11.05.2018 06:19 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչքան կարաս հեռացիր

Հայացք Ռուսաստանից թավշյա հեղափոխությանը

Երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումն ավարտվեց նրանով, որ նա դարձավ ՀՀ վարչապետ, իսկ այս ամենը մեկ ամսից ավելի տեւեց, շատերին այս ընթացքում միշտ հետաքրքրում էր Ռուսաստանի դիրքորոշումը` ինչ կանի, ինչ կասի, ինչպես կարձագանքի եւ այլն։ Ինչ- որ տեղ հասկանալի է՝ հաշվի առնելով ռուսական գործոնը միջին վիճակագրական հայ մարդու մենթալիտետում։

Պարզվեց, որ սատանան այնքան էլ սարսափելի չէ. այսինքն, այն ամենը, ինչ վերագրում էին Ռուսաստանին, սպասում էին, որ շուտով զորք կմտցնի, «դաբրոներ» կտա, եւ այլն. այդ ամենը տեղի չունեցավ։ Ընդհանրապես, Ռուսաստանում հայաստանյան իրադարձություններին մի քանի տիպի վերաբերմունք կար։

Պաշտոնական. այն միշտ զուսպ է եղել եւ ընդամենը ֆիքսել է իրերի դրությունը։ Ապրիլի 17-ին ՌԴ նախագահ Պուտինը առաջիններից մեկը Սերժ Սարգսյանին շնորհավորեց վարչապետ ընտրվելու առթիվ։ Ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հետեւյալ գրառումը հրապարակեց. «Այն ժողովուրդը, որը իր պատմության ամենաբարդ պահերին իր մեջ ուժ է գտնում չբաժանվել, միավորվել, դա մեծ ժողովուրդ է»։ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվեց հայաստանյան իրադարձությունները համեմատել 2013-14 թվականների Ուկրաինայի «մայդանոտ» դեպքերի հետ՝ Երեւանում տեղի ունեցողը համարելով Հայաստանի ներքին գործը։ Միայն հույս հայտնեց, որ բոլոր դեպքերում Հայաստանը մնա Ռուսաստանի դաշնակից։ Նույնիսկ «Ռուսաստանն այսօր» գործակալության հայտնի հեղինակ եւ հաղորդավար Դմիտրի Կիսելյովը բավական չափված ու զգուշավոր անդրադարձ կատարեց իր «Վեստի Նեդելիում», որը տեւեց ընդամենը մի քանի րոպե։

Իսկ ահա կրեմլամետ կամ՝ իշխանամետ վերլուծաբանների, տարատեսակ քաղաքագետների արձագանքները շատ ավելի սուր էին, երբեմն՝ հիվանդագին, տեղ-տեղ՝ զառանցանքի հասնող։

Օրինակ, դե ո՞վ, եթե ոչ՝ Սերգեյ Կուրղինյանը, Վլադիմիր Սոլովյովի «Կիրակնօրյա երեկո» հաղորդման ժամանակ միանգամից վրա տվեց. «Ինչպես Ուկրաինայում այդ ամբողջ թավշյա ուժը պարտվեց մինչեւ Մայդանը, այնպես էլ այն պարտված է Հայաստանում»։

Քաղաքագետ Սերգեյ Մարկով. «Այս բողոքի ակցիաներն ունեն ստվերային կողմը։ Հայաստանում ղարաբաղյան կլանից իշխանությունը խլում է... ամերիկյան սփյուռքը։ Հայկական Մայդանը հաղթում է։ Նրանց խնդիրը՝ իշխանության բերել արեւմտամետ իշխանությունների։ Ինչո՞ւ է ռուսական հեռուստատեսությունը գրեթե լռում Հայաստանում տեղի ունեցող հեղափոխության մասին»։

Քաղաքագետ Գլեբ Կուզնեցովը հին երգը կատարեց՝ զգուշացնելով հայերիս, որ եթե հեղափոխությունը շարունակվի, ապա Ադրբեջանը կփորձի պատերազմ սկսել եւ կորցրածը ետ բերել, ինչպես նաեւ հայտարարեց, որ Փաշինյանը կառավարման հարցերում գիտակ չէ։

Վերլուծաբան Անդրեյ Աֆանասեւն էլ հայտարարեց, թե «Ռուսաստանը Հայաստանը հանձնեց Սորոսին»՝ ընդգծելով Հայաստանում գործող արեւմտյան ՀԿ-ները։

«Ստվերում գտնվող արեւմտյան դիրիժորներն ու հովանավորները հեռացող հայկական իշխանությանը շանտաժի էին ենթարկում ՝ սպառնալով վերջիններիս կողմից վերահսկվող բանկերից առգրավել կոռուպցիոն ակտիվներն ու հաշիվները։ Եվ նրանք այժմ բացահայտ պատրաստվում են այս սխեման կիրառել նաեւ ավելի խոշոր ռուսամետ հետխորհրդային երկրների հանդեպ», սա էլ նշել է Սերգեյ Լատիշեւը։

Ինչ վերաբերում է ռուսական ընդդիմությանը, ապա այստեղ կարծիքները հիմնականում դրական են։ Ընդդիմադիր հատվածի մեծ մասը ողջունում է հայկական հեղափոխության հաջողությունները։ Մասնավորապես, հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնին հայտարարել է. «Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, դա ազգի միասնության ապշեցուցիչ օրինակ է, որը ապացուցեց, որ ազատ քաղաքացիները կարող են փոփոխությունների հասնել։ Հուսով ենք, որ նրանք կհաղթեն, եւ դա նշանակալից օրինակ կլինի Ռուսաստանի համար»։

«Հայաստանում թավշյա հաջողության դեպքում էական փոփոխություններ կլինեն Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Դրա նախապայմանը կլինեն հակաբյուրոկրատական եւ հակակոռուպցիոն բարեփոխումները, ժամանակակից էֆեկտիվ պետության կառուցումը։ Մի երկիրը, որտեղ նման բարեփոխումներ լինեն, չի կարող պուտինյան Ռուսաստանը ընտրել որպես գլխավոր դաշնակից», նշել է քաղաքագետ Իգոր Յակովենկոն։

Եգոր Կուրոպտեւը եզրակացրել է. «Այն օրը, երբ մեծ քանակությամբ մարդիկ դուրս եկան Հայաստանի փողոցներ՝ չցանկանալով թշվառ ստրուկ մնալ, դարձավ նրանց հաղթանակը։ Նախկինն այլեւս երբեք չի լինի, քանի որ ժողովուրդը փողոցներում փոփոխությունների իր իրավունքը իրագործել է»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31