Հիշեցնենք, որ «ՉԻ»-ն անդրադարձել էր ԱԺ ինքնահռչակ եւ ոչ լեգիտիմ պատգամավոր Է. Մարուքյանի կողմից կեղծ փաստաթուղթ ներկայացնելու, համապատասխան մարմինների կողմից այդ փաստը պարտակելու եւ կեղծիքների համակարգի գործադրմամբ Մարուքյանին պատգամավոր սարքելու եւ նրա կատարած հանցագործությունը հանրությունից թաքցնելու հարցին։ Փաստորեն, Մարուքյանը եւ նրա հովանավորները որոշել էին «համարժեք» պատասխանով հանդես գալ մեր այն դիտարկումից հետո, երբ նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ իր հանցավոր արարքի մասին մամուլում եղած հրապարակումներին Մարուքյանը մինչ օրս չի արձագանքել` դրանով իսկ խոստովանելով, որ իրոք ծանր հանցագործություն է կատարել։ Հրապարակումից հետո, հետընթացս արձագանքելով, Մարուքյանը էլ ավելի է խճճել իրավիճակը, քանի որ «ՉԻ»-ն անդրադառնալով Վանաձորի անձնագրային բաժնի պետի աշխատանքից ազատման փաստին, ընդամենը նշել էր. «ՉԻ» տեղեկություններով` օրերս աշխատանքից ազատվել է Վանաձորի անձնագրային բաժանմունքի պետ Վաչիկ Միսկարյանը։ Նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել»։ Հրապարակման մեջ ոչ մի խոսք չէր եղել այն մասին, թե ինչ պատճառով է վերջինս ազատվել աշխատանքից։ Մինչդեռ նախօրեին լրատվամիջոցներից մեկը ապատեղեկատվություն էր տարածել, նշելով` «Օրերս լրագրողական հետաքննություններից մեկի շրջանակներում նույնիսկ ոչ պաշտոնական տեղեկություններ էին ստացվել, թե Մարուքյանին բնակության վերաբերյալ կեղծ տեղեկանք տալու համար աշխատանքից ազատվել է Վանաձորի անձնագրային բաժանմունքի պետ Վաչիկ Միսկարյանը»։ Փաստորեն հոդվածի հեղինակն ու նրա «զակազչիկը» անկեղծորեն ինքնախոստովանել էին` նշելով. «Ամենաուղիղ եւ պաշտոնական աղբյուրներից պարզեցինք, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկանության մամուլի պատասխանատուներից Արմեն Մալխասյանը հայտնեց, որ Վանաձորի անձնագրայինի պետն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ ՀՔԾ-ից էլ պատասխանեցին, որ Վաչիկ Միսկարյանի դեմ հարուցված քրեական գործ կա, սակայն այն նոր չէ հարուցված եւ ոչ մի կապ չունի ԱԺ պատգամավոր Մարուքյանի անվան հետ», այս կերպ նաեւ պաշտոնապես հաստատելով, որ աշխատանքից ազատված անձնագրային բաժնի պետի դեմ հարուցված քրեական գործ կա։
Նկատենք, որ անձնագրային բաժնի պետին աշխատանքից այլ պատրվակով ազատելը պայմանավորված էր նրան այս «սկանդալային» պատմությունից հեռու պահելու եւ ավելորդ բաներ «չփստացնելու» մտայնությամբ։
Զավեշտալին այն է, որ «զակազով» գրված հրապարակման մեջ հեղինակը համառորեն ապացուցում է, թե «Վանաձորի դատախազ Կարեն Շահբազյանը չի ճանաչում Վանաձորի անձնագրային բաժնի պետ Միսկարյանին»։ Հիշեցնենք, որ «ՉԻ»-ն անդրադարձել էր այն փաստին, որ Վանաձորի դատախազ Կարեն Շահբազյանի պաշտոնական ցուցումով կամ ընկերական հորդորով է անձնագրային բաժնի պետ Վաչիկ Միսկարյանը կեղծ տեղեկանք տրամադրել Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, այժմ` պատգամավոր Էդմոն Մարուքյանին, առ այն, որ վերջին հինգ տարիների ընթացքում մշտապես բնակվել է Հայաստանում»,- եզրակացնելով`«Իհարկե, անձնագրայինի պետին գործից հանելն ավելի հարմար տարբերակ է, քան դատախազի խաթրին կպչելը»։ Առնվազն ծիծաղ կարող է հարուցել հոդվածագրի այն հայտարարությունը, թե քաղաքի դատախազը չի ճանաչում նույն քաղաքի անձնագրային բաժնի պետին։ «Անգամ եթե ճանաչեր էլ, ապա անհավանական է, որ Վանաձորի դատախազը պաշտպանի հայտնի փաստաբանին, ով, լինելով Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի փաստաբանը, տասնյակ գործերով պաշտպանել է հանիրավի մեղադրվող մարդկանց եւ ամենեւին էլ հարթ հարաբերություններ չի ունեցել մարզի դատախազության ու իրավապահ այլ մարմինների հետ»։ Նշենք, որ հենց այդտեղ էլ թաղված է շան գլուխը։ Այսպես կոչված` իրավապաշտպան գործունեության ընթացքում էլ Աղվան Հովսեփյանը «վերբովկա » է արել Մարուքյանին, եւ վերջինս գլխավոր դատախազի դրածոն է։ Այդ իսկ պատճառով էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հապաղում է քրեական գործ հարուցել անգամ ճչացող փաստերի առկայության դեպքում։ Առավել քան ակնհայտ է դառնում, որ քաղաքի դատախազը չէր կարող առանց գլխավոր դատախազի հրահանգի պարտադրել կեղծ տեղեկանք տրամադրել։
Նշենք, որ նույն տխրահռչակ հրապարակման մեջ, հոդվածագրին զարմանալիորեն «հաջողվել» է զրուցել Միսկարյանի հետ, ինչը մեզ մեկ ամսվա ընթացքում, ցավոք, չհաջողվեց։ Մի դեպքում` անձնագրային բաժնի պետը լսելով լրատվամիջոցի անունը հայտարարեց, թե սրտաբանական հիվանդանոցում է, իսկ այնուհետեւ վերջնականապես անհասանելի դարձավ։ Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի այն լալահառաչ դժգոհություններին, թե իրեն չենք զանգահարել պարզաբանման նպատակով, ապա պետք է նշենք, որ ոչ մեկը մեղավոր չէ, որ «անկախ» պատգամավորը առավել քան կաշկանդված է, ու երբ փորձեցինք Ազգային ժողովում նրանից պարզաբանումներ ստանալ, ուղղակի խուսափեց։
Հ.Գ. «ՉԻ»-ն երեկ փորձեց կառավարության նիստին մասնակցող ուժային կառույցների ղեկավարներից ճշտել, թե ինչո՞ւ Մարուքյանի հանդեպ քրեական գործ չի հարուցվում քրեական օրենսգրքի` 314 եւ 325 կետերով, եւ ինչո՞ւ են հապաղում ծառայողական քննություն կատարել, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը անհարկի համարեց իր տիրույթից դուրս հարցին պատասխանել եւ շատ կտրուկ ձեւով ասաց. «Ես աշխատասենյակ ունեմ»։
Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը ծլկել էր մեկ այլ` երրորդ մուտքից, այդ պատճառով նրան էլ չհաջողվեց հարց ուղղել, իսկ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը գերադասեց չպատասխանել։ Ի դեպ, «ՉԻ» հավաստի աղբյուրների համաձայն` Մարուքյանին կեղծ տեղեկանք տրամադրելու գործով սկանդալ է հասունանում հաեւ հայրենի Ազգային անվտանգության ծառայությունում եւ իրենց պաշտոններից կարող են զրկվել Վանաձորի պետ Ավդալյանը եւ նրա գերատեսչական հովանավոր ԱԱԾ պետի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը։