13.04.2017 22:20 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Վեցնոցների շքահանդես` առանց ղառի վալետի

Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք. Ստորացման երեկոյի ձայնագրությունը՝ հաղորդում հանցագործության մասին

Կգնաք Փարիզ, փող կտանք, ընտրողներին էլ կտանք, չէ՝ կտուգանենք ու հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք

Երեկ «Hayastan24.com» կայքը հրապարակել է ձայնագրություն, որտեղ «ՍԱՍ» գրուպի ղեկավարներից մեկը նախընտրական ժողովի է հրավիրել ընկերության աշխատակիցներին։ Ձայնագրությունն, իսկապես, նողկալի է, եւ ընտրակեղծիքներն արտացոլող այն փոքր մոդելն է, որը կարելի է տեղայնացնել ավելի մեծ՝ հանրապետության մասշտաբի մասով։

Մեջբերենք ձայնագրությունից մի հատված. «Այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որ զրուցենք առաջիկա ընտրությունների վերաբերյալ։ Հարգելի «ՍԱՍ» գրուպի աշխատակիցներ. ես տեղյակ եմ, որ մեկ ամիս առաջ դուք հանդիպել եք Ստյոպայի հետ ու բոլորին տեղեկացվել է, թե մենք ինչ մասնակցություն ենք ունենալու այս ընտրություններում։ Եթե մարդիկ կան, որ տեղյակ չեն՝ ես հիշեցնեմ։ Ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններն են, որին «ՍԱՍ» գրուպը, մենք բոլորս միասին շատ բուռն մասնակցություն ենք ունենալու։ Ուրեմն՝ մեր գրուպի հիմնադիր Արտակ Սարգսյանը նույնպես առաջադրվելու է որպես ԱԺ պատգամավորության թեկնածու։ (Այստեղ հնչում են ծափերը)։ Հետեւաբար մենք բոլորս, մեզանից յուրաքանչյուրը, ես վստահ եմ, որ պետք է փորձի անել իրա մաքսիմումը, որպեսզի կարողանանք օժանդակել, օգնել մեր գրուպին եւ Արտակ Սարգսյանին։ Ձեր օգնությունը լինելու է այն, որպեսզի դուք կարողանաք ձեր հարազատներին, ընկերներին համոզել-քարոզել,  որպեսզի իրենք իրենց ձայնը տան Արտակ Սարգսյանին։ Ես ուզում եմ սրան մոտենաք ոչ թե քաղաքական նկատառումներով, այլ մոտենանք հենց յուրաքանչյուրս մեր սեփական խնդիրը դիտարկելով։ Որովհետեւ նախ առաջինը՝ ստեղ ոչ թե այս կամ այն կուսակցության հաղթելու կամ պարտվելու խնդիրն է, այլ... ես համոզված եմ, որ այստեղ մարդիկ կլինեն, որոնք հարում են այլ կուսակցությանը։ Էս ամենին ես նորմալ եմ նայում, բայց սա կուսակցության խնդիր չէ, սա կոնկրետ մեր «ՍԱՍ» գրուպի եւ մեր հիմնադիրի աջակցության խնդիր է։ Երեկ էլի եմ ժողովներ արել մեր մյուս անդամների հետ եւ բացատրել եմ նույն բանը, ինչ ուզում եմ ձեզ այսօր ասել։ Ուրեմն՝ եթե տարիներ շարունակ դուք աշխատում եք այստեղ, թեկուզ մեկ տարի կամ մի քանի ամիս, այսօրվա իրականության մեջ, մեր երկրի այսօրվա տնտեսական իրավիճակում աշխատանք  գտնել, աշխատանքով մարդուն ապահովելն իրականում շատ մեծ գործ է։ Դուք վստահ ուղղորդվեք հենց այս սկզբունքով, քանի որ բոլորս մենք այսօր աշխատում ենք «ՍԱՍ» գրուպում, եւ լավ-վատ մենք ինչ-որ ձեւով օգտվում ենք էս գրուպի տված բարիքներից։ Դրա համար ես ուզում եմ խնդրին մոտենալ այդ տեսանկյունով, որ սա ձեր իսկ հարցն ա, ձեր թասիբի հարցն է։ Եթե վաղն եկավ ընտրության օրը, հաջորդ օրը ձեզ հարցրին՝ ի՞նչ եղավ ընտրությունը, դուք պետք է կարողանաք հպարտ ու բաց ճակատով ասել, որ մենք հաղթել ենք։ Եվ այդ հաղթանակի համար դուք պետք է անպայման ներդնեք ձեր լուման»։

Ի դեպ՝  Արտակ Սարգսյանը թիվ 2 ընտրատարածքում, այնուամենայնիվ, ՀՀԿ առաջատարը չէ. նա հավաքել է ավելի քիչ ձայն, քան նախորդ ընտրություններին։ Նրան ձայն է տվել 12 հազար 27 քաղաքացի։ Այս ընտրատարածքում առաջատարը Գալուստ Սահակյանի որդին է՝ 18 հազար 532 ձայնով։ Ի դեպ՝ այս արդյունքը համարվում է 2017 թ. խորհրդարանական ընտրությունների անակնկալներից մեկը։

 Բացման այս խոսքից հետո ժողովավարը դիմում է հավաքվածներին. «Կա՞ն մարդիկ, որոնք չեն ուզում կամ ինչ-ինչ պատճառներով չեն կարող մասնակցել այն բանին, ինչի մասին ես խոսում էի։ Եթե կան՝ թող ձեռք բարձրացնեն, մենք իրենց կհասկանանք»։ Տեղից մեկը՝ Նաիրա Հարությունյան կամ Նաիրա Սարգսյան անուն-ազգանունով, ամենայն հավանականությամբ հրաժարվում է աշխատել ՍԱՍ-ի Արտակի օգտին։ Ժողովավարն էլ «պատժող տոնայնությամբ» ձայն է տալիս նրան՝ հայտարարելով. «Ուրեմն՝ Նաիրա Հարությունյան՝ սուիթից. լավ չի քո վիճակը»։ «Սուիթ»-ը Արտակ Սարգսյանի ընկերություններից մեկի կրճատ տարբերակն է. ընկերությունը զբաղվում է տորթերի եւ առհասարակ քաղցրավենիքի արտադրությամբ։ Խոսող աղջկա ձայնը չի լսվում, բայց դատելով գրուպի կարեւոր մարդու խոսքից՝ Նաիրան հրաժարվում է՝ ասելով, թե ընկերներ ու ազգականներ չունի։ Կարեւոր մարդն էլ հիշեցնում է, որ Արաբկիր, Դավիթաշեն եւ Աջափնյակ համայնքները Երեւան քաղաքի կեսն են ընդգրկում, ուստի՝ դժվար է հասկանալ, որ ելույթ ունեցողը «մտերիմ, մտերիմի մտերիմ, ընկերոջ ընկեր եւ այլն չունի»։

Ձայնագրության մեջտեղի հատվածն ու վերջը հարուստ նյութ կարող են դառնալ իրավապահների համար։ Հնչում են անուններ, խոսվում փողերի բաժանման, ուղեւորությունների, սպառնալիքների ու շանտաժի մասին։ Բարոյականության ամենաչնչին պաշար ունեցող մեկը չի կարողանա առանց հոգեխանգարմունքի լսել 40 րոպե տեւողությամբ այս ձայնագրությունը, որը, կրկնում ենք, արտացոլում է ոչ միայն ՍԱՍ-ի Արտակի ու նրա վեցնոցների էությունը, այլ հասարակության՝ դիմադրողականության բացակայությունն ու մի փոր հացի դիմաց մինչեւ վերջ ստորանալու նրա պատրաստակամությունը։ Ստորեւ առանց մեկնաբանության ներկայացնում ենք ձայնագրության առանձին հատվածներ. տեխնիկական սահմանափակումները թույլ չեն տալիս ամբողջը վերծանելու, իսկ ամբողջը լսելու համար կարող եք ձայնագրությունը գտնել «Hayastan24.com»-ում։    Գնացինք։

Ուրեմն՝ Արամ՝ էս քո ցանկը, «Սուիթի» աշխատողները ինչքան են, մոտ երկու հարյուր հոգի, դու բերել ես 53 ձայն։ Ուրմեն՝ քո հարցը, մանավանդ քո հարցը, էն տիպի ա դրած, եթե էս պատկերը 3-4  օրվա մեջ էս նույնը եղավ, դու պրոստը... քեզ բարի ճանապարհ ենք ասելու։ Որովհետեւ սա կոնկրետ էսի վերաբերմունք ա, ոչ թե հնարավորություն՝ կարենալու-չկարենալու հարց ա։ Եթե դու էդ ձեւի ես վերաբերվում մեզ, ուրեմն՝ մենք էլ քեզ հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք։ Էսի պատկեր չի էլի, ես լուրջ եմ ասում՝ առանց չափազանցության։ Ընդամենը 5 տարվա մեջ նման հարցով մենք ձեզ մի անգամ ենք դիմում ու եթե այն մարդիկ, որոնք նման վերաբերմունք են ցույց տալիս, իրանք տեղ չունեն մեր հետ։ Էն մարդն, որն էսօր կգա ու մաքսիմում մեզ կնվիրվի, կփորձի օգտակար լինել, դրանից հետո մենք չենք կշռում ձեր արածը, բայց մեր հնարավորությունների շրջանակում մենք էլ ձեզ ենք պիտանի լինելու։

«Ֆուդ քորտից» Անահիտ Բալյանն ով ա՞։ Դու էլ չունես ծանոթ քաղաքում։  Ծանոթներդ չունեն ծանոթներ, ընկերներ Արաբկիրում, թե՞ չես ուզում բերել։ Արաբկիրում, Աջափնյակում ունենք լիքը աջակիցներ,  որոնք մեզ օգնում են եւ չեմ կարծում, որ չկարողանան էդ նույն գործը անել, որը որ դուք եք անում։ Մենք էլ էդ մարդկանց կընդունենք գործի, որոնք մեզ կաջակցեն։ Մի կարծի, որ էս անցավ գնաց։ Տենց չի, ամեն ինչ փոխադարձ ա։

Անահիտ Անտոնյանը չկա։ (0 ձայն է նրա անվան դիմաց-խմբ.)։

Անուշ Ադամյան։ Օրինակ, Անուշ Ադամյանը բերել ա 14 ձայն։ Մի հատ ծափահարենք Անուշ Ադամյանին։ (Հավաքվածները ծափահարում են-խմբ.)։ Էս դուրներդ չեկավ հա՞, ծափ չեք տալիս, թե՞ ալարում եք։

Էդ ոնց ա Աշոտը  կարում ա բերի, բայց ստեղ օրինակ Աշոտ Աղասարյան... ով ա՞։ Խի՞ չես բերում ձայն։ Չես ուզում, հա՞։

Աննա Ավագյան. քո կարծիքով, որ «շլյապա» ես դրել՝ պետք ա չտենանք հա՞, որ 0 ձայն ես բերել։ Խի չես բերել ձայն հը՞։ (Կողքից ասում են, որ բերել է 10 ձայն-խմբ.)։ Հա՞, հա ... ուրեմն աղջիկը կարա «շլյապա» դնի արխային։ Հըհ, տես, իրա հայրը 21 ձայն բերել ա։

Վոլոդյա Դանիելյանն ու Արամ Գեւորգյանը 0 ձայներ են բերում՝ ովքե՞ր են։ Ասա, Վոլոդյա, ամոթ չես անո՞ւմ։ Քանի տարեկան ե՞ս։ (Պարզվում է երիտասարդն ընդամնեը 19 տարեկան է-խմբ.)։ Էդ ա, անչափահաս չես, ունես ընկերներ, ծանոթներ, բարեկամներ։ Արաբկիրում ունես ընկեր, ինչի չե՞ս բերում իրա ձայնը։ Թե՞ ընդդիմությունից ա ընգերդ։ Հնարավոր է՝ անձամբ չունենաք, բայց ձեր հայրը, մայրը, մորքուրը, հորքուրը՝ անհնարին ա։ Այն մարդն, ում անվան դիմաց  0 է, մենք դիտարկելու ենք, որ նա մեր դեմ ա , որովհետեւ անհնարին ա, որ մարդը 3 կամ 5 ձայն չբերի ու չապահովի։

Ստյոպան ձեր հետ խոսել եւ ասել ա, որ լինելու են պարգեւատրումներ։ Էն մարդիկ, որոնք  որ կբերեն ձայներ, իրանք կընդունվեն՝ որպես ակտիվիստ, կստանան գումարներ, ընտրողները` նույնպես։ Այսինքն՝ սա աշխատանք ա, անում եք, վարձատրվում եք դրա դիմաց։

Արթուր Մարգարյանն ով ա՞։ Խնդրեմ, 19 ձայն։ Հլը ասել ա՝ «էլի եմ ավելացնելու»։ Էդ ոնց ա՞ լինում՝ Արթուր Մարգարյանը բերում ա 19 ձայն, Արթուր Մովսիսյանը՝ չի բերում։ 0-ա։ (Կողքից հորդորում են՝ նա 10 ձայն է բերելու-խմբ.)։ 10՞։ Բայց Արթուր ջան մի բավարարվի։ Ասենք էն մարդիկ, ովքեր կբերեն քանակով ամենաշատ ձայները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, ուրեմն՝ նրանք կպարգեւատրվեն շատ մի հատ հետաքրքիր ուղեւորության փաթեթով։ (Հնչում են բուռն ծափահարություններ-խմբ.)։ Բա չե՞ք հարցնում՝ դեպի ո՞ւր։ Ուրեմն՝ դեպի Փարիզ՝ սիրուն քաղաք։ (Ծափերն էլ ավելի բարձր են հնչում-խմբ.)։ Ընենց ա որ Արթուր ջան շանսեր ունես։ Շանսեր ունես՝ կարաս պայքարես։

Արման Կոջոյան։ Չկա։

Արման Խաչատրյանն ո՞վ ա։ Արմա՞ն, արա ամոթ չե՞ս անում 0-ա մոտդ։ Էս քո սոկը չխմենք հա՞։  էս ինչ ա՞, որտեղ ե՞ս ապրում։ 

Մանվել Շահբազյան. 12 ձայն, մալադեց։

Հովհաննես Հովհաննիսյան ուր ա՞։ Հը Հովո՞՝ մեր հետ չե՞ս։ Ով մեր հետ չի, մեր դեմ ա։ Քանի տարեկան ես։ (Պատասխան՝ 30-խմբ.)։  30՞։ Արա 30 տարեկան ես, դու մի հատ ընգեր չունե՞ս։ Բա խի չես տվել, չեն ասել քեզ, մատների արանքով ես հա նայո՞ւմ։ (Կողքից պարզաբանում են, որ նոր՝ «թազա», աշխատող է)։ Թազա յա՞, հա էդ ի՞նչ կապ ունի՝ թազա յա, բայց կարա չէ՞ հին դառնա։ 

Սիրանուշ Թումասյան։ Իյա....մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվել-զարդարվել ես գիտես էսօր քեզի բան պտի անենք,  հա՞՝  մեծարման երեկո  0 ձայներիդ համար։ Հա՞։ Ամոթ չես անում Սիրանուշ։ Հը՞ն։ Ամոթ ա չէ։ Որտե՞ղ ես ապրում։ Արաբկի՞ր։  Թաիրո՞վ։ Սովխո՞զ։ (Պարզվում է վերջինը-խմբ.)։ Կապ չունի՝ տեսար մարդը Վահագնից  19 ձայն ա բերել։ Հլը ավելացնելու  ա, ուզում ա Փարիզ գնա։ Ուզում ես՝ ուրեմն՝ պտի մի քիչ էլ գազ տաս։ Ժամանակ ունես, վիզայով, բանով սաղ անում ենք։

Սիրանուշը  զուգվել-զարդարվել 0 ձայն ա բերել, Մանեն Գեւորգյան՝  21 ձայն։ (Հնչում են ծափահարություններ-խմբ.)։ Հալալ ա քեզ։ Մի քիչ էլ ձեներիդ վրա կաշխատես։

Ուրեմն՝ ժամանակ կա համ էլ չկա։ Ով իմ խնդրանքը չընդունեց, ուրեմն՝ իմացեք ես էլ նույն՝ հինգ անգամ ավել ձեր հանդեպ եմ լինելու։ Էտի խոստանում եմ։ Ով էլ արեց, ուրեմն՝ իմացեք իմ գլխի վրա տեղ ա ունենալու։ Անձամբ ինձ կարա «լուբոյ» վայրկյան, «լուբոյ» հարցով դիմի՝ աշխատանքային կլինի, անձնական կլինի, լինի տան գործ, հարեւանի կլինի։ Իմացեք՝ «վեչնի» ձեր կողքը կանգնած եմ։

Վերջում ձայն խնդրող աղջիկն ասում է՝ 60 ձայն է բերել, բայց իր անունը չհնչեց։ Ու մեր էս ձայնագրության «դուխով վեցնոցը» բարկացած դիմում է իր «վեցնոցներին»։

- Էս որ բաժինն ա, Կարեն, մարդը 60 ձայն ա բերել, ո՞նց կարելի է էդ ձայները չբերել մուտքագրել, ուր ա՞ Արտակ, ո՞ւր ա (գոռալով-խմբ.)։ Արա խի 60 ձայնը էդքան փոքր ձայն ա, որ չեք մուտքագրել։ Աչքիս դու արդեն Փարիզի ճամփին ես։ Յա մալադեց։ 

Ամենադրամատիկն, իհարկե, ժողովի ավարտն է. ժողովավարն հայտարարում է՝ ով ձայն չտվեց տուգանելու եմ, հետո էլ հրահանգում է ցուցակագրել նրանց, որոնք չեն մասնակցել ստորացման երեկոյին։  

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31