30.05.2017 11:10 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Վաստակավորը վաղուց է արժեզրկվել

Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի առթիվ, Սերժ Սարգսյանը պետական պարգեւներ եւ կոչումներ շնորհեց սպորտի, մշակույթի բնագավառի մի շարք ներկայացուցիչների, ինչը բուռն քննարկումների եւ քննադատությունների տեղիք տվեց։

Մեր նորընծա եվրագավաթակիր Հենրիխ Մխիթարյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրելու փաստի քննադատությունը միայն քաղաքական ենթատեքստ ուներ։ Ոչ ոք չէր կասկածում, որ Մխիթարյանն արժանի է ամենաբարձր պարգեւների, որ նա Հայոց եռագույնի, Հայաստանի պատիվը բարձր է պահում աշխարհում։ Ընդամենը քննադատում էին, որ նա ընդհանրապես պետք է հրաժարվեր Սերժ Սարգսյանի ձեռքից պարգեւ, կոչում ստանալ։ Որովհետեւ Սերժ Սարգսյանը՝ ինքներդ գիտեք, վատ մարդ է, վատ ղեկավար։ Բերում էին երջանկահիշատակ գրող, ազատամարտիկ Լեւոն Խեչոյանի օրինակը, որը 2013-ի մայիսին չընդունեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նրան շնորհված՝ Սերժ Սարգսյանի շքանշանը՝ հիմնավորելով, չի կարող ընդունել մեդալը, «երբ այս չափերի արտագաղթ կա երկրում, երբ իմ եղբայր ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, հենց այսօր էլ նստացույց են անում»։

Ցավոք սրտի, նման օրինակները շատ քիչ են, երբ անվանի, կամ՝ ոչ այնքան, գործիչները՝ քաղաքացիական կամ քաղաքական դրդապատճառներից ելնելով, հրաժարվում են իշխանությունների պարգեւներից, կոչումներից։ Մեկ էլ հիշում ենք, որ 2004 թվականին, երբ ընդդիմության հանրահավաքը դաժանորեն ճնշվեց, Սիլվա Կապուտիկյանը Ռոբերտ Քոչարյանին վերադարձրեց Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, որը ստացել էր իր 80-ամյակի կապակցությամբ։

Բայց մեկ է, մեր լեզուն չի պտտվի Մխիթարյանին քննադատել պարգեւ ստանալու համար։ Նախ, նա իսկապես շատ լավ անձնավորություն է, որպես մարդ՝ ամբողջ աշխարհում հարգանք է վայելում, մարզական բացառիկ նվաճումների է հասել, ինչպիսին, հնարավոր է, այլեւս չունենանք։ Մի խոսքով, Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր  ասում. մեր միակ հպարտությունն է այս պահին։ Էական է նաեւ, որ զերծ է մնում ընտրական, քաղաքական գործընթացներին խառնվելու արատավոր երեւույթից։ Դե, ՀՀԿ-ի հոլովակում երեւալը հաշիվ չի։

ՄՈՒՍԼԻՄ ՄԱԳՈՄԱԵՎՆ ՈՒ ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԸ

Իսկ ահա ռաբիս երգիչ Ռազմիկ Ամյանին վաստակավոր արտիստի կոչում տալը բոլորովին այլ արձագանք ստացավ։ Այս դեպքում էլ քննադատությունը ոչ թե քաղաքական, այլ՝ բացառապես մշակութային, հոգեւոր, բարոյական աստառ ուներ։ Բայց այս դեպքում էլ պետք չէ այդքան ծանր տանել Ռազմիկ Ամյանին վաստակավորի կոչում տալու փաստը։ Ուղղակի պետք է հիշել, որ մինչ նա մեր մշակույթը գեղցիության մակարդակի իջեցրած այնպիսի դեմքեր են վաստակավոր արտիստի կոչում ստացել, որ Ամյանը դրանց կողքին պարզապես Մուսլիմ Մագոմաեւ է։ Եթե Թաթուլին են վաստակավորի արտիստ տվել, դրանից հետո Ամյանն էլ կստանա, Վլեն էլ, Բղդոն էլ ու նմանատիպ այլ «հանճարներ»։

Թեթեւ տանենք, քանի որ կոչումները, պարգեւները մեզ մոտ վաղուց արժեզրկվել են։ Դրանցով պարգեւատրում են ոչ թե ամենա-ամենա-ամենաարժանիներին, այլ՝ նրանց, ում այդ պահին հարմար են գտնում։ Կամ՝ ճիշտ քաղաքական դիրքորոշում է ունեցել։ Կամ՝ պարզապես մարդ է, էլի, թող ունենա։ Համ էլ, որ ստանա, ավելի կակուղ կլինի իշխանությունների հանդեպ։ Սա մեզ հիշեցնում է Վոյնովիչի «Մոսկվա-2042» հանճարեղ ստեղծագործությունը, երբ տոտալիտար երկրում բոլորը ինչ-որ պարգեւ են ունենում։ Պարտադիր ունենում են ու  մի հատ էլ դրանք դոշին կախած՝ ման են գալիս։ Փքուն անվանումներով կոչումներ. «Պետության հեղափոխական պայքարի անխոնջ մարտիկ», օրինակ, կամ՝ «Առաջնորդի գրքերը հրաշալի սերտած գեներալ-գիտնական»։

Հիմա մեզ մոտ է։ Այսպես էլի, բաժանում են։ Երբ ասում են՝ վաստակավոր արտիստ, առաջինը մեր մտքին գալիս է Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Մհեր Մկրտչյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Վարդուհի Խաչատրյանը, Խաչվանքյանը։ Մեծություններ, որոնք իրենց տասնամյակների տաղանդավոր աշխատանքով են վաստակել կոչումներն ու պարգեւները։

Մի հետաքրքիր փաստ նշենք, որպեսզի ավելի ցայտուն երեւա մեզ մոտ կոչումների արժեզրկման աստիճանը։ ԽՍՀՄ-ի ողջ պատմության մեջ՝ մինչեւ 1991 թվականը, ԽՍՀՄ-ի վաստակավոր արտիստի կոչում են ստացել ընդամենը 1005 մարդ։ 300 միլիոնանոց երկրում՝ 60 տարվա ընթացքում, տարեկան ընդամենը 16,5 մարդ է նման կոչման արժանացել։ Դե, մի հատ հաշվեք, թե վերջին տարիներին քանի հոգի է մեզ մոտ վաստակավորի կոչում ստացել։ Ավելին, Ռազմիկ Ամյանը ընդամենը 35 տարեկանում է վաստակավոր արտիստի կոչում ստացել։ ԽՍՀՄ-ի ամենաերիտասարդ վաստակավոր արտիստը եղել է՝ արդեն անունը տվել էինք, Մուսլիմ Մագոմաեւը՝ 31 տարեկան։ Բայց որտեղ Ամյանը, որտեղ՝ Մագոմաեւը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30