11.05.2018 06:28 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Սերժիկ, անընդհատ հեռացիր

Մայիս ամիսն իսկապես հայ ժողովրդի համար բախտորոշ, դարակազմիկ իրադարձություններով հարուստ է ստացվում։ Ունենք նոր վարչապետ, նոր իրողություններ, էյֆորիկ հանրություն։ Ընդ որում, հասարակությունն ինքն է սկսել շարժվել նոր իրողություններին համահունչ։

Մի քանի օր առաջ Երեւանի գազալցակայաններից մեկում մեքենան էի լիցքավորում։ Գազալցակայանն ունի 10 սեկցիա, ամեն սեկցիայում՝ լիցքավորման երկու կետ։ Սակայն նկատում ենք, որ բոլոր սեկցիաներում ընդամենը մեկական մեքենա են լիցքավորում։ Հարցնում ենք, ինչո՞ւ երկրորդ մեքենա չկա, պատասխանում են՝ ամեն սեկցիան իրավունք ունի լիցքավորել միայն մեկ մեքենա, երկու մեքենա միաժամանակ չի թույլատրվում, քանի որ դա անվտանգության նորմերի խախտում է։

Պատկերացնում ե՞ք, մինչեւ հիմա մեր գազալցակայանները նորմերի խախտումով են աշխատել՝ ապահովելով գերշահույթներ։ Բայց բավական էր, որ Հայաստանում նոր իրավիճակ ստեղծվի, անմիջապես օրենքի դաշտ են մտել։ Ընդ որում, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր ընտրվել, դեռ չէր հայտարարել կոռուպցիայի դեմ պայքարելու, մենաշնորհների, ներմուծման արգելքները վերացնելու մասին։ Գազալցակայանի տերերը իրենք իրենցով, սուսուփուս սկսել են աշխատել այնպես, ինչպես պետք է աշխատեին վերջին 20 տարում։

Ընկերներիցս մեկը օրեր առաջ է Թբիլիսիից եկել։ Ապրանք է բերել։ Պատմում է, որ Բագրատաշենի մաքսատանը ընդամենը հաշված րոպեներում ձեւակերպել են անհրաժեշտ փաստաթղթերը եւ նրան ճամփու դրել, ինչը մինչեւ այդ չի եղել։ Ավելին, անձնագրի մեջ՝ ավանդության համաձայն, 20 դոլար է դրել, ներկայացրել մաքսատան աշխատակցին։ Վերջինս անձնագիրը վերցրել է, իսկ գումարը՝ վերադարձրել։ Թե բա՝ պետք չէ։ Այստեղ ծանոթս հարցրել է այդ աշխատակցին. «Ձեռքդ դիր սրտիդ ու մենակ անկեղծ ասա. հիմա՞ ես քեզ լավ զգում, թե՞՝ այն ժամանակ»։ «Իհարկե, հիմա։ Հիմա իմ աշխատանքում լարվածություն չեմ զգում», պատասխանել է մաքսատան աշխատակիցը։ Իրար ժպտացել են եւ հրաժեշտ տվել։

Ի դեպ, ժպտալու մասին. մեկ այլ ծանոթ էլ է նույնպես օրերս Թբիլիսիից եկել։ Պատմում է, որ մնացել էր զարմացած, երբ անձնագիր ներկայացնելու համար մոտեցել է համապատասխան բաժնին։ Մի պահ չի ճանաչել աշխատակցուհուն։ Ասում է՝ այնպիսի պայծառ ժպիտով անձնագիրս խնդրեց։ Բայց մինչեւ այդ, տարիներ շարունակ, մռայլ, հոնքերը կիտած, անհավես, ռոբոտի պես էր մարդկանց անձնագրերը ստուգում։ Եվ նորից. հաստատ Նիկոլ Փաշինյանը չի զանգել մաքսատուն եւ կարգադրել, որ մարդավարի, արագ, որակով, սեղմ ժամկետներում սպասարկեն քաղաքացիներին, խոչընդոտներ չառաջացնեն։ Այս հեղափոխական, անցումային, մթնոլորտը նաեւ նրանց է փոխել, ու դրանից իրենք իրենց ավելի լավ են զգում։ Նրանք իրենց համարում են այս նոր ժամանակների, նոր իրողությունների մասնակիցը։

Այսինքն. իշխանությունները գողանում էին` իրենք էլ էին գողանում։ Իշխանությունները թաղված էին կոռուպցիայի մեջ` իրենք էլ էին թաղված։ Ու շատ հաճախ, հիմնավորումը մեկն էր. եթե բարձրաստիճան պաշտոնյան ապօրինություն է անում, նշանակում է, ես էլ կարող եմ անել, սա իմ պետությունը չէ, սա այդ պաշտոնյայի պետությունն է։

 ԱՌԱՅԺՄ ՍՏԱՑՎՈՒՄ Է

 Ահա այսպես. նույն մարդիկ` տարբեր ժամանակներում։ Պատճառներից մեկն էլ այն է, որ այժմ քաղաքացին Հայաստանը համարում է իր երկիրը, ոչ թե՝ էս երկիրը։ Եվ այժմ հարկ վճարելը, արագ եւ քաղաքակիրթ սպասարկելը, ժպտալը, չխաբելը. այս ամենը հայրենիք սիրելու նշաններ են։ Ամեն մեկը պետք է իրենից սկսի, ու ոնց որ թե՝ առայժմ ստացվում է։

Իհարկե, էյֆորիա էլ կա, սա հասկանալի է, մասամբ այն կանհետանա, երբ ամենօրյա գործերով զբաղվենք, երբ արդեն նոր իշխանությունները կբախվեն ավելի «երկնային» խնդիրների, տնտեսական, քաղաքական, ռազմական հարցերով կզբաղվեն, կլինեն նաեւ սխալներ, բայց եթե հասարակությունը շարունակի պետությանը վերաբերվել այնպես, ինչպես՝ այժմ, այսինքն՝ հոգատար լինի, թույլ չտա, որ այն ոտնատակ անեն, ապա բոլոր դժվարությունները հնարավոր կլինի հաղթահարել, թեթեւ տանել, ըմբռնումով մոտենալ։ Ի վերջո, մեր հասարակությունը սրանից տասնապատիկ շատ ավելի ծանր ժամանակներ է տեսել. պատերազմ, քայքայված տնտեսություն, աղետի գոտի, լույսի բացակայություն, բայց անմռունչ տարել է բոլոր այդ զրկանքները։   

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30