19.01.2018 09:53 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Փնտրվում է նախագահ

Անցնող շաբաթը բավական հետաքրքիր ստացվեց եւ լի էր բուռն իրադարձություններով։ Կարելի է ասել, սպասումների, առաջիկա ամիսների ընթացքը կանխորոշող շաբաթ է։

Հասկանալի է, առավել քննարկվող թեման Սերժ Սարգսյանի չափորոշիչներն էին՝ ապագա նախագահի վերաբերյալ։ Այսինքն, ով պետք է լինի այդ պաշտոնում։ Դե, ասաց, որ նախագահ պետք է լինի անցած ճանապարհ ունեցողը, որին ճանաչում են երկրում, դրսում, քուչում, «նեղ կրուգներում»։ Պետք է սիրուն լինի, թրաշված, հաճելի ժպիտով, տիրապետի օտար լեզուների, հեղինակություն լինի, ունենա լայն կապեր ամենուրեք, անկողմնակալ լինի, ու ամենակարեւորը....  քաղաքականությամբ զբաղված չլինի։

Մենք համենայնդեպս, փորձեցինք հասկանալ, թե խոսքը ում մասին կարող է լինել։ Google-ով փնտրտուք տվեցին՝ լրացնելով ահա այդ թեկնածուական պայմանները։ Մի քանի հազար մարդու անուն բերեց։ Եթե քաղաքականությամբ չզբաղված լինելու պայմանը չլիներ, ապա պոտենցիալ նախագահի թեկնածուների թիվը մինչեւ մի քանի հարյուր հազար կլիներ։ Ֆեյսբուքահայությունը այս պահին ամենաշատը երկու մարդու անուն է տալիս՝ Էդվարդ Նալբանդյան եւ Արմեն Սարգսյան։ Բոլոր պայմաններին այս երկուսը համապատասխանում են, նույնիսկ թշերն են միանման, բայց էլի այդ չարաբաստիկ պահը համը հանում է. երկուսն էլ զբաղվել են քաղաքականությամբ։ Նալբանդյանը նույնիսկ զբաղվում է։ Թե վարչապետի, թե արտործնախարարի պաշտոնները քաղաքական են, անկախ նրանից, թե այդ պաշտոնները զբաղեցնողները կուսակցական են, թե՞ ոչ։ Համարենք, որ քաղաքականության մեջ այս երկուսը ակտիվ չեն եղել։

Բնականաբար, պարզ է, որ եթե այս երկուսն են, ապա ավելի գերադասելի են Էդվարդ Նալբանդյանի շանսերը։ Սերժ Սարգսյանին պետք է, որ նախագահի պաշտոնում հնարավորինս աննկատ մարդ լինի, իսկ Նալբանդյանը արդեն 10 տարի հիմնականում հենց դրանով էլ աչքի է ընկել։ Աշխարհ կքանդվի, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը ճաքեր կտա, գազը կթանկանա, Շուշան Պետրոսյանը ելույթ կունենա, Մխիթարյանը կգնա կամ չի գնա Լոնդոն` այդ մարդը չի երեւում։ Պարզապես նախագահի իդեալական թեկնածու է։ Ընտրեն, տարին տասներկու ամիս Ֆրանկոֆոնիայի համաժողովներից դուրս չի գա, Սերժ Սարգսյանի աչքին չի երեւա։

Արմեն Սարգսյանն այդ առումով մի քիչ կասկածելի մարդ է։ Նշանակեն, ինչ-որ պահից կարող է «կոնտրոլից» դուրս գալ։ Մի բան էլ լինի՝ Չարլզը թիկունքում կանգնած է, հետո նրա նշանակումը կարող է համայն հայության բնապահպանների զայրույթը հարուցել։ Ռիսկի պահ կա. կասկածելի անցյալ ու ներկա ունի։ Չի ստացվում։

 ԼՈՆԴՈՆ-ԵՐԵՎԱՆ

Ի դեպ, վերլուծաբանների մի ստվար զանգված էլ Սերժ Սարգսյանի չափանիշներին շատ հարմար գտավ... Հենրիխ Մխիթարյանին։ Իսկապես, հարուստ անցյալ ունի, ամբողջ աշխարհը ճանաչում է նրան, տիրապետում է մի դյուժին օտար լեզուների, հեղինակություն, անկողմնակալ, բացարձակապես ապաքաղաքական։ Գումարած դրան, վերջին երկու ամիսն էլ անգործ էր մնացել, փայլեցնում էր «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստային նստարանը։

Չգիտենք, միգուցե իսկապե՞ս նրան առաջարկել էին նախագահի պաշտոնը, դրա համար նա որոշեց շառից-փորձանքից հեռու, նոր աշխատանք փնտրել։ Ու գտավ. «Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինեց Լոնդոնի «Արսենալով»։ Սա իր տեսակի մեջ եզակի գործարք է։ Առաջին անգամ եվրոպական թոփ-5 լիգաների մակարդակով տեղի ունեցավ ֆուտբոլիստների ուղիղ փոխանակում։ Այսինքն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» «Արսենալին» տվեց Մխիթարյանին, որի դիմաց ստացավ չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին։ Նախկինում էլ են տարբեր թիմեր ֆուտբոլիստներով փոխանակվել, սակայն միշտ կողմերից մեկը մյուսին որոշակի գումար էլ էր վճարում, այսպես ասած՝ լրավճար։ Իսկ այս դեպքում մաքուր փոխանակություն է տեղի ունեցել։ Էլի մենք՝ հայերս։

Արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ է մեզ սպասվում։ Հ2-ը շտապ ձեռք կբերի Հայաստանում «Արսենալի» հանդիպումների հեռարձակման բացառիկ իրավունքը։ Բոլոր հայերը unlike կտան «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր սոցցանցային էջերին ու ազգովի կբաժանորդագրվեն «Արսենալի» էջերին։ Բոլորը կսկսեն երկրպագել «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցներին՝ էքստազի մեջ հայտնվելով, երբ էն Մոուրինյոն հերթական պարտությունը կրի։ Հիմա հակամոուրինյոական մոլուցքը կենսակերպ կդառնա։

Իսկ Մխիթարյանին՝ բարի գալուստ Արսենի թիմ։ Մինչեւ հիմա անհասկանալի է, թե ինչու ժամանակին այս թիմ չտեղափոխվեց։ Իսկը իր տեղն էր։ Լրիվ իրար համապատասխանում են. խաղաոճով, փիլիսոփայությամբ, էներգիայով։ Վստահ ենք, որ Հենոն Վենգերի օգնությամբ «Արսենալում» շատ արագ կվերականգնի իր խաղամակարդակը։

Հ.Գ. Բայց խնդալու կլինի, եթե Մխիթարյանը գնա Լոնդոն, իսկ Արմեն Սարգսյանը՝ Լոնդոնից Երեւան։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30