30.03.2018 06:10 Միհրդատ Եվպատոր
Տարածել հոդվածը. facebook twitter

Ասելիքս

...Բիոդեգեներատները – 2

...Այսպիսով, որպես հանրապետության սրտացավ քաղաքացի, լրահոսը բացում ես ու կարդում, թե՝ մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցվել է 5.045.410 ՀՀ դրամի վնաս։ Պաշտոնապես։ ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները մարտի ---ից ---ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ են կատարել, շրջայցել են, հաշվետվություններ ընդունել, ինչպես եւ իրենց հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերել եւ արձանագրել են 23 իրավախախտում, 31-ի վերաբերյալ անցկացրել վարչական վարույթի քննություն եւ նշանակել 2.560.000 ՀՀ դրամի տուգանք։

Մի խոսքով՝ 5.045.410 ՀՀ դրամ։ Պաշտոնապես։ Միայն ՄԵԿ շաբաթում։

Իսկ եթե մեկ տարվա պարունակած շաբաթների քանակը բազմապատկես այս ՀԻՆԳ ՄԻԼԻՈՆ ու եսիմ ինչքան դրամ թվով, կստանաս... 260710000։ Դրամ։ Սա արդեն միլիոն չէ։ Հասկացաք։ Հիմա կասեն՝ ամեն շաբաթ չէ, որ այդպես է, շաբաթներ կան, որ բնավ էլ այդպես չէ... հիմա կասեն՝ բա լավ կլինե՞ր, որ տեսչություն չունենայինք, կամ այնքան վատ աշխատեր, կամ չաշխատեր, որ բան չհայտնաբերեր... Ու ղալաթ կանեն։ Ոչինչ էլ չեն հայտնաբերել։ Սա աչքակապություն է, տեղի ունեցող մեծ աղետի մակերեսի փրփուրի մեկ սուրճի բաժակ բաժնեչափն է էդ հինգ միլիոնն էլ, էդ երկու հարյուր վաթսուն միլիարդն էլ։ Քանի որ սրանց էս տեսչության ողջ չարչարանքը ծածկադըմբոց է։

Տեսեք, թե էդ մեկ շաբաթ/հինգ միլիոն թիվն ինչից է գոյացել`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.արձանագրվել է իրավախախտման 12 դեպք։Նշանակվել է 2.150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 5.045.410 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (11 բոխի, 2 կաղնի) հաշվարկվել է 394.500 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0.2 խմ փայտանյութ)՝ 7.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս...

Չշարունակեմ ու անցնեմ մյուս ենթաոլորտին.

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ. իրավախախտման 3 դեպք։

Գեղարքունիք՝ ձկան եւ խեցգետնի ապօրինի որսի 3 դեպք (առգրավվել է 112 հատ՝ 15.6 կգ կարաս տեսակի ձուկ, հանձնվել է Սեւանի թիվ 1 Հեքիաթ մանկապարտեզ, 136 հատ՝ 2 կգ խեցգետին բաց է թողնվել Սեւանա լիճ, 31 հատ՝ 15 կգ սիգ տեսակի ձուկ հանձնվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ...

Լռեմ ու անցնեմ մյուս ենթաոլորտը. մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման. արձանագրվել է իրավախախտման 3 դեպք։ Վարույթներով նշանակվել է 210.000 ՀՀ դրամի վարչական տուգանք. Երեւան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխում, նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք,

Լոռի՝ հողի օգտագործման կարգի խախտում եւ առանց թույլտվության արտադրական թափոնների տեղադրում,  նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք,

հողի օգտագործման կարգի խախտում, նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք...

ՄՅՈՒՍԸ՝ անչափ ցավագին եւ խիստ մշտնջենվող. ընդերքի պահպանության ոլորտ. արձանագրվել է իրավախախտման... 1 դեպք. Վայոց ձոր՝ հրաբխային խարամի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում...

Այս վերջին նախադասությունը ուժեղ ու դառն ծիծաղ է ենթադրում հավանաբար։ Հայաստանի ընդերքի հարստահանման ոլորտում խախտման ընդամենը մեկ դեպք է արձանագրվել, այն էլ... խարամի տեղափոխման։ Հայաստանի ընդերքի հարստահանումն, այո, ընդամենը մեկ դեպք է՝ մեկ ընդհանուր, ողբերգական պատահար, որ ամեն օր, օրավուր ընթացքի մեջ է։

Էս տեսչության գործն էլ գործ չէ... Հայաստանի բնապահպանական ոչնչացման ֆոնին էս կարգի քայլեր անես, եղած ռեսուրսներով, պաշտոնականով-կաշառքով-բանով հավաքածդ կոպեկներ լինեն, փրկածդ՝ փշրանքներ. պոչամբարների, գետերի թունավորման, ճառագայթման խայտառակ ֆոնին մեկ շաբաթում Վայոց ձորում հայտնաբերածդ...խարամ լինի, հնձված ու հնձվող անտառների ֆոնին...11 հատ բոխի, 3 կաղնի գտնես ու տուգանես, ամբողջ երկիրը արտադրական ու կենցաղային աղբի վայր դարձած, գնաս ու թափոնի անօրինական տեղադրում հայտնաբերես ու տուգանեեեեես...ութսուն հազար դրամ։

Ներող եղեք, օ հայոց կառավարիչներ, սա ոչ էֆեկտիվ գործելակերպ է, սա ԿԵՂԾ գործելակերպ է, սա տրամաբանության ու ադմինիստրատիվ ռեսուրսի անիմաստ վատնման, դեբիլ գործելակերպ է։ Ինչով եք զբաղված, ինչ եք անում, ինչ եք ապացուցում եւ ում։ Մե՞զ։ Դուք մեզ վաղուց ոչ մի ապացուցելու բան չունեք։ Դուք երկիրը տանուլ եք տվել։ Ավելի ճիշտ, դուք եւ մենք միասնաբար ենք այն տանուլ տվել։ Բնապահպանություն չկա, աղետ է Հայաստանում։ Աղետի կառավարում սովորեք եւ իրացրեք։

Հենց միայն 260710000 դրամ ապրիորի թիվը ձեր ...բիոդեգեներատիզմի խոսուն վկան է։ Եթե շատ կսփոփվեք՝ ձեր եւ մեր։ Պարզապես վաղուց ի վեր կառավարիչները դուք եք ու չեք նահանջում այդ կառավարումից ու օրավուր պղծում եք միջավայրն ու երկիրն այս։ Սա ինքնասպանություն է եւ սպանություն։ Դուք ձեզ սպանեք ու սատկեք՝ ձեր գործն է, բայց դուք մեզ եք ոչնչացնում, ապագան եք ոչնչացնում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31