18.05.2018 06:10
Տարածել հոդվածը. facebook twitter

А судьи кто?

Պատային եւ ճգնաժամային իրավիճակներ

Սահմանադրական դատարանի նախագահը, բարձրագույն դատական խորհրդի նախագահը եւ գլխավոր դատախազը ընտրվել են նախորդ իշխանությունների համակարգում եւ հարմարվել են այդ համակարգի ստանդարտներին։ Այժմ նրանց մարդկային եւ մասնագիտական պատվի խնդիրը պետք է լինի իրենց հրաժարականները։

Ես հեղափոխական չեմ։ Մարտ ամսին ես լիակատար վստահ էի, որ իմ հայրենիքը տեւական ժամանակով մտնում է բռնապետությանը ընդհուպ մոտենալու մղձավանջային ուղին, եւ որ քրեա-օլիգարխիկ տնտեսա-կառավարման մշակույթի հաստատումը դառնում է անդառնալի տեւական ժամանակով։ Մարտ ամսին համարում էի, որ չկա որեւէ հնարավորություն այն դանդաղեցնելու, առավել եւս` կասեցնելու, իսկ հեղափոխության հնարավորության մասին ինձ հայտնի բոլոր տեսություններն ու ինձ ծանոթ փորձերը որեւէ հեղափոխական կանխատեսման հնարավորություն չէին թելադրում։

Ապրիլին եղավ այն, ինչ եղավ։ Եղավ Հայկական հեղափոխություն, որը ոչ ստանդարտ հեղափոխություն էր թե ձեւով, թե, ես կասեի, բովանդակությամբ։ Ես այն անվանում եմ արժեքների հեղափոխություն՝ որքան էլ անորոշ չհնչի այս ձեւակերպումը։ Սրա մասին գրվում է, եւ դեռ շատ կգրվի։

Բայց հիմա խոսքը սրա մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ բուն հեղափոխության ընթացքում առաջացան մի շարք ճգնաժամային, թվում է՝ պատային իրավիճակներ, որոնց լուծումները նույնպես ձեւի եւ բովանդակության իմաստով դուրս էին գալիս հայտնի օրինաչափությւններից, եւ տարբեր էին հանրային քննարկումների դաշտում եղած կանխատեսումներից։ Կարծում եմ դրանց վերլուծությունները դեռեւս իրենց պատվավոր տեղը կզբաղեցնեն հասարակագիտություն կոչվող դիսցիպլիններում։ Առայժմ «արտաքին» աշխարհն այդ լուծումները հակված է վերագրել հայերի էթնիկական ինքնապաշտպանության կուտակված փորձին՝ խիստ լուրջ իրավիճակներում այն, ըստ որոշ վերլուծաբանների, դառնում է գերակշռողը։ Ես առայժմ հակված եմ շատ մեծ դեր վերագրել նաեւ, եթե ոչ մեծ չափով, Նիկոլ Փաշինյան հեղափոխականի անձնական եւ իր թիմակիցների հավաքական հատկանիշներին։ Սա նույնպես առանձին քննարկելիք հարց է, բայց կուզենայի վավերացնել, որ նրանք կարողացան։ «Նրանք կարողացան»-ը մեծ ամպլիդուտ ունի, եւ ես դեռեւս չգիտեմ՝ նրանք կարողացան հեղափոխության իրականացման ակտի իմաստով, թե կարողացան եւ/կամ կկարողանան նաեւ հասարակական կյանքի եւ կառավարման համակարգի կարգավորման իմաստով։

Հեղափոխությունը դեռ ավարտված չէ։ Մի կողմից ավարտված չէ համակարգային հեղափոխությունը՝ նախկին իշխանության տարբեր ոլորտներ տարբեր չափով են պարտված, մյուս կողմից հեղափոխության լուծելիք հիմնական խնդիրը՝ արժեքը, արդարության խնդիրը առնվազն այն չափով, ինչ չափով վերաբերում է իրավական պետությանը եւ արդարադատության պետական ինստիտուտներին, վերադասավորվելու լուրջ խնդիր ունի եւ, սրա հետ միաժամանակ՝ հնարավորություն։ Ներկա փուլում մենք՝ հասարակության տարբեր շերտերի մարդիկս, հեղեղել ենք խորհուրդներով եւ գործողություններով։ Ինչպես հեղափոխության ընթացքում, այնպես էլ հեղափոխության շարունակության ընթացքի այս փուլում ես չգիտեմ՝ ճիշտ թե սխալ են այդ խորհուրդներն ու գործողությունները, բայց ինձ անկասկած է թվում, որ հեղափոխության ներկայիս փուլում դատական համակարգի վերադասավորումների ընթացքը չի խոսում ոչ հայկական էթնիկական-հավաքական ինքնապաշտպանական փորձի, ոչ արդարության, ոչ իրավականության, ոչ արդարադատության օգտին։

Մասնավորապես Սահմանադրական դատարանի նախագահը, բարձրագույն դատական խորհրդի նախագահը եւ գլխավոր դատախազը ընտրվել են նախորդ իշխանությունների համակարգում եւ հարմարվել են այդ համակարգի ստանդարտներին՝ նույնիսկ անկախ նրանից, թե իրենք անձնապես ինչ արժեքներ են դավանում։ Այդ պաշտոններն զբաղեցնող մարդիկ պիտի հասկանան, որ իրենք անձնապես խոչընդոտում են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կիսա-երկիշխանությունից լիարժեք իշխանության անցմանը, եւ նրանց պատվի խնդիրը պետք է լինի իրենց հրաժարականները։ «Հայրենիքին եւ ժողովրդին ծառայելու» մասին նրանց բոլոր հայտարարություններն ու բացատրությունները իրավացիորեն կընկալվեն երկերեսանիություն։ «Հայրենիքին եւ ժողովրդին ծառայելու» նրանց հնարավորությունը ներկա պահին հեղափոխական իշխանության լիարժեքության ձեւավորմանը չխոչընդոտելն է։ Եթե նրանց անձնական եւ մասնագիտական պատվի զգացումը չխոսի, եւ նրանք ստիպված լինեն ճնշման տակ թողնել իրենց պաշտոնները՝ նրանք, կարծում եմ, կստորագրեն իրենց նկատմամբ հանրային անվստահության իրավունքի տակ։

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31