկու ներկայացումներով։ «Epress.am»-ը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին տեղի կունենա պաշտոնական փակումը։ Ներկայացումը բարեգործական է. դահլիճում կլինեն մանկատան եւ անապահով ընտանիքների երեխաներ եւ այլք։ Բարեգործական ներկայացումից հետո` օգոստոսի 1-ից, կսկսվեն կրկեսի հիմնանորոգման աշխատանքները. մոտ երկու տարի Երեւանի կրկեսում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ` կրկեսն արդիականացնելու նպատակով։ Այդ աշխատանքների շնորհիվ, ըստ կրկեսի գեղարվեստական ղեկավար Պետրոսյանի, իրենք հնարավորություն կունենան հյուրընկալելու աշխարհի լավագույն կրկեսները, կազմակերպելու զանգվածային ատրակցիոն ներկայացումներ եւ այլն։ Նա նշել է, որ կրկեսը 2 տարի լռության չի մատնվելու. իրենք տարբերակներ են մշակում կրկեսի գործունեությունն անխափան պահելու ուղղությամբ։ Հնարավոր տարբերակներից մեկը «շարժական կրկես» դառնալն է, մյուսը` վարձույթով տարածք վերցնելը։

Հայ եմ ես, հայ ես դու։ Գենետիկ հիշողության առկայության ամենավառ օրինակին նախօրեին ականատես է եղել կինոռեժիսոր Սերժ Ավեդիքյանը։ Աշխարհահռչակ դերասանուհի Ֆաննի Արդանը, ով Երեւան էր եկել «Ոսկե ծիրան» փառատոնին մասնակցելու համար եւ ոչ մի կերպ չէր համաձայնում խոսել իր հայկական արմատների մասին, Հայաստանից մեկնելուց մի քանի ժամ առաջ Փարաջանովի անվան թանգարանում չի կարողացել դիմանալ գենետիկ հիշողության ճնշմանը եւ բացահայտել է իր հայկական ծագումը։ Աշխարհահռչակ դերասանուհին խոստովանել է, որ մինչեւ հիմա հրաժարվում էր այդ մասին բացահայտ խոսել, քանի որ հայ տղամարդը իր տատիկի ապօրինի ամուսինն է եղել. տեղեկացնում է «Tert.am»-ը։

ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

ԱՌԵՐԵՍՈՒՄ-3

Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է «ՄԱԿԱՐՈՎ» ԱՏՐՃԱՆԱԿԻ ՎՐԱՅԻՑ ՄԱՔՐԵԼ
ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐԸ
Մաքրել է Պետրոսի հայրը, ինչ նպատակով` դեռեւս հայտնի չէ

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Հովհաննես Շահինյանի քրոջ` Կարինե Շահինյանի որդու` Արսեն Ահարոնյանի, եւ Հովհաննես Շահինյանի երկու սանիկների` Պետրոս Գրիգորյանի եւ Վռամ Բաղդասարյանի դատավարությունը։ Այս գործը կապվում է Թամամյան Հովիկի շուրջ ծավալված իրադարձությունների հետ։

Հենց այս գործն է փորձել «սարքել» Թամամյանը. ո՞ւմ օգտին, ինչի՞ համար, ի՞նչ շահագրգռվածությամբ` դեռեւս չի երեւում այս նիստերից, չնայած` շատ բան շատերն արդեն հասկանում են։ Թամամյան Հովիկին դատարանի դահլիճում այս գործի շրջանակներում հարցաքննելու միջնորդություն առայժմ չի ներկայացվել, ասում են` դեռեւս հիմքեր չկան։ Իրավական մասնագիտական ձեւակերպումների մեջ չենք մտնում, բայց կարող ենք արձանագրել, որ Հովհաննես Թամամյանը գիտի եւ կարող է ասել, ով է մտել իր մոտ այս հարցով եւ ինչ պայմանավորվածության դիմաց ում միջնորդություններն է ինքը բավարարել։ Չենք կարծում, որ Թամամյան Հովիկն էլ ամբաստանյալի աթոռին հայտնված երիտասարդների եւ նրանց զենքով ապահոված Հովհաննես Շահինյանի պես չի խոսի` «գողականով» փողոցում խնդիրներ չունենալու պատճառով։ Թամամյանի մասով գործը դեռեւս քննվում է ՀՔԾ-ում, եւ դեռ պարզ չէ այն կմտնի դատարան, թե՞ ոչ, իսկ մինչ այդ երիտասարդների մասով դատ է ընթանում` ծանրաբեռնված գրաֆիկով, բավականին բարձր էմոցիոնալ ֆոնով, դատական նիստերին մասնակցող լարված եւ հուզված ծնողների, ընկերների ու հարազատների մասնակցությամբ։

Մենք երեկ տեղեկացրել էինք, որ Վռամ Բաղդասարյանը, որը մեղադրվում է դիտավորությամբ սպանություն կատարելու մեջ, դատարանի դահլիճում անսպասելի հայտարարեց, որ ոչ թե ինքն է կրակել Խաչիկի վրա, այլ Պետրոսն է իր մոտ եղած «Մակարով» տիպի ատրճանակից կրակել Խաչիկի ուղղությամբ։ Փորձաքննությամբ ապացուցվել է, որ Խաչիկի վրա կրակել են երկու անգամ. հրազենային հարվածներից միայն մեկն է եղել մահացու` «Մակարովից» արձակվածը, իսկ մյուս փամփուշտը մտել է երիտասարդի կոշիկի մեջ։ Վռամը երեկ վերստին` լրացուցիչ հարցաքննության ժամանակ էլ պնդեց, որ իր մոտ եղել է «ՏՏ» տեսակի ատրճանակ, իսկ «Մակարովը» եղել է Պետրոսի մոտ։ Դատախազ Կորյուն Փիլոյանը միջնորդություններով հանդես եկավ` Վռամի ցուցմունքի հետ կապված լրացուցիչ հարցաքննել Արսեն Ահարոնյանին, Պետրոս Գրիգորյանին եւ Հովհաննես Շահինյանին։ Արսենի փաստաբանը առարկեց։ Ապարդյուն։ Դատարանը բավարարեց Փիլոյանի բոլոր միջնորդությունները։

Արսեն Ահարոնյանն երեկ իրեն ուղղված բոլոր հարցերին` «ոչ» կամ «չեմ հիշում» էր պատասխանում։ Նա հայտարարեց, որ չի տեսել ում ձեռքին է եղել «Մակարովը», ինքը չի տեսել, թե ով է կրակել Խաչիկի ուղղությամբ, քանի որ Խաչիկի կողմից արձակված հենց առաջին գնդակը դիպել է իրեն, եւ ինքը ուշագնաց է եղել։ «Իսկ ընդհանրապես դուք դեպքի օրն այնտեղ եղե՞լ եք», հեգնեց դատախազ Կորյուն Փիլոյանը։

Պետրոս Գրիգորյանն էլ պատասխանեց բոլոր կողմերի հարցերին, բայց երբ հերթը հասավ Վռամ Բաղդասարյանի փաստաբանին, Պետրոսը հրաժարվեց ցուցմունք տալուց, ըստ այդմ` ավելորդ համարվեց փաստաբանի` ժամանակ խնդրելու միջնորդությունը` հարցերը խմբավորելու եւ գրավոր հնչեցնելու համար։ Նկատենք, որ թե՛ Արսենը, թե՛ Պետրոսը հրաժարվել էին դատարանում ցուցմունք տալ։ Լրացուցիչ հարցաքննության ժամանակ Պետրոս Գրիգորյանն էլ իր հերթին երեկ հայտարարեց, որ «Մակարովը» եղել է Վռամի մոտ, եւ նա է կրակել Խաչիկի ուղղությամբ։ Կորյուն Փիլոյանն երեկ դատական նիստերի դահլիճում արձանագրեց, որ Պետրոս Գրիգորյանը առաջինն է հայտարարել, որ Վռամն է կրակել ու նրա ձեռքին է եղել ատրճանակը, եւ հիմա, հնարավոր է, Վռամը պարզապես վրեժխնդիր է լինում։ Կորյուն Փիլոյանի` Վռամին ուղղված հարցադրումների մեծամասնությունը պարունակում էր դատողական գնահատականներ ու կանխակալ վերաբերմունք առ ամբաստանյալը։ Վռամը Փիլոյանին հակադարձեց. այնպիսի տպավորություն է, որ բոլորը սպասում են ինքն ավարտի իր խոսքը, որ հարձակվեն իր վրա. «Բայց ինչի՞ չեք ուզում ճիշտը իմանալ, խի՞ եք շառին հավատո՞ւմ». եզրափակեց Վռամը։ Եվ այնուամենայնիվ, մի շարք հարցեր են առաջանում, որոնք առայժմ միայն կշարադրենք` առանց հավակնելու պատասխանների տարբերակներ առաջարկել։

1. Ինչո՞ւ է Պետրոսի ցուցմունքը Վռամի դեմ արժանահավատ, իսկ Վռամինը Պետրոսի դեմ` ոչ։ Զուտ միայն այն պատճառով, որ Պետրոսն առաջինն է մեղադրել Վռամի՞ն. ծիծաղելի մոտեցում է, երբ հարց է գնում ընդհուպ ցմահ բանտարկության մասին։

2. Գուցե այլ ցուցմունքներ կա՞ն։ Մինչեւ այսօր գործի էական հանգամքների շուրջ ցուցմունքներ են տվել Շահինյաններն ու նրանց գերդաստանի ներկայացուցիչները` բարեկամներ, ընկերներ, սանիկներ, վարորդ եւ այլն։

3. Ինչո՞ւ մինչեւ այսօր առերեսում չի կայացել Վռամի եւ Պետրոսի միջեւ։ Ինչո՞ւ երբեմնի ընկերներին հնարավորություն չի տրվել նայելու իրար աչքերի մեջ եւ մեկմեկու լրացնել-հակադրվելով պատմելու ողբերգական օրվա դրվագները։

4. Ինչո՞ւ Արսենի եւ Պետրոսի հայրերը հարցաքննվել են եւ հնարավորություն են ունեցել իրենց որդիներին ջրից չորս դուրս բերելու, իսկ Վռամի հայրը չի հարցաքննվել։ Իսկ գուցե նրա հարցաքննությունը կարո՞ղ էր շատ ուշագրավ հանգամանքներ բացահայտել այս գործի համար։

5. Ինչո՞ւ է Պետրոսը «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկում հայտարարել, թե ինքն է սպանել Խաչիկին, ապա, երբ ցուցմունք է տվել Վռամի դեմ, խնդրել-պահանջել է, որ իրեն պահեն ԱԱԾ մեկուսարանում։

6. Ինչո՞ւ Հովհաննես Շահինյանին չեն մեղադրում հանցագործության իրական մեղավորի մասին իմանալ-չհայտնելու մեջ, իսկ Վռամի մասով անընդհատ շահարկում են, թե նա ինչու է մինչեւ այժմ լռել, որ Պետրոսն է կրակել։

7. Ինչո՞ւ է Հովհաննես Շահինյանի քրոջ որդին բազմաթիվ անգամներ սուտ ցուցմունք տվել` հանցագործությունը վերցնելով իր վրա, եւ ինչու է մեղադրանքը պաշտպանող կողմը անընդհատ Վռամին հիշեցնում, որ նա ստել է իր ցուցմունքներում, եւ դրանց մեջ կան էական հակասություններ։

8. Ինչո՞ւ կասկած չի առաջացնում այն հանգամանքը, որ Պետրոսի հայրը խնամքով մաքրել է «Մակարով» ատրճանակի վրայի մատնահետքերը։ Ինչո՞ւ է նա բացառապես ցուցմունք տալիս գրավոր եւ հրաժարվում դատարանի դահլիճում ասել այն, ինչ գրել է։

9. Եվ ի վերջո` ինչո՞ւ են ամբաստանյալի աթոռին հայտնվածների ծնողները, ընկերները, հարազատները (իսկ ամբաստանյալների թիվը չի սահմանափակվում Պետրոսով, Արսենով եւ Վռամով) չեն հավատում արդարադատության կայացմանը, չեն հավատում, որ իրավիճակը կարող է փոխվել առանց ազդեցիկների միջամտության։

10. Ո՞վ է ասել Հովհաննես Շահինյանի քրոջը` Կարինե Շահինյանին, որ Վռամին 10 տարի են տալու, եւ Վռամի մայրը դեռ երկար է արտասվելու։ Եղբա՞յրն է ասել, իսկ եղբորն ո՞վ է ասել։ Թամամյան Հովի՞կը։

Զարգացումները` հաջորդիվ։

ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ

ԼՈՒՐԵՐ

ԻՐԱԶԵԿՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ Է Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Երեկ Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել Հայ Ազգային Կոնգրեսի իրազեկումը` Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ։ Հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի երկուսին։ Հիշեցնենք, որ ընդդիմության նախորդ հանրահավաքում` հանրահավաքի մասնակիցների քվեարկության արդյունքում որոշվել էր, որ հաջորդ հանրահավաքը պետք է կայանա օգոստոսի մեկին։ Սակայն, քանի որ օգոստոսի մեկը մեռելոց է, Կոնգրեսի քաղխորհուրդը որոշում է ընդունել, ըստ որի հանրահավաքը պետք է կայանա մեկ օր ուշ։

ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ` ԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

«Թող որ մենք ամեն տեղ թվաբանորեն լինենք առաջինը, դրանից մեր որակը չի բարձրանում», երեկ ասել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ «Ֆորբսի տվյալները եւ իրականությունը» թեմայով բանավեճի ժամանակ։ Նրա դիտարկմամբ` չկա մի ոլորտ, որ Հայաստանը ձախողած չլինի. տեղեկացնում է «Tert.am»-ը։ «Թե՛ երկրի ներսում` տնտեսական իմաստով, թե՛ տարածաշրջանում եւ թե՛ ամբողջ աշխարհում մենք անմրցունակ ենք։ Այստեղ հարցն այն է, որ մենք որակապես ծուղակի մեջ ենք։ Հայաստանը, որպես երկիր, քանդվում է։ Եվ քանդվում է թե՛ տնտեսական ոլորտում, թե՛ քաղաքական ոլորտում, թե՛ սոցիալական ոլորտում եւ թե՛, ընդհանրապես, համակեցության ոլորտում։ Շատ հավանական է, որ մենք նախավերջին երկիրը չենք, բայց դրանից ոչինչ չի փոխվի», նկատել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը։ «Այն կուրսը, որը վարվում է մեզանում, բերել է հասարակության ծայրաստիճան բեւեռացման` գերհարուստների մի փոքրիկ խումբ է առաջացել եւ հսկայազանգված աղքատ ժողովուրդ։ Ինչո՞ւ «Ֆորբսը» չի մատնանշում այն պատճառները, որոնց արդյունքում Հայաստանն ունի այսպիսի տխուր տնտեսական վիճակ, ինչո՞ւ «Ֆորբսի» մասնագետները չեն ասում, որ տարիներ շարունակ իրենց կողմից Հայաստանին մատուցված տնտեսական կողմնորոշիչների արդյունքում է, որ Հայաստանը հայտնվել է այսպիսի ծանր տնտեսական վիճակում։ Այս վիճակի համար մեղավորը արեւմտյան կիսագնդի երկրներն են, ոսկե միլիարդի երկրներն են, որոնք պարտադրել են այս տնտեսական քաղաքականությունը, որում հայտնվել է Հայաստանը, եւ մենք ունենք այսպիսի վիճակ», նկատել է Վազգեն Սաֆարյանը։

ԱՌՈՒՅԳԱՑԵԼ Է

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը վերադարձել է Հայաստան եւ իրեն համեմատաբար լավ է զգում։ Այս մասին News.am-ի թղթակիցը տեղեկացել է նրա կնոջից` Լիլիթ Ասատրյանից։ Նա նշել է, որ Խաչիկյանը, որը բուժում էր ստանում Գերմանիայում, Հայաստան է վերադարձել հունիսին եւ իրեն «նախկինից անհամեմատ ավելի լավ է զգում»։ Թե այս պահին որտեղ է գտնվում Խաչիկյանը` կինը չի ասել, միայն նշել է, որ Հայաստանում է, բայց Երեւանում չէ։ Հիշեցնենք, որ «Ա1+»-ի լրագրողը օրերս Խաչիկյանին տեսել էր Հաղպատում։

Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազությունում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում Ֆինանսների նախարարության իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Պարզվել էր, որ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 181 900 դրամ գումար ու յուրացրել այն։

Գործն այժմ գտնվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարույթում, կատարվում է նախաքննություն։ Ծառայության մի խումբ աշխատակիցներ, ըստ տեղեկությունների, այս ընթացքում կանչվել են ոստիկանություն ու հարցաքննվել։ Որեւէ պաշտոնատար անձի, սակայն, առայժմ սույն գործի շրջանակներում մեղադրանք չի առաջադրվել։

Հարցին, թե Վազգեն Խաչիկյանն արդյոք հարցաքննության նպատակով կանչվե՞լ է ոստիկանություն, վերջինիս կինը չի պատասխանել` նշելով միայն, որ լրատվամիջոցները իր ամուսնու հետ կապված ամեն մի դիպված սենսացիայի ոճով են ներկայացնում։

ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ


ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«2011 թվականի հունիսի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հրատապ հաշվետվություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին` պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններ ունեցող 5 դատապարտյալների`

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկից` Լեյլի Վասիլի Չոփինյանի, Ռուզաննա Սուրենի Մանուկյանի, Ամալյա Մաքսիմի Մնացականյանի, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից` Արմեն Թաքվորյանի, Հովհաննես Դոխոլյանի` պատժի կրումից ազատման հարցով։ Ի դեպ, բժշկական առողջապահական հանձնաժողովի (ԲԱՀ) կողմից հաստատվել է այդ դատապարտյալների հիվանդությունների բժշկական ախտորոշումները, սակայն, քանի որ միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ընթացակարգը հստակեցված չէ, հիվանդների ազատ արձակման խնդիրը ձգձգվում է անորոշ ժամանակով։

Մինչեւ այժմ ՀՀ արդարադատության նախարարության կողմից որեւէ պատասխան խումբը չի ստացել, այդ պատճառով, համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգի 13-րդ կետի հրապարակվում է խմբի հրատապ հաշվետվությունը, միաժամանակ վերստին պահանջելով ՀՀ արդարադատության նախարարից հրատապ լուծելու դատապարտյալներին պատժից ազատելու խնդիրը, քանի որ նրանց պատժի հետագա կրումը գնահատում ենք որպես դատապարտյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունք»։

ԿՈՐԵԼ Է ԱՍԱԴԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կորցրել է լեգիտիմությունը։

Քլինթոնը հայտարարել է, որ Ասադին անփոխարինելի չի համարում Սիրիայի համար, եւ ԱՄՆ-ը շահագրգիռ չէ նրա կառավարմամբ։ ԱՄՆ նպատակը տարածաշրջանում, ըստ Քլինթոնի, սիրիական ժողովրդի կամքի կատարումն է ժողովրդավարական փոփոխությունների միջոցով։

Քլինթոնի հայտարարությունը հնչել է Դամասկոսի ու Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների հերթական վատթարացման ֆոնին` այն բանից հետո, երբ ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը այցելել է ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող Համա քաղաք, ինչը Դամասկոսը որակել է որպես միջամտություն երկրի ներքին գործերին։

ՍՈՉԻ-ՎԱՌՆԱ

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» պարբերականը տեղեկացրել է, որ բուլղարական Վառնա քաղաքի Գալաթա շրջանում տեղակայվել է զորավար Անդրանիկ Օզանյանի հուշարձանը։ Գեներալ Անդրանիկի հուշարձանի բացմանը մասնակցել են հարյուրավոր բնակիչներ եւ հյուրեր, ինչպես նաեւ Բուլղարիայի քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ։ 6 մետր բարձրությամբ արձանը տեղադրվել է հրապարակում, որը անվանակոչվելու է գեներալի անունով։

«Երկրամասը» նշել է նաեւ, որ հուշարձանի բացմանը դեմ էր արտահայտվում Թուրքիան, սակայն Բուլղարիայի իշխանությունը չի տրվել թուրքական շանտաժին, ի տարբերություն Ռուսաստանի, ինչի մասին հիշեցնում է «Երկրամասը» եւ նշում Սոչիի հայտնի դեպքը, երբ մայիսի 28-ի նախօրեին, երբ պետք է բացվեր զորավար Անդրանիկի հուշարձանը Սոչիում, այն ապամոնտաժվեց։

Պարբերականը գրել է, որ այն ապամոնտաժվեց Ռուսաստանի հայերի միության տեղի բաժանմունքի ջանքերով, քաղաքային իշխանության ճնշման տակ, որն էլ հղում էր անում թուրքական սպառնալիքին, թե արձանի տեղադրման դեպքում կտապալեն 2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիադան։

ԻՐԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿԸ ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈՆ Է

Օքսֆորդում հայտնաբերել են Վերածննդի դարաշրջանի մեծագույն վարպետներից մեկի` Միքելանջելոյի գործերից մեկը, որի հեղինակը նախկինում համարվում էր մի ուրիշ իտալացի նկարիչ` Մարսելո Վենուստին։

«Խաչելություն, Սուրբ Մարիամ Աստվածածին, Սուրբ Հովհաննես եւ երկու վշտացող հրեշտակներ» նկարը հայտնաբերել են Օքսֆորդի համալսարանի Ճիզվիտական քոլեջի պատին։

Իտալացի ռեստավրատոր Անտոնիո Ֆորչելինոն անց է կացրեր ինֆրակարմիր անալիզ` կասկածելով, որ նկարի հեղինակը Վենուստին է։ Անալիզի արդյունքները իմանալով` նա հայտարարել է, որ անկասկած սա Միքելանջելոյի գործն է։

Այս լուրը իմանալուց հետո քոլեջի ղեկավարությունը շտապել է հանել այդ նկարը պատից` հայտարարելով, որ սա, իհարկե, հիասքանչ գործ է, բայց շատ արժեքավոր է, որպեսզի ուղղակի կախած լինի քոլեջի պատից։

Նկարը տեղափոխել են Էշմոլի թանգարան։

ՖԻԼԻՊԸ ԾԱՂՐԱԾՈՒ Է


Ռուս երգիչ Վյաչեսլավ Դոբրինինը «Սլավյանսկի բազար» փառատոնի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ռուս երգիչներ Ֆիլիպ Կիրկորովին եւ Նիկոլայ Բասկովին խեղկատակներ է անվանել, քանի որ վերջիններս պատրաստ են լրագրողների հետ անվերջ քննարկել իրենց անձնական կյանքի մանրամասները։

Պարզվում է, որ Դոբրինինն առավոտվանից վատ տրամադրություն է ունեցել, իսկ ասուլիսին ուշացումով է ժամանել` «մեղքը բարդելով» իր մենեջերի վրա։

Երգիչը խոստովանել է, որ լրագրողների հետ շփվել չի սիրում։ Նա նշել է, որ 20 տարի մամուլի ասուլիսների չի մասնակցել եւ հույս ունի, որ «այսօրվա հանդիպումը կդառնա վերջինն իր ստեղծագործական կյանքում»։ «Լրատվամիջոցների հետ շփվելը նրանց շնորհն է, ովքեր իրենց «թագավորներ եւ ծաղրածուներ են համարում», ինչպես որ Կիրկորովը եւ Բասկովը»,_ ասել է Դոբրինինը։

ՀԱԿԱՌԱԿՆ Է ՍՏԱՑՎԵԼ

Իսրայելցի մի տղամարդ դատի է տվել մի գուշակի` այդպես էլ իրականություն չդարձած կանխատեսում անելու համար։

40-ամյա իսրայելցի գործարարը, ով լրջորեն մտահոգված է եղել իր` չամուսնացած լինելու հանգամանքով, ծնողների առաջարկով դիմել է գուշակին, ով պետք է «քանդեր նրա թուղթ ու գիրը եւ հեռացներ չար աչքը», տեղեկացրել է Tert.am-ը։

Գուշակի մոտ առաջին այցելությունը իսրայելցու համար արժեցել է մի քանի հազար շեկել։ Այդ գումարի դիմաց նա ստացել է կախարդական փոշի ու բանալի, որոնցով տղամարդը պետք է յոթ անգամ անցներ հրեական մի իմաստունի գերեզմանի կողքով, ինչից հետո, ըստ գուշակի, մեկ տարվա ընթացքում նա պետք է հանդիպեր իր ապագա կնոջը։

Դատական հայցում իսրայելցին նշել է, որ կատարել է գուշակի ցուցումները, բայց իր հարսնացուին այդպես էլ չի հանդիպել։ Ըստ նրա` իրավիճակն ավելի է բարդացել. աղջիկներն ընդհանրապես սկսել են խուսափել իր հետ շփումից։

Հետաքրքրական է, որ գործարարը առաջին անհաջող փորձից հետո չի հուսահատվել եւ 6 անգամ դիմած է եղել նույն գուշակին, եւ միայն 7-րդ անգամից հետո է որոշել դիմել դատարան։

Գուշակն իր հերթին հայտարարել է, որ տղամարդու վերաբերյալ իր գուշակությունը իրականություն չի դարձել միայն այն պատճառով, որ նա ամբողջությամբ ու ճշգրիտ չի կատարել իր ցուցումները։

ԿԱՐԳԻՆ ՍԽԱԼ

Թուրքական sporx.com մարզական կայքն ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է որպես հայկական։ Այս մասին տեղեկացրել է ադրբեջանական SelamNews-ը։

Ըստ լրատվամիջոցի` sporx.com_ի «Եվրալիգա» բաժնում նշվում է, որ «Ղարաբաղը» հայկական ակումբ է եւ անցած մրցաշրջանում Հայաստանում զբաղեցրել է երրորդ տեղը։

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ

ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԹԵՐԵՎՍ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ»
Միջնորդների աննախադեպ ակտիվություն

Հետկազանյան ակտիվությունը ԼՂ հարցում շարունակվում է։ Ընդ որում, Կազանից հետո իր նախաձեռնողականությունը պահպանել ձգտող Ռուսաստանին այժմ նորից ակտիվորեն միացել է նաեւ ԱՄՆ-ը, եւ Ղարաբաղի հարցը նորից շարունակում է մնալ երկու գերտերությունների օրակարգում։ Այն էլ` ամենաբարձր մակարդակով։

Դեռ չէինք հասցրել մարսել այն լուրը, որ ԱՄՆ մեկնած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատրաստվում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ քննարկել ԼՂ հիմնախնդիրը, պարզվեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկվել է նաեւ ավելի բարձր մակարդակով։ Մասնավորապես, երկուշաբթի երեկոյան Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը։ Ըստ այդմ, Մեդվեդեւն ու Օբաման մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ, ԱՄՆ նախագահը բարձր գնահատական է տվել այն ջանքերին, որ գործադրում է Մեդվեդեւն այս ուղղությամբ` մասնավորապես, Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ վերջերս կայացած հանդիպման ժամանակ։ Ըստ ՌԴ նախագահի կայքէջի հաղորդագրության, «երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում եւս փոխհամաձայնեցված քայլեր ձեռնարկել՝ օգնելու Բաքվին եւ Երեւանին գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը»։

Այս ամենը Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը բացատրում է նրանով, որ Կոնգրեսի ներկայացուցիչների գնահատականները ճիշտ էին. երբ որ Կազանից հետո շատ-շատերը խոսում էին կարգավորման գործընթացում երկարաժամկետ դադարի եւ բանակցությունների ձախողման մասին, ընդդիմությունն ասում էր, որ գործընթացը շարունակվում է։ «Եւ այստեղ ես ուզում եմ ընդգծել, որ իշխանությունները որեւէ մեկնաբանություն փաստորեն չտվեցին գործընթացի վերաբերյալ։ Մի անգամ միայն Սերժ Սարգսյանը անդրադարձել է այդ հարցին, բայց հաշվի առնելով լրջությունը եւ միջնորդների աննախադեպ ակտիվությունը` կարծում եմ, որ իշխանությունները պետք է շփվեն, ուղիղ կապ հաստատեն ժողովրդի հետ եւ ասեն, թե իրականում ինչ է կատարվում, ինչո՞ւ են միջնորդները նման ակտիվություն ցուցաբերում, եւ ինչպե՞ս եղավ, որ ղարաբաղյան հարցը նման առաջնահերթություն ստացավ` անգամ ԱՄՆ եւ ՌԴ նախագահների մակարդակով»,- ասում է Կարապետյանը։

Վերջինիս խոսքով, սա շատ կարեւոր է, եւ այն, որ իշխանությունները լռում են, ցույց է տալիս, որ մեզ մոտ շարունակում է բացակայել հետադարձ կապը, այսինքն` իշխանությունները հաշվետու չեն մեր ժողովրդին։ «Իրենց ժողովուրդը չի ընտրել, որ իրենք էլ զեկուցեն, կամ գոնե տեղյակ պահեն այդ պրոցեսների վերաբերյալ, որոնք հիմա տեղի են ունենում։ Ինչ վերաբերում է միջնորդների ակտիվությանը, ապա կարծում եմ, որ առաջիկայում թերեւս նախապատրաստվում է նոր հանդիպում` Սարգսյանի եւ Ալիեւի մակարդակով, եւ կարծում եմ, որ միջնորդները դասեր քաղած կլինեն կազանյան հանդիպումից, եւ եթե իրենք իրենց միջեւ անհամաձայնությունները հարթեն, ապա ճնշումը կողմերի վրա լինելու է համատեղ եւ ավելի ազդեցիկ, եւ հնարավոր է` նաեւ ավելի արդյունավետ»,- ասում է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Կազանում կայացած Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը տասը նոր առաջարկ էր ներկայացրել, իսկ Կազանի հանդիպումից հետո ՌԴ նախագահը Սերգեյ Լավրովի միջոցով Երեւանին եւ Բաքվին էր փոխանցել իր հետկազանյան ուղերձը, որի բովանդակությունն առայժմ գաղտնի է պահվում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ բանակցային սեղանին դրված փաստաթուղթը կարող է փոփոխման ենթարկված լինել, կամ փոփոխվի։ Կարապետյանն ասում է, թե փաստաթղթի փոփոխման մասին խոսելն անհնար է, բայց ահա լրացումներ կարող են լինել։ «Մադրիդյան փաստաթուղթը հրապարկվել է եւ այն հայտնի է հանրությանը։ Կարծում եմ, որ բոլոր կողմերը հաստատել են, որ Ադրբեջանն է ներկայացրել առաջարկություններ, եւ ոչ թե հայկական կողմը։ Այսինքն, այն դրույթները, որոնք իբրեւ թե երեւում են «հայանպաստ» այս փաստաթղթում, հենց այդ դրույթների շուրջ են ադրբեջանական առաջարկները։ Իսկ միջնորդները աշխատում են կողմերի դիրքորոշումների վրա եւ ամփոփում են այն առաջարկները, որոնք ունեն կողմերը»,- ասում է Կարապետյանը։

Ընդ որում, Կարապետյանն այստեղ աննախադեպ երեւույթ է նկատում։ «Կան հարցեր, որոնց վերաբերյալ պետք է հստակ տեղեկություն ունենաս, որ իմանաս` արդյո՞ք ասենք` խաղաղապահների հարցում միջնորդները ունեն դիրքորոշումների մոտեցում, բայց այն, որ միջնորդները համաձայնեցնում են իրենց քայլերը, ակտիվ դիվանագիտական շփումներ են իրականացնում, ինչը չի եղել նախկինում, դա փաստ է։ Եւ հենց այդ առումով է, որ մենք շատ կուզենայինք, որ իշխանությունները հաղորդակից լինեին եւ ներկայացնեին, թե իրականում ինչ փուլում է գործընթացը եւ ինչո՞վ է պայմանավորված նման ակտիվությունը»,- ասում է Կարապետյանը։

ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ

ՀՈԲԵԼՅԱՆ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ՃԻՇՏ, ԿՈՊԻՏ, ՃՇՄԱՐԻՏ, ՇԻՏԱԿ ՊԻՏԻ ԼԻՆԵՍ ...

Նրանք, որ եղել են: Այն հատուկենտներն ու սակավները` պատմագիրները, բանաստեղծները, մտածողները, բանաստեղծ-արքաներն ու բանաստեղծ-իշխանները, բանաստեղծ-հոգեւոր հայրերն ու աշխարհիկ ճարտարապետները ու հարբեցող պոետները, որ ճշմարտությունն են ասել, ճշմարտությունն են կռել, ձեւակերպել, կառուցել, գրել մեզ համար, ապա հեռացել են. առաքելությունը սկիզբ ունի` վերջը մեր հիշողության մեջ է` կկորչի կամ կմնա` ունակության հարց է: Եթե այսօր մենք կանք` նրանց շնորհիվ է, իսկ եթե այն ենք, ինչ կանք` մեր շնորհքն է... Իրենք եղել են, իրենք այսօր էլ այստեղ են, վաղն էլ լինելու են` մեզ համար թե արդեն ուրիշի` այլ հարց է:

Կարդա եւ փոխանցիր ուրիշին: Կարդա եւ տես: Կարդա եւ քայլ արա: Տե՛ր դարձիր քո այսօրվան ու վաղվան, տեր դարձիր քո երկրին այսօր, որպեսզի վաղը լինես:



Սկիզբը` «ՉԻ» 373, 378, 382 համարներում

- Քիչ առաջ օրինակ բերեցի «Սարոյան եղբայրներ» ֆիլմը։ Ընդհանրապես Ձեր ստեղծագործություններից կարող եմ վերցնել մի նախադասություն ու ասել, որ սա անպայման Հրանտ Մաթեւոսյանն է։ Միայն նա է այդպես գրում։ Սա առավելությո՞ւն եք համարում, թե՞ թերություն։

- Չէ, մի ծառայություն ես իսկապես ունեմ։ Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ առաջին անգամ էկրանից դահլիճ հայոց լեզու հորդեց՝ «Մենք ենք, մեր սարերը»։ Եվ օրինակը վարակիչ էր։ Բոլորը հեշտ ճանապարհով, դրա ետեւից գնացին, եւ մեղքը իմը չէ, որ սկսեցին ընդօրինակել։

- Ասենք մի սկսնակ, երիտասարդ արձակագիր Ձեր խոսքի ազդեցության տակ է, խոսքի կառուցման Ձեր կերպն է ընդօրինակում։ Դա իր անհատականության պակասն է, բայց... Կարո՞ղ ենք վերցնել ասենք Լեւ Տոլստոյից մի պատահական նախադասություն եւ համոզվել, որ դա միայն նրանն է։ Միայն նա է այդպես գրում։

- Չէ, այդպիսի հարց չկա։ Ես ուղղակի երախտապարտ եմ իմ գրողական լեզվի ուսուցիչներին, ովքեր ինձ բան են սովորեցրել՝ Չարենցի կռանված, կռանահարված խոսքը, Թումանյանի ժողովրդական բացարձակումները, Իսահակյանի լեզվի շքեղությունը։ Եթե ասեմ, թե Չարենցը ինչքան է վերցրել Տերյանից, Տերյանը որքան է թումանյանական գրել։ Մեկս մեկիս սովորեցնելով՝ ճամփա ենք գնում։ Բայց տհաճ է, երբ տեսնում ես, որ սովորածից զատ ուրիշ բան չկա, սեփական որեւէ բան չկա։ Երկրորդված է։ Թե չէ բոլորս էլ հայերենի զավակներն ենք, մեր մայրերի որդիները։

- Քանի որ խոսք եղավ կինոյի մասին, ուզում եմ ասեք, թե որն եք համարում Ձեր ստեղծագործություններից լավագույն էկրանավորումը։ Եվ առհասարակ, հայ կինոն Ձեր կարծիքով ի՞նչ արժեքներ է ստեղծել եւ ինչո՞ւ չէր կարող ավելին անել։

- Ես շատ գուրգուրացել էի եւ ուղղակի կինոգլուխգործոց էի սպասում Բակունցի «Միրհավի» թեմաներով գրած իմ «Այս կանաչ, կարմիր աշխարհը» սցենարից։ Բակունցի այդ գործը վաղուց նկատել էի։ Ռաֆայել Արամյանը մի անգամ...

Գուցե կարիք չկա՞ այսքան մանրամասն։ Նա սքանչելի մարդ էր, ոչ այնքան առաջնակարգ գրող, բայց մի թրթռուն գոյություն էր, լավ փորձարար։ Երեւանի մտավորականության խորհրդանիշն էր, եւ նրա կորստով ուղղակի Երեւանի բովանդակությունը կարծես կորավ։ Նա ճապոնական մի ֆիլմ էր նայել՝ «Լերկ կղզին», եկավ «Գրական թերթի» խմբագրությունում պատմեց։ Մի դաժան կղզի, տղամարդ, կին, երեխա. դա նրանց մոլորակն է, պետք է պարտեզ դարձնեն։ Մեկ՝ այդ «Լերկ կղզին»։ Մյուսը. մի սքանչելի անձնավորություն կար՝ Իոն Դրուցե, որի հետ հետո ծանոթացանք, բայց նրա «Աշնան վերջին ամիսը» ինձ պատմել էր մի մոլդովացի։ Ահա։ Եվ մյուսն էլ Սերգեյ Փարաջանյանի «Մոռացված նախնիների ստվերները», որ նայեցի Մոսկվայում։ Սրանք, մեկ էլ Բակունցի «Միրհավը», չգիտեմ իրարու ինչպես ագուցվեցին իմ մեջ, եւ զգացի, որ կինոյում մի լավ բան է առաջանում։ Ինձանից վերացած՝ գրեցի այդ 45 էջանոց գործը, առանց Բակունցի գիրքը բացելու։ Գրեցի եւ երկար երանի էի տալիս այն մարդուն, որ այդ գլուխգործոցի հեղինակն էր լինելու։ Ո՞վ էր լինելու դաժան այդ գիտակը, գիտակը հայոց հողի, հայ մշակ մարդու, որ ծապաններ է կապել, որ խաղող է արարել մեր դաժան հողի մեջ, դժվար խնձոր է աճեցրել, դժվար հաց է արել։ Հայ մարդու հավատարմությունը, բարոյականությունը, հավատարմությունը մեր շփերթ ու շփացող, անառակացող այս աշխարհում։ Ծավալվող ու բացարձակվող անբարո այս աշխարհում հարկավոր էր ուղղակի «կոնտր» ֆիլմ անել։

Շարունակելի
Հարցազրույցը վարեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆԸ «Արար», NN 2-3, 1993 թ.

© 1958 - 2010, Հրանտ Մաթեւոսյան

ԲԱՆԱԿ ԷԼ ԿԳՆԱՍ

ԻՆՉՊԵՍ Է ՔԱՅՔԱՅՎՈՒՄ ԲԱՆԱԿԸ

Զինծառայող Տիգրան Համբարձումյանի մահվանից անցել է երկու շաբաթ, սակայն դեռեւս ձերբակալվածներ չկան, նշել են ՊՆ քննչական ծառայությունից։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ի առավոտյան Տիգրանը հեռախոսազրույց է ունեցել ծնողների հետ, ապա ժամեր անց զորամասից հայտնել են, թե զինծառայողը փախել է զորամասից։ Տիգրանի հայրը` Բենիկ Համբարձումյանը, անհանգստանալով որդու անհայտանալու կապակցությամբ, հաջորդ օրը վաղ առավոտյան ընտանիքի հետ մեկնում է որդու ծառայության վայրը` Սյունիքի մարզի Կարմրաքարի զորամաս, որտեղ մի քանի ժամ հետո հայտնաբերվում է որդու խոշտանգված դին։

Բայց մինչ այդ, զորամասում անցկացրած մի քանի ժամվա ընթացքում հայրը տեղեկանում է տղայի անցկացրած վերջին օրերի որոշ մանրամասների, մասնավորապես, որ շտաբի պետը իր մեթոդներով երկու օր շարունակ «կարգի է բերել» Տիգրանին։ Հայտնի է նաեւ այն, որ լարվածություն է եղել Տիգրանի ու շտաբի պետի հարաբերություններում։ Բացատրությունն այն է, որ շտաբի պետը չի սիրել Տիգրանին։

Տիգրանի մահվան փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»։

Այս հոդվածով հարուցված մահվան դեպքերով հաճախ պատասխանատվության ենթարկվողներ չեն գտնվում։ Օրինակները շատ են։ Զինծառայող Վալերի Մուրադյանի «ինքնասպանության հասցնելու» գործն արդեն ձգվում է տարիուկես, բայց ձերբակալվածներ չկան, թեեւ փաստաբան Սեդա Սաֆարյանի նախաքննական մարմնին ուղղված միջնորդությունից պարզ երեւում են մահվան հանգամանքներն ու դեպքի վայրում հայտնաբերված իրերը, որոնց պատկանելիությունը եւս հայտնի է։ Փաստաբանն ասում է. ցանկության դեպքում բացահայտելը հեշտ է։

Վալերի Մուրադյանի մայրը` Նանան, երկու անգամ հանդիպել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որը խոստում է տվել հայտնաբերել ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին, բայց խոստումը չի կատարել, եւ որեւէ մեկը զինվորի մահվան համար մինչեւ օրս պատասխան չի տվել։

«Ինքնասպանություն» որակված Արթուր Ղազարյանի մահվան դեպքից (Բալահովիտի զորամաս) երեք ամիս անց նույնպես ձերբակալվածներ չկան։ Զինվորի հայրն ընդհանրապես տեղյակ չէ որդու մահվան հանգամանքների մասին։

Սահմռկեցուցիչ խոշտանգումների արդյունքում մահացած Տիգրան Համբարձումյանի դեպքից հետո մարդիկ իրար հարցնում էին. «լավ, ինչու չեն պատժում, որ այլեւս չկրկնվի»։ Սա, իհարկե, խնդրի լուծման ամենապարզ ու տրամաբանական միջոցն է, բայց ինչպես մենք տեսանք դեպքերի ընթացքից, հենց սկզբից տեղի է ունենում հակառակը. զինվորականները մեղքը հեռացնում են իրենցից, եւ սա խրախուսվում է զինվորական ամենաբարձր մակարդակով։

Օրերս հեռուստաընկերությունները ցուցադրում էին գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի` սպայակազմին նվիրված ելույթները։ Ելույթներ, որոնք որեւէ կապ չունեին իրականության հետ, եւ դա շատ լավ գիտակցում էր նաեւ սպայակազմը։

Գերագույն գլխավոր հրամանատարը հիշեցնում էր, որ «սպայությունը բարձրագույն կրթություն ստացած մտավորականություն է»։ Ասում էր ու պնդում. «միեւնույն է, դուք ազգի մտավորականության կարեւոր թեւն եք։ Դուք մտավորականներ եք։ Եթե չեք, պետք է դառնաք»։ Ասում էր «հասարակական ընկալումներից առաջին հերթին ձեր շնորհիվ պիտի արմատախիլ արվի բռի եւ անտակտ զինվորականի կերպարը»։ Պատժի մասին ոչ մի խոսք չասվեց, նշել է Lragir.am-ի մեկնաբանը։

Հ.Գ. «Մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է»։ Մեր բոլոր չինովնիկները` մանր ու խոշոր, պաշտոնյաները, բանակի տեղը երբեւիցե չիմացած կարիերիստ ջահելները, եւ վերջապես` բանակի ղեկավարությունը ցանկացած առիթով, նույնիսկ առիթ չլինելու դեպքում էլ սիրում են կրկնել այս, ինչպես իրենք են կարծում, «հզոր» միտքը։ Առանց հասկանալու, որ բանակի մարտունակությունը սկսում է նրա ամենակարեւոր եւ գլխավոր միավորից` շարքային զինվորից։ Եվ եթե զինվորի հանդեպ այսպիսի հանցավոր վերաբերմունք է դրսեւորվում, երբ զինվորին ընդամենը դիտարկում են որպես ապրանք, որը կարելի է օգտագործել, մաշեցնել, պատռել, ոչնչացնել, ապա դրանով ոչնչացվում է բանակի մարտունակությունը։ Այս վերաբերմունքն էլ մեծ հաշվով գալիս է նրանից, որ բանակի մարտունակության մասին հոխորտացողների մեծ մասը կամ էլ նրանց զավակները երբեք չեն ծառայել բանակում։ Գործնականում բացառված է, որ որեւէ պաշտոնյայի զավակ ծառայի բանակում, կամ էլ այնպիսի զորամասում, որտեղ ծառայում են հասարակության չքավոր, ամենախեղճ խավի զավակները։ Եթե Համբարձումյանների ընտանիքի դժբախտությունը տեղի ունենար նման մի բարձրաստիճան պաշտոնյայի զավակի հետ, այդ դեպքում, միգուցե, դա ինչ-որ չափով սթափեցներ իշխանություններին։ Իսկ քանի դեռ բանակի գեներալ-մայորը իր զավակին փախցնում է Կանադա, մյուս գեներալի զավակն էլ բանակում անպատիժ ռեկետով է զբաղվում, նոր դժբախտությունները, իմա` բանակի մարտունակության ոչնչացման գործընթացը շարունակվելու է։

Գ. ԱՐԱՄՅԱՆ

ՇԱՏ ՍՊԱՍԵՑԻՆՔ

ՄԵՍԻՆ ԱՐԹՆԱՑԱՎ

Ճիշտն ասած, մենք այսօր պետք է անդրադառնայինք Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Փյունիկ»-«Վիկտորիա»` երեկ կայացած հանդիպմանը, բայց քանի որ արդեն առաջին խաղակեսից հետո այնպիսի հաշիվ էր, որ բնավ ցանկալի չէ բարձրաձայն ասել, ապա ավելի լավ է ներկայացնենք այս օրերի առավել ուշագրավ այլ ֆուտբոլային իրադարձություններ եւ սկսենք Լատինական Ամերիկայից։

Եթե Արգենտինայում ընթացող Ամերիկայի գավաթի խմբային փուլի առաջին երկու տուրերում Արգենտինայի հավաքականի խաղին հետեւելով, այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե այնտեղ ոչ թե Մեսին է խաղում, այլ նրա դժգույն նմանակը, ապա 3-րդ տուրում` Կոստա-Ռիկայի հավաքականի հետ հանդիպմանը վերջապես նա արթնացավ եւ «շատ» արթնացավ։ Ամբողջ խաղը Մեսին մի շնչով անցկացրեց, ցույց տվեց այն, ինչը բոլորը սպասում էին նրանից, կազմակերպում էր գրեթե բոլոր գրոհները եւ ի վերջո երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ։ Արգենտինացիները հաղթեցին 3։0 եւ խմբում գրավելով 2-րդ տեղը` անցան հաջորդ փուլ։

Բնական է, որ հանդիպումից Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Սերխիո Բատիստան` մեկնաբանելով իր թիմի տոնած հաղթանակը, առաջին հերթին ընդգծել է հենց Մեսիի խաղը. «Նա ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց,- հայտարարել է Բատիստան,- խաղից առաջ մենք շատ էինք խոսել հավաքականի էմոցիոնալ վիճակի մասին։ Մեզ անհրաժեշտ էր նորից վերագտնել վստահությունը։ Լիոնելը գիտի, թե ինչպես է պետք հաղթահարել նման իրավիճակը։ Նա ուժեղ բնավորություն ունի»։

Արգենտինայի հավաքականի պաշտպան Գաբրիել Միլիտոն էլ նշել է, որ այս հաղթանակը շատ է ուրախացրել իր թիմակիցներին, եւ միաժամանակ շեշտել, որ իրենք դեռ չեն հասել իրենց գլխավոր նպատակին. «Իհարկե այս հաղթանակը տեղին էր հոգեբանական տեսանկյունից։ Խաղը մեզ թույլ է տալիս լցվել հանգստությամբ եւ հավատով` սեփական ուժերի նկատմամբ։ Հուսով եմ` մեր անհաջողություններն այսքանով ավարտվեցին։ Հիմա սկսվում է մի նոր փուլ` իր դժվարություններով։ Ինչ վերաբերում է հաջորդ մրցակցին` ինձ համար տարբերություն չկա, թե ում հետ կխաղանք։ Մեր գլխավոր նպատակը չեմպիոնի կոչում նվաճելն է»։

Եվ մինչ արգենտինացիները տոնում էին այս հաղթանակը եւ պատրաստվում արդեն հաջորդ հանդիպմանը, տհաճ լուրը մի փոքր մթագնեց այդ մթնոլորտը։

Արգենտինացիների կուռքը` լեգենդար Դիեգո Մարադոնան վթարի է ենթարկվել։ Միջադեպը տեղի է ունեցել Բուենոս Այրեսին մերձակա Էզեյզա քաղաքում, որտեղ գտնվում է ֆուտբոլիստի տունը։

Ֆուտբոլիստի ավտոմեքենան բախվել է ավտոբուսին։ Մարադոնայից բացի, մեքենայում եղել է վերջինիս քաղաքացիական կինը` Վերոնիկա Օխեդան։ Նրանք երկուսն էլ ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ։ Հիվանդանոցում բժիշկների զննությունից հետո Մարադոնային եւ Վերոնիկա Օխեդային թողել են տուն։ «Մարադոնան իրեն լավ է զգում եւ վթարի հետեւանքով ոչ մի վնասվածք չի ստացել»,- ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Օսկար Սիկոն։ Ֆուտբոլիստի կինը ստացել է կողերի վնասվածք։

50-ամյա ֆուտբոլիստը բազմիցս է եղել ՃՏՊ-ի մասնակից։ 2010 թ. Մարադոնան մամլո ասուլիսից առաջ մեքենայով անցել է լուսանկարչի ոտքի վրայով։ Այն ժամանակ նա հավաքականի գլխավոր մարզիչն էր։ 2006 թ. բախվել է հեռախոսային խցիկին, որի բեկորներով վիրավորվել էր երկու մարդ։

Ուշագրավ նորությունների թվում կարելի է նշել նաեւ այն, որ ուկրաինական football.ua-ն կազմել է Ուկրաինայի առաջնության առաջին տուրի խորհրդանշական հավաքականը, որում հայտնվել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը ելույթ է ունենում Դոնեցկի «Մետալուրգում», տեղեկացրել է Armsport.am-ը։

«Ասում էին, թե թիմը, որն իր առջեւ լուրջ նպատակներ է դնում, չի կարող համալրման հիմնական աղբյուր օգտագործել Հայաստանի առաջնությունը։ Իսկ ահա Մարկոս Պիզելին արդեն առաջին խաղում հասկացնել տվեց, որ ինքը լուրջ մարտական ուժ է։ «Չեռնոմորեցի» պաշտպանները երկար կհիշեն հայկական անձնագրով այս բրազիլացուն»,- նշված է ուկրաինական կայքում։

Հիշեցնենք, որ Մարկոսի խփած միակ գնդակը «Մետալուրգին» հաղթանակ պարգեւեց մեկնարկային տուրում։

ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԶԱՏՆ

ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ

... Այնժամ տիրոջ խօսնակը երեւաց Սէրժին, եւ ասաց. «Ահա քո իշխանութեան մէջ չարութիւնը եւ անառակութիւնը շատացան, եւ եթե այսպէս շարունակես` ջրհեղեղ լինի, որ եբրայերեն ջրբաժան կոչուի։ Երկխօսութեան ֆօրմատ սարքիր, եւ ամէնայն կօալիցիայից երկուսին մեջը առ` արու եւ էգ, որ գնան եւ երկխօսեն ի վերայ արտահէրթի։ Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` լաւ է քեզ, որ առաջիկայ տասնօրեակի մէջ երկխօսես»։ Եվ լսեց (Սէրժը), եւ երկխօսութեան ֆօրմատ սարքեց, եւ երբ կազմը յայտնի դարձաւ, սորանցից մէկը խօսեց տիրոջ առաջին, եւ ասաց. «Տէ՛ր, ահա ասուած է քեզ, որ ամէնայն կօալիցիայից արու եւ էգ լինեն, ուրեմն ինչո՞ւ այդպէս արեցիր»։ Սէրժն էլ նայեց Դավիթին, որ Յարութիւնեան էր, եւ քթի տակ ծիծաղեց։ Օր առաջին։

... Եվ յոթերորդ օրը ջրերը քաշուեցին, եւ կանչեց (Սէրժը) իր պատուիրակներից մէկին, որ օրինաց էր իր օրերումը, եւ ասաց. «Ինչպէս որ Նոյը իր ագռաւին ուղարկեց, այնպէս էլ ես եմ քեզ ուղարկում, զի դու օրինացւոց ցեղից ես եւ ջրի մէջ չես խորտակուի։ Գնա եւ ամէնայն բանի վրայ երկխօսիր, բայց իմ հրաժարականի վրայ չերկխօսես»։ Եվ երբ այդպէս էր ասում, հեռուից մի աղաւնի երեւաց, եւ կտուցի մէջ ձիթենու ճիւղի պէս մի բան կար։ Եվ երբ մոտեցաւ, ամէնքը տէսան, որ բնաւ ձիթենու ճիւղ չէ, այլ ծրար, որին յունարեն ձէռագրերում ուղերձ են ասում։ Եվ բացեց (Սէրժը), եւ տեսաւ, որ հիւսիսի կօղմերից է։ Եվ սփրթնեալ եղաւ, զի տէսաւ, որ պիտի պատասխանի ի վերայ կարգաւորման առաջարկների։ Եվ իր մօտ կանչեց ամէնայն պատուիրակաց, եւ խօսեց նորանց առաջին, եւ ասաց. «Մի՞թե կույր եք եւ չեք տէսնում, որ կատակ արեցի։ Գնացեք եւ երկխօսեք ամէնայն հարցի շուրջ, եւ եթե արտահէրթ պահանջեն` բնաւ մտահօգութիւն չունենաք ձեր վաղվա օրուա վրայ եւ անմիջապէս յամաձայնուեք, զի ես այս ուղերձի պատասխանը չունեմ»։ Եվ ամէնքը լսեցին, եւ նաւից իջան, որ կատարուի մարգարէութիւնը, թե հանրային լօղափի վրայ յանդիպեցին։ Ամէն։

 


. CHorrord Ishchanutyun, 2011

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Ծառայություններ