28.04.2017 04:38 Մարկ Նշանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Վերահսկելի աղքատստանը

Եվրոպական ծյունինգն ու աղքատության մակարդակը

Եվրոպական ծյունինգն ու աղքատության մակարդակը

Վարչապետ Կարեն Կարապետյանի դրայվը շարունակվում է։ Առաջվա էնտուզիազմը չկա, բայց ամեն դեպքում` շարունակում է ինչ-որ բաներ փոխել, «դմփոց»-բարեփոխումների վերաբերյալ հանձնարարականներ տալ եւ այլն։ Իսկ արդյունքներ, բնականաբար, չկան։ Համենայն դեպս` հասարակությունը որեւէ դրական փոփոխություն չի զգում։

Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է դա այդպես, եւ ընդհանրապես` ի՞նչ տրամաբանությամբ է Կարեն Կարապետյանը փորձում փոփոխություններ իրականացնել։ Վերցնենք այս օրերին քննարկվող ամենաակտուալ հարցերը` տոնավաճառներն ու Երեւանի տրանսպորտային ցանցը։ Տոնավաճառների դեպքում` իշխանությունները հայտարարում են, որ «ներում-բեկում չկա», առեւտրականները անպայման պիտի պատշաճ փաստթղթաշրջանառություն ունենան, որովհետեւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում այդպես է։ Երեւանի տրանսպորտային ցանցի դեպքում էլ` պատրաստվում են ինչ-որ տեղից 100 միլիոն դոլար ճարել, վերացնել «գծատերերի ինստիտուտը» եւ ունենալ միասնական տրանսպորտային համակարգ, որի արդյունքում, ինչպես Երեւանի փոխքաղաքապետն է ասում, «սակագնի փոփոխություն եթե լինի, կլինի կառուցվածքային, բայց ոչ գնային առումով»։ Որովհետեւ քաղաքակիրթ երկրներում այդպես է։ Ասենք` կլինի միասնական տոմս (ենթադրենք` 300 դրամ), որով մի ամբողջ օր հնարավոր կլինի օգտվել հանրային տրանսպորտից։

Մի խոսքով` իշխանությունները դրայվով Հայաստանը դարձնում են Եվրոպա։ Բայց` միայն արտաքինից, որովհետեւ մարդկանց միջին աշխատավարձը անգամ ոչ թե ասիական է մնալու, այլ աֆրիկյան։ Հիմա տեսեք։ Հարուստ մարդիկ, որպես կանոն, ապրում են շքեղ բնակարաններում, իսկ աղքատ մարդիկ` խղճուկ պայմաններում։ Բայց սա չի նշանակում, որ եթե ինչ-որ մեկը աղքատ մարդու տունը «ռեմոնտ անի»` այդ մարդը կդառնա հարուստ։ Ճիշտ ընթացքը հետեւյալն է` մարդը պիտի նախ եկամուտներն ավելացնի, հետո նորոգի բնակարանը։ Բայց Կարեն Կարապետյանի կառավարության տրամաբանությունն այլ է. նա մտածում է, որ եթե Հայաստանն արտաքինից «ծյունինգ արվի» ու դառնա համարյա Եվրոպա, մարդիկ կսկսեն եվրոպացիների պես ապրել։ Մինչդեռ պետք էր առաջին հերթին եվրոպականին մոտ աշխատավարձով աշխատատեղերի մասին մտածել։

Ի դեպ` աշխատատեղերի մասին։ Կարեն Կարապետյանը սիրում է պարծենալ ներդրումային ծրագրերով ու հնչեղ թվեր է արտաբերում` անպայման ավելացնելով, որ Հայաստանը պիտի ներդրումների համար գրավիչ դարձնել։ Իսկ պոտենցիալ ներդրողների համար Հայաստանի հիմնական «գրավչությունը» էժան աշխատուժն է։ Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ լսում ենք` այսինչ ընկերությունը մտադիր է այսքան միլիոնի ներդրումներ կատարել Հայաստանում եւ արդյունքում ստեղծել, ասենք, 500 աշխատատեղ` «120 հազար դրամ միջին աշխատավարձով»։ Հարկերն ու տուրքերը հանած` այդ 120 հազարից կմնա մի 90 հազարը, իսկ Հայաստանում 90 հազար դրամով նորմալ ապրել հնարավոր չէ, հնարավոր է միայն մի կերպ գոյատեւել։ Ուրիշ բան, եթե մրցակցություն լիներ, բայց մրցակցություն չկա։ Տեսեք` Սամվել Ալեքսանյանը հայտարարեց, որ շուտով եւս մի հազար հոգու գործի կընդունի։ Ենթադրաբար` էլի մի 100-120 հազար դրամով։ Այ, եթե նրա փոխարեն տասը տարբեր գործարարներ 100-ական աշխատատեղ բացեին, մրցակցություն կլիներ, ու աշխատավարձերը զգալիորեն ավելի բարձր կլինեին։

Բայց իշխանություններին դա պետք չէ։ Իշխանություններին պետք է, որ ե՛ւ օլիգարխները էժան աշխատուժ շահագործեն, ե՛ւ դրսի ներդրողները գան` գայթակղվելով էժան աշխատուժով ու երաշխավորված գերշահույթներով։ Համ էլ` այդպես ավելի հեշտ է վերահսկել ժողովրդին, այդ թվում` նաեւ ընտրությունների ժամանակ։ Իսկ արտաքին ատրիբուտիկան «եվրոպական ծյունինգի» ենթարկելը ձեռնտու է բոլոր առումներով։ Հավելյալ գումար է բերում, դուր է գալիս դրսի «դոնորներին» եւ այլն։

Բացի այդ էլ` Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները եվրոպական ցանկացած երկրի պաշտոնյաներից տասնապատիկ ավելի եկամուտներ ունեն, ինչո՞ւ պիտի չցանկանան ապրել «ծյունինգ արած» երկրում։ Մանավանդ որ դա արվելու է աֆրիկյան ստանդարտներով աշխատավարձ ստացող ժողովրդի հաշվին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30