29.10.2013 16:20 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Վրաստանը ուշադրության կենտրոնում

Սաակաշվիլիի դարաշրջանն ավարտվեց

Սաակաշվիլիի  դարաշրջանն ավարտվեց

Մինչ Սերժ Սարգսյանը Մինսկում փառահեղ քուն էր մտել, Վրաստանում կայացան նախագահական ընտրությունները, որոնց արդյունքները առ այսօր միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են գտնվում։

Նշենք, որ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայից Վրաստանի նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին ստացել է ընտրություններում ձայների 62,13 տոկոսը, «Միասնական ազգային շարժումից» Դավիթ Բաքրաձեն՝ 21,88 տոկոսը, իսկ «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցությունից Նինո Բուրջանաձեն՝ 10,07 տոկոսը։ Այսինքն, Միխեիլ Սաակաշվիլիին նախագահի պաշտոնում կփոխարինի Գեորգի Մարգվելաշվիլին։

Իհարկե, այժմ բոլորին, այդ թվում միջազգային հանրությանը, վերլուծաբաններին, փորձագետներին, ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ով կփոխարինի Վրաստանի ներկայիս վարչապետ Իվանիշվիլիին։ Սահմանադրական նոր փոփոխություններից հետո այժմ Վրաստանում իշխանության իրական լծակները գտնվելու են ոչ թե նախագահի, այլ վարչապետի ձեռքերում։ Ներկա վարչապետ Իվանիշվիլին պատրաստվում է մոտ ժամանակներս հրաժարական տալ եւ աթոռը հանձնել իրավահաջորդին, որի անունը դեռ չի ասում։ Եվ սա շատ ավելի կարեւոր հարց է, քան նախագահական ընտրությունների արդյունքները։

Ինչ վերաբերում է այս ընտրություններում հաղթած Գեորգի Մարգվելաշվիլիին, ապա New York Times-ի կարծիքով, այս թեկնածուին, որը նախկինում փոխվարչապետ էր եւ կրթության նախարար, անձամբ Իվանիշվիլին էր ընտրել։

Միխեիլ Սաակաշվիլիին Արեւմուտքում շատ էին գովում որպես ժողովրդավարության համար պայքարի առաջամարտիկ, «սակայն իր երկրում նրա հեղինակությունը անընդհատ նվազում էր. նրան մեղադրում էին ուժային կառույցների կողմից մարդու իրավունքների խախտման մեջ։ Վերջին տարին Սաակաշվիլին գործում էր որպես ընդդիմադիր։ Եվ այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքները ճանաչելու եւ երկու նախագահական ժամկետներով սահմանափակվելու նրա որոշումը ապահովեցին իշխանության խաղաղ, ժողովրդավարական փոխանցում, ինչը նախկին ԽՍՀՄ տարածքում հազվադեպ երեւույթ է։

Իսկ թե ով կդառնա Իվանիշվիլիի իրավահաջորդը, ապա ըստ տարբեր աղբյուրների, հիմնականում շրջանառվում են աշխատանքի նախարար Դավիդ Սերգեենկոյի եւ Ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի անունները, նշում է ամերիկյան պարբերականը։

Սաակաշվիլին ավելի շատ ամերիկյան նախագահ է հիշեցնում։ Նա անգլերեն ավելի լավ է խոսում, քան՝ ռուսերեն։ Նա հեռանում է, թեպետ չի խոստացել հեռանալ քաղաքականությունից, նշում է La Stampa-ն։

Այս ընտրությունները նաեւ Սաակաշվիլիի դարաշրջանի գնահատականն էին։ Մոսկվայից անկախանալու առաջին տարիներից հետո, ինչը ուղեկցվեց հեղաշրջումներով եւ ազգամիջյան բախումներով, Սաակաշվիլին Վրաստանը 180 աստիճանով փոխեց։ Նրան կողմնակիցները ծափահարում են ազատական վճռական բարեփոխումների համար, իսկ ամենակարեւորը՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար, ինչը փոխեց երկիրը, որը խորհրդային ժամանակներից ի վեր համարվում էր կաշառատվության, մաֆիայի եւ հովանավորչության կենտրոն։

Ինչ էլ տեղի ունենա, այժմ Վրաստանը այլ երկիր է։ Այժմ արդեն այլեւս չի քննարկվում Ռուսաստանից կախվածության հարցը, առավելագույնը, ինչ կարող է տեղի ունենալ, դա հարաբերությունների, Ռուսաստանում միլիոնավոր վրացիների ճակատագրի իրատեսական կարգավորումն է եւ տնտեսական շահերը։ Այսպիսով, Սաակաշվիլին հեռանում է՝ չփորձելով օրենսդրական խորամանկություններով պահել իշխանությունը, իսկ 3,5 մլն ընտրողները հույս ունեն, որ սրանով կավարտվի դրամատիկ եւ վայրիվերումներով հարուստ ժամանակաշրջանը։

Իսկ ահա The Wall Street Journal-ը նշում է, որ դեռ ամեն ինչ այնքան էլ հանգիստ չէ, քանի որ Բիձինա Իվանիշվիլին կիրակի օրը հայտարարեց, որ հեռացող նախագահին, հնարավոր է, հարցաքննեն տարբեր քրեական գործերի շրջանակներում։ Իվանիշվիլին ընդգծել է, որ այդ հարցաքննությունները որեւէ կապ չեն ունենալու երկրի վարչապետի կամ կառավարության գործունեության հետ։

Իվանիշվիլիի այս հայտարարությունները որոշակի անհանգստություն են առաջացրել Վաշինգտոնում եւ ԵՄ-ում։ ԵՄ-ի պաշտոնյաները հստակ բացատրել են, որ «վարդերի հեղափոխության» առաջնորդի ձերբակալությունը կարող է Արեւմուտքի հետ ավելի սերտ ինտեգրացիայի գործընթացների վրա խաչ քաշել։ «Այդ ժամանակ երկիրը կարող է հետ դառնալ, դեպի Ռուսաստան»,- նշում է The Wall Street Journal-ը։

Սաակաշվիլիի մերձավորների խոսքերով, նա մտածում է որոշ ժամանակ աշխատել ԱՄՆ-ում։ Արեւմուտքը արդեն իսկ անհանգստացած է, որ վերջին մեկ տարում ձերբակալվել են Սաակաշվիլիի բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ֆրանսիական Le Figaro-ն նույնիսկ գրել է, որ Սաակաշվիլին արդեն ճամպրուկները հավաքում է։ Մասնավոր զրույցներում նրա կինը ուրախություն է հայտնել, որ վերադառնում է նորմալ կյանքի, իսկ Միշայի շրջապատն ու բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաները խորհուրդ են տալիս հեռու գնալ Իվանիշվիլիի սպառնալիքներից։

Ինչ Իվանիշվիլին եկել է իշխանության, նա անընդհատ քրքրում է Սաակաշվիլիի դարաշրջանի կեղտոտ սպիտակեղենը։ Ներքին գործերի նախկին ղեկավար Վանո Մերաբիշվիլին արդեն պատիժ է կրում լիազորությունների չարաշահման համար։ Վիլնյուսում ԵՄ-ի գագաթաժողովի նախօրեին Եվրամիությունը Իվանիշվիլիին արդեն զգուշացրել է, որ վերջինս Վրաստանում չկրկնի Տիմոշենկոյի գործը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31