18.05.2018 06:11 Միհրդատ Եվպատոր
Տարածել հոդվածը. facebook twitter

Ասելիքս

Հեքիաթն ու հեքիաթը

Հեքիաթն ու հեքիաթը

Կյանքն ի փոխ հանքի (դրվագ)
Նախ՝ հեքիաթը.
Կար-չկար մի դեւ կար։ Էս դեւը՝ աջ էր թեքվում մի բյուր մարդ էր սպանում, ձախ էր թեքվում՝ անտառ էր փռում, գնում էր մյուս, ավելի մեծ դեւի մոտ, հետ էր գալիս ու էլեկտրաէներգիայի գինն էր բարձրացնում։ Դեւ մի ասիլ, մի անասուն, եզի ցավ ասա։ Էս դեւի չարիքներն էնքան էին, որ՝ անթիվ-անհամար։

Մեկն եկավ փորձեց էս դեւին սպանի՝ չկարաց, երկրորդը՝ չկարաց, երրորդը...ժողովուրդը կատաղեց, մտածեց, որ մենակով էս դեւին չես հաղթի, էլի կատաղեց ու էս դեւին բռնեց, տապալեց։ Հիմա, էս դեւը հո չի գալարվում, շունչը փչելիս, հո չի կատաղել...հա քացի ա տալիս, հա քացի ա տալիս։ Գիտի, որ ժողովրդին խաբելու ձեւը՝ սատկած ձեւանալն ա, համ էդ գիտի, համ էլ գալարվում ա՝ էն հույսով, որ մի վերջին վատությունը կանի, մի վերջին այգին կոչնչացնի, մի վերջին ծառը, սատկած կձեւանա ու ժողովուրդը կհավատա, կմոռանա, (ընթացքում էլ մի երկու սադրանք կանի) մարդկանց իրար դեմ կհանի, ժամանակ կշահի, մի լավ շունչ կքաշի ու կհարվածի։ Միգուցե՝ իր վերջին հարվածը կլինի ու հա՛մ ժողովրդին կոչնչացնի, հա՛մ՝ իրեն, բայց կանի... Մեկ էլ մի խելոք, գլուխը բռնում ա ու ասում. «Այ ժողովուրդ, դեւին տապալեցինք, հա՜, բայց անտերի գլուխը չկտրեցինք, հեքիաթներում տենց էր, չէ՞։ Մինչեւ պահանջներ ներկայացնելը, մի հատ բոլորով կանգնենք, էս դեւին գլխատենք...բա դեւը ԱԺ-ում՝ մեծամասնական, օրենսդիրն էլ տակը դրած, մենք էս ի՞նչ ենք անում», մի ուրիշ խելոքն էլ գոռաց. «Արտահերթ խորհրդարանական ընտրություննե՜ր, հիմա՛» ու էդպես՝ ժողովուրդը ուշքի եկավ, համախմբվեց, բոլորով տվեցին ու արտահերթով դեւին գլխատեցին։ Հեքիաթը ավարտվեց, Նիկոլը՝ վարչապետ, երկնքից էլ երեք խնձոր ընկավ, երկուսը՝ Ռոբի, մեկը` Սերժի գլխին։

ՖԲ օգտատեր Շաղիկ Մաթեւոսյանի գրառումը

 Ապա՝ հեքիաթը, ամբողջից միայն մեկ դրվագով.

Պատրաստվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հանրագիր Մեղրի համայնքի տարածքում երկրաբանահետախուզական եւ նոր հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու, Լիճք բնակավայրում գործող պղնձի հանքավայրի շահագործումը դադարեցնելու եւ համայնքի տարածքում մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով։ Սկսվել է նաեւ ստորագրահավաք։

Հանրագրում ասված է հետեւյալը`

«Մենք՝ Մեղրի համայնքի բնակիչներ  ներքոստորագրյալներս, ներկայացնում ենք սույն հանրագիրը.

Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող եւ համայնքին պատկանող տարածքում երկրաբանահետախուզական եւ նոր հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու վերաբերյալ։

Սույն հանրագրի ներկայացման համար հիմք են հանդիսացել հետեւյալ դրույթները.

1) ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»։ Իսկ ժողովրդավարական պետությունը ժողովրդի իշխանության քաղաքական կազմակերպությունն է, որն ապահովում է քաղաքացիների հավասար մասնակցությունը պետական եւ հանրային գործերի կառավարմանը, պետության հիմնական մարմինների ընտրությանը եւ հանրության քաղաքական համակարգի բոլոր սուբյեկտների գործողության օրինականությունը։

2) ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Հանրապետությունում իշխանության գերագույն կրողը ժողովուրդն է։ Ժողովուրդը որեւէ մեկի հետ չի կիսում իրեն պատկանող իշխանությունը՝ հանրային-քաղաքական համակարգը, եւ օգտագործում է միայն իր սեփական շահերից ելնելով։ Հետեւաբար՝ չկա իշխանություն, որը չի բխում ժողովրդից։

3) ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պաշտպանության մասին»։ Սահմանադրական սույն սկզբունքը սերտորեն եւ անխզելիորեն կապված է անձի առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքի հետ։ Սույն իրավունքը անձի հիմնարար իրավունք է, քանի որ շոշափում է անձի հիմնական իրավունքները, նաեւ կոնկրետ պարտավորություն է իրենից ներկայացնում։ Բարեկեցիկ շրջակա միջավայրը նպաստում է արժանապատիվ եւ առողջ կյանք ունենալուն։

5) ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Համայնքն ունի հողի, ինչպես նաեւ գույքի նկատմամբ սեփականության իրավունք»։

6) ՀՀ-ի կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ հանրությունը կոնկրետ գործունեության տեսակների պարագայում մասնակցում է որոշումների կայացման գործընթացին։

7) Ֆադեեւան ընդդեմ Ռուսաստանի Դաշնության վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ մետալուրգիական կոմբինատի շահագործումը վտանգ է սպառնում անձի կյանքին եւ առողջությանը եւ նշել է, որ տեղի է ունենում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի խախտում։

Ելնելով վերոնշյալից, ինչպես նաեւ ելնելով այն հանգամանքից, որ ընդամենը 665 քկմ տարածք զբաղեցնող Մեղրի համայնքի տարածքում արդեն իսկ արդյունահանման իրավունք ունեն 8 մետաղական հանքավայր, իսկ 6 հանքավայր էլ դեռ գտնվում են ուսումնասիրման կարգավիճակում, մենք` Մեղրի համայնքի բնակիչներս, խնդրում եւ պահանջում ենք Մեղրի համայնքի վարչական տարածքում արգելել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել եւս նոր հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքները, քանի որ Մեղրիի բնակիչներն իրենց ներկան եւ ապագան տեսնում են գյուղատնտեսության, այգեգործության, էկոտուրիզմի, մեղվաբուծության եւ այլ հարակից բնագավառների զարգացման մեջ։

Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում «Թաթսթոուն» ՍՊԸ կողմից շահագործվող պղնձի հանքավայրի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ

Հաշվի առնելով Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում «Թաթսթոուն» ՍՊԸ կողմից շահագործվող պղնձի հանքավայրի էկոլոգիական անկառավարելի վտանգները, որոնք պատշաճ չեն ներկայացվել կամ ընդհանրապես շրջանցվել են նախաձեռնողի գնահատման փաստաթղթերում, խնդրում եւ պահանջում ենք՝ հանքավայրի շահագործումն անհապաղ կասեցնելու եւ փորձաքննություն նշանակելու պահանջով։ Նշենք նաեւ, որ պետական փորձաքննություն իրականացնող մարմինն էլ իր հերթին անուշադրության է մատնել այդ վտանգներն ու ըստ էության անտեսել ակնհայտ փաստերը։

Տվյալ պահանջի հիմք են հանդիսանում հետեւյալ հանգամանքները.

1) Հանքավայրը գտնվում է Մեղրի քաղաքի եւ այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտում, եւ հանքավայրի շահագործումը կարող է ինչպես որակական, այնպես էլ քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի եւ խմելու ջրամատակարարման համակարգի վրա։ Հանքավայրի տարածքով է հոսում նաեւ տարածաշրջանը ոռոգման ջրով ապահովող Մեղրի գետը եւ Զվարագետը, որոնց աղտոտումը ծանր եւ վտանգավոր մետաղներով անխուսափելի է։

2) Հանքավայրը գտնվում է Արեւիկ ազգային պարկի տարածքում եւ նրա բուֆերային գոտում, անտառապատ է եւ ունի շատ հարուստ կենսաբազմազանություն։

3) Հանքավայրը գտնվում է Լիճք գյուղի բնակելի տարածքից անթույլատրելի հեռավորության վրա։ Պայթեցումներից առաջացած ցնցումները խիստ վտանգում են գյուղի տների ամրությանը, գյուղը մշտապես գտնվում է պայթեցումներից առաջացած փոշու մեջ, ինչպես նաեւ գյուղից անընդհատ լսվում է աշխատող տեխնիկայի ձայնը։

4) Համոզված ենք, որ հանքավայրի շահագործումից համայնքի բյուջեին հատկացվող միջոցները եւ բացված աշխատատեղերը անհամեմատելի են այն վնասների հետ, որոնք այժմ կրում է Լիճք բնակավայրը եւ ամբողջ Մեղրի համայնքը,

5) Հանքավայրի շահագործումն ընդմիշտ փակում է Լիճք բնակավայրում այլ ոլորտների զարգացման հեռանկարը. զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, պարզապես ապրելու հնարավորություն, ինչպես նաեւ իրական վտանգի տակ է առնում Մեղրիի ամբողջ տարածաշրջանի էկոլոգիական անվտանգությունը։

Մեղրի համայնքի տարածքում գործող այլ մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ

Խնդրում եւ պահանջում ենք դիմել ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ Մեղրի համայնքի տարածքում գործող այլ մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ կիրառել խիստ վերահսկողություն»։

Բնակիչները նախատեսում են նաեւ բողոքի ակցիա իրականացնել Լիճքի հանքի տարածքում, որի մասին տարածվել է հետեւյալ հայտարարությունը. «Սույն թվականի մայիսի 18-ին առավոտյան ժամը 7։30-ին հավաքվել Մեղրու մշակույթի պալատի մոտ, որտեղից էլ կմեկնարկի երթը դեպի Լիճքի  հանք»։

meghrinews.com կայքից

Ինչու, կհարցնեք, հիշեցի դեւին։ Որովհետեւ, կպատասխանեմ, ինչպես հայտնի է՝ դեւը՝ նույն ինքը՝ վիշապը, նույնիսկ սատկելուց հետո իրեն սպանողին դեւ ու վիշապ դարձնելու հատկանիշ ունի։ Իսկ մեր դեւը, նույն ինքը՝ վիշապը, դեռ չի էլ սատկել, բայց ես ահա, վախեր ունեմ, որ սպանողը արդեն իսկ դիվական կողմեր է ձեռք բերում, եւ որպեսզի մենք առաջիկա երեսուն տարում էլ նույն ք.քի մեջ չմնանք, ժողովուրդը, քաղաքացիները ՊԻՏԻ դրվագաբար, քայլ առ քայլ ոչնչացնեն վիշապին իր բոլոր դրվագներով, ցանկալի է ոչ թե սպանելով, այլ փոխակերպելով եւ մարդակերպելով նրան, բայց եթե չփոխակերպվի՝ ստիպված... չէ, դարձյալ չսատկացնելով, այլ...անդամահատելով նրան։

Ահա այսպիսի բաներ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31