05.07.2012 01:08 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Մայրը հրաժարվել է Եռաբլուրից

Հուլիսի 30-ին` շաբաթ օրը, Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն էր։ Էլեկտրոնային կայքերում լրատվություն տարածվեց, թե իբր Սերժ Սարգսյանը չի նշում իր ծնունդը` հաշվի առնելով Վահե Ավետյանի ողբերգական մահվան փաստը։ Սերժ Սարգսյանին շնորհավորեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որն այդպես էլ` որպես երկրի երկրորդ քաղաքական դեմք, չցավակցեց Ավետյաններին։

Հովիկ Աբրահամյանից բացի Սերժ Սարգսյանին շնորհավորեցին ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը։  «Մեծարգո պարոն նախագահ ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը շնորհավորում է Ձեզ ծննդյան 58-րդ տարեդարձի առիթով։ Երիտասարդ համալսարանականները համոզված են, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է հզորանալ եւ ամրապնդել հաղթանակները։ Երիտասարդ համալսարանականները շնորհավորում են Ձեզ, մաղթում առողջություն, ուժ եւ կորով`ի բարօրություն մեր հայրենիքի ու ժողովրդի»։ Մեզ մնում է ընդամնեը ցավակցել այս երիտասարդներին, ինչպես նաեւ նրանց, որոնք դժբախտություն ունեն կիսելու համալսարանական աթոռը այս որակի երիտասարդների հետ։

Շաբաթ օրը, երբ «Հարսնաքարի» տարածքում հիշատակի մոմավառություն էր, ռեստորանի ներսում հարսանիք էր։

Հարսանքավորները` ներսից հորթի հրճվանքով հեռախոսներով նկարահանում էին դրսում կանգնած քաղաքացիներին ու նրանց  գործողությունները։ Ակցիայի մասնակիցների պահանջով շենքում դադարեցվեց միջոցառումը, «Հարսնաքարի» լույսերն անջատվեցին, իսկ ուրախության մասնակիցները ստիպված եղան կիսելու դրսում կանգնածների տխրությունը։ Առիթներն իհարկե տարբեր էին. մեկը լափից էր կտրվել, իսկ մյուսը բողոքում էր, որ չի կարելի մի աման լափի դիմաց խուրդել սեփական արժանապատվությունը։

Շաբաթ օրը Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում եւս տեղի ունեցավ  մոմավառություն` ի հիշատակ զոհված սպա Վահե Ավետյանի. «Այս կերպ մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում ամենաթողության, օլիգարխիայի, անպատժելիության դեմ», հայտարարել էին գյումրեցիները։

Քաղաքական ուժերից ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը պաշտոնական հայտարարությամբ չդատապարտեցին «Հարսնաքարի» դեպքերը, ինչպես նաեւ ցավակցական խոսքեր չասացին։ ԲՀԿ-ից առանձին ներկայացուցիչներ միայն խոսեցին։ Նաիրա Զոհրաբյանը մասնակցեց հուղարկավորության արարողությանը, Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքում ծավալուն հայտարարությամբ հանդես եկավ, ԲՀԿ-ական որոշ  պատգամավորների էլ հանդիպեցինք Վահեի հոգեհանգստի ժամանակ։ ՀՀԿ-ականներն ու ՕԵԿ-ականները դա էլ չարեցին։ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» պատգամավորներն ու քաղաքական դեմքերը մասնակցեցին գրեթե բոլոր ակցիաներին, ինչպես նաեւ երիտասարդի հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողություններին։ Լրագրողներ, երաժիշտներ, դերասաններ, գրողներ, մտավորականներ, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, բազմաթիվ երիտասարդներ... բոլորը համախմբվեցին ընդդեմ «Հարսնաքարում» տեղի ունեցած այլանդակության։  

Իսկ այլանդակության հիմնական պատասխանատուները` Սերժ Սարգսյանն ու Ռուբեն Հայրապետյանը, Ուկրաինայի նախագահի եւ բարձրաստիճան այլ հյուրերի հետ միասին մայրաքաղաք Կիեւում դիտում էին Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «Եվրո-2012»-ի եզրափակիչ խաղը։

Վահեի մորը առաջարկել էին որդուն հուղարկավորել Եռաբլուրի գերեզմանատանը։ Վահեի մայրը, որը նույնպես մասնագիտությամբ բժիշկ է, հրաժարվել էր։