19.01.2018 09:51 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բոշակրաց արշավանք

Շարմազանովը հումանիստական է համարում քաղաքացուն «բոշա» անվանող պաշտպանության նախարարի ցանկացած քայլ

Շարմազանովը հումանիստական է համարում  քաղաքացուն «բոշա» անվանող պաշտպանության նախարարի ցանկացած քայլ

Հունվարի 13-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հանդես էր եկել դրամահավաքի կոչով։ Օգտատերերը ոչ միանշանակ էին ընկալել նախարարի առաջարկը, իսկ «Պետրոս Սարգսյան» անունով օգտատերը նախարարի գրառման տակ իր կարծիքն էր հայտնել՝ գրելով. «1000 դրամները պրծան, թե թազա բոշության ձեւ է»։ Վիգեն Սարգսյանը վիրավորական պատասխան էր տվել օգտատիրոջը. «Բոշան դու ես»։

Փորձեցինք պաշտպանության նախարարի պահվածքի մասին մեկնաբանություն ստանալ նրա կուսակցից` ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից եւ տեղեկանալ` արդյո՞ք ՀՀԿ վերնախավը չի պատրաստվում պատժել Վիգեն Սարգսյանին, որը լինելով հանրային անձ, քաղաքացու հետ լեզվակռվի է բռնվել` պատասխանելով վիրավորական արտահայտություններով։

Էդուարդ Շարմազանովը, ի պատասխան Վիգեն Սարգսյանի պահվածքի վերաբերյալ մեր հարցի, ասաց. «Նախ հարկ  չեմ համարում ֆեյսբուքյան հայտարարություններին անդրադառնալը, կարող եմ ընդհանուր առմամբ ասել, որ պաշտպանության նախարարի կոչը հանրությանը՝ մեր զինծառայողին օգնելու եւ արտերկրում բուժվելու մասին,  նորմալ, սրտացավ, բանական մարդու կոչ եմ համարում։ Ես կարծում եմ, որ մենք պետք է զերծ մնանք էմոցիոնալ գնահատականներից եւ այն գայթակղություններից, որ իշխանության ներկայացուցիչներին, պաշտպանության նախարարին քննադատելուց առաջ, ցանկացած հումանիստական քայլ ներկայացնենք այլ տեսանկյունից։ Չեմ ուզում այս առնչությամբ որեւէ գնահատական տալ, բայց կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք լինել մեր քրիստոնեական արժեքներին, հայկական արժեքներին եւ համամարդկային եւ եվրոպական արժեքներին համապատասխան, իսկ դա նախեւառաջ գթասրտություն է պահանջում, ինչն էլ արել է Վիգեն Սարգսյանը իր նախաձեռնությամբ։

- Պարոն Շարմազանով, ինչպե՞ս եք գնահատում այն  փաստը, որ պաշտպանության նախարարը  զբաղվում է դրամահավաքով։

- Նորմալ եմ համարում, որ պաշտպանության նախարարը, բացի իր պաշտոնական պարտականություններից, կարողանում է իր անձնական էջն ունենալ,   որ մենք կարողանանք նաեւ  հասարակության աջակցությունը ապահովել։ Սա առաջին դեպքը չէ, երբ հասարակության աջակցությունն  է ապահովվում, սա, կարծում եմ, դրական քայլ էր։

- Դուք նշեցիք, որ առաջին դեպքը չէ, երբ հասարակությունը աջակցում է բանակին, սակայն այդ նույն հասարակությունը ընդվզում է ամենամսյա 1000-ական դրամների հավաքագրումից։

- 1000-ական դրամների հավաքագրումը շատ բացահայտ է եւ եզակի նախաձեռնություն է, որտեղ որեւէ մեկը այսօր չի կարող ասել, որ 1000-ական դրամներից մի լումա ծախսվում է այլ նպատակներով։ Այդ գործընթացը վերահսկվում է եւ ցույց է տալիս, որ, ինչպես դուք եք ասում, պաշտպանության նախարարի 1000-ական դրամների նախաձեռնությունը շատ ճիշտ նախաձեռնություն էր, ավելին՝ այսօր Պաշտպանության նախարարությունն ու նախարարը չեն արել մի քայլ, որ դրա համար դուք կարողանաք քննադատել։ Ամեն ինչ շատ հրապարակային է։

- Պարոն Շարմազանով, բանակի համար հանրությունից հրապարակային գումարներ հավաքելը վիրավորական չէ՞ պետության համար։

- Դա բանակի համար գումարներ հավաքել չէ, խնդրում եմ մի աղավաղեք։ Պաշտպանության նախարարը իր խոսքում ասել է՝ մենք հնարավորություն ունենք մեր միջոցներով Հայաստանի Հանրապետությունում նույն վիրահատությունը անցկացնել, բայց հաշվի առնելով մեր սիրելի զինվորի ծնողների մտահոգությունը կամ ցանկությունըները, նպատակը, որ այդ վիրահատությունը անցկացվի արտերկրում, դրա համար շատ մեծ գումար է անհրաժեշտ։ Այնպես չէ, որ Պաշտպանության նախարարությունը ձեռքերը լվացել է։ Պաշտպանության նախարարն ու նախարարությունը ցանկացած զինվորի կողքին կանգնած են ։- Խոսքը կոնկրետ զինվորի համար դրամահավաքության մասին չէ, այլ առհասարակ բանակի համար հավաքվող գումարների, իսկ զինվորի մասով  ավելի արդարացի չէ՞ր լինի, որ ՊՆ ղեկավարությունը զինվորի գլխին կրակող սպային պատժեր։

 - Ես ոչ զինվորական դատախազության ներկայացուցիչն եմ, ոչ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն եմ, մանրամասներին չեմ տիրապետում, դիմեք պատկան մարմիններին։

- Օրենսդիր մարմնում ներկայացված իշխող կուսակցության  ներկայացուցիչ եք։

 - Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը կարող է տալ ընդհանուր գնահատական։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31