13.04.2018 06:33 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Սերժ անընդմեջը

Սերժ Սարգսյանի երջանկության մեխանիկան

Սերժ Սարգսյանի երջանկության մեխանիկան

Եվ այսպես, մի քանի օր հետո Սերժ Սարգսյանը հանդիսավորապես կդառնա Հայաստանի ղեկավարը՝ երրորդ անգամ անընդմեջ։ Մի բան, որին ինքն իբր կտրականապես դեմ էր եւ խորապես համոզված էր, որ որեւէ մեկը չպիտի նման բան անի։

Ավելին՝ պարզվում է, որ սրանից հետո վարչապետի ընտրություններ չեն լինելու անգամ Ազգային ժողովում. ո՛ր կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթեց՝ այդ կուսակցության ղեկավարը նախագահի հրամանագրով մեխանիկորեն նշանակվելու է վարչապետ։ Այսինքն՝ պետության ղեկավարը որոշվելու է ՀՀԿ համագումարում։ Պարզ ասած, սրանից հետո պետության առաջին դեմքի փոփոխություն հնարավոր է կամ ներկուսակցական հեղաշրջման արդյունքում (որի մասին հասարակությունը կտեղեկանա լուրերի թողարկումից), կամ, հեռու իրենից, եթե բոլոր հեռուստաընկերությունները միաժամանակ սկսեն ցուցադրել «Կարապի լիճը» բալետը։

Իսկ ինչպե՞ս Սերժ Սարգսյանը կարողացավ հասնել սրան եւ անել այն, ինչը չկարողացավ անել անգամ Ռոբերտ Քոչարյանը։ Բանն այն է, որ Հայաստանում բարձր պաշտոններ ստանձնելով (մեկը՝ վարչապետ, մյուսը՝ ՆԳ եւ ԱԱ նախարար), նրանք միաժամանակ հասկացան, որ կարելի է շատ հանգիստ պետության շահերը մի կողմ դնել եւ զբաղվել բացառապես սեփական իշխանությունն ամրապնդելով ու անձնական հարստություն կուտակելով։ Իր պաշտոնավարման ողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հենց դրանով էլ զբաղվում էր, իսկ ահա Սերժ Սարգսյանը մի քայլ առաջ անցավ եւ հասկացավ, որ միայն սեփական ցանկություններով առաջնորդվել չի կարելի, պետք է հաշվի առնել նաեւ շրջապատի ցանկությունները։ Ավելին՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանը հասկացավ նաեւ, որ իշխանության հասնելու եւ այն պահպանելու համար միայն փողը քիչ է, պետք է նաեւ լիակատա վերահսկողություն ուժային կառույցների նկատմամբ, որովհետեւ Հայաստանի նման երկրներում միշտ ուժային կառույցները «հաղթում են» փողին։

Ու մինչ Ռոբերտ Քոչարյանը զբաղված էր միլիարդներ կուտակելով ու կյանքը վայելելով, Սերժ Սարգսյանը «ծյունինգ արեց» Վազգեն Սարգսյանից ժառանգություն մնացած ՀՀԿ-ն, իրար գլխի հավաքեց նախկին կուսնոմենկլատուրայի միջին օղակների չինովնիկներին ու բարոյական որեւէ արգելակ չունեցող երիտասարդ կարիերիստներին եւ ստեղծեց իր «ոհմակը»՝ հաշվի առնելով նրանցից յուրաքանչյուրի շահը։ Փառամոլներին՝ պաշտոններ ու մեդալներ, օլիգարխներին՝ ստվերային բիզնեսի ընդլայնման հնարավորություն, քաղաքական գործիչներին (անգամ նրանց, ում ժամանակին «իդիոտ» ու «դհոլ» էր անվանում)՝ մի-մի մանդատ կամ այլ կարգավիճակ, քրեական աշխարհի ներկայացուցիչներին՝ «բեսպրեդելի» իրավունք, եւ այլն։ «Ոհմակում» ընդգրկվելու պարտադիր պայմանը միայն մեկն էր՝ որեւէ մեկը չպիտի մտածեր պետական շահի մասին ու պիտի անվերապահորեն ընդուներ իր «պապայությունը»։ Պայմանն այնքան էլ խիստ չէր, եւ կարճ ժամանակում «միասնական կուռ թիմը» ձեւավորվեց։ Իրավիճակը բոլորին էր ձեռնտու։ Առանձնապես ոչինչ չէր պահանջվում՝ փառաբանել առաջնորդին, կողքից «կճմթել» բյուջեն ու հետեւել, որ հանկարծ որեւէ բան չփոխվի։

Հենց դա էլ այսօր տեղի է ունենում։ Ցանկացած նորմալ երկրի նորմալ քաղաքացու հարցրեք՝ հնարավո՞ր է դրական գնահատել որեւէ նախագահի տասնամյա գործունեությունը, եթե այդ տասը տարիների ընթացքում տնտեսությունը չի աճել, իսկ երկրի բնակչության թիվը նվազել է 13 տոկոսով։ Իսկ «միասնական կուռ թիմի» հեչ վեջը չէ. փառաբանում են, եւ վերջ։ Որովհետեւ եթե չփառաբանեն՝ կամ իրենց կարգավիճակը կփոխվի, կամ երկրում փոփոխություններ տեղի կունենան (եւ այդ դեպքում նույնպես որոշ ժամանակ անց իրենց կարգավիճակը կփոխվի)։

Իսկ մարդկանց կարծիքը, բնականաբար, որեւէ մեկը չի հարցնում։ Մարդիկ իրենց տասը հազարական դրամները վերցրել են ու հիմա պարտավոր են հլու-հնազանդ ենթարկվել։ Ինչպե՞ս է վարվում պետությունը, երբ որեւէ քաղաքացի բանկից վարկ է վերցնում ու չի վերադարձնում։ Ճիշտ է, ուժայինները զոռով խլում են այդ մարդու ունեցվածքը։ Ինչպե՞ս են վարվելու իշխանությունները, եթե քաղաքացիները տասը հազարը վերցրել են, բայց հիմա դեմ են Սերժ Սարգսյանի վարչապետությանը։ Ճիշտ է, նույն ուժայինները գալու են ու զոռով ապահովեն «գործընթացը»։

Կասեք, որ ո՞չ բոլորն են ընտրակաշառք վերցրել։ Ճիշտ է։ Բայց փոքրամասնությունը չի կարող թելադրել մեծամասնությանը։ Ժողովրդավարություն է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30