23.07.2012 13:10 Գայանե Զարգարյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Էկո աղետ

Հրազդանի քաղաքապետը սպասում է «Ֆորչուն օյլ»-ի տեխնիկական փաստաթղթերին

«ՉԻ» նախորդ հրապարակման մեջ արդեն խոսել էինք այն մասին, որ հայտնի չինական «Ֆորչուն Օյլ» ընկերությունը դեռեւս անցյալ տարվանից մտադիր է Հայաստանում երկաթի հանքերի շահագործում իրականացնել։

Խոսքը գնում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում  երկաթի հանք շահագործելու  եւ գործարան  կառուցելու մասին, որը, մասնագետների  համոզմամբ, լուրջ աղետ է ոչ  միայն Հրազդանի, այլ նաեւ Երեւանի համար։ Այս դեպքում խիստ վտանգի տակ է դրվում  հատկապես խմելու ջրի հարցը, ինչի մասին «ՉԻ» հետ զրույցում նշել էր նաեւ բնապահպան Կարինե Դանիելյանը` ընդգծելով. «Հանքերի շահագործման դեպքում նախեւառաջ  վտանգի տակ կհայտնվեն  Երեւանը սնող ջրի աղբյուրները։ Իսկ դրանք կլինեն ջրի  ե՛ւ որակի, ե՛ւ քանակի հաշվին, որովհետեւ մենք երբեք չգիտենք, թե  այդ պայթյունների արդյունքում ինչ փոփոխություններ կլինեն։ Ակնհայտ է, որ ջրի աղտոտումը միանշանակ կլինի, քանի որ այս պարագայում գործ ունենք ծանր մետաղների հետ»։

 Բնապահպան Կարինե Դանիելյանի հնչեցրած այս մասնագիտական  կարծիքը,  «ՉԻ» հետ զրույցում կիսեց նաեւ Հրազդանի «Օրհուս» կենտրոնի ղեկավար Ժորա  Առաքելյանը, ով սկզբիցեւեթ եղել է  երկաթի հանքերի շահագործման  դեմ ամենաակտիվ պայքարողներից  մեկը։

«Ես նույնպես այն համոզմանն եմ, որ այդ հանքերը շահագործելու դեպքում մենք լուրջ խնդիրներ կունենաք։ Եթե հանքը գտնվում է Հրազդան քաղաքի կենտրոնում, հատկապես, որ այն նախկին նախագծի համաձայն նախատեսվում էր բաց եղանակով շահագործել, ապա, անշուշտ, այն իր հետեւանքները պետք է ունենա»-ասաց «Օրհուս»-ի ղեկավարը` փաստելով. «Ամբողջ հարցն այն է, որ  հանքի հարեւանությամբ գործում է Հրազդան գետը, որը ՀՀ-ի՝ մասնավորապես  Արարատյան  դաշտավայրի  ոռոգվող աղբյուրներից  մեկն է։ Այդտեղ հանքի ստորոտում խմելու ջրի չորս աղբյուր կա, որոնք սնուցում են  չորս մեծ քաղաքներ՝ Աբովյան, Չարենցավան, Ծաղկաձոր  եւ Հրազդան։ Իսկ այս պայմաններում ամենամեծ խնդիրը հենց խմելու ջրի հարցն է դառնում։ Իսկ այն,  որ մենք արդեն իսկ  ունենք աղտոտված օդ՝ փաստ է, քանի որ Հրազդանում են գործում խոշոր աղտոտիչ ձեռնարկություններ՝ ցեմենտի գործարանը,  ՀԷԿ-ը   եւ այլն։ Իսկ, որ ամենացավալին է, բնապահպանության նախարարության  պաշտոնական  հայտարարության  համաձայն, մեզ մոտ օդի աղտոտվածությունը 6  անգամ բարձր է՝ սահմանային թույլատրելի կետից։  Եվ եթե դրան էլ գումարում ենք բաց եղանակով  շահագործվող հանքը, ապա պարզ է դառնում, որ օդի աղտոտվածությունը էլ ավելի է շատանալու»։

Իսկ ինչ վերաբերում է «Ֆորչուն Օյլ» ընկերության  կողմից խոստացված  նոր  նախագծին, համաձայն որի, իբր հանքերի շահագործման դեպքում պետք է չեզոքանա ռիսկի գործոնը,ապա այս առթիվ Ժորա Առաքելյանը  նշեց. «Ես չեմ կարծում, որ նոր նախագծով նրանք կկարողանան այնպիսի տարբերակներ մշակել,  որով ի վիճակի կլինեն վերը նշված խնդիրներին լուծում տալ։ Փաստն այն է, որ Հրազդանի բնակչությունը դեմ է այս ամենին, եւ ես վստահ եմ, որ վերջին խոսքը ժողովրդինն է լինելու։

 Իսկ թե մինչ օրս ի՞նչ քայլեր են իրականացվել տեղական իշխանությունների կողմից, եւ արդյո՞ք  ժողովրդի ձայնը հասու է եղել նաեւ  իշխանություններին, Ժ. Առաքելյանը պատասխանեց.«Տեղական  իշխանությունները սպասում են նոր նախագծին, որպեսզի իրենց վերջնական տեսակետը հայտնեն»։

Դե ինչ, մինչ «Ֆորչուն Օյլ»-ը կներկայացնի իր նոր նախագիծը, եւ տեղական իշխանություններն էլ  կտան  իրենց գնահատականները, «ՉԻ»-ն փորձեց Հրազդանի հանքերի շահագործման  հնարավոր վտանգների ու հատկապես խմելու ջրի հետ կապված  խնդիրների վերաբերյալ  ստանալ նաեւ Հրազդանի երկարամյա քաղաքապետ Արամ Դանիելյանի կարծիքը, որն էլ իր խոսքում նշեց. «Ճիշտ է, այսօր այդ հարցը շատ է շահարկվում, բայց  եւ պիտի ասեմ, որ այդ հանքերի շահագործման վերաբերյալ որեւէ մի տեխնիկական փաստաթուղթ չկա։ Մեզ դեռեւս չեն ներկայացրել ոչ մի տեխնիկական փաստաթուղթ, որի շուրջ մենք կարողանանք քննարկում  կազմակերպել։ Բնականաբար մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր քաղաքում  բնապահպանական խնդիրներ չլինեն։  Մենք, մեր երեխաները այս քաղաքում ենք ապրելու, եւ մենք թույլ չենք տա, որպեսզի նման բնապահպանական խնդիրների առաջ կանգնենք։ Դեկտեմբերին՝ տեխնիկական փաստաթղթերը ներկայացնելուց հետո մենք մասնագետների հետ դրանք  կուսումնասիրենք, նոր վերջնական  կարծիք կհայտնենք։ Այսինքն, մասնագետները պետք է համոզիչ փաստեր ներկայացնեն, որ այն ժողովրդի համար վտանգավոր չէ, եւ որ  այն բնապահպանական խնդիրներ չի առաջացնում»։

Հավելենք, որ Հրազդանի բնակչությունն այսօր էլ իսկապես խիստ անհանգստացած  է այս խնդրով, եւ «ՉԻ» հետ զրույցում  հրազդանցիներից շատերը  խոստովանեցին, որ շահագործումից հետո  ոչ ոք չի կարող երաշխավորել, թե  ինչպիսի բնակավայրի կարող է վերածվել Հրազդան քաղաքը, երբ իսկապես ստեղծվի մի իրավիճակ, որ խմելու ջուրը բառիս բուն իմաստով վտանգված լինի։

«Ամեն պարը պարել էինք, մնացել էր սարի սմբուլը։ Ոչ ապրուստ ունենք, ոչ միջոց, ոչ պայման, հիմա էլ մեզ պակասում էր, որ օդն ու ջուրը կեղտոտեին։ Չեմ հասկանում` էս քաղաք ա,  թե ի՞նչ ա։ Մի օր ծառ են կտրում, մի օր ապօրինի շինարարություն են կատարում, մի օր բերում գլխներիս հանք են կապում։ Էս ի՞նչ երկիր ա, այ մարդ, չգիտենք, թե որ մի պրոբլեմով տապակվենք։ Կառավարությանն էլ , աստված տվել չի խնայել.մենակ թողնես մտածի իր բյուջեն տրաքացնելու մասին, իսկ  մեր մասին էսօր  մտածող չկա։ Ման եկեք քաղաքում  ու  տեսեք, թե  քանի դղյակի  ու «դուքյանի» տեր են ժողովրդի անունից  խոսողներն ու գործ չանողները։ Սաղ էլ իրար հետ կապված են, էնքան որ ամեն մեկը իր շահի մասին ա մտածում։ Իսկ մենք էլ արդեն զզվել ենք էս վիճակից էլ, տո իրանց ծրագրերից էլ  ու սուտ խոսացողներից էլ»-մեզ հետ զրույցում դժգոհեցին  հրազդանցիներից շատերը` խնդրելով չհրապարակել իրենց անունները։ 

Մեզ մնում է հավելել եւ հուսալ, որ իսկապես պատկան մարմինները, ու հատկապես ժողովրդի անունից հանդես եկողները, այս հարցում «զոռ» կտան իրենց բանականությանն ու գիտակցությանը՝ հասկանալով, որ ցանկացած սխալ որոշման  ու հնարավոր կոմպրոմիսների գնալու պարագայում  մեղք կգործեն ոչ միայն ներկայիս սերնդի, այլ ապագա սերունդների հանդեպ։ Իսկ դրա մասին արժե մտածել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30