09.03.2018 07:52 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Անպատասխանատվության երթ

Սերժ Սարգսյանի կատարյալ դրախտը

Սերժ Սարգսյանի կատարյալ դրախտը

Իշխանական համակարգի հետապրիլյան կառուցվածքը կամաց-կամաց ուրվագծվում է։ Մեծ հավանականությամբ՝ Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, Կարեն Կարապետյանը՝ առաջին փոխվարչապետ, Արմեն Գեւորգյանը՝ փոխվարչապետ, իսկ երկրորդ փոխվարչապետի թեկնածությունը կորոշվի վերջին վայրկյանին՝ այն հաշվով, որ հնարավոր է՝ «Ծառուկյան դաշինքն» այնուամենայնիվ մտնի կոալիցիա։ Մի խոսքով՝ մեծ անակնկալներ հազիվ թե լինեն։

Բայց խնդիրը միայն իշխանական լծակների բաշխումը չէ (բաշխելու բան առանձնապես չկա էլ՝ համարյա բոլոր լծակները մնալու են Սերժ Սարգսյանի ձեռքին)։ Նույնքան կարեւոր է նաեւ պատասխանատվության բաշխումը։ Իսկ Սերժ Սարգսյանի դիրքորոշումն այս հարցում վաղուց հայտնի է՝ «մաքսիմալ լծակներ, մինիմալ պատասխանատվություն»։ Եվ նա, պատկերացրեք, կարողացել է լուծել նաեւ այդ հարցը։ Ենթադրենք՝ մեկ տարի հետո Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփում է տնտեսական ցուցանիշները, եւ պարզվում է, որ մեկ տարվա ընթացքում տնտեսությունն աճել է, ասենք, 8 տոկոսով։ Ո՞ւմ են բաժին հասնելու դափնիները։ Իհարկե վարչապետ Սերժ Սարգսյանին։ Չէ՞ որ վարչապետն է պետության թիվ մեկ պաշտոնյան։ Իսկ եթե հանկարծ այդ ընթացքում տնտեսությունը չաճի՞, ո՞վ է լինելու դրա պատասխանատուն։ Իհարկե առաջին փոխվարչապետը։ Չէ՞ որ նա է իրականացնելու «տնտեսական բլոկի» օպերատիվ ղեկավարումը։

Տնտեսությունը մի կողմ թողնենք։ Ենթադրենք՝ ղարաբաղյան կարգավորման հարցում որեւէ առաջընթաց չի արձանագրվում, Ադրբեջանն էլ շարունակում է ժամանակակից սպառազինություն ձեռք բերել, եւ վիճակը գնալով բարդանում է։ Ո՞վ է մեղավոր լինելու դրա համար։ Իհարկե՝ ագրեսիվ Ադրբեջանի եւ «սեփական շահերը չգիտակցող» Ռուսաստանի ղեկավարությունը։ Կամ ենթադրենք՝ Սերժ Սարգսյանի վարչապետության երկրորդ տարում պարզվում է, որ այդ ընթացքում Հայաստանից արտագաղթել է եւս 50 հազար մարդ։ Ո՞վ է լինելու դրա պատասխանատուն։ Իհարկե «գաղջ մթնոլորտը»։ Այսինքն՝ տեղի-անտեղի իշխանություններին փնովող ընդդիմությունը, լրատվամիջոցները, «առանձին անպատասխանատու պաշտոնյաներ», եւ այլն։ Մի խոսքով՝ ով ասես, բացի Սերժ Սարգսյանից։

Մեծ հաշվով՝ պրոբլեմը հենց այն է, որ Սերժ Սարգսյանի պատասխանատվության որեւէ մեխանիզմ պարզապես գոյություն չունի։ Նա ինքը կարող է, օրինակ, հայտարարել, թե «այն առաջին փոխվարչապետը, ով չի կարող 7 տոկոսանոց աճ ապահովել, պիտի չաշխատի», իսկ իրեն նման բան ասող չի լինելու։ Հակառակը՝ ՀՀԿ-ում միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր տնտեսական անկման դեպքում նրան կհամեմատեն, ասենք, Ռուզվելտի հետ (Մեծ ճգնաժամի տարիներին նա էր ԱՄՆ նախագահը), ռազմական ձախողումների դեպքում՝ կհամեմատեն Կուտուզովի հետ (ով անընդհատ տարածքներ էր զիջում ու անգամ Մոսկվան հանձնեց, բայց ի վերջո հաղթեց), ռեպրեսիաների դեպքում՝ կհամեմատեն Պինոչետի հետ (ով սեփական քաղաքացիներին գնդակահարեց, բայց երկիրը զարգացրեց), իսկ եթե խոսք գնա այն մասին, որ նա, կոռուպցիայի դեմ պայքարելով, նաեւ միլիարդատեր է՝ կհամեմատեն Ջորջ Վաշինգթոնի հետ (ով Ազատությունների խարտիայի հեղինակներից էր ու միաժամանակ՝ ստրկատեր)։ Այնպես որ՝ անձնական պատասխանատվության թեման փակված է։ Կոնկրետ չափորոշիչներ չկան, եւ վերջ։

Իսկ կոլեկտիվ պատասխանատվությունն ընդամենը գեղեցիկ ձեւակերպում է։ Որեւէ մեկը չի հավատում, չէ՞, որ անգամ ամենախայտառակ ձախողման դեպքում ՀՀԿ-ն ներողություն կխնդրի ժողովրդից, խորհրդարանական նոր ընտրություններ կկազմակերպի եւ որպես կուսակցություն կինքնալուծարվի։

Մի խոսքով՝ Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ բոլորը գիտեն, թե ում է պատկանում իշխանությունը, բոլորը գիտեն, թե ով է մեղավոր այս վիճակի համար, բայց պատասխանատվության իրավական մեխանիզմներ չկան։ Սերժ Սարգսյանը կարող է համարել, որ իսկապես կատարյալ երանության մեջ է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30